«Ալիևը լավ չի հասկանում այն իրավիճակը, որում հայտնվել է, որ ՌԴ–ն չի հանդուրժելու հայերի ցեղասպանություն Արցախում․․․ ՌԴ–ն կարող է պատժել՝ ԼՂ երկնքում անթռիչք գոտի ստեղծելով և հարվածելով՝ ինչպես օդում, այնպես էլ՝ հողի վրա»․ Եվսեև

15.10.2020 22:24
1859

«Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղում բախվել Ռուսաստանին, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ պատերազմի արդյունքներից»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ զարգացման բաժնի պետ, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, խոսելով պատերազմի մեկնարկից 19 օր անց ռազմաճակատում ստեղծված իրավիճակից, ՌԴ դիրքորոշումից և դաշնակցային պարտավորությունների շուրջ Հայաստանում առկա դիսկուրսից և ՌԴ հնարավոր ապագա դիրքավորումից տարածաշրջանային շատ ավելի սուր զարգացումների կոնտեքստում։

Նա նշեց, որ իրավիճակը հակամարտության գոտում, բնականաբար, չափազանց մտահոգիչ է, և մտահոգության գլխավոր առարկան այն է որ հարկավոր է հավասարակշռություն, որը մի փոքր խախտված է, քանի որ Ադրբեջանին այս պահին շատ երկրներ են աջակցություն ցուցաբերում, իսկ Հայաստանին աջակցելը բարդ է, քանի որ չկա միջանցք ռազմական բեռներ հասցնելու համար, քանի որ, որքան ինքն է հասկանում, Իրանը չի գնում նման միջանցքի ձևավորման, որովհետև Իրանում էթնիկ ադրբեջանցիները հակահայկական տրամադրություններ են գեներացնում, և իրանական իշխանությունները ներքին լուրջ անկայունության պայմաններում նման միջանցքի չեն գնում, և չնայած Ադրբեջանի ղեկավարության կողմից մի շարք հակաիրանական քայլերի՝ դեռ չեզոքություն է պահպանում։

Նրա որակմամբ, Իրանի չեզոք դիրքորոշումը բարենպաստ չէ՝ հայկական զորքերին ԼՂ-ում էական աջակցություն ցուցաբերելու համար։

«Եվ այս պայմաններում, երբ բացակայում է միջանցքը, և, երբ Ադրբեջանը կորցրել է իր ինքնիշխանության մի մասը, երբ իր տարածք է թողել Թուրքիային՝ զուգահեռաբար ստանալով նաև ռադիկալ իսլամիստների աջակցությունը, եռակողմ ձևաչափում բանակցությունները բավարար չեն։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական Ռուսաստանի ներկայությամբ։ Դա բավարար չէ, քանի որ Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևը, չի կարողանում քաղաքական որոշումներ կայացնել, այդ որոշումներն առավելապես կայացվում են ոչ թե Բաքվում, այլ Անկարայում։ Ուստի ՌԴ ղեկավարությունը ստիպված եղավ բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ Բաքվի հետ պայմանավորվելն անիմաստ է՝ առանց Թուրքիայի հետ պայմանավորվածությունների։ Հենց այդ պատճառով տեղի են ունենում ռուս-թուրքական բանակցություններ, որոնք բարդ են ընթանում, բայց դրանց նպատակը պատերազմը դադարեցնելն է՝ երկու երկրները կամ կպայմանավորվեն, կամ ստիպված կլինեն պատերազմել։ Եթե նրանք ստիպված լինեն պատերազմել, ապա նրանք կսկսեն Ղարաբաղում, բայց Ղարաբաղում չեն ավարտի, քանի որ պատերազմը կշարունակեն Սիրիայում։ Սիրիայում մենք թուրքերի հետ պատերազմել ենք այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին, պատերազմը թուրքերի հետ անհաջող էր իրենց համար, Թուրքիան նմանատիպ զարգացումներ չի ցանկանում, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ Ղարաբաղում պատերազմի արդյունքներից։ Առավել ևս, երբ Իրանը շատ է ցանկանում, որպեսզի Ռուսաստանը պատերազմի թուրքերի հետ հենց Իդլիբում, իսկ թուրքական զորքերն Իդլիբում բավականին խոցելի են ռուսական ավիացիայի և բարձր հստակության խոցելիություն ունեցող տեխնիկայի համար։ Ուստի և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան փորձում են խուսափել պատերազմից, որին նրանց մղում են։ Եվ որպեսզի դրանից խուսափեն, Մոսկվան և Անկարան փորձում են պայմանավորվել»,- ասաց Եվսեևը։

Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, Եվսեևն ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է Ղարաբաղում արյունահեղության դադարեցում։ Նա նշեց, որ այսօր հարձակման երկու հիմնական ուղղություն կա՝ հյուսիսից և հարավից, այդ հարձակումների նպատակը Ստեփանակերտի գրավումն է։ Իսկ դա, Եվսեևի խոսքով, կնշանակի՝ հայերի ֆիզիկական ոչնչացման վտանգ Ստեփանակերտ քաղաքում։

«Ռուսաստանը պետք է դա կանխի և անում է ամեն հնարավորը։ Նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը խոսեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, նախօրեին՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները ոչինչ չեն անում, օրինակ՝ Ֆրանսիան՝ որպես ԵՄ անդամ, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներով, ԱՄՆ-ը՝ տնտեսական ճնշումներով կարող էին աջակցել ներկայիս իրավիճակի կարգավորմանը, իսկ դա չանելով՝ օգնում են Ադրբեջանին, և ՄԽ աշխատանքը չի դադարեցնում Արցախում խաղաղ բնակչության սպանությունը, և Ռուսաստանը ստիպված է փնտրել այլ ձևաչափեր ևս՝ և՛ Իրանի հետ բանակցություններ, և՛ Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ որևէ մեկը չի պատրաստվում բանակցել։ Եթե ուշադրություն եք դարձրել՝ Պուտինը չի խոսում Ալիևի հետ։ Այս ամենի նպատակն է՝ դադարեցնել արյունահեղությունը և սկսել խաղաղապահ օպերացիա, որը թույլ կտա հասկանալ, թե ով կխախտի հրադադարը։ Ներկայումս այդ օպերացիան իրենից ենթադրում է զինվորական դիտորդների ներկայություն հակամարտության գոտում։ Այստեղ դեռ ինձ համար այդքան էլ պարզ չէ, թե ովքեր կարող են լինել դիտորդները, սակայն, եթե բանակցությունները Թուրքիայի հետ են, ես չէի բացառի, որ դիտորդներ լինեն երկու կողմից։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն իր կողմ թողնի ռուս դիտորդների, ուստի հնարավոր է՝ սիրիական սխեման կիրառվի, երբ Հայաստանի կողմից ռուս դիտորդներ լինեն, իսկ Ադրբեջանի կողմից՝ թուրք»,- ասաց Եվսեևը։

Մեր դիտարկմանը, թե այդ սխեման որքանո՞վ կապահովի օբյեկտիվ պատկեր, երբ մի կողմում թուրք-ադրբեջանական ուժերն են, մյուսում՝ հայ-ռուսական, Եվսեևն ասաց, որ Իդլիբում այս սխեման է կիրառվել, և ունեցել են հակասական օրինակ։

«Միշտ չէ, որ այդ երկու կողմի դիտորդական տվյալները համընկել են, եղել է՝ համընկել են, եղել է՝ ոչ, այս պահին, սակայն, դա այդքան էլ կարևոր չէ, այս պահին կարևորը դադարեցնելն է այս պատերազմը։ Հակասական փորձ էր, բայց ավելի լավն է, քան ներկայիս իրավիճակը»,- ասաց Եվսեևը։

Վերջինիս կարծիքով՝ միջանցքի բացակայությունը խոչընդոտում է Ռուսաստանին աջակցել հայկական կողմին։ Նա ակնարկեց նաև ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի սահմանափակ հնարավորությունները, ուստի ՌԴ-ն փորձում է բանակցել և դադարեցնել պատերազմը։

«Որքանով կհաջողվի, դեռ հայտնի չէ, սակայն Մոսկվան և Անկարան հասկանում են, որ պատերազմել միմյանց դեմ հեշտությամբ կարող են, բայց դրանից փորձում են երկու երկրներում էլ խուսափել, որպեսզի հեռանան ռուս-թուրքական պատերազմից Ղարաղաբում, այլապես այն ձեռք կբերի տարածաշրջանային բնույթ, դրանից խուսափում են։ Ինչո՞ւ է ՌԴ-ն ցանկանում դադարեցնել, քանի որ նախ՝ մարդիկ են մահանում երկու կողմից, երկրորդ՝ դա ՌԴ սահմաններից ոչ հեռու է գտնվում, և երրորդ՝ Ռուսաստանում կան և շատ հայեր, և ադրբեջանցիներ։ Ուստի դրա համար բանակցում է Թուրքիայի հետ։ Ես հասկանում եմ Ձեր անվստահությունը Թուրքիայի նկատմամբ, մենք գիտենք՝ ինչպիսին է Թուրքիան, վստահեցնում եմ Ձեզ, որ դա Ռուսաստանում ևս հասկանում են, մենք երկու ինքնաթիռ կորցրինք Սիրիայում, որը խոցեցին թուրքական ՀՕՊ ուժերը, վստահություն չկա, բայց այլ տարբերակ ևս չկա»,- ասաց Եվսեևը։

Խոսելով ռուս-թուրքական բախման վտանգի մասին՝ ռազմական վերլուծաբանն ասաց, որ Էրդողանը Ռուսաստանի հետ ոչ մի տեղ չի ցանկանում պատերազմել, քանի որ հասկանում է, որ իր համար հետևանքները ծայրահեղ անբարենպաստ կարող են լինել։ «Մեկ հարց է, երբ հարվածներ են հասցվում արմատական իսլամիստներին, մեկ այլ հարց է, երբ թիրախավորում են թուրքական զինվորականներին, իսկ Իդլիբում կա 7 հազար թուրք զինծառայող, որոնց մի մասը կարող է սպանվել, և նա շատ լավ է հասկանում, որ Ղարաբաղով ամեն ինչ չի ավարտվելու, Ղարաբաղից հետո կլինի Սիրիա, որտեղ թուրքական դիրքերը խոցելի են, և թիրախում կարող է հայտնվել ոչ միայն Իդլիբը, այլև այն բոլոր տարածքները, որոնք Թուրքիան օկուպացնում է։ Եթե Թուրքիան խախտի գեթ մեկ պայմանավորվածություն, Ռուսաստանը կարող է դրանցից դուրս գալ։ Էրդողանը մտածում է ոչ միայն Ղարաբաղի մասին, այլև իր՝ Թուրքիայի վիճակի մասին այլ տեղերում։ Ռուս-թուրքական հարաբերությունները Ղարաբաղից ընդարձակ են, ուստի այստեղ ջանում են չպատերազմել։ Ռուսաստանի հետ ընդհանրապես որևէ մեկը փորձում է չպատերազմել, առավել ևս՝ Թուրքիան։ Ադրբեջանն անընդհատ սադրանքներ է անում Հայաստանի ուղղությամբ, քաղաքացիական ենթակառուցվածք է վնասում, ինչ-որ բան խոցում, սադրում, որպեսզի Ռուսաստանը միջամտի, որպեսզի Ռուսաստանը սկսի պատերազմել, դա սադրանք է, միգուցե՝ ադրբեջանական, միգուցե՝ թուրքական, բայց դրանք սադրանքներ են, երկու երկիրն էլ հակվածություն ունեն սադրանքների, դա մենք բոլորս գիտենք։ Ռուսաստանը փորձում է դուրս գալ այս իրավիճակից, բայց Ռուսաստանի համբերությունը ևս անվերջ չէ։ Եթե մենք տեսնենք, որ չի հարթվում իրավիճակը, չենք կարողանում պայմանավորվել Թուրքիայի հետ, եթե փորձեն գրավել Ստեփանակերտ քաղաքը, հայ բնակչությունը կհայտնվի վտանգի մեջ, ապա Ռուսաստանը միանշանակ ավելի կոշտ միջոցների կանցնի»,- ասաց Եվսեևը։

Իսկ թե ինչ կարելի է դիտարկել՝ որպես կոշտ միջոց, Եվսեևը կարծում է, որ Ռուսաստանը չի բացառում անթռիչք գոտու հայտարարումը ԼՂ երկնքում։ «Ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց դրսևորում են ծայրաստիճան անպատիժ, նրանք անում են այն, ինչ ցանկանում են Արցախի տարածքում, այլ տարածքներում, բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Ինչ-որ մի օր կգա պատիժը, և պատիժը կարող է լինել անթռիչք գոտու ստեղծում ԼՂ երկնքում, երբ նրանց կսկսեն հարվածել, և ասեմ, եթե ծայրահեղ իրավիճակ ստեղծվի, նրանց կհարվածեն նաև ռազմական հողի վրա, օրինակ, խոցելով աերոդրոմները, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանում պետք է հասկանան, որ, եթե Ռուսաստանին հասցնեն վերջին կետին, ապա Ռուսաստանին արդեն կանգնեցնել չի լինի, քանի որ Ռուսաստանը կարող է հարվածել նաև արմատական իսլամիստներին, որոնք, իբրև թե, Ալիևն ասում է, որ չկան։ Հնարավոր է՝ հասնենք այս կետին, գուցեև՝ ոչ։ Ռուսաստանը փորձում է չհասնել այդ կետին, երբ Հայաստանը կոչնչացնի նավթագազային ենթակառուցվածքներն Ադրբեջանի, Ռուսաստանը չի ցանկանում, որ Ադրբեջանը հատի գծերը, եթե հատի, ապա ՌԴ-ն ևս կոշտ կգործի։ Իլհամ Ալիևը լավ չի հասկանում այն իրավիճակը, որում հայտնվել է, որ Ռուսաստանը չի հանդուրժելու հայերի ցեղասպանություն Արցախում։ Այլ հարց է, որ փորձում ենք բանակցել, քանի որ այլապես ստիպված ենք լինելու պատերազմել։ Ռուսաստանը ևս բարդ իրավիճակում է և չի պատրաստվում Հայաստանի մեջքի ետևում ինչ-որ բաներ անել»,- ասաց Եվսեևը։

Հարցին՝ եթե Էրդողանը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ինչո՞ւ է հրահրում Ադրբեջանի նախագահին պատերազմի, Եվսեևը պատասխանեց, որ Թուրքիան ամեն դեպքում շանտաժային երկիր է, ով անընդհատ բարձրացնում է աշխարհաքաղաքական խաղադրույքները բանակցային առավելություններ ստանալու նպատակով։

 

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04