2018թ. հունիսի 8-ին Հայաստանի կառավարությունը, ընդառաջ գնալով սյունեցիների ազնիվ ձգտումներին, պաշտոնից հեռացրեց Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Ա. Հակոբյանին:
Վահեն Հայաստանի միակ մարզպետն էր, որ ճակատը դեմ արած՝ մինչեւ վերջ խուսափեց հրաժարականի դիմում ներկայացնել, բայց կառավարությունը զրո նշանակություն տվեց այդ հանգամանքին եւ թախտընկեց արեց նրան:
Նա բանակցությունների մեջ էր մտել նոր իշխանության ներկայացուցիչների հետ՝ պաշտոնն ամեն գնով պահելու համար, սակայն որեւէ արդյունքի չհասավ:
Եւ չնայած դրան, պաշտոնից հեռացվելուց մինչեւ օրս ինքն ու իր սպասավորները գրեթե ամեն օր հրապարակավ ակնարկներ են անում, թե շուտով Վահեն նոր պաշտոն է ստանալու. մի օր ասում են՝ ոստիկանությունում, հաջորդ օրը՝ ԱԱԾ-ում, երրորդ օրը՝ ֆուտբոլի ֆեդերացիայում, չորրորդ օրը՝ վերադառնալու է Սյունիքի մարզպետարան…
ՀՀԿ-ից փախչելիս էլ արդարանում էր, թե այնպիսի պաշտոնի է անցնում, որ անհամատեղելի է կուսակցականության հետ: Մինչդեռ շարունակում է մնալ չպահանջված ու հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակում:
Ինչեւէ, 2018թ. հունիսի 8-ը Սյունիքի նորագույն պատմության մեջ մտավ իբր վերջին երկու տարում մեր լեռնաշխարհում ծավալված ազգային-ազատագրական պայքարի կարեւորագույն հանգրվան, որը հիշվելու է գալիք սերունդների կողմից:
Սակայն չարափառ մարզպետին Սյունիքից քշելով՝ տարածաշրջանի առջեւ ծառացած բազում խնդիրներ ու խոչընդոտներ, նաեւ նրա դրդմամբ ու Քաջարանի քսակի զորությամբ ստեղծված, շարունակում են պահպանվել ու չհաղթահարվել:
Նախ՝ գաղութարարների մի խումբ (անհայտ ծագումով) շարունակում է տեր լինել մեր երկրամասի ընդերքին, ուստի եւ նրանց դեմ պայքարը, ուզենք-չուզենք, նոր թափ պիտի ստանա:
Սյունիքում եւ մասնավորապես Քաջարանում ոչ մի գաղութարար, ոչ մի հրոսակ չպիտի մնա. սա է յուրաքանչյուր արժանապատիվ սյունեցու թիվ 1 խնդիրը:
Մինչդեռ Հայաստանի նոր կառավարությունը, որ բոլորիս սիրո եւ վստահության զավակն է, այդպես էլ չի պատասխանում դրանից բխող գլխավոր հարցին՝ Քաջարանի կոմբինատը պետությո՞ւն է պետության ներսում, թե՞ սովորական տնտեսվարող սուբյեկտ հանրապետությունում:
Հայաստանի նոր կառավարությունը շարունակում է չպատասխանել հարցին՝ ովքե՞ր էին Քաջարանի կոմբինատի սեփականատերերը 2004-ի դեկտեմբերի 9-ին՝ մասնավորեցման ժամանակ, եւ ովքե՞ր են հիմա ու ի՞նչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականության վերաբաշխում (բռնազավթե՞լ են, վաճառե՞լ են, նվիրե՞լ են):
Չմոռանանք, որ Քաջարանի կոմբինատը տիրապետում է աշխարհում հաշվարկված մոլիբդենի պաշարների 8 տոկոսին եւ Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության մոտ 80 տոկոսին:
Հայաստանի նոր կառավարությունը դեռեւս չի պատասխանել հարցերին, թե իրականում որքա՞ն հանքաքար է տարեկան արդյունահանվում Քաջարանում, թե որքա՞ն է Արծվանիկի պոչամբարի ծավալը, թե ինչո՞ւ են այդքան հողեր (մինչեւ այսօր) հատկացնում այդ ընկերությանը, թե ինչպե՞ս է «ԼեռԷքսը» երկու- երեք պահակով եւ ոչ մի կգ հանքաքար չարդյունահանելով տարիներ շարունակ տեղ զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, թե ինչպե՞ս է առանց մեկ լումա ներդրման Քաջարանում ծնվել «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» հանքարդյունաբերական ընկերությունը, եւ ովքե՞ր են նրա բաժնետերերը:
Հայաստանի նոր կառավարությունը դեռեւս չի պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ Սյունիքի զարգացման եւ ներդնումների հիմնադրամներն օրենքով սահմանված կարգով չեն հրապարակել բոլոր տարիների իրենց հաշվետվությունը, թե ի՞նչ ճակատագիր ունեցավ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամից մյուս հիմնադրամին (մասնավոր) տրված 300 մլն դրամը:
Դեռեւս պետական մակարդակով պատասխան չի տրվել հարցին (հազար անգամ բարձրացված ու արծարծված)՝ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզում պաշտոնյաների խոսակցությունների գաղտնալսումներ արե՞լ է, թե՞ ոչ:
Դեռեւս պատասխան չի տրվել պարզագույն հարցին, թե որտե՞ղ է գտնվում եւ ինչո՞վ է զբաղված «Քրոնիմետ մետալ թրայդինգ Սի Այ Էս» ՓԲ ընկերությունը, ի՞նչ նպատակով են օգտագործվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից պարբերաբար տրվող միջոցները:
Ոչ ոք դեռեւս չի պատասխանել հարցին, թե տնտեսվարող ո՞ր սուբյեկտներն են իրականացնում խտանյութի փոխադրումը Քաջարանից եւ ինչո՞ւ տեղացի մեքենատերերը դուրս են մղվել բեռնափոխադրումների ոլորտից:
Առայժմ ոչ ոք քայլեր չի անում վերականգնելու այն մարդկանց իրավունքները, որ խախտվել ու ոտնահարվել են Վահեի կամայականությունների շնորհիվ:
Որեւէ քայլ չի արվում վերջին տարիներին Սյունիքից գողացածը պետական գանձարան վերադարձնելու ուղղությամբ:Մինչեւ հիմա պատասխանատվության չեն կանչվել այն մարդիկ, ովքեր 2018-ի ապրիլին հրապարակավ բռնություններ են գործադրել կապանցի ցուցարարների դեմ, ինչի մասին վկայող տեսանյութերը մինչեւ հիմա շրջանառվում են համացանցում:
Ոչ ոք չի ուզում պարզաբանել, թե ինչո՞ւ վարչապետի սյունիքյան այցից հետո կոմբինատի կողմից պետությանը տրվող բոլոր տեսակի հարկերի ընդհանուր գումարը մեկ եռամսյակում միանգամից ավելացավ 20 մլրդ դրամով: Բա եթե հնարավոր է այդքան հարկ տալ, ինչո՞ւ տարիներ շարունակ չէիք տալիս:
Ոչ ոք, ի վերջո, չի փորձում քաղաքական ու իրավական գնահատական տալ այն ամենին, ինչ կատարվել է Սյունիքում 2016-2018 թվականներին:
Եւ ոչ միայն այդ հարցերին պատասխան չի տրվում, այլեւ նոր ու կանաչ լույս է վառվում գաղութարարների առջեւ:
Պատահական չէ, որ նրանց կողմից նոր ու աննախադեպ արշավ է սկսվել Սյունիքում՝ ընդդեմ ազատ խոսքի:
Միայն մեկ օրինակ. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի որոշում է կայացրել՝ ավազակախմբի անդամներից մեկի մասով դադարեցնել ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի եւ Կոնվեցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումը՝ արգելելով «Սյունյաց երկրին» եւ նրա խմբագրին՝ որեւէ նյութ հրապարակել Քաջարանում ծվարած հանրահայտ ասպատակի մասին:
Սյունիքում ստեղծված վիճակը թույլ է տալիս վերստին բարձրաձայնել վաղուց արձանագրված եզրակացության մասին՝ հայաստանյան թավշյա հեղափոխության ազնվության, մաքրության, բարոյականության բարոմետրը եղել եւ մնում է Քաջարանի հանքարդյունաբերության հանդեպ պետական վերաբերմունքի կերպը:
Քանի դեռ Քաջարանի հանքարդյունաբերությանն առնչվող բոլոր հարցերը (որոնցից յուրաքանչյուրն ունի համապետական նշանակություն) պետական մակարդակով պատասխան չեն ստացել, հեղափոխության հաղթանակի մասին խոսելն անլուրջ է:
«Սյունյաց երկիր»