Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ իմ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ ջանքերի կրկնակի-եռակի մեծացման դեպքում՝ կարելի է հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունենալ: Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը (Մայք Պոմպեո-tert.am) իր ջանքերը կներդնի հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին` Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
tert.am