Նոյեմբերի 10-ից 13-ը Չեռնոգորիայում կայացած «Նեգոշյան օրեր XV» փառատոնին հրավիրյալի կարգավիճակով մասնակցեց բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Մեր աշխատակիցը խնդրեց նրան կիսվել տպավորություններով:
Չնայած իր Սև Լեռնաստան անվանը, Ադրիատիկի ափերին փռված փոքրիկ այս երկիրը հիրավի հեքիաթային երկիր է իր գեղեցկությամբ:
Հետաքրքիր պարադոքսների մի երկիր, որ կես Հայաստաից էլ փոքր տարածքով և 600 հազարից քիչ ավելի բնակչությամբ ունի երկու մայրաքաղաք՝ ըստ Սահմանադրության 16 հազարանոց Ցետինյեն, որ հարյուրամյակներ երկրի մշակութային կենտրոնն է եղել և որն այսօր նստավայրն է Հանրապետության նախագահի և Չեռնոգորիայի մետրոպոլիտի, իսկ փաստացի՝ 160 հազարանոց Պոդգորիցան - երկրի խոշորագույն քաղաքը, որտեղ գտնվում են պետական հաստատությունների մեծ մասը, նաև կառավարությունն ու պառլամենտը:
Մի երկիր, որի պետական լեզուն՝ սերբերենն ունի հավասարապես գործածվող երկու այբուբեն՝ Վուկովիցա կամ սերբական կիրիլիցա, և Գաևիցա, որ ըստ էության պատվաստ է լատինական այբուբենի բնին:
Չնայած նրան, որ մենք դիվանագիտական ուղիղ հարաբերություններ չունենք այս երկրի հետ, անցյալ ամռանը և նրան հաջորդող երկու ամիսներին այստեղ կարելի էր ժամանել առանց հրավերի և մուտքի թույլտվության: Իմ բախտը չբերեց այս առումով։ Ես հրավիրված էի նոյեմբերին, երբ վերստին սկսեց գործել վիզային ռեժիմը: Իսկ մուտքի թույլտվություն կարելի էր ստանալ միջնորդ դեսպանության միջոցով, ինչն ինքնին գլխացավանք էր: Եթե հավելենք նաև, որ ուղիղ օդային հաղորդակցություն չունենք և այնտեղ պիտի հասնեի Վիեննայի օդանավակայանում վեցժամյա կանգառով, ապա տառապանքի վերաճած գլխացավանքիս պատկերը քիչ թե շատ կամբողջանա:
Այսուհանդերձ ես պիտի գնայի: Մեզանում մայրենիով հրատարակված ամեն գիրք չէ, որ ոչ միայն նկատվում է արտերկրում, այլև արժանանում է շնորհանդեսի պատվի և այն էլ փառատոնային մակարդակով: Իմ «Սերբական պոեզիա» անթոլոգիան ներառված էր «Նեգոշյան օրեր» փառատոնի ծրագրում:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կայացավ Նիկշիչում, որ երկրի կարևորագույն արդյունաբերական և մշակութային կենտրոններից է: Այստեղ գործող «Његош» գրական ընկերությունը, որի հիմնադիր նախագահն է բանաստեղծ և արձակագիր Միլուտին Միչովիչը, հսկայական գործ է անում սերբ մեծագույն բանաստեղծի գրական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ: Բավական է ասել, որ վերջին տարիներին Միչովիչի ջանքերով և առաջաբանով ֆրանսերեն, ռուսերեն և ռումիներեն հրատարակվել է Նեգոշի «Միկրոտիեզերքի ճառագայթը» (Луча микрокозма) պոեմը, որի ստեղծման 180-ամյակը լրացավ այս տարի:
Անկեղծ ասած նախանձով լցվեցի տեղեկանալով, որ պոեմի թարգմանիչները այդ երկրներում բնակվող սերբեր են, ասել է թե՝ սերբական սփյուռքի ներկայացուցիչներ: Նախանձեցի, չգիտեմ ում փոխարեն ամաչելով նաև, որ մենք, թերևս ամենամեծ սփյուռքն ունեցող հայերս, այդպես էլ չենք կարողանում աշխարհին ներկայացնել մեր հազարամյա «Նարեկը»: Մինչդեռ համաշխարհային գրականության գանձարանում գրեթե չկա մի նշանակալի կոթող, որ հայերեն թարգմանված չլինի: Նախանձելով հպարտացա նաև, որ Նեգոշի գլուխգործոցը՝ հանուն անկախության թուրքերի դեմ չեռնոգորցիների մղած պայքարի մատյանը՝ «Լեռնային թագ» (Gorski Vijenac) պոեմ-էպոսը, թեև չի թարգմանված հայերեն, սակայն Վենետիկի Մխիթարյան միաբաններն առաջինն էին, որ 1847 –ին բնագրով հրատարակել են այն՝ կյանքի ուղեգիր շնորհելով հանճարեղ այդ ստեղծագործությանը: Հաճելի էր դահլիճի ջերմ արձագանքին արժանացած այս խոստովանությունը լսել շուրթերից իմ վաղեմի բարեկամ Միլուտին Միչովիչի:
Ես, իհարկե, չեմ կարող հպարտանալ Պետար II Պետրովիչ Նեգոշի (1813-1851) ստեղծագործության մասին իմ գիտելիքներով, բայց դատելով նեգոշագետ բանախոսների ելույթներից, որպես գրող և մտածող նա այն բացառիկն է, ինչ Պուշկինը ռուսների, Շեքսպիրը անգլիացիների, Դանթեն իտալացիների, Սերվանտեսը իսպանացիների, Գյոթեն գերմանացիների համար: Եվ ոչ միայն: Երկրային կյանքի 37 տարիներից 21-ը Նեգոշը եղել է Չեռնոգորիայի Մետրոպոլիտն ու Կառավարիչ-տիրակալը, բարեկամ երկրներ է փնտրել ապահովելու համար հայրենի եզերքի անվտանգությունը թուրքերից, հիմնել է դպրոցներ, պետական հաստատություններ՝ սենատ, ստեղծել գործադիր իշխանության մարմիններ, պայքարել կլանային ու ցեղային անջատողականության դեմ՝ հանուն ազգային միասնականության, սահմանազատում է անցկացրել Չեռնոգորիայի ու Ավստրիայի միջև, ամեն կերպ նպաստել Չեռնոգորիան անկախ ու առաջադեմ պետություն դարձնելու գործին:
Այստեղից էլ համաժողովրդական խոնարհումը նրա հիշատակի առջև: Երկրում
1998-ին սահմանվել է Նեգոշի շքանշան, որ շնորհվում է պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար; Իսկ բանաստեղծի ծննդյան օրը՝ նոյեբերի 13-ը Չեռնոգորիայում հռչակված է Ազգային տոն: Եվ «Նեգոշյան օրեր» փատատոնն էլ արդեն 15 տարի անց է կացվում Ազգային տոնին ընդառաջ:
Փառատոնի մասնակիցների թվում էին հյուրեր Սերբիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից և, իհարկե, Չեռնոգորիայի չորս ծագերից՝ գրողներ, թարգմանիչներ, նեգոշագետներ:
Բացմանը հանդես եկան Միլուտին Միչովիչը, Նիկշիչի քաղաքապետ Մարկո Կովաչևիչը, ակադեմիկոս Ռադմիլո Մարոևիչը, «Ճառագայթի» ֆրանսերեն և ռումիներեն թարգմանիչներ Բորիս Լազիչը և Լյուբիցա Ռայկիչը, բանաստեղծուհի Սավվա Ռադուլովիչը, ուրիշներ;
Նույն օրվա մայրամուտին Ցետինյեում էինք: Քաղաքի վանական համալիրում մեզ դիմավորեց ինքը՝ Մետրոպոլիտ Յոանիկիյե Միչովիչը, որ կրտսեր եղբայրն է բանաստեղծ Միլուտին Միչովիչի: Ի դեպ, չեռնոգորցիները ընդգծված ակնածանքով են խոսում Միչովիչ եղբայրների մասին, նշելով նրանց մեծ ներդրումը Նեգոշի ծննդյան օրը Ազգային տոն հռչակելու գործում, ինչին տարիներ շարունակ իրենց բնորոշ պնդաճակատ համառությամբ ընդդիմանում էին բոսնիացի մուսուլմանները, որ ազգային փոքրամասնություն են այստեղ:
Երկար ճանապարհից փոքր ինչ շունչ առնելուց հետո ներկա եղանք իրիկնային ժամերգության ծիսակատարությանը: Հավարտ հոգեպարար արարողության, վանքի Նեգոշի անունը կրող հանդիսությունների սրահում կայացավ «Միկրոտիեզերքի ճառագայթի» սերբերեն – ֆրանսերեն և սերբերեն-ռումիներեն հրատարակությունների շնորհանդեսը: Գրքերը հանգամանորեն ներկայացրեցին դրանց թարգմանիչները: Պոեմից հատվածներ հնչեցին երեք լեզուներով: Ելույթներ շատ եղան: Սերբական պոեզիայի հետ իմ առընչությունների մասին խոսեցի նաև ես, վանքի գրադարանին ընծայելով իմ «Համաշխարհային պոեզիա» և «101 բանաստեղծ» ստվարածավալ անթոլոգիաները, որոնցում պատկառելի տեղ ունեն սերբ ժամանակակից բանաստեղծները:
Տպավորիչ Էր Մետրոպոլիտ Յոանիկիյե Միչովիչի խոսքը. « Նեգոշը սերբ ժողովրդի ամենակայուն պետությունն է, որը ստեղծվել է բանաստեղծական լեզվով և խարսխված է նրա աստվածատուր հանճարի վրա: Մեր ժողովրդի պետական շատ կազմավորումներ ոչնչացվել են, բայց Նեգոշի գիրը մնում է: Որովհետև այս պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների, այսինքն՝ իր ընթերցողների մասին, նրանց ջերմորեն խրախուսելով լինել ազատ և Աստծուն ու մարդուն դիմել այրվող հոգով: Նեգոշը ցույց տվեց, որ մարդը ժառանգն է իր նախնիների, նրանց, ովքեր մասնակցել են այս պետության ստեղծմանը՝ այն հերոսների և իմաստունների, որոնք դիմացել են ամենասարսափելի իրավիճակներում, ովքեր գիտեին գնահատել մարդկայնությունն ու հերոսությունը, և ովքեր գիտեին, որ սխրանքներում է ձեռք բերվում անմահությունը: Նեգոշը տեսավ մարդու մեծ և պայծառ ներուժը, այն անմար կայծը, որը մարդուն մղում է դեպի Աստված և դրախտ»:
Շնորհանդեսի ավարտին Մետրոպոլիտը հրավիրեց ընթրիքի և միաբանների սիրալիր սեղանակցությամբ հաճույքով ճաշակեցինք իրենց իսկ պատրաստած համեղ կերակրատեսակները;
Փառատոնի հաջորդ հանգրվանը Պոդգորիցան էր: Այստեղ, «Ռադոսավ Լյումովիչի» անունը կրող Ազգային գրադարանում կայացած կլոր սեղանը՝ «Սերբական ինքնության հակամարտությունները Չեռնոգորիայում» օրակարգով, վարում էր բանաստեղծ Միլուտին Միչովիչը: Ակադեմիկոս Ռադմիլո Մարոևիչի, պատմաբան Բուդիմիր Ալեկսիչի, գրականագետ Ռադոյե Գոլուբիչի, գրողներ Նովիցա Ջուրիչի, Վիշնյա Կոսովիչի, մյուսների ելույթները վերաճեցին բուռն բանավեճի, բախվեցին կարծիքներ ու տեսակետներ, սակայն գրեթե բոլորը համակարծիք էին նրանում, որ շուրջ 500 տարի օսմանյան կայսրության դժոխքով անցած ժողովրդի ազգային ինքնությունը մնաց անխաթար հատկապես իր աներեր հավատքի շնորհիվ:
Քաղաքի տեսարժան վայրերը վայելելու ժամանակ գրեթե չկար: 60 կիլոմետր ճանապարհ կծկելով պիտի վերադառնայինք Նիկշիչ, որտեղ նախատեսված էր իմ «Սերբական պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը: Եղանք միայն Սուրբ Հարության տաճարում, հեռվից տեսանք Հազարամյակի կամուրջն ու Օստրոգը և հրաժեշտ տվինք Պոդգորիցային:
Շնորհանդեսը կայացավ СРПСКА МАТИЦА գրական-մշակութային հնագույն ընկերության Նիկշիչի մասնաճյուղի մարդաշատ դահլիճում: Այն բացեց և խոսափողը փոխանցեց ինձ գրող Մի՛լիցա Բակրաչը:
Անդրադառնալով սերբ բանաստեղծների հետ իմ կապերին, ընդգծեցի, որ նրանց պոեզիայի հանդեպ իմ սիրո համար պարտական եմ վաղամեռիկ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչին և գիրքը նվիրված է նրա հիշատակին՝ ի նշան երախտագիտության այն ամենի համար, ինչ արել է նա մեր երկու ազգերի հոգևոր մերձեցման գործում: Իսկ նա, հիրավի, շատ բան է արել: Հայաստան և Արցախ իր բազմակի այցելությունների արգասիքներն են «Հայացք Արարատին» և «Արարատ և Արցախ» ուղեգրությունները, ծայրե ի ծայր հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական գիրքը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին Բելգրադում իր թարգմանությամբ հրատարակված «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, իմ «Վեճ Հոբի» հետ ժողովածուն, բազմաթիվ հրապարակումներ սերբական գրական մամուլում:
Իմ ռուսերեն խոսքի ավարտին, որ համաժամանակյա թարգմանում էր մասնագիտությամբ բժիշկ Միլենա Մրկայիչը, հիշատակված գրքերից, ինչպես նաև «Սերբական պոեզիա» անթոլոգիայից օրինակներ նվիրեցի «Նեգոշ» ընկերությանը՝ քաղաքի գրադարաններին բաշխելու համար:
Ապա սկսվեց բանաստեղծական մարաթոնը: Անթոլոգիայի հեղինակների բնագրերի ասմունքով հանդես եկավ դերասանուհի Թեոդորա Չուկիչը, զուգահեռաբար ես ներկայացրի դրանց թարգմանությունները, որից հետո իմ մի շարք գործեր կարդալուն համընթաց դրանց սերբերենը ներկայացրեց բանաստեղծուհի Սավվա Ռադուլովիչը՝ իմ «Վեճ Հոբի հետ» գրքից:
Երեկոն, որ նաև փառատոնի վերջին միջոցառումն էր, եզրափակեց Միլուտին Միչովիչը.«Մենք մեր փառատոնի նախապատրաստման փուլում էինք դեռ, երբ մեր բարեկա մների «Գրական թերթը» տեղեկություն հրապարակեց «Նեգոշյան օրերի» մասին, մի ամբողջ էջ նվիրելով չեռնոգորցի բանաստեղծների ստեղծագործությանը: Խնդրում եմ իմ ողջույնները հաղորդեք խմբագրակազմին»: Ջերմ ծափերով ընդմիջված այս խոսքերով սկսեց նա իր ելույթը, ապա մասնավորապես ասաց.
– Այս անթոլոգիան յուրօրինակ հուշարձան է կյանքի վերջին տարիները մեր բախտակից ազգերի գրական առնչությունների խորացմանը նվիրաբերած Լյուբիցա Միլետիչին: Գրքում ընդգրկված 25 հեղինակները մեր մեծանուն բանաստեղծներն են, որ գրական ասպարեզ են իջել երկրորդ աշխարհամարտի տարիներին և դրանից հետո: Նրանք հոգեզավակներն են Նեգոշի, ում գաղափարներով սերունդներ են ոգեշնչվել: Չեռնոգորցի գրողների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամին իր անսակարկ աշխատանքի համար: Մենք այս իրադարձությունը նշանակալի քայլ ենք համարում Հայաստանի և Չեռնոգորիայի միջև մշակութային համագործակցության ոլորտում: Հավատացած եմ, որ մեր փոխադարձ ջանքերով այդ համագործակցությունը նոր պտուղներ կտա: Համոզված եմ, քանզի մենք ընդհանուր բաներ շատ ունենք: Եվ ոչ միայն մեր լեռները:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ