Մեր հայրենակցի նոր գիրքը

20.05.2020 10:20
1212

Հենրիկ Մուշեղի Աբրահամյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1937 թ. հուլիսի 15-ին, Կապանի շրջանի Փուխրուտ գյուղում, մտավորականի ընտանիքում: Հայրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր, մայրը՝ վաստակավոր ուսուցչուհի: 1955 թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1958-1963 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ պատմական ֆակուլտետը: 1964-1965 թթ. աշխատել է  Կապանի շրջանի կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար:

1968 թ. Հենրիկ Աբրահամյանը ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ 1973 թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, իսկ 1995 թ.՝  դոկտորական ատենախոսություն, այնուհետեւ ստացել է դոցենտի եւ պրոֆեսորի կոչում:

Հենրիկ Աբրահամյանը երկար տարիներ աշխատել է պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, այնուհետեւ՝ դեկանի պաշտոնակատար: 2000-2007 թթ. Հենրիկ Աբրահամյանը եղել է ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ:

Հ. Աբրահամյանը հինգ մենագրությունների, նույնքան բրոշյուրների, ուսումնական ձեռնարկների, դասախոսությունների նյութերի, տասը հատուկ դասընթացների եւ ավելի քան 100 գիտական, հրապարախոսական հոդվածների, գիտական թեզերի հեղինակ է:

Հենրիկ Մուշեղի Աբրահամյանը ԵՊՀ-ում երկար տասնամյակներ կատարած իր բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է մի շարք պարգեւների. Երեւանի պետական համալսարանի «Ոսկե մեդալի»՝ 2007 թ., Արդարադատության եւ Բարձրագույն կրթության նախարարությունների մի շարք պատվոգրերի, ՀՀ կառավարության (վարչապետի) շնորհակալագրի՝ 2009 թ., ՀՀ նախագահի շնորհակալագրի՝ 2014 թ. ՀՀ գիտության եւ կրթության նախարարության բարձրագույն պարգեւի՝ «Ոսկե մեդալի»՝ 2018 թ. եւ այլն:

Հենրիկ Աբրահամյանը ղեկավարել եւ պատրաստել է պատմական եւ քաղաքական գիտությունների (միջազգային հարաբերությունների) երեք թեկնածուների: Այժմ  նա ղեկավարում է երեք ասպիրանտների եւ շարունակում իր գիտական ու ստեղծագործական գործունեությունը:

***

Վերջերս ընթերցողին հասավ հասարակական – քաղաքական ուշագրավ մի հրատարակություն՝ մեր հայրենակից, պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Մուշեղի Աբրահամյանի «Հայաստանի անկախացման հասարակական-քաղաքական նախադրյալները եւ կայացման սկիզբը» (1956թ. փետրվար-1991թ. սեպտեմբեր) աշխատությունը։ Այն տպագրության է երաշխավորել Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը։ Գիրքը ներառում է չորսուկես տասնամյակ ընդգրկող մի ժամանակաշրջան, մեր ժողովրդի պատմության նշանավոր էջերը՝այլախոհական շարժում, ընդհատակյա կազմակերպությունների գործունեություն, Հայաստանի անկախության համար մղված պայքար, եւ ընդհանրապես հասարակական- քաղաքական կյանք՝ իր վայրիվերումներով։ Արխիվային բազմաթիվ նյութերի, փաստաթղթերի ( մի մասը նորահայտ), ուսումնասիրությունների հիման վրա վերլուծվել ու բացահայտվել են այն գործընթացները, որոնք հանգեցրին մեր հանրապետությունում ընդհատակյա կազմակերպությունների եւ այլախոհական շարժման ձեւավորմանը, 1980 թթ գորբաչովյան վերակառուցմամբ ծնված  Արցախյան եւ հայ ժողովրդական շարժումների ծավալմանը, ինչպես նաեւ անկախության համար մղվող պայքարի սկզբնավորմանը եւ դրա ընթացքը։

Արխիվային նյութերի մի զգալի մասը՝ բավականին շատ ֆոնդեր, երկար տասնամյակներ պահվում էին գաղտնի թղթապանակներում, որոնց նյութերին ծանոթանալն արգելվում էր հետազոտողների կողմից։  Կոմունիստական կուսակցության պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները պետք է շարադրվեին միայն դրական փաստերի, նյութերի հիման վրա։ Անկախության տարիներին այդ երեւույթը վերացվել է եւ գաղտնազերծվել են շատ պահոցներ` հնարավորություն տալով ուսումնասիրողներին այդ նյութերը հրապարակել եւ դնել գիտական շրջանառության մեջ, ինչին էլ ձեռնամուխ է եղել հեղինակը։

Ներածության մեջ Հ. Աբրահամյանն անդրադառնում է խնդրո առարկա ժամանակաշրջանի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց պետականության կայացմանը, Արցախի հարցի լուծմանը միտված ջանքերին, Հայաստանի երրորդ  հանրապետության կառուցման բազմաթիվ հիմնախնդիրներին, անցման ժամանակահատվածի դժվարություններին եւ այլն։ Հրապարակի վրա եղած այդ ամենն ընդգրկող գրականության, նրանց հեղինակների մասին հակիրճ շարադրված է աշխատության ներածության մեջ։

Գիրքը հետաքրքրական է նաեւ այնքանով, որ նրանում ներկայացված է Խորհրդային Հայաստանում այլախոհական շարժումը եւ 1960-1980 թթ. ոչ ֆորմալ կազմակերպությունների գործունեությունը։ Այլախոհական շարժումը Խորհրդային Հայաստանում վերելք ապրեց 1970- ական թթ սկզբներին եւ շարունակվեց մինչեւ 1980-ականների կեսերը։ Դա պայմանավորված էր 1970-ական թթ․ սկզբներին ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով առաջին իրավապաշտպան կազմակերպությունների ստեղծումով։

Գրքի ուշագրավ հատվածներից է «Արցախյան շարժման արձագանքները հայկական սփյուռքում» գլուխը, որտեղ հեղինակը շարադրել է Արցախյան շարժման օրերին հայկական գաղթօջախներում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք քիչ հայտնի են ընթերցողին։ Իսկ հայկական սփյուռքը շատ զգայուն էր եւ մեծ ուշադրությամբ եւ կարեկցանքով հետեւում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Միաժամանակ արտասահմանյան հայկական մամուլում  հրապարակված էին հոդվածներ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի պատմության, վարչական-տարածքային պատկանելության մասին՝ ընդսմին ձեւավորելով հասարակական կարծիք։ Սփյուռքում հրատարակվող թերթերում հաղորդվում էր նաեւ Երեւանում անցկացվող հանրահավաքների մասին, որոնցում Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանին միացնելու հարցեր էին բարձրացվում։

Հայկական սփյուռքի ջանքերի շնորհիվ արեւմտյան լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում էին պահում Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Օրինակ, ֆրանսիական «Ֆիգարո» թերթը, իր մեկնաբանություններով ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այն անվանում է պայթյունավտանգ, նաեւ նշում, որ իշխանությունների մի փոքր անգամ սխալը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների։

Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի երրորդ  հանրապետության պատմության, նրա տարբեր հարցերին ու խնդիրներին նվիրված ուսումնասիրություններին՝ գովեստից, մեծարումից, հերոսացումից մինչեւ տարբեր կարգի քննադատություններ, սխալներ ու թերություններ։ Ինչպես գրում է, գլխավորը, որն իշխում էր դրանցում, մեծ ոգեւորությունն է եւ հպարտությունը, որ տվյալ ժամանակաշրջանում համակել էր բոլորին, խնդիրն այն էր, որ հայ ժողովուրդը մուտք էր գործել պատմական մի նոր ժամանակաշրջան, որի գլխավոր նպատակն անկախության համար պայքարն ու նորանկախ Հայաստանի կառուցումն էին։ Հավաստի փաստերով ներկայացված է Արցախյան շարժումը` սկզբնավորումից սկսած։

Բայց այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական գույներով է շարադրված։ Աշխատությունում նաեւ ցույց է տրված, որ հանրապետության նոր ղեկավարությունը, տարվելով գլխապտույտ հաջողություններով, թույլ տվեց տարբեր սխալներ, խոսքի եւ գործի միջեւ հակասություններ, որոնց հետեւանքով մարդիկ հայտնվեցին անօգնական, աշխատանքից զուրկ եւ սոցիալապես անապահով վիճակում, ինչն էլ հարուցեց լայն զանգվածների դժգոհությունը, իշխանություններից հիասթափությունը։

Աշխատության մեջ զետեղված են կարեւոր փաստաթղթերի լուսապատճեններ, հեռագրերի ու նամակների տեքստեր, մասնավորապես, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի հեռագիրը ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ․Ս․Գորբաչովին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին, վերջում զետեղված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որով փաստորեն հիմք դրվեց Հայաստանի՝ Խորհրդային Միությունից դուրս գալու եւ անկախ պետականության հաստատման գործընթացին, որն էլ հիմք հանդիսացավ հետագայում ընդունելու դրանից բխող օրենսդրական նոր որոշումներ, Սահմանադրության մշակման, ընդունման համար նոր պայմաններ եւ այլն։

Գիրքը նաեւ մի հետաքրքրական տարր է պարունակում․ հեղինակը կազմել է հարցազրույցի հարցաշար, որ առնչվում է հայոց նորագույն պատմության՝ Երրորդ հանրապետության ավելի քան քառորդդարյա պատմության դասերին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորվածության արդի իրավիճակին, արդյունքներին, բացթողումներին, հեռանկարներին, Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարմանն անցնելուն եւ այլն։ Նպատակ կար հարցաշարը ներկայացնել  «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին եւ ՀՀՇ-ՀԱԿ ղեկավարներին։ Բայց ոչ մեկը չցանկացավ մասնակցել սոցհարցմանը՝ պատճառաբանելով, որ բավականին դժվար է տեղավորվել պայմանավորված էջերի շրջանակում։ Եւ հեղինակին այլ բան չէր մնում, քան գրքում զետեղել այդ հարցաշարը՝ այն թողնելով սերունդների եւ պատմության դատին։

                                                                                                                                     

 Վահրամ Օրբելյան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10