news.am
Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա է եղել նիստին եւ տպավորիչ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը:
«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը»,-ասաց նա:
Արամ Օրբելյանը ընդգծեց, որ մեղադրանքի կողմի պնդումները, թե ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդեցություն գործել, հիմնավորված չեն. «Պարոն Քոչարյանը, լինելով արտերկրում եւ գիտակցելով, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել եւ չի կարող իրեն էլ մեղադրանք չառաջադրվել, այնուամենայնիվ, ներկայացավ քննչական մարմին: Երբ իրեն մեղադրանք են առաջադրել, էլի չի թաքնվել, ներկայացել է դատարան կալանքի որոշմանը եւ այս ամեն ինչն ապացուցում է, որ նա թաքնվելու խնդիր չուներ»,-ասաց Արամ Օրբելյանը:
Պաշտպանը հավելեց, որ երկրորդ նախագահը պահման պայմաններից չի բողոքում, ունի մարզվելու, զբոսանքի հնարավորություն:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի որոշմամբ կալանավորվել է:
news.am