Անառիկ ու ամուր սահմանների և խաղաղության երաշխավոր. ՀՀ զինված ուժերը 28 տարեկան են

28.01.2020 09:36
720

 Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ 2017թ. Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերը: Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ. մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է և ընդլայնում համագործակցության ոլորտները: Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ: Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Ավելի քան 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը:
Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները:

Նաև նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով` Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր: Եվ այսպես, 2004 թվականից սկսած հայ խաղաղապահներն իրենց առաքելությունը փայլուն կերպով իրականացրել են հետևյալ պետություններում:
Կոսովո
2004թ․ Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

Իրաք

2005թ․ հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ․ հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010թ․ փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր - ISAF) Հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացրել Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանել են Մազարի Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Ներկայում հայ խաղաղապահներ կան Կունդուզում և Մազարի Շարիֆում:

Լիբանան

2014 թվականի նոյեմբերի 26-ից հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև Լիբանանում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Մալի

Եվս մեկ հայ զինծառայող 2015թ. խաղաղապահ դիտորդական առաքելություն է իրականացրել Մալիում:

Հայկական բանակը նաև տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է: Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում ու սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն պարտադրել խաղաղություն, ինչպես դրա ականատեսը եղան բոլորը 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին վերջ տրվեց հայ զինվորի ու հրամանատարի սխրանքի շնորհիվ: Պարտադրված խաղաղություն. սա հայտարարություն է, որ վերջին շրջանում՝ հրադադարի խախտումների հաճախակիացման պարագայում սկսեց կիրառվել ավելի հաճախ: Կողմնակից լինելով երկխոսության խնդիրները հարթելու տարբերակին` հայկական զինված ուժերը նաև հայտարարում են. եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի պարտադրել խաղաղություն, հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի:

armenpress.am

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57