ԱՄՆ-ն և ՌԴ-ն համաձայնության կգան փոքր հարցերում, իսկ մեծ խնդիրները կթողնեն հետագա բանակցություններին. քաղաքագետը՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին

15.08.2025 10:05
338

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը նշում է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների՝ Ալյասկայում սպասվող հանդիպման և այդ ձևաչափով քննարկումների հանդեպ Ուկրաինան ու Եվրամիությունը ցուցաբերում են որոշակի անվստահություն, որովհետև Միացյալ Նահանգներն այլևս չի առաջնորդվում նախկին ընդհանուր օրակարգով, այլ ներկայանում է որպես առանձին խաղացող։       

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նորայր Դունամալյանն անդրադարձավ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին, գերտերությունների միջև ուժերի ներկա հարաբերակցությանը և այդ համատեքստում նաև այն հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Ալյասկայում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպումից։  

«Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ վերընտրվելուց հետո չեղավ ակնկալվող այն իրավիճակը, որ Միացյալ Նահանգները մեկուսացված է լինելու և չի միջամտելու այլ տարածաշրջանների գործերին, ինչը ՌԴ-ին կամ այլ երկրներին կընձեռեր ակտիվ քաղաքականություն վարելու ավելի մեծ հնարավորություններ։ Ակնհայտ է, որ Թրամփն անձամբ փորձում է իր երկրի անունից հստակորեն ազդել տարբեր գործընթացների վրա իր խաղաղարար գործունեության շրջանակներում։ Նույնիսկ դրվում է նրան Նոբելյան մրցանակի արժանացնելու հարցը։ Արդեն իսկ մի քանի հակամարտությունների համատեքստում ԱՄՆ-ն իրեն ներկայացրել է որպես խաղաղարար միջնորդ։ Հիշենք, օրինակ, Հնդկաստանի ու Պակիստանի, Թաիլանդի ու Կամբոջայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտները»,-նշեց Դունամալյանը։   

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, ռուս-ուկրաինական հակամարտությունը տակավին մնում է չլուծված, մինչդեռ դրա մասին Թրամփը խոսում էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ շեշտելով, որ ի վիճակի է նույնիսկ այդ կոնֆլիկտը հանգուցալուծել 24 ժամում։ 

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը բավականին բարդ է, ուստի պարզունակ ձևերով հնարավոր չէ այն կարգավորել։ Բայցևայնպես, ԱՄՆ-ն դրսևորում է բավականին մեծ ակտիվություն, հետևաբար Թրամփը վերադասավորում է աշխարհաքաղաքական ամբողջ համակարգը, որը կար մինչ այդ։ Եթե նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, արևմտյան այլ երկրներն ու նրանց դաշնակիցները տարբեր տարածաշրջաններում առաջնորդվում էին ընդհանուր օրակարգով, ապա այսօր տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ներկայանում է որպես առանձին խաղացող, ինչն էլ Ուկրաինայի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների մոտ առաջացնում է անվստահության զգացողություն»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Դունամալյանի դիտարկմամբ՝ առկա իրավիճակն, այդուհանդերձ, կարևոր է այն առումով, որ Թրամփն ու Պուտինը քննարկելու են ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը, այլև երկկողմ հարաբերություններն ու տարբեր տարածաշրջաններին առնչվող կարևոր հարցերը։ Քաղաքագետը չբացառեց, որ ամենաբարձր մակարդակով նախանշված հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել նաև վաշինգտոնյան հռչակագիրը՝ ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։ 

«Դա, ըստ էության, լինելու է բավականին ծավալուն բովանդակությամբ հանդիպում, և, ինչպես հայտարարեց Թրամփը, պարտադիր չէ, որ դրան մասնակցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Վերջերս Թրամփի խորհրդական Ուիթքոֆի հանդիպումը Պուտինի հետ թեև ավարտվել էր առանց որևէ շոշափելի և ցայտուն արդյունքների, չնայած ԱՄՆ-ի նախագահը գոհունակություն էր հայտնել այդ հանդիպման առթիվ, սակայն այստեղ կա որոշակի խնդիր՝ կապված ձևաչափերի հետ, որովհետև այս փուլում ռուսական կողմը նախընտրում է ԱՄՆ-ի հետ երկկողմ քննարկումների ձևաչափը»,- մանրամասնեց քաղաքագետը։ 

Դունամալյանի կարծիքով՝ Թրամփը ՌԴ-ի նկատմամբ միաժամանակ վարում է փափուկ և կոշտ ուժի քաղաքականություն։ Սկզբում փորձում էր համաձայնության գալ, բայց տեսնելով, որ Ռուսաստանը չի շարժվում նույն պարզ տրամաբանությամբ, սկսեց կիրառել կոշտ քայլեր։ 

«Մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների պարագայում, որոնք ձգտում են զարգացնել սերտ տնտեսական կապեր ՌԴ-ի հետ, վկայում է այդ մասին։ Դրանով ԱՄՆ-ն հարվածեց, օրինակ, ՌԴ-ի ազդեցիկ գործընկերներին՝ Հնդկաստանին և Չինաստանին։ Ուժի մեջ են մնում նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, և Թրամփն արդեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Կրեմլի հետ համաձայնության չգալու դեպքում ռուսական կողմի դեմ ավելի կսաստկացնի պատժամիջոցները։ Բայց դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն առաջարկում է լուծում, որի հիմքում տարածքային բաղադրիչն է։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը պետք է հրաժարվի Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, իսկ Ուկրաինան դրա դիմաց պետք է զիջի Ղրիմի թերակղզին, և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը։ Ահա սա է ամերիկյան կողմի փոխզիջումային տարբերակը»,- մանրամասնեց Դունամալյանը։ 

Քաղաքագետը հավելեց, որ ուկրաինացիների համար այս փուլում առավել կարևոր է ռազմական գործողությունների դադարեցումը, ինչից հետո իրենք նոր կարող են սկսել բանակցային գործընթաց՝ նախընտրելով խնդիրների լուծման փուլային տարբերակը, մինչդեռ ԱՄՆ-ն առաջարկում է փաթեթային տարբերակ՝ հնարավոր նոր սրացումները կանխելու նպատակով։ 

«Ակնհայտ է, որ այս փուլում, երբ ռազմական գործողությունները Ռուսաստանի համար ընթանում են բավականին հաջող, Մոսկվան չի գնա էական զիջումների։ Սպասենք Ալյասկայի հանդիպման արդյունքներին, թեև այստեղ կարևոր է, թե կողմերն ինչ կառաջարկեն միմյանց։ Հանդիպման վայրն արդեն իսկ խորհրդանշական է, որովհետև Ալյասկան որոշ առումով ռուս-ամերիկյան ընդհանուր պատմության խորհրդանիշն է։ Գուցե, ՌԴ-ն չգնա էական զիջումների, բայց կարող է գալ համաձայնության և օրինակ խորքային հարվածներ չհասցնել Ուկրաինայի տարածքին։ Կողմերը, հավանաբար, փոքր հարցերում կգան ընդհանուր հայտարարի, իսկ մեծ խնդիրները կթողնեն հետագա բանակցություններին»,- եզրափակեց քաղաքագետը։   

 

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39