Շուռնուխ. 45 ընտանիքից երկուսն են գյուղից դուրս եկել, որոնց վերադարձի համար պայմաններ են ստեղծվում

04.01.2021 13:16
7081

Շուռնուխ գյուղում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված սահմանորոշման եւ 11 ընտանիքի տարհանման հետ, շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Հունվարի 3-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Շուռնուխում էր եւ հետեւում էր զարգացումներին:

Ամբողջ օրն այնտեղ էր նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ում խնդրեցինք պատասխանել Շուռնուխին առնչվող եւ հանրությանը մտահոգող, ցավոտ եւ հույժ հրատապ մի քանի հարցի:

***

-Պարոն մարզպետ, այս պահին չենք ուզում անդրադառնալ  Շուռնուխի շուրջ առաջացած խնդիրների ռազմաքաղաքական պատճառներին, թեեւ դրանք շատ կարեւոր են ու խոսակցության առանձնահատուկ թեմա: Այս պահին կուզենայինք լույս սփռել այն կոնկրետ եւ գործնական քայլերի վրա, որ արվում են  ու բխում  ստեղծված իրավիճակից:

Եվ այսպես՝ Շուռնուխ գյուղի ո՞ր հատվածն է անցնում Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ քանի՞ ընտանիք էր այդտեղ բնակվում:

-Շուռնուխ գյուղով է անցնում, ինչպես գիտեք, Մ-2 ավտոմայրուղին, որից արեւելք կամ որից ներքեւ ընկած հատվածը՝ ձախ մասի առաջին տնից մինչեւ նախավերջին տունը՝ ճանապարհին կից, անցնում է Ադրբեջանի հսկողության ներքո: Ընդամենը 11 տուն կամ նույնքան ընտանիք:

Նույն ուղղության վերջին տունը մնում է մեր տարածքում:

-Ադրբեջանը, որքանով մեզ հայտնի է, այդ ընտանիքներին զբաղեցրած տներից դուրս բերելու վերջնաժամկետ էր սահմանել՝ 5 հունվարի: Մնացել է մեկ-երկու օր, հասցրե՞լ եք տարհանել 11 ընտանիքը:

-Տարհանման աշխատանքները գրեթե ավարտվել են, դուրս բերված ընտանիքները տեղավորվել են գյուղի մեր տարածքում: Երկու ընտանիքի տեղավորման խնդիր կար. նրանց համար, ինչպես Դուք տեսաք, փայտյա երկու տնակ ենք ձեռք բերել (յուրաքանչյուրը երեք սենյակից բաղկացած) եւ տեղադրել:

Մարդիկ դուրս են բերել նաեւ իրենց գույքը, իսկ եթե չօգտագործվող ինչ-որ իրեր մնացել են, ապա դա բնակիչների կամքով է եղել:

-Կարո՞ղ ենք ստույգ փաստել, թե գյուղում քանի ընտանիք կար տարհանումից առաջ եւ հիմա:

-45 ընտանիքից մեկը տեղափոխվել է Կապան, մեկն էլ՝ Գորիս: Պայմաններ ենք ստեղծում, որ նրանք վերադառնան. համոզված եմ՝ անպայման կվերադառնան: Մյուսները գյուղում են եւ զբաղվում են իրենց առօրյա գործերով:

-Որքանով հասկացանք՝ 11 ընտանիքը հանգրվանել է ժամանակավոր, ոչ իրենց պատկանող տներում, իսկ հետո՞…

-Նախ նշեմ, որ գյուղի բնակիչներն ամուր են կանգնած իրենց հողի վրա, եւ ոչ ոք գյուղը լքելու մտադրություն չունի: Տեսնելով նրանց վճռականությունը, կարող եմ հայտարարել՝ Շուռնուխն ապրելու եւ զարգանալու է…

11 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման մի քանի տարբերակ ունենք, որոնցից մեկը, ասենք, գյուղի հասարակական նշանակության (բայց եւ չօգտագործվող) շենքերի վերակառուցումն ու բնակելի դարձնելն է: Սակայն դա բնակիչների որոշելիքն է, մենք կգնանք խնդրի լուծման այն ճանապարհով, որը նախընտրելի կլինի բնակիչների համար: Մոտ ժամանակներս այդ հարցը վերջնական պատասխան կունենա:

-Դուք ասացիք, որ տարհանված ընտանիքները հասցրել են իրենց գույքը դուրս բերել, բայց չէ՞ որ անշարժ գույքի խնդիր էլ կա, մարդիկ 28 տարի ապրել են այդտեղ եւ ինչ-որ օժանդակ կառույցներ են պատրաստել, տների կցակառույցներ  շինել…

-Արդեն սկսել ենք այդ ամենի հաշվառումը, փաստագրումը, ինչի հիման վրա էլ կկատարվի փոխհատուցում:

-Այդ սահմանաորոշում կոչվածից հետո գյուղը հավանաբար կորցրել է նաեւ արտադրական միջոցներ՝ վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր:

-Շուռնուխը չի կորցրել ո՛չ արոտավայր, ո՛ր խոտհարք, ո՛չ վարելահող: Շուռնուխի արոտավայրերն ու խոտհարքները գտնվում են Կատարիի մերձակայքում, երբեմնի Աղբուլաղ եւ Կուրթկալաղ գյուղերի հարակից տարածքներում: Կա միայն տնամերձերի խնդիր, որը լուծելի է: Խնդիրներ չունենք 21 աշակերտ ունեցող դպրոցում, գյուղի մյուս ենթակառուցվածքներում:

-Եվ, այդ բոլորով հանդերձ, գլխավոր հարցը շարունակում է մնալ բնակչության անվտանգության ապահովումը:

-Մայրուղու այդ հատվածը վերահսկում են ռուս սահմանապահները:

Ճանապարհից մոտ 100 մ ներքեւ՝ վրանների մեջ, ադրբեջանական հենակետն է՝ իրենց սահմանապահ ուժերի զինվորներով:

Ճանապարհի վերին մասում Հայաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումն է:

Ներկայումս անվտանգության այսպիսի համակարգ է ներդրված, որն ավելի է ուժեղացվում:

-Ձեր պատասխանները հիմք ընդունելով՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Շուռնուխի հետ կապված բոլոր հարցերը լուծվել կամ լուծման ընթացքի մեջ են:

-Իհարկե ոչ: Քանի դեռ գլխավոր խնդիրը՝ սահմանագծման-սահմանորոշման հարցը չի լուծվել հիմնովին ու ճշգրտորեն, Շուռնուխի հարցը մնալու է բաց…

Եվ ոչ միայն Շուռնուխի, այլեւ Կապան-Գորիս մայրուղու, ինչպես եւ Սյունիք-Ադրբեջան սահմանագծի վիճելի հարցերն են մնալու բաց…

Հիմա դրանք կարգավորվում են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, որոնք շատ դեպքերում համոզիչ չեն, կասկածելի են:

Համեմատեք 1920-ականների եւ 1980-ականների խորհրդային քարտեզները եւ ինքներդ կհամոզվեք, թե որքան մեծ է տարբերությունը:

Իհարկե, սահմանագծման եւ սահմանաորոշման հարցերը ՀՀ սահմանապահ զորքերի, ԱԱԾ համապատասխան կառույցների գործառույթների տիրույթում են, բայց մենք էլ (մեր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում) փորձում ենք մեզ մատուցված քարտեզների հիմքերը գտնել՝ համագործակցելով մասնագետների հետ:

Հավատացեք, ինձ համար չափազանց ցավոտ է ստեղծված իրավիճակը, կյանքիս գլխավոր գործն եմ համարել հայոց տարածքների ազատագրումը եւ ինձանից կախված ամեն ինչ արել եմ՝ քանիցս արհամարելով մահը:

Հիմա էլ՝ շաբաթական չորս-հինգ անգամ անցնում եմ Գորիս-Կապան մայրուղով. եւ ամեն անգամ ցավիս ցավ է ավելանում…

Ինձ ապրեցնում եւ ուժ է տալիս հավատը, որ մի օր անպայման այդ հարցերը հայանպաստ լուծում են ստանալու:

-Պարոն մարզպետ, վերջին հարցս, որ շատ կարեւոր է եւ նույնպես ցավոտ, հետաքրքրում է ամեն մի հայի:

Վերջին օրերին մամուլը բարձրաձայնում է մեր հերոս տղաների՝ Կապանի բժշկական կենտրոնում գտնվող 43 աճյունների պահպանման ոչ բարվոք պայմանների մասին…

-Մարտական գործողությունների վայրերում վերջերս հայտնաբերված այդ աճյունները տեղափոխել ենք Գորիսի դիահերձարան, որտեղ կան համապատասխան պայմաններ, որտեղ կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որտեղ  կորոշվի մեր նահատակներից յուրաքանչյուրի ինքնությունը:

Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում Կապանի դատական բժիշկ Իշխան Սիմոնյանին եւ Գորիսի դատական բժիշկ Հունան Գալստյանին. առանց նրանց հետեւողական ու պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավոր չէր լինի այդ եւ նմանատիպ մյուս խնդիրները պատշաճ մակարդակով լուծել, որին բախվում ենք սեպտեմբեր ամսից ի վեր:

Զրույցը՝

Վահրամ  Օրբելյանի

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11