Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի․ վարչապետ

09.02.2023 14:40
839

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման փակումը և էլեկտրական հոսանքի մատակարարման արգելափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է բնապահպանական խնդիրների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը հայտնեց, որ փետրվարի 8-ին Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, որը վերականգնվել էր մեկ օր առաջ, մինչ այդ էլ Ադրբեջանը խողովակը բացել էր յոթ օր առաջ, իսկ փակել դրանից չորս օր առաջ։

« Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է յոթ անգամ։ Ընդ որում, այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։ Օրինակ՝ գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 30 տոկոսով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, հետո իջնում հասնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ, հետո իջնում դառնում 40 տոկոս և այսպես շարունակ։ Նման վայրիվերումները օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Ընդ որում, սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև Ադրբեջանը արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը ու, քանի որ էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամով՝ կախված եղանակից։

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտային նյութ օգտագործել, որը իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղում ձյուն է տեղացել և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 5 աստիճան զրոյից ցածր։

Սրանով, ըստ այդմ, ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի,իբր, բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»,- շեշտեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը։

«Այսուհանդերձ, մենք պետք է ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, հիմա արդեն բնապահպանական ճգնաժամին միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանք է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին։

Վարչապետը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր ջանքերն ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն։

«Կարծում եմ, անհրաժեշտ է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնա, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- եզրափակեց  Փաշինյանը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24