Տաթեւ-Կապան ավտոմայրուղու կառուցումը կարեւոր ձեռնարկում է տարածաշրջանի համար, եւ տեղին չէ դրանում փնտրել Մ-2-ին փոխարինելու կամ Մ-2-ի անվտանգությունը խաթարելու միտում

09.12.2020 14:14
6210

Դեկտեմբերի 4-ին մայրաքաղաքային հարթակներից մեկում անդրադարձ է կատարվել Տաթեւ-Կապան ավտոմայրուղու հիմնանորոգմանը: Հեռուստազրույցը տպավորություն է թողել, թե Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը դիտարկվում է որպես Մ-2-ը թշնամուն թողնելու կամ Մ-2-ի անվտանգությունը խաթարելու հեռահար քայլ:
Այդ դիտարկումները, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ չի ընդունվել հատկապես Կապանի տարածաշրջանում ու տեղիք է տվել կարծիքների փոխանակման ու քննարկումների:
Հանուն ճշմարտության փաստենք, որ մարզկենտրոնում միանգամայն այլ կերպ են ընդունում այդ ճանապարհի կառուցումը՝ համարելով դա երկար սպասված եւ ցանկալի քայլ հատկապես ենթաշրջանի գյուղերի համար՝ Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց:
Կառուցվող ճանապարհի հանդեպ վերաբերմունքը դրական է նաեւ Տաթեւի ենթաշրջանի գյուղերում՝ հաշվի առնելով իրողությունը, որ Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Մալդաշ, Բարձրավան գյուղերի բնակիչներն ավանդաբար շփումների մեջ են նախեւառաջ Կապանի հետ:
Մի ուրիշ հանգամանք էլ կա՝ այդ ճանապարհը Սյունիքի հոգեւոր կենտրոն Տաթեւի վանքը Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների հետ կապող ամենակարճ ուղին է:
Այդ մայրուղին այլընտրանքային ճանապարհի դեր խաղաց 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ Գորիս-Կապան մայրուղին (Շուռնուխ գյուղով եւ Կուբաթլուի այլ տարածքներով անցնող)՝ անվտանգության նկատառումներից ելնելով անցանելի չէր:
Հենց վերոնշյալ հանգամանքներով էլ, ըստ Կապանի հասարակայնության ներկայացուցիչների, պայմանավորված են ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն ու կարեւորությունը:
Խնդրո առարկային առավել օբյեկտիվ անդրադարձ կատարելու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք Կարեն Մկրտչյանին, ով Արցախյան առաջին պատերազմի սկզբնական փուլում Կապանի շրջանի ղեկավարն էր, այնուհետեւ՝ տարածաշրջանից ընտրված պատգամավորը, ով այդ ժամանակ նախաձեռնեց Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհի վերականգնումը:

***

- Պարոն Մկրտչյան, մեր զրույցը Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհի կառուցման  նպատակահարմարության մասին է, եւ որպեսզի ընթերցողը տեղեկացված լինի կառույցի նախապատմությանն ու կարեւորությանը, կուզենայինք նախ ճշտել` իսկապե՞ս դարեր շարունակ Կապանի տարածաշրջանն ընդգրկող գավառներն այդ ճանապարհով են կապված եղել Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոն Տաթեւի, Սյունիքի մյուս գավառների հետ` ի սկզբանե ոչ մեքենահարմար ու բնական տեսքով։
- Ես պատմությանը լիարժեքորեն չեմ տիրապետում, բայց հին ժամանակներում մարդիկ ոտքով, ձիով կամ այլ փոխադրամիջոցներով կարողանում էին Աղվանիից, տարածաշրջանի մյուս բնակավայրերից հասնել Տաթեւ, այսինքն` Սյունիքի հարակից տարածքների միջեւ կապը եղել է այդ ուղիով եւ ի սկզբանե։
- Խորհրդային տարիներին հնարավորություն ունեցանք այդ հատվածում բարեկարգ եւ ասֆալտապատ ճանապարհ կառուցել մասնակիորեն։ Հետաքրքիր է` մինչեւ ո՞ւր էր հասել բարեկարգ ճանապարհը` սկսած Նորաշենիկի խաչմերուկից։
- Ասֆալտապատ ճանապարհը հասնում էր մինչեւ Վերին Խոտանան, որից հետո հողածածկ` «գրունտային» ճանապարհ էր, որ Տանձավերով հասնում էր մինչեւ Աղվանի։ Ճիշտն ասած` այդ «գրունտային» ճանապարհը նեղ էր, փոսերն էլ անպակաս էին, այսինքն` ոչ այնքան հարմար երթեւեկության համար։ Հետագայում, երբ Կապանի շրջխորհրդի գործկոմի նախագահն էի, այդ ճանապարհը կարգավորեցինք` որքան հնարավոր է։
- Ե՞րբ ծագեց Աղվանի-Տաթեւ ճանապարհը կառուցելու խնդիրը եւ ինչո՞վ էր դա պայմանավորված։
- Երբ 1988-ի վերջին ընտրվեցի Կապանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, սկսվել էր Հայոց համազգային շարժումը, արդեն սրվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունները` կապված Արցախյան շարժման հետ։ 
1989 թվականից դժվարություններ ծագեցին մեր շրջանում. ինչո՞ւ, որովհետեւ Կապան-Գորիս ավտոճանապարհի որոշ հատվածներ նույնպես անցնում էին Կուբաթլուի տարածքով։ Այդ ընթացքում մարդկանց առեւանգումներ եւ սպանություններ եղան։ Լարված իրավիճակով պայմանավորված` շրջանի ներքին գործերի բաժնի ղեկավարությանը ցուցում տվեցի վտանգավոր հատվածներում ուղեկցել ավտոշարասյունները` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Բայց դա բավարար չէր, քանզի մարդիկ երթեւեկում էին նաեւ գիշերները։ Եվ որոշակի խուճապ առաջացավ... Ու այդ իրավիճակում հիշեցինք եւ որոշեցինք լրջորեն մտածել Աղվանի-Տաթեւ «արահետի» փոխարեն կառուցելու ավտոճանապարհ։
- Ու, որպես Կապանի ղեկավար, սկսեցիք իրագործել Ձեր մտահղացումը…
- Դիմեցի Հայաստանի` այդ ոլորտը ղեկավարող նախարար Մելքումյանին` ներկայացնելով խնդիրը։ Նախարարն ընդառաջեց եւ հանձնարարեց Կապանի «Ճանշինի» պետ Լենդրոշ Գրիգորյանին` ամբողջ ուժերը կենտրոնացնել Աղվանի-Տաթեւ ճանապարհի վրա։ Փառք Աստծո, սկսեցինք ճանապարհի կառուցումը` Տանձավերով սկսեցինք, անցանք Աղվանի։ Իսկ Տաթեւի կողմից, նախարարի հանձնարարությամբ, սկսեցին գործել Գորիսի ճանապարհաշինարարները։ Այնուհետեւ ճանապարհի լիարժեք կառուցումը շարունակելու եւ ֆինանսավորելու համար գրավոր եւ բանավոր դիմեցի ՀԿԿ կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին, ով դրական լուծում տվեց հարցին։ Իսկ հաջորդ տարի, երբ առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, այցելեց Կապան, քաղխորհրդում կայացած հանդիպմանը ՀՀՇ-ի կապանյան կառույցի ղեկավարները` Ռադիկ Սարուխանյանը, Սլավիկ Հայրապետյանը, Նորիկ Հովհաննիսյանը դեմ արտահայտվեցին Աղվանի-Տաթեւ ճանապարհը կառուցելուն` պատճառաբանելով, թե դրանով Գորիսը կմեկուսանա, իսկ Կապան-Գորիս ճանապարհն  աստիճանաբար կմնա ադրբեջանցիներին։ Ես` այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավորս, ներկայացրի ճանապարհի կարեւորությունը եւ այն դժվարին կացությունը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով։
Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ խորհելուց հետո ասաց. «Ամեն դեպքում պահեստային ճանապարհ անհրաժեշտ է»։
- Եվ ի՞նչ ավարտ ունեցավ ծրագիրը։
- Այդ ծրագիրը շարունակեցինք կյանքի կոչել մինչեւ 1991 թվականի վերջը, իսկ երբ 1992-ին սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը`  հետագայում վերածվելով պատերազմի, երթեւեկությունը դեպի մայրաքաղաք իրականացավ այդ ճանապարհով, որը կապանցիների եւ մեղրեցիների համար (ու ոչ միայն) դարձավ մի յուրօրինակ կյանքի ճանապարհ։ Եվ եթե չլիներ այդ ճանապարհը, դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեր Կապանի ու Մեղրու բնակչությունը։
- Եվ այդ ծրագրին պետությունը կրկին անդրադարձավ 2020 թվականին` ընթացիկ տարում Տաթեւ-Աղվանի հատվածի 12.5 կիլոմետր հատվածի համար պետպատվեր իջեցնելով. Ձեր կարծիքն ու գնահատականն այդ նախաձեռնությանը։
- Ես շատ եմ կարեւորում այդ ճանապարհը, մասնավորապես տուրիզմի զարգացման տեսանկյունից։ Չպիտի մոռանալ, որ Տաթեւում է մեր երկրամասի գլխավոր հոգեւոր կենտրոնը, այնտեղ է գործում աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Այդ ճանապարհով են հաղորդակցվում Սյունիքի մի շարք գյուղեր։ Ուրեմն` ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է…
Անշուշտ, Սյունիքի շուրջ ներկայումս ստեղծված ռազմաքաղաքական վիճակը տեղիք է տալիս կասկածներ ունենալ նաեւ Մ-2-ի առնչությամբ, բայց նման ենթադրությունների համար հիմքեր չեմ տեսնում առայժմ…
- Այսօր էլ ենթադրություններ են հնչում, թե այդ ճանապարհի կառուցումով Գորիս-Կապան մայրուղին ինքնաբերաբար կզիջենք ադրբեջանցիներին կամ էլ նրա անվտանգությունը` կամա թե ակամա, կթուլանա. եւ ուրեմն` արժե՞ շարունակել այդ ճանապարհի կառուցումը` չմոռանալով, որ դրանով մի ամբողջ ենթաշրջանի գյուղերին առնչվող հարց է որոշվում։
- Միանշանակ կարծում եմ, որ արժե։ Խաղաղ պայմաններում այդ ճանապարհը կնպաստի, ինչպես ասացի, տուրիզմի աշխուժացմանը, մերձակա գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ այլն։ Պատերազմական իրավիճակների դեպքում` առավել եւս։ Չեմ կարծում, որ այդ ճանապարհն իր գոյությամբ վնասում է Կապան-Գորիս Մ-2 միջպետական ճանապարհին։ Էլի թող ամբողջ ուշադրությունն ուղղվի Գորիս-Կապան ճանապարհին։ Պետք չէ այդ երկու ճանապարհի կարեւորության շուրջ արհեստական մրցակցության պատրանք ստեղծել։ Միայն մի նկատառում եմ ուզում հավելել, եթե վերականգնվի Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային սահմանը, վիճակը շատ լուրջ կլինի, ինչպես 1990-ականների իրադարձություններն են հուշում։ Եվ այժմվանից Կապան-Գորիս ճանապարհի անվտանգությանը միտված քայլեր պիտի ձեռնարկվեն։ Այլապես վաղն անդառնալիորեն ուշ է լինելու։ Իսկ Տաթեւ-Կապան ճանապարհի հիմնանորոգումը ոչ մի պարագայում չպետք է դուրս թողնել օրակարգից։


***

Հ.Գ. 1
Մարզկենտրոնում տեղին չեն համարում Տաթեւ-Կապան մայրուղու 12.5 կմ-ոց հատվածի (Տաթեւ-Աղվանի) հիմնանորոգումն իրականացնող «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության անունն այդ քննարկումների համապատկերի վրա շահարկելը:
Իրականում այդ ընկերությունը համբավ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություն է եւ հանրապետության տարածքում բազմաթիվ ճանապարհների նորոգման, շինարարության կամ վերակառուցման հեղինակ է:
Ընկերությունը մասնակցել է Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթին եւ հաղթող ճանաչվել:
Եվ արդեն իսկ կարելի է արձանագրել, որ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունն ամենայն պատասխանատվությամբ է իրականացրել ճանապարհի վերակառուցման ծրագրի մեծագույն մասը (եղանակային պայմանները եւ պատերազմական իրավիճակը թույլ չտվեցին ավարտին հասցնել ծրագիրը, ինչը, որքանով տեղյակ ենք, ավարտին կհասցվի գարնանը):
Հիմա ինչ… Մեղադրենք այդ ընկերությանը, որ մասնակցել է մրցույթին եւ հաղթո՞ղ ճանաչվել:
Մեղադրենք, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհը կառուցելու ծրագիրը կյանքի՞ է կոչել, այն էլ՝ բարձր որակով:
Իսկ միգուցե քաջալերենք այդ ընկերությանը, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերակառուցումն իրականացրել է լավագույնս:
Հ.Գ. 2
Սույն հրապարակումը պատրաստելուց առաջ զրույց ունեցանք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ՝ փորձելով ավելի հստակ պատկերացնել նրա դիրքորոշումը Տաթեւ-Կապան մայրուղու հարցում, քանի որ դեկտեմբերի 4-ի վերոհիշյալ հեռուսռազրույցը նրա հետ էր:
Աշոտ Մինասյանը մասնավորապես ասաց. «Սխալ է այն ընկալումը, որ ես աննպատակահարմար եմ գտնում լեռնային այդ գյուղերը մարզկենտրոնին եւ Տաթեւ սրբավայրին կապող ճանապարհի կառուցումը: Ընդհակառակը՝ կուզենայի, որ մեր բոլոր գյուղերը բարեկարգ ճանապարհ ունենան: Ես ուրիշ մտավախություն ունեմ՝ դա Մ-2 ճանապարհի անվտանգության ապահովումն է: Մտահոգություն ունեմ, որ Տաթեւ-Կապան ճանապարհը կառուցելուց հետո Մ-2-ը երկրորդ պլան կմղվի, անուշադրության կմատնվի, անվտանգությունը նորմալ ձեւով չի ապահովվի, մինչդեռ Մ-2-ը սովորական մայրուղի չէ, դա Սյունիքի անվտանգության եւ Հայաստանի հարավ-արեւելյան դարպասների անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքներից է: Ուրեմն եւ՝ Մ-2-ն այլընտրանք չի կարող ունենալ, իսկ մեր լեռնային գյուղերն անպայմանորեն պետք է բարեկարգ ճանապարհ ունենան»:


Վահրամ Օրբելյան
 

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30