Անդրանիկ Շաղոյան. «Զե՛րծ մնացեք մեքենան ոչ սթափ վարելուց եւ արագության գերազանցումից. չէ՞ որ վայրկյանների ընթացքում ճակատագրեր կարող են խաթարվել»

06.07.2017 14:49
4043

ՀՀ ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտը սպասարկում է 331 կմ միջպետական ճանապարհ, կարճ ասած՝ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը, որոնցից յուրաքանչյուրում կա մեկ դասակ: 2015թ. մարտի 23-ից ՀՀ ոստիկանապետի հրամանով ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանը նշեց, որ հիմնականում աշխատանքները կազմակերպվում են երկու հերթափոխով՝ 08-16.00, 16.00-01.00, անհրաժեշտության դեպքում՝ շուրջօրյա: Հատկապես ամռան ամիսներին բավականաչափ ծանրաբեռնվում է ճանապարհային ոստիկանների աշխատանքը՝ կապված երեխաների՝ ճամբար, նորակոչիկներին՝ տարբեր զորամասեր, այդ թվում՝ Արցախի Հանրապետություն ուղեկցմամբ եւ այլն: «Ամսական 2-3 անգամ ուժեղացված ծառայությունները ստուգայցեր են կազմակերպում՝ կապված ոչ սթափ վարորդների հայտնաբերման, արագության գերազանցման, ինչու չէ՝ փոխարինված պետհամարանիշներով ավտոմեքենաների, ոչ ճիշտ վայրում կայանելու  եւ մի շարք այլ խախտումների բացահայտման հետ: Սա տարբերվում է մյուս ծառայություններից նրանով, որ ճանապարհային ոստիկանության տեսուչն իրավունք ունի կանգնեցնել յուրաքանչյուր վարորդի՝ անկախ նրանից խախտում եղե՞լ է, թե՞ ոչ», - նշեց Ա.Շաղոյանը՝ հավելելով, որ մոտ վեց ամսվա կտրվածքով հայտնաբերվել է 191 ոչ սթափ վարորդ, որ մեծ թիվ է: 2017թ. հինգ ամսվա ընթացքում վարորդական իրավունքից զրկման (խախտումը կրկնակի էր)՝ 15, առանց պետհամարանիշի՝ 3, առանց ԱՊՊԱ կտրոնի՝ 32, թաղանթապատ ապակիներով՝ 98, արագության գերազանցման՝ 1207, ընդհանուր առմամբ՝ 11472 տարաբնույթ խախտումների արձանագրություն է կազմվել:

«Հիմնականում վթարները տեղի են ունենում արագության գերազանցման (մոտ 90 տոկոս), ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետեւանքով: Նշեմ, որ կին վարորդների թվի ավելացումն էական ազդեցություն չի ունեցել պատահարների թվի վրա, ընդհակառակը՝ տարեցտարի նրանք ավելի են կատարելագործել իրենց վարորդական հմտությունները՝ դառնալով կարգապահ, տիրապետելով ճանապարհային երթեւեկության կանոններին, ինչի շնորհիվ խուսափում են անցանկալի հետեւանքներից», - նշեց Ա.Շաղոյանը:

Կին վարորդների խախտումների մասին խոսելիս ոստիկանության 6-րդ վաշտի 2-րդ դասակի (Սյունիքի մարզ) հրամանատար, փոխգնդապետ Արթուր Ոսկանյանը փաստեց, որ ե՛ւ արձանագրում են, ե՛ւ ներում՝ կախված խախտման բնույթից:

Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի՝ բարձր վթարայնություն ունեցող մասերում տեղադրումն էական նշանակություն է ունեցել վթարների թվի կրճատման վրա, բայց մյուս հատվածներում հակառակը՝ ավելացել է: «Այնտեղ, որտեղ տեղադրված են համապատասխան սարքերը, միանշանակ ճանապարհային երթեւեկությունը զգալիորեն կարգավորվել է, բայց պետք է գիտակցենք, որ կարգապահ վարելու համար պարտադիր չէ տեսախցիկի առկայությունը: Մեզանում երթեւեկության կուլտուրան ավելի պետք է բարձրացնենք, ուրախությամբ նշեմ, որ աստիճանաբար այդ առումով զգալի առաջընթաց ենք ապրում. մեր երթեւեկության մասնակիցները, նաեւ հետիոտները հետեւում են կանոններին: Ի դեպ, նվազել է նաեւ հետիոտնային վրաերթերի թիվը: Հավելեմ՝ նմանատիպ սարքերի ավելացում մեր վաշտի տարածքում առայժմ չի նախատեսվում», - նշեց ոստիկանության փոխգնդապետ Ա.Շաղոյանը:

Նախորդ տարի 6-րդ վաշտի սպասարկման տարածքում զոհերի թիվը 18-ով նվազել է, ինչի շնորհիվ, Անդրանիկ Շաղոյանի կարծիքով, այդքան ընտանիքի լույսը վառ է մնացել: «Ոչ մեկս էլ ապահովագրված չենք վթարներից, հասնել մի հանգրվան, որ պատահարներ ընդհանրապես չլինեն, հնարավոր չէ: Բայց բարձրացնելով մեր գիտակցական մակարդակը՝ հնարավորինս կնվազեցնենք դրանց թիվը. մեքենան ոչ թե շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն, պարզապես փոխադրամիջոց», - նշեց Ա.Շաղոյանը: 

Հունիսի 23-ին Կապանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին Ա.Շաղոյանը նշեց, որ այն ճանապարհատրանսպորտային պատահար չի համարվում, քանի որ վարորդը մահացել է մինչ պատահարը: «Կոնկրետ այս դեպքում վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչից հետո բախվել է Մ.Ստեփանյան փողոցի պատնեշին: Առհասարակ եթե վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդը հիվանդանում է, մեզ համապատասխան գրություն են ուղարկում եւ առգրավում ենք նրա վարորդական իրավունքը: Նման դեպքեր եղել են, իսկ հաշմանդամության որոշակի կարգ ունեցողներին թույլատրվում է վարորդական իրավունք ստանալ», - պարզաբանեց վաշտի հրամանատարը:

Անդրանիկ Շաղոյանի խոսքով՝ տարածքի ծավալը, աշխարհագրական դիրքը, ազգաբնակչության թիվը հաշվի առնելով, բնականաբար, Սյունիքի մարզում ավելի շատ են տրանսպորտային միջոցները, քան Վայոց ձորում: Եթե Վայոց ձորում կա մոտ 12.5 հազար տրանսպորտային միջոց, ապա Սյունիքի մարզում կրկնակի, եռակի ավելին է:

Գաղտնիք չէ, որ հասարակության մեջ շարունակվում են խոսակցություններ այն մասին, որ ճանապարհային տեսուչներից ոմանք խախտումը չարձանագրելու համար կաշառք են վերցնում: Այս դիտարկմանն ի պատասխան Անդրանիկ Շաղոյանը նշեց. «Խախտումն արձանագրելու դեպքում վճարելու երկու տարբերակ ունենք՝ կանխիկ եւ բանկով՝ 30 օրվա ընթացքում: Վարորդը կարող է տեղում վճարել տուգանքը եւ ստանալ համապատասխան կտրոն, ինչը դիմացից նայողը կարող է որակել որպես կաշառք: Բայց չեմ բացառում նմանատիպ արատավոր դեպքերի առկայությունը, ուստի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ճանապարհային ոստիկաններին ամրակցվել են տեսախցիկներ: Վարորդները կփաստեն, որ դրանց շնորհիվ բավականին նվազել են կոռուպցիոն դեպքերը»:

Մեկ այլ նկատառում եւս. հաճախ ճանապարհային ոստիկանները խախտում կատարող վարորդների հետ կոնֆլիկտներ են ունենում, քանի որ վերջիններս չեն ընդունում իրենց կատարած խախտումը: Ա.Շաղոյանի խոսքով՝ եթե բոլոր վարորդներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքն ավելի հեշտ կկազմակերպվի: Ցավոք, նմանատիպ միջադեպեր լինում են, բայց համատարած բնույթ չեն ստանում, քանի որ «դեռ կան վարորդներ, ովքեր զիջելու սովոր չեն, իսկ ճանապարհային անվտանգության ապահովման համար դա կարեւոր նախապայման է»: Ասվածին որպես հավելում Արթուր Ոսկանյանը նշեց. «Ոչ մի խախտում կատարող վարորդ էլ չի ցանկանում, որ տուգանեն: Հատկապես վերջին շրջանում նրանց իրավունքների եւ պարտականությունների հաճախակի լուսաբանումը նպաստում է խախտումների նվազեցմանը, բայց էլի կան տարբեր խախտումներ կատարող, տարբեր բնավորության ու մտածելակերպի տեր  վարորդներ»: 

Չէինք կարող չարձանագրել նաեւ, որ հաճախ մեծահարուստ վարորդները, իրենց արտոնյալ զգալով, թույլ են տալիս կոպիտ խախտումներ, որոնց վրա ճանապարհային տեսուչներն աչք են փակում: Փոխարենը լինում են դեպքեր, երբ կանգնեցնում են առավել հին մակնիշի մեքենաների վարորդներին, իսկ այդ նույն ժամանակահատվածում նրանց կողքով անցնում են «արտոնյալները»՝ առավել լուրջ խախտում թույլ տալով: «Նախ՝ ճանապարհային ոստիկանն իրավունք չունի միաժամանակ երկու մեքենա կանգնեցնել: Նախկին կարծրատիպերը պետք է վերացվեն, քանի որ իրականում անպատժելի վարորդ չկա, բոլորն օրենքի առաջ հավասար են: Իհարկե, լկտի պահվածքով վարորդներ դեռեւս կան, ովքեր դաստիարակություն չեն ստացել եւ դժվար է նրանց կարգուկանոն պարտադրելը: Բայց նաեւ չեմ կարող բացառել, որ հայկական ձեւը մեզանում դեռ կա», - պարզաբանեց վաշտի հրամանատարը:

Ամռան տարեշրջանում, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի համաձայն, գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող մեքենաների վարորդներին թեթեւ խախտումների դեպքում ընդառաջում են, այսպես ասած՝ աչք են փակում դրանց վրա. նպատակը գյուղացուն աջակցելն է: Ինչ վերաբերում է մանր եւ եղջերավոր անասունների՝ արոտավայրեր տեղափոխվելուն, ապա, Ա.Շաղոյանի խոսքով, այն պետք է կազմակերպել օրվա լուսավոր պահերին՝ համապատասխան թույլտվության պայմաններում:

Հետաքրքիր էր իմանալ նաեւ պարսիկ վարորդների կարգապահության մասին. Ա.Շաղոյանի խոսքով, հիմնականում կարգապահ են, իհարկե, խախտումներ էլ են թույլ տալիս, բայց հաշվի առնելով, որ հյուր են մեր երկրում եւ խիստ պատժելու դեպքում կարող ենք խոչընդոտել զբոսաշրջության զարգացմանը, երբեմն ճանապարհային ոստիկաններն ընդառաջում են: Կոպիտ խախտումների դեպքում պատժվում են մեր երկրի օրենքներով:

Վերջերս Կապանում տեղադրված լուսացույցներից խոսելիս ոստիկանության փոխգնդապետը նշեց, որ առհասարակ դրանք տեղադրվում են համայնքային միջոցներով. «Բազմիցս միջնորդագրեր ենք ներկայացրել համայնքապետարաններ, որ ֆինանսական միջոցներ լինելու դեպքում խաչմերուկներում տեղադրվեն լուսացույցներ, բայց, ինչպես գիտենք, դրանք թանկ հաճույք են, եւ ոչ բոլոր համայնքները նման հնարավորություն ունեն: Մեր խնդիրներից մեկն էլ ճանապարհային երթեւեկության նշանների հետ է կապված: Ամիսը մեկ-երկու անգամ համայնքապետարաններ միջնորդագրեր ենք ուղարկում, որ համայնքի տարածքում սեփական միջոցներով կահավորեն ճանապարհային երթեւեկության նշանները, ինչպես նաեւ գծանշումները: Բարեբախտաբար, մեր տարածաշրջանի միջպետական ճանապարհների գծանշումները բավարար մակարդակով կատարված են: Լավ կլիներ, որ միջպետական ճանապարհներին ավելանային արգելապատնեշները, քանի որ Սյունիքի մարզի ճանապարհները հիմնականում անցնում են ձորերով, կիրճերով: Սա ավելի կնպաստեր անցանկալի միջադեպերից խուսափելուն եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությանը»:

Փոխգնդապետին հարցրինք նաեւ ճանապարհային ոստիկան դառնալու ցանկացողների մասին, որին ի պատասխան նշեց. «Այս պահին իմ ղեկավարած վաշտում թափուր տեղ չկա: Առհասարակ թափուր տեղերի համար տրվում է հայտարարություն, համապատասխան դասընթացներ, բուժզննում անցնելուց եւ որակավորում ստանալուց հետո միայն կարող են ընդունվել աշխատանքի: Հիմնականում կազմը համալրված է գիտելիքներով հարուստ կադրերով. պետք է արձանագրեմ նաեւ, որ տարեցտարի բարձրանում է համակարգ աշխատանքի ընդունվողների կրթական մակարդակը»: Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ոսկանյանն էլ նշեց, որ երիտասարդ կադրերից դժգոհ չեն. ավելի եռանդուն են, բանիմաց եւ շատ արագ են հարմարվում աշխատանքին, ձեռք բերում համապատասխան հմտություններ:

Հայոց զինված ուժերը համալրող նորակոչիկներին Անդրանիկ Շաղոյանը մաղթեց. «Տա Աստված մեր երկրին խաղաղություն, ինչքան նորակոչիկ որ ուղեկցենք, այնքան էլ դիմավորենք. նրանցից յուրաքանչյուրն ամեն մի տան ճրագ է: Իսկ վարորդներին մաղթում եմ անվտանգ երթեւեկություն, զգոնություն. զերծ մնացեք մեքենան ոչ սթափ վարելուց եւ արագության գերազանցումից. չէ՞ որ վայրկյանների ընթացքում ճակատագրեր կարող են խաթարվել»:

Եվ վերջում՝ ինչպես Արցախի Հանրապետության ճամփեզրերից մեկին տեղադրված ցուցանակում էր գրված. «Անսթափ վարորդը հանցագործ է»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

26.11.2024 21:50

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

26.11.2024 21:42

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28

Մահազդ

26.11.2024 20:30

Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

26.11.2024 19:16

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

26.11.2024 19:11

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

26.11.2024 17:52

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

26.11.2024 17:48

ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

26.11.2024 17:38

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

26.11.2024 17:34

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

26.11.2024 16:16

Զանգեզուրի «Յան» մարտարվեստի ասոցիացիայի վստահ ընթացքը

26.11.2024 15:20