12-ամսյա գնաճն արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3.7%. ՀՀ ԿԲ

04.11.2025 15:22
526

2025 թվականի նոյեմբերի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:

ԿԲ-ից տարածված խորհրդի որոշման մեջ ասվում է. «2025 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3.7%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.5%:

2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ անորոշությունը դեռևս առկա է անորոշություն:

Միջնաժամկետում ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում բարձր է մնում երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունների մակարդակը: ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա:

Միևնույն ժամանակ, Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային գների աճը որոշակիորեն մեղմվել է։

Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը:

2024 թվականին և 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո, 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով:

Զուգահեռաբար՝ աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները հիմնականում դրսևորում են կայունացման միտումներ: Միաժամանակ, կարճաժամկետ և միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25-6.50%: Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ ռիսկեր, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի:

Արդյունքում՝ կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40