Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Հայաստանում գործող ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով։ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է գործող ժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 31-ից տեղափոխել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ինչ է նախատեսվում փոփոխությամբ և ինչ նշանակություն այն կարող է ունենալ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար։
Ի՞նչ է նախատեսվում
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ։
Մասնավորապես՝ որոշման 4-րդ կետում «2026» թիվը նախատեսվում է փոխարինել «2027» թվով։
Այսպիսով, Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ երկարաձգել ժամկետը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրվող փաստաթղթերի գործողության ժամկետը փոխկապակցված է նրանց կարգավիճակի հետ։
«070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։
Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետի լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Հետևաբար, կարգավիճակի ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա ապահովել անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։
Քանի՞ մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աճել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվող դիմումների թիվը։
Մասնավորապես՝
Քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջ։
Ի՞նչ խնդիր կարող է լուծվել
Նախագծի ընդունման դեպքում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար կապահովվի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դիմելու հնարավորությունը։
Դրանով նախատեսվում է նաև ապահովել քաղաքացիություն ստանալու գործընթացում անհրաժեշտ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։
Այսինքն՝ փաստաթղթերի գործողության ժամկետի լրանալը չպետք է հանգեցնի քաղաքացիություն ստանալու գործընթացում լրացուցիչ վարչական խոչընդոտների առաջացման։
Ե՞րբ կմտնի ուժի մեջ փոփոխությունը
Նախագծով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Պետական բյուջեի վրա ազդեցություն նախատեսվո՞ւմ է
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, – տեղեկացնում է Iravaban.net–ը։