Անհասկանալի դադար Սյունիքի դպրոցների օպտիմալացման հարցում․ խա՞ղ, թե՞ բնակչության օրինաչափ զայրույթի զսպում

03.09.2026 10:13
978

Համայնքների խոշորացումից հետո, ինչպես քանիցս նշել ենք, օպտիմալացման ալիքը նաև դպրոցներին է հասել։ Դեռևս 2023 թ․ սեպտեմբերի 11-ից հրապարակի վրա է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման  ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին» N 1790 Ա 2 որոշումը։ Մեր թերթը երկու անգամ անդրադարձել է այս խնդրին՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ի և 2025 թվականի մարտի 6-ի համարներում։ Բայց  նոր ուստարվան ընդառաջ որոշեցինք կրկին անդրադառնալ  թեմային՝ մանավանդ այն խնդրահարույց որոշ հարցեր է պարունակում։

Ավելորդ չենք համարում ընթերցողին հիշեցնել օպտիմալացվող դպրոցների ցանկն ըստ Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3, Քաջարանում՝ 4, Մեղրում՝ 5, ընդհանուր առմամբ 48 դպրոց, գյուղապահպանության 48 սյուն։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աղբյուրների՝ ծրագրի առաջին փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսպես կոչված օպտիմալացման ցուցակում է նաև Կարճևանի միջնակարգ դպրոցը, որն ունի 25 աշակերտ։ Պարապմունքները հինգ տարի է անցկացվում են գյուղի բուժկետում, և ինչպես նշեց դպրոցի տնօրենը, հարմարվել են բուժկետի պայմաններին։ Կրթօջախը պիտի միավորվի Ագարակի միջնակարգ դպրոցին։ Ագարակում կառուցվում է 864 տեղանոց դպրոցական նոր մասնաշենք։ Շինարարությունն իրականացնում է «Մեղրիի ճանապարհների շահագործում և շինարարություն» ՍՊ ընկերությունը։ Տնօրեն Ազատ Գասպարյանի տեղեկացմամբ՝ դպրոցի շինարարության ավարտ է սահմանված 2027 թվականի նոյեմբերի 30-ը։ Նրա իսկ փոխանցմամբ՝ մնում է իրականացնել շինարարության 30 տոկոսը։

Նաև հավելենք, որ Կարճևանը Ագարակից չորս կմ հեռավորության ճանապարհ է բաժանում, ասել է թե՝ պիտի լուծվի նաև դպրոցականների և ուսուցիչների փոխադրամիջոցի խնդիրը։

Ցավալի է, որ կառավարության վերոհիշյալ ցանկի մեջ ներառված է նաև սահմանամերձ ու բարձր լեռնային գյուղերի դպրոցներ՝ զորօրինակ Նռնաձորը։ Այս և Ալվանք գյուղերի դպրոցները պիտի միավորվեն Շվանիձոր գյուղի դպրոցին։ Վերջինում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, բայց օպտիմալացման մասին առայժմ խոսք չկա․ Ալվանքում և Նռնաձորում դպրոցական պարապմունքները դեռևս անցկացվում են տեղի դպրոցներում։

Մեծ աղմուկ բարձրացավ այն փաստի առիթով, որ Լեռնաձոր գյուղի նշանավոր դպրոցը պիտի միանա Ձագեձորի միջնակարգ դպրոցին, որն ավելի քիչ աշակերտ ունի՝ Լեռնաձորի դպրոցի համեմատ:

Լեռնաձորում աշխատանքային այցով գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին ներկայացրին խնդրո առարկան, որ անթույլատրելի է նման միավորումը։ Դպրոցի տնօրեն Ծովինար Գրիգորյանը խմբագրությանը հայտնեց, որ բարձրացված աղմուկից հետո հարաբերական լռություն է։ Նաև ասաց, որ երկու դպրոցի միավորման վերաբերյալ իրենք որևէ պաշտոնական գրություն չեն ստացել։ Ինչևէ, այս ուսումնական տարում Լեռնաձորի դպրոց կհաճախի 7 առաջին դասարանցի։ Իսկ ընդհանրապես կրթօջախում 90 աշակերտ է սովորում։

Այդ տխրահռչակ որոշման մեջ ընդգրկվել է սահմանամերձ ևս մի գյուղ՝ Դավիթբեկը։ Սա արդեն դաշույնի հարված է երկրի անվտանգությանը։ Քանզի սահմանամերձում փակել դպրոցի դռները՝ կնշանակի աշխատատեղերի կրճատում և արտագաղթ։ Դժվար է ասել, թե ում խելքին է փչել Կապանի ամենամեծ գյուղի՝ Դավիթբեկի Արամ Մանուկյանի անվան դպրոցը միավորել Արծվանիկի միջնակարգ դպրոցի հետ։

Իրողությունն այն է, որ Արծվանիկում դպրոցական նոր շենք է կառուցվում  հնի կողքին, որը պատրաստ լինելուց հետո միայն կարող է խոսք լինել երկու դպրոցի միավորման մասին։ Դավիթբեկ գյուղի դպրոցը միացնելն Արծվանիկի դպրոցի հետ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանզի  այս պարագայում ևս գործ ունենք սահմանը թուլացնելու տխուր իրողության հետ։

Խնդիրն ունի նաև բարոյական ու ազգապահպանության բաղադրիչներ։ Փակելով գյուղի դպրոցը՝ նաև սուրբ հիշատակներ են զրոյացվում։ Դավիթբեկի դպրոցը մեկ դարից ավելի պատմություն ունի։ Նրա քուրայով են անցել բազում հայտնի մարդիկ։ 1990 թվականից դպրոցը կոչվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր ու ականավոր պետական  ու ազգային գործիչ Արամ Մանուկյանի անունով, ով այդ գյուղի զավակ է։ Դպրոցի մուտքին փակցված է մեծն հայի հարթաքանդակը․․․

Սիսիանի տարածաշրջանի Դարբասի միջնակարգ դպրոցին պիտի միանա, մասնավորապես, Լոր գյուղի դպրոցը։ Վերջինիս տնօրեն Լիաննա Գրիգորյանը խմբագրությանը հայտնեց, որ կրթօջախում 25 աշակերտ է սովորում (երկու առաջին դասարանցի)։ Սա ասում եմ այն համատեքստում, որ տարիներ առաջ այդ դպրոցում ներկա էինք Համո Սահյանի տարեդարձին նվիրված մի տպավորիչ միջոցառման՝ բազմաթիվ աշակերտների մասնակցությամբ։

Շենաթաղի հիմնական դպրոցում, որը ևս պիտի միանար Դարբասի դպրոցին, այս ուստարում ևս պարապմունքներն անցկացվում են սեփական հարկի տակ։ Այստեղ ևս միավորվելու մասին պաշտոնական գրություն դեռևս չեն ստացել։

Հենակետային է դառնում նաև Վաղատինի միջնակարգ դպրոցը, որին պիտի միանան Շամբի, Որոտանի, Լծենի դպրոցները։ Շամբի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Ստեփանյանի փոխանցմամբ՝ պաշտոնապես չեն տեղեկացվել Վաղատինի դպրոցին միանալու մասին։ Նոր ուսումնական տարին սկսել են 31 աշակերտով, որից երկուսը՝ 2026-27 ուստարին ավարտելուն պես հրաժեշտ կտան դպրոցին։

Շամբը Վաղատինից բավականին հեռու է՝ մոտ 10 կմ։

Որոտանի հիմնական դպրոցի տնօրեն Շուշան Ստեփանյանը ևս տեղյակ էր վերամիավորման մասին։ Այդքանը՝ պաշտոնական ոչ մի գրություն։ Կրթօջախն ունի 18 աշակերտ, որից միայն մեկը՝ առաջին դասարանցի։ Չորսը՝ ուստարին ավարտելուց հետո հրաժեշտ կտան դպրոցին։

Որոտանը Վաղատինից հեռու է մոտ 6 կմ։

Հեռախոսազրույց ունեցանք նաև հենակետային՝ Վաղատինի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Բաբայանի հետ։ Նա խմբագրությանը փոխանցեց, որ երկու տարի է՝ պարապմունքներն անցկացվում են նոր դպրոցում։ Ուսումնական տարին սկսել են 48 աշակերտով, որից 7-ը՝ առաջին դասարանցի։ Նաև հայտնեց, որ վերամիավորման մասին պաշտոնապես տեղեկացված չէ։

Ինչպես երևում է, առայժմ դպրոցի օպտիմալացման մասին որոշման իրագործումն անորոշության հուն է մտել։ Կարելի է ենթադրել, որ ժամանակավոր դադար են վերցրել՝ Սյունիքի բնակչության զայրույթը զսպելու համար։

Կամ գուցե բարձր դռանը պատահականորեն գտնվել են գործիչներ, ովքեր ի վերջո գիտակցել են՝ Սյունիքում 48 դպրոց փակելով՝ երկրամասը մեծ հարված կստանա։ Թեև դժվար է հավատալ, որ այնտեղ Սյունիքի մասին լրջորեն մտածող պետական այրեր կգտնվեն։

Գլխավոր լուսանկարը՝  Դավիթբեկի միջնակարգ դպրոցի էջից։

 

Վահրամ Օրբելյան

Պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս․ Սամվել Կարապետյան

27.09.2026 12:34

Երեք տարի գերության մեջ

27.09.2026 12:27

Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արևաբույր տղաներ, հրի և սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…

27.09.2026 11:54

«Հայոց Արծիվներ»․ պատերազմի առաջին օրերից՝ Արցախի առաջնագծում

27.09.2026 11:30

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնումը պետք է լինի խաղաղության հիմքում. Բաղունց

27.09.2026 10:42

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների

27.09.2026 10:33

Հայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են

27.09.2026 10:17

Քաջազուններ Սյունյաց՝ դուք մարտնչեցիք արիաբար եւ հոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ վերստին սրբացնելով հայող հողը

26.09.2026 20:50

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

26.09.2026 11:40

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41