2024-ը Սյունիքում Սահյանական տարի է

26.01.2024 10:25
1369

Ապրիլի 14-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ, Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Համո Սահյանի 110-ամյակը։

Այդ կապակցությամբ հոբելյանի նախօրեին՝ մարտի վերջին, կհրատարակվի «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի հատուկ համար։ Այն չի լինի բանաստեղծի 90-ամյակի և 100-ամյակի առիթներով հրատարակված «Սյունյաց երկրի» հատուկ համարների կրկնություն։ Նախատեսվող համարում կփորձենք մեր օրերի պատուհանից դիտարկել Սահյանի պոեզիան, որը, առանց չափազանցության, իր տեղն ունի դարերի խորքից եկող հայ մշակույթի հավերժական արժեքների շարքում։

Մինչ այդ, սակայն, մեր էլեկտրոնային հարթակներով (syuniacyerkir.am, Syuniac Yerkir newspaper facebօok) սկսում ենք հրապարակել հոդվածաշար։ Շաբաթական մեկ անգամ կհրապարակենք հոդված՝ նվիրված մեր քարափների հավերժական երթին միախառնված Սահյանին։

Սահյանը բանարվեստի իր տաճարը կառուցեց՝ հիմքում ունենալով Սյունյաց աշխարհը։

Սյունիքի համար բախտորոշ մեր օրերում Սահյանը շարունակում է մնալ մեզ հետ։ Եվ նահապետի իրավունքով կոչ է հղում ողջերիս՝ «Թող նժդեհանա ռազմի մեր ոգին//Սյունյաց լեռները պահելու գնա»։

 

***

Հոդվածաշարը սկսում ենք Հայոց հայրենիք Արցախի հրաշալի դուստր, մեր լրագրի բարեկամ ու գործընկեր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարինե Սառաջյանի հոդվածով՝ «Արցախը՝ Համո Սահյանի հոգում եւ պոեզիայում»  վերնագրով։

2023-ի սեպտեմբերյան սև օրերին, երբ արցախահայությունը տեղահանվում էր հինգհազարամյա իր բնօրրանից՝ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, Զարինե Սառաջյանն իր հետ վերցրեց մի բուռ հող, Նարեկացու «Մատյանը» և Սահյանի բանաստեղծությունների վերջին ժողովածուն՝ «Ինձ բացակա չդնեք»։

 

ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀՈԳՈՒՄ ԵՎ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

2023 թ սեպտեմբերը մեր ժողովրդի համար ողբերգական տերևաթափով աշուն էր։ Երկարատև զրկանքների, մարդկային և նյութական կորուստների, լիակատար շրջափակման հետևանքով բազում անասելի դժվարությունների դիմանալով՝ Արցախը չէր հանձնվում։ Դիմանում էր․․․Ամեն մի բնակավայր արդեն առաջնագիծ էր։ Սեպտեմբերի 19-ի արյունալի պատերազմն արդեն բնակելի տների մոտ էր, ծեր ու մանուկ արդեն կրակի թիրախում էին։ Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո բռնի տեղահանվեց մի ողջ ժողովուրդ, հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը մնաց առանց հայի, մի ողջ ժողովրդի կտրեցին արմատից, և ընդամենը մի ձեռք հագուստով մարդիկ պարտադրված հրաժեշտ տվեցին հարազատ բնօրրանին։

Սիրելի՛ ընթերցող, երևի կմտածես, թե դա ինչ կապ ունի Սահյանի հետ․․․Արցախից ինձ հետ, որպես սուրբ նշխարներ, վերցրի միայն մի բուռ հող, իմ մեծ գրապահարանից Գրիգոր Նարեկացու «Նարեկը» և Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը։ Ներքին համոզմունք ունեի, որ այդ երեք նշխարները կպաշտպանեն ինձ ու փոքրիկներիս թշնամուց և հետագա անորոշություններն ու դժվարությունները հաղթահարելու համար ինձ ուժ կհաղորդեն։ Եվ այդպես էլ կա․․․

Գրիգոր Նարեկացին իր «Մատյան․․․»-ով մարդուն տանում է դեպի Աստված, իր աղոթագրքով մոտեցնում Աստծուն, իսկ Սահյանը մարդուն տանում է դեպի Մարդը՝ հողոտ, մղեղոտ, բնության պես պարզ ու մաքուր, տառապանքից ազնվացող, դժվարություններից մաքրագործվող ու խղճի վրա բիծ չունեցող Մարդը։ Երկու դեպքում էլ փրկությունը աստվածային մաքրագործման ուղին է, աշխարհն ազնվացնող, կատարսիսի հասցնող չարչարանաց ճանապարհով։ Ու որքան էլ Գողգոթայի ճանապարհը դաժան, Սահյանի պատգամն է՝ չվհատվել

Թող մայրամուտից հետո էլ հոգուդ

Լուրթ հորիզոններն աստղերով լցվեն,

Եվ չմթագնի երկինքը վրադ,

Եվ քո երգի մեջ երբեք չլսվեն

Գիշերահավի կանչերը վհատ։

Հող, Մարդ և Աստված թերևս գոյի այն հիմնասյուները, որոնցով կյանքն իմաստավորվում է, և սահյանական իմաստնությամբ՝

Ինչքան խառն ու խրթին,

Ինչքան էլ բարդ ու բիրտ,

Կյանքն ապրվի պիտի,

Ուրիշ հնար չկա։

Համո Սահյանի հոգում և պոեզիայում Արցախն իր յուրահատուկ տեղն ուներ, ունի՝ որպես հայրենիքի անբաժանելի մաս։

Արցախի խնդիրը նրան մտահոգում, տանջում էր դեռևս Արցախյան շարժումից էլ առաջ։ Շչորս Դավթյանը պատմում է, որ 1986 թ. Սահյանը ցանկություն էր հայտնել Շուշի մեկնելու: Շ Դավթյանն անմիջապես իրագործում է նրա ցանկությունը: Սահյանն իր աչքով տեսավ Շուշիի գերեզմանատան ավերված, վանդալիզմի ենթարկված տապանաքարերը, պղծված գերեզմանները…Վերադառնալուց հյուրանոցում մինչև լույս բանաստեղծը ծխում էր և լռում:

Շ Դավթյանը, պատմելով Կևորկովի խնդրանքով բանաստեղծի հետ հանդիպման մասին, նշում է, որ չորս ժամ տևած զրույցի ընթացքում Սահյանը ոչ մի բառ չի ասել, միայն լուռ ծխում էր «Սոսկալի տրամադրության մեջ էինք: Երբ Կևորկովը բաժակ բարձրացրեց և լիովին գինովցած հավաստիացրեց, որ մեր արյունակիցները լավ են ապրում Ղարաբաղում, և իր ծնողներն էլ Կապանից են, խնդրեց, որ բանաստեղծը մի խոսք ասի: Համոն վերջապես երկու նախադասություն արտաբերեց.

-Ինչքան լավ կլիներ, որ ձեր հաջողությունների և ժողովրդի լավ ապրելու մասին Ձեր հավաստիացումները լսեի հենց ժողովրդից: Դե, Դուք էլ չեք թողնում, որ ժողովրդի երեսը տեսնենք:

Կևորկովը անակնկալի եկավ, բայց ծպտուն չհանեց, իսկ ինձ թվաց՝ ուղղակի բերանին եկավ Սահյանը և կատարելապես շշմեցրեց:

Ճանապարհին Սահյանն ասաց.

-Բայց երևի ինչ-որ գործ կատարվում է Ղարաբաղում, տղերքը ազատագրելու են, Հայաստանը պետք է օգնի…»։

Արցախյան շարժումը հասունանում էր։

Արցախյան ազգային վերազարթոնքը հենց սկզբից ողջունել և դրական էր գնահատել հայ մեծ բանաստեղծը: 1988-ին Արցախում հանուն պատմական արդարության և ազգային արժանապատվության վերականգնման ոտքի ելած հայ ժողովրդի համար առաջնորդող էին հայ մեծերի հայրենասիրական գործերը: Հանրահավաքներում ամբիոններից հաճախ էին լսվում նաև Սահյանի բանաստեղծությունները, որոնք մի նոր կրակով էին բորբոքում ժողովրդի հայրենասիրական ոգին.

«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…»։

Բանաստեղծ Համո Սահյանի «նաիրյան մորմոքները» առավել մեծ շեշտադրում ստացան հատկապես Արցախյան շարժման և ապա ազատամարտի տարիներին:

Որտեղի՞ց այսքան ցավ ու թախիծ, -

Քարեր են փշրվում սրտիս վրա…

Գույժեր են գալիս Ղարաբաղից,

Սարեր են փշրվում սրտիս վրա,

Կռվում են այնտեղ քաջերն ազգի…

Եվ, ահա, նախերգը նրանց ասքի

Ողբի է փոխվում և մահազդի,

Դարեր են փլվում սրտիս վրա:

Սահյանը, բնականաբար, մեծ վիշտ էր ապրում Արցախյան պատերազմում մեր ժողովրդի ունեցած մարդկային կորուստների համար, և ահա 1992 թվականի դեկտեմբերին նա գրում է. «Մտքիցս չեն գնում Ղարաբաղում ընկած մեր էդ տղաները: Ես լաց եմ լինում. ի՜նչ մերեր են բերել, ինչ ոգի են, ազգի ոգի ասածդ իրենք են: Ազգի փրկության համար մարտադաշտ իջածը այլևս վեր է ամեն մի կուսակցության անդամ լինելուց, վեր է ամեն մի բանից: Բոլորը միասին ազգի զավակներ են, ազատամարտիկներ, փրկիչներ, հրաշալիներ:

Ամենասարսափելի բանը, ամենացավալի բանը, որ էս ընթացքում մեզ հետ կատարվեց, էդ տղաների կորուստն է: Ազգի ընտրանին, ամենալավ տղերքը գնացին: Գենը գնաց, տեսակը գնաց: Ոնց որ հատուկ ընտրես տանես: Բայց թե՝ իրենք իրենց են ընտրում: Պատրաստված, խելոք, կարդացած տղաներ: Մեռան գնացին: Անուններն էլ չկան: Վա՜յ, վա՜յ, ո՞նց պիտի վերականգնենք: Այս տղաները գերազանցում են մեր ֆիդայիներին, նախորդ մեր բոլոր նվիրյալներին: Էդպես էլ պիտի լիներ, այլապես ազգը չէր գոյատևի: Էդ տղերքը պիտի ազգն առաջնորդեին, երկիրը ղեկավարեին…Սրանք մեծերի մեջ են….»:

Եվ որքան էլ տրամադրությունները հոռետեսական լինեն, այնուամենայնիվ, անգամ ամենահուսահատ պահին, գրողին չեն լքում ժողովրդական լավատեսությունն ու հավատը: Խոսելով մեր զոհված քաջերի մասին՝ հառաչում է նա՝ ի՜նչ մերեր են բերել…

«Եթե Մարտիրոս Սարյանը էս ժողովրդի աչքն է, նրանց միջոցով պիտի տեսնի, Կոմիտասը՝ ականջն է, նրանցով պիտի լսի, եթե Թումանյանը միտքն է ու լեզուն, եթե Մաշտոցը ոգին է, էությունը, Աբովյանը թոքերն են, շնչառությունը և եթե Չարենցն էլ այս ժողովրդի սիրտն է, ապա այս տղաները ազգի արյունատար անոթներն են, երակներն են, զարկերակն են ազգի: Ազգի սիրտը, որ խփում է, աշխատում, ամեն մի զարկը էս տղաների շնորհիվ է: Իրենք են արյուն մատակարարում՝ իրենց արյունը չխնայելով, իրենց երազը փշրելով, իրենք իրենց ողջակիզման տանելով», -գրել է Սահյանը 1992 թ. դեկտեմբերին այն տղաների մասին, ովքեր կերտեցին արցախյան ազատամարտի հաղթանակը:

 

Շուշիի ազատագրմանն ու հաղթանակին սրտի թրթիռով էր սպաասում նաև բանաստեղծ Համո Սահյանը: Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն իր հուշերում պատմում է, որ 1993 թ.-ին` Համո Սահյանի մահից մեկ շաբաթ առաջ, երբ հերթական անգամ վերադառնալով Արցախից` այցելել էր հիվանդ բանաստեղծին ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին էր պատմում, Համո Սահյանը Զորի Բալայանին ժպտալով ասել է. «Մի՛ հուզվիր։ Ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ տրամաբանական է։ Մահը և կյանքը իրավահավասար են։ Եթե մահ չլիներ, կյանքն ամբողջովին կզրկվեր բանաստեղծականությունից: Դատարկ բաներ են։ Գլխավորն այն է, ինչ երջանկաբար վերապրեցինք մեկ տարի առաջ։ Շուշիի ազատագրումը»։

Պատմությունը կորուստների ու ձեռբերումների, պատերազմների ու խաղաղությունների, հաղթանակների ու պարտությունների հարատև հերթափոխի շարժ է։ Որքան էլ պարտությունն ու կորուստը հիմա ողբի տրամադրություններ է բերում, պետք է բանաստեղծի լավատեսությունն ու իմաստնությունն ունենաք և հավատանք, որ խավարը ցրելու համար մեր պատը պիտի շարենք, ուրիշ հնար չկա

Հոգսը կրվի պիտի,

Ուրիշ հնար չկա:

Բախտը կռվի պիտի,

Ուրիշ հնար չկա:

Խավարն ինչքան էլ խուլ՝

Վերջը պիտի ցրվի,

Լույսը փռվի պիտի,

Ուրիշ հնար չկա:

Պարզ է, որ հայրենիք ազատագրող անձնվեր հերոսներ ծնող ժողովրդի հավերժությունը կասկած չի կարող հարուցել, և գրողի տխրությունն անգամ դառնում է մի նոր խիզախման ելքի դուռ և պատգամում ապրողներիս հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց շնորհիվ առողջ պետք է տրոփի ազգի սիրտը: Ու ես ապրում եմ այն հավատով, որ մի  օր Գրիգոր Նարեկացու «Նարեկը» և Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը ձեռքիս կվերադառնամ Արցախ, և մեր նշխարները կրկին իրենց պատվավոր տեղը կգտնեն  Արցախում․․․ ու Սահյանին Արցախում բացակա չեն դնի։

 

Զարինե Սառաջյան

 բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25