Անհիշելի հին, բայց եւ հավերժող Շինուհայրի պաշտամունքային վայրերը

20.12.2019 16:26
145176

«Ուխտագնացութուն Սյունիք» ծրագրի շրջանակում Շինուհայր այցելեցինք երկու անգամ՝ 2019-ի սեպտեմբերի 15-ին եւ հոկտեմբերի 5-ին:

Երկու դեպքում էլ մեզ ուղեկցում էր գյուղի մերօրյա տարեգիր, եռանդուն բանահավաք եւ հրաշալի մարդ Ժորա Մանուցյանը:

Առաջին անգամ Հին Շինուհայր գնացինք Կարո Բարսեղյանի, երկրորդ անգամ՝ Արշակ Պետրոսյանի մեքենայով:

Հին Շինուհայրը ժողովրդական ճարտարապետության իսկական թանգարան է. մոտ 500 ղաբ եւ ղարադամ դեռ պահպանվում են՝ կանգուն վիճակում:

Մենք նախ՝ գյուղի կենտրոնում՝ Սուրբ Ստեփանոսի բակում՝ Բալերի (Գրիգորի) 150-ամյա թթենու տակ, հանգիստ առանք եւ զրուցեցինք գյուղի անցած ճանապարհի շուրջ:

Մինչեւ 1960-ական թվականները, երբ գյուղը վերջնականապես տեղափոխվեց Կոթիկ կոչվող հարթավայր, այստեղ էր անհիշելի ժամանակներից եկող Շինուհայրը:

Ժամանակին գյուղ են այցելել Աբրահամ Կրետացի եւ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսները:

Մինչեւ Կապանի Հալիձոր մեկնելն այստեղ է եղել Դավիթ-Բեկի նստավայրը:

1918-ին գյուղ է այցելել Զորավար Անդրանիկը՝ հիացած շինուհայրցիների ռազմական խիզախությամբ:

Գյուղում ուսուցչություն են արել Ակսել Բակունցի կինը՝ տիկին Վարվառան, Սերո Խանզադյանը:

Գյուղում են ծնվել Զանգեզուրի ազատագրական պայքարի (20-րդ դարասկիզբ) առաջնորդներից Արշակ Շիրինյանը, որը հողին է հանձնվել Գորիս քաղաքի ներկայիս զբոսայգու հարավ-արեւմտյան անկյունում (երբեմնի Ռուսաց ժամի բակում):

Շինուհայրում է ծնվել Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջնորդներից Սուրեն Թովմասյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար):

Այստեղ են ծնվել ակադեմիկոսներ Լենդրոշ Խուրշուդյանը, Հրաչիկ Սիմոնյանը:

Շինուհայրում հիշում են նաեւ Աղասի Խանջյանին եւ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանին, որ 1931 թ. ապրիլի 28-ի երկրաշարժից հետո այցելեցին նաեւ Շինուհայր եւ խորհուրդ տվեցին գյուղացիներին՝ տեղափոխվել Կոթի տափ (ներկայիս գյուղատեղի), որտեղ էլ իրականացվեց բնակելիների շինարարություն, ինչը, սակայն, կիսատ մնաց:

 

Պատմական համառոտ ակնարկ

Շինուհայր, Հայրաշեն, Շենուհայր, Շենհեր, Շենուհայր, Շընհեր, Շընհերք, Շինահայր, Շինհեր, Շնհեր, Շնոհերք. այսպիսի եւ մի շարք այլ անուններով գյուղը հիշատակվում է մատենագրության մեջ:

Մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի մեջ:

Նախկին գյուղը տեղադրված էր Որոտանի ձախափնյա զառիվեր լանջերին, որոնք կտրտված են ձորակներով:

Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարասկզբից:

Ըստ Ստեփանոս պատմիչի հիշատակած հարկացուցակի՝ 24 չափ հարկ է վճարել Տաթեւի վանքին, ինչը վկայում է, որ այն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի մեծագույն գյուղերից մեկն է եղել:

Գյուղը նախապես պատկանել է Սյունյաց իշխան Փիլիպեին, ապա նվիրել է Տաթեւի վանքին, որը կրկին հաստատել է Տարսայիճ Օրբելյանը՝ 1274-ին:

Մինչեւ 19-րդ դարը համարվել է Տաթեւի վանքի սեփականություն:

Գյուղի մոտակայքում, հատկապես հին գյուղի տարածքում բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ:

Գյուղից ներքեւ՝ Որոտան գետի հովտում տարածվում են մրգատու այգիներ:

1960-ականներին գյուղը տեղափոխվել է հին գյուղից հյուսիս գտնվող սարավանդ:

Շինուհայրն ունեցել է նաեւ պաշտպանական նշանակություն:

Հատկապես 18-րդ դարում այն հուսալի բերդագյուղ-ամրոց էր:

Հին գյուղից դեպի արեւելք տանող լեռնային կածանի վրա՝ բարձր ժայռի մեջ կառուցված է մի ամրոց-տնակ, որի պատերի մեջ կան տարբեր ուղղության անցքեր, որոնցով հսկել են ճանապարհները:

Զառիթափի լեռնալանջով դեպի արեւելք՝ դեպի Խոտ գյուղ է ձգվում մի ժայռափոր թունել՝ մոտ 200 մ երկարության:

Ըստ Ժորա Մանուցյանի՝ թունելը փորել են լեռնաշերտում եղած ջրերը հավաքելու եւ օգտագործելու համար:

 

Դավիթ-Բեկը՝ Շինուհայրի՞ց

Դավիթ-Բեկի ծննդավայրի հետ կապված բազմաթիվ վարկածներ կան:

Նրան ազգակից լինելու պատվի համար միմյանց հետ վիճում են Կապանի հին տոհմերից Մելիք-Փարսադանյաններն ու Օրբելյանների Տաթեւի ճյուղը:

Վարկածներից մեկն էլ առնչվում է Շինուհայրին, թեեւ «Ընտիր պատմությունը» քանիցս հիշեցնում է նրա «մծխեթացի» կամ «մծխիթացի» ի հայկազեան տոհմ է»:

Շինուհայրի վարկածի մասին ամբողջական տեղեկություն է տալիս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նշանավոր շինուհայրեցի Խիկար Բարսեղյանը (Այսպես ապրեցին, «Հայաստան» հրատարակչություն, Երեւան 1985 թ.):

Ահա՝ «Մեր գյուղի նշանավոր մարդկանցից է Սյունիքի ազատագրական շարժումների ռահվիրա Դավիթ-Բեկը (ծնվել է 1674 թ., տե՛ս Մ. Չամչյան, Խրախճան պատմության հայոց, Վենետիկ, 1811, էջ 464):

Վրաստանից Սյունիք գալուց հետո 1722 թվականին Շինուհայրի Սուրբ Ստեփանոս եկեղեցու սյունազարդ դահլիճում է գումարել առաջին ժողովը՝ ապստամբության դրոշ պարզելու վճռով:

Դավիթ-Բեկը Շինուհայրի տանուտեր Ալիխանի տղան էր:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենդարանում, պահվում է «Հիշատակարան Միքայել բեկ Լալաբեկյանի» գործը: Այնտեղ ասված է՝ «Մեր այս զանգեզուրցիք սեւերես լինելով, դիմել են վրաց իշխանին, վրաց իշխանը նշանակել է Շինհերցի Տավիթ-Բեկին, չորս հարյուր հայ զորքի հետ» (տե՛ս Մատենադարանի ձեռագրերի ֆոնդ, ձեռագիր 7429, թ. 3031)»:

Ըստ Ղուկաս Սեբաստացու «Դավիթ-Բեկ կամ պատմություն Ղափանցոց» գրքի (թարգմանութունը՝ Արշակ Մադոյանի)՝ «…Նախ Դավիթը Եռաբլուրում հարվածեց ղարաչոռլու կոչված թուրքերին, ապա գնաց բանակեց Շնհեր կոչվող ամրոցում: Եվ իր մոտ կանչելով Տաթեւի առաջնորդին, պատմեց նրան, թե ինչ գործով, ինչ նպատակով է եկել, եւ ասում է՝ «Այս երկրից իսպառ ջնջելու եք բոլոր օտարերկրացիներին»: Եվ խմբեց շուրջը Շնհերի տղամարդկանց, զարկեց-ասպատակեց թուրքերի գյուղերը եւ գրավեց նրանց ունեցվածքը»:

Շինուհայրի հետ Դավիթ-Բեկի առնչություններն այնքան շատ են, որ կարելի է դարձնել առանձին ուսումնասիրության առարկա:

Այստեղ է նա բանտարկել Տաթեւի Դավիթ ուրացող մելիքին:

Այստեղ է նա բանտարկել Մելիք Փարսադանին եւ Տեր Ավետիսին:

 

Շինուհայրը՝ գրչավայրը

Գյուղը, կարելի է ստույգ արձանագրել, Սյունիքի այն բնակավայրերից է, որտեղ միջնադարում գրվել են բազմաթիվ ձեռագրեր:

Դրանք, անշուշտ, ուսումնասիրության առանձին թեմա կարող են դառնալ, մանավանդ որ պարունակում են տեղեկություններ ոչ միայն Շինուհայրի, այլեւ ամբողջ Սյունիքի մասին: Ուշագրավ է նկատել, որ Շինուհայրում՝ գրչության արվեստում մեծ հետք են թողել նաեւ կանայք՝ Մարգարիտը, Մարիամը, Երինեն, Հեղինեն, Հռիփսիմեն, ուրիշներ:

Առայժմ ներկայացնենք այն ձեռագրերի ցանկը, որ պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

  1.  Ձեռագիր N 1455, բովանդակութունը՝ Գրիգոր Տաթեւացու «Ոսկեփորիկը», «Քարոզգիրքը», թվականը՝ 1673 թ., գրիչը՝ Մարիամ:
  2. Ձեռագիր N 2608, բովանդակությունը՝ ժողովածու, թվականը՝ 1635 թ., գրիչը եւ ստացողը՝ Հովհաննես:
  3. Ձեռագիր N 3720, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ 1631 թ., գրիչը՝ Ղազար:
  4. Ձեռագիր N 4088, բովանդակությունը՝ Ժամագիրք, Սաղմոսարան, Տոնացույց, թվականը՝ 1673 թ., գրիչը՝ Երինե:
  5. Ձեռագիր N 4260, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ 1666 թ., ստացողը՝ Ղասումճան:
  6. Ձեռագիր N 5676, բովանդակությունը՝ Ներսես Շնորհալի, Բանք չափավ, թվականը՝ 1624 թ., գրիչը՝ Պողոս, ստացողը՝ Ռստակես վարդապետ:
  7. Ձեռագիր N 5964, բովանդակությունը՝ Շարակնոց, թվականը՝ 1642 թ., գրիչ՝ Ղազար:
  8. Ձեռագիր N 6814, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ ԺԷ դար, գրիչը եւ ծաղկողը՝ Եփրեմ քահանա, ստացողը՝ Մարիամ Ագուլեցի:
  9. Ձեռագիր N 6991, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ 1634 թ., գրիչ՝ Ղազար քահանա, Հովհաննես, ծաղկող՝ Ղազար քահանա գրիչ, ստացող՝ պարոն Ջիլավ, Հովսեփ քահանա:
  10. Ձեռագիր N 7112, բովանդակությունը՝ Շարակնոց, թվականը՝ 1654 թ., գրիչը եւ ստացողը՝ Աստվածատուր քահանա:
  11. Ձեռագիր N 7300, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ 1655 թ., գրիչը՝ Ղազար քահանա,  ստացող՝ տանուտեր Աղաջան
  12. Ձեռագիր N 8513, բովանդակությունը՝ Ավետարան, թվականը՝ 1694 թ., գրիչը ու ստացողը՝ Հռիփսիմե:
  13. Ձեռագիր N 8597, բովանդակությունը՝ Ներսես Շնորհալի, Բանք չափավ եւ Հանելուկք, թվականը՝ 1650 թ., գրիչը՝ Մարինոս:

 

Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Գտնվում է հին գյուղի կենտրոնում:

Ըստ Ժորա Մանուցյանի՝ կառուցվել է 4-րդ դարում:

12-րդ դարում, երկրաշարժի հետեւանքով, ավերվել է, իսկ 17-րդ դարում վերաշինվել:

Եռանավ բազիլիկ այդ տաճարը մինչեւ հիմա կանգուն է:

Եկեղեցին, ինչպես նշվեց, ծառայել է նաեւ որպես Դավիթ-Բեկի նստավայր, գյուղի վարչական կենտրոն:

Գործել է մինչեւ 1920 թվականը, որից հետո ծառայել է գյուղի տնտեսության մթերային պահեստ (մինչեւ գյուղի տեղափոխումը):

Եկեղեցու մասին ուշագրավ գրառում է կատարել 19-րդ դարավերջին Շինուհայր այցելած Երվանդ Լալայանը:

Ահա՝ «Գյուղի գրեթե կենտրոնում գտնվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որ բավական մեծ եւ գեղեցիկ է, չորս սյուների վրա հաստատված, կամարակապ ձեղունով: Հարավային դռան առաջ չորս սյուների վրա բարձրանում է մի գեղեցիկ գմբեթ, որ ծառայում է որպես զանգակատուն: Եկեղեցու պատուհանները փոքր են եւ նեղ. ներքուստ զարդարված է խաչկալով եւ հինգ ջահերով: Եկեղեցու շուրջը կան հին եւ նոր գերեզմաններ»:

 

Հին սրբատեղիներ

Ըստ Երվանդ Լալայանի՝ «Ձորի վերին մասը, գյուղի արեւմտյան կողմը, պատած է ահագին ժայռերով, որոնցից մինը մի փոքրիկ քարախորշ է կազմում, որը պաշտվում է եւ վառված մոմերից բոլորովին սեւացել է:

Ժայռի գագաթին էլ մի փոքրիկ, անմատչելի մատուռ կա:

Սրանից փոքր-ինչ արեւելք ժայռերը վերջանում են, եւ մի փոքրիկ ձորակի մեջ բացվում են բավական թվով մեծ եւ փոքր քարատակներ, որոնց մոտից հոսում է մի բարակ աղբյուր, որ նույնպես սուրբ է համարվում:

Այս աղբյուրի մոտ բխում է եւ մի ուրիշ աղբյուր, շատ վարար, որ անցնելով ձորը՝ թափվում է Բարկուշատի մեջ»:

Ըստ Ժորա Մանուցյանի՝ Սուրբ համարվող աղբյուրը, որ հետագայում կոչվել է «Քոսի աղբյուր»՝ բուժիչ հատկություններ ունենալու շնորհիվ, հետագայում միախառնվել է բացված թունելի ջրերին եւ անհետացել:

Իսկ ժայռի գագաթի փոքրիկ եւ անմատչելի մատուռը, ըստ Ժորա Մանուցյանի, Բադուն խաչն է, որին կանդրադառնանք առանձին:

Այլ սրբատեղի է քարախորշը, որի մասին նշում է Երվանդ Լալայանը, որ հիմա էլ գոյություն ունի:

 

Կուսանաց անապատ

Մենք եղանք Կուսանաց անապատում:

Հիշեցինք հնագետ Սեդրակ Բարխուդարյանի գրառումներն անապատի մասին:

Ի դեպ, տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել նրա նկարագրումներից:

Ահա՝ «Կուսանաց անապատ. գտնվում է գյուղի արեւմտյան ծայրին, անդնդախոր քարափի գլխին, 5-6 մ պարիսպները շրջափակում են մատչելի տեղերից ընդարձակ բակը, որի կենտրոնում կառուցված է Սուրբ Աստվածածնի անունով ընդարձակ եկեղեցին, որն այժմ էլ կանգուն է. հարավային մուտքի առաջ եղել է փոքր գավիթ, որի պատերն են մնացել. եկեղեցուց քիչ ներքեւ՝ ամբողջ մնում է սեղանատունը: Բոլոր շինություններն էլ կառուցվել են հիմնականում 17-րդ դարում:

Ինչպես հուշարձանի պատերին եւ բակում, այնպես էլ պարիսպների մեջ օգտագործվել են ավելի հին խաչքարեր:

Կուսանաց անապատին վերաբերող արձանագրությունները գրված են մեծ սղումներով…»:

Այդ արձանագրություններն այնքան շատ են, որ կարող են դառնալ առանձին ուսումնասիրության առարկա:

Կուսանաց անապատին անդրադարձել է նաեւ Երվանդ Լալայանը. «Գյուղի արեւմտահարավային կողմում, ձորի մեջ ցցված մի քերծի գագաթին տեղավորված է Սուրբ Աստվածածնի անունով Կուսանաց անապատը, որ շինել են 1676 թվին, Ագուլիսից գաղթած կույսերը եւ վերանորոգել են մահտեսի Ազարյան եւ նրա որդի Բենիամինը:

Կուսանոցը պարսպապատ է եւ երեք աշտարակներով պաշտպանված: Վերին մասում գտնվում է մենաստանը, որ 17,4 մետր (8 սաժեն եւ 1/արշ.) երկարություն, 10,65 մ (5 ս.) լայնույթուն եւ 9,6 մ. (4 1/2 ս.) բարձրություն ունի եւ շինված է կոփածու անտաշ քարերով: Ձեղունը կամարակապ է եւ ունի մի փոքրի գմբեթ: Պատուհանները փոքր են եւ նեղ. միակ դուռը բացվում է հարավային կողմում մի գավթի մեջ, ուր կան մի քանի գերեզմաններ: Եկեղեցում արեւելյան կողմում, դրսից, մի խաչ կա, որի մասին ասում են, թե բժշկություն է տալիս օձից խայթվածներին, եթե միայն նրանք խայթող օձից առաջ կարողանում են գալ եւ խաչը համբուրել:

Սեղանատնից էլ փոքր-ինչ ներքեւ գտնվում է մի փոքրիկ եկեղեցու ավերակ:

Պարսպին կից կան մոտ 40 խուց եւ մի բաղնիք:

Նույն պարսպի մեջ, եկեղեցու մոտ 1891 թվին Պալիանց քահանայի ջանքով շինված է չորս սենյակից բաղկացած մի գեղեցիկ շենք՝ հայոց եկեղեցական-ծխական դպրոցի համար:

Մի աղբյուր եւս բերված է այդտեղ:

Այժմ անապատը բոլորովին անխնամ թողնված է, իսկ դպրոցական շենքում շուտով բացվելու է պետական դպրոց»:

 

Շինուհայրի վա՞նք, թե՞ Հին եկեղեցի

2019 թ. հոկտեմբերի 5-ին Ժորա Մանուցյանի հետ այցելեցինք Հին Շինուհայրի վանք կոչվող սրբավայր:

Գտնվում է Հին գյուղից հարավ-արեւելք՝ Որոտանի ձախ ափին:

Ըստ Ժորա Մանուցյանի՝ կառուցվել է 10-րդ դարում:

Այդ այցի մասին մենք համառոտ հրապարակում ենք կատարել եւ նշել, որ Աստծո այդ տաճարի մասին մատենագիտության մեջ գրեթե հիշատակություններ չկան:

Սակայն Ղեւոնդ Ալիշանի «Սիսականում» կատարված է մի գրառում, որը, կարծում ենք, հենց այդ սրբավայրի մասին է:

Ահա՝ «Եկեղեցին մեծ եւ հոյակապ քառակուսի ձեւով (34 կանգուն յերկայնն, 22 ի լայնն) յարեւելեան ծայր գեղջն կայ, եւ թուի չափաւոր հնութեամբ. բայց անունն կամ արձանագրութիւնք ոչ յիշին, բացի ի միոյ Խաչի ագուցելոյ յորմն, եւ է այս. Ես Արզուս կանգնեցի զ Խաչս Տեառն իմայ Եղեկի եւ որդւոյ իմոյ Պապկայ հոգւոյն. յիշեցէք ի Քրիստոս. Թվին… ԿԱ» (էջ 258):

Արձանագրության առաջին տառը եղծված է, ինչի գրության ժամանակը հնարավոր չէ պարզել:

Ալիշանը հաստատում է, որ եկեղեցու ե՛ւ անունը, ե՛ւ ժամանակը հայտնի չեն:

Ալիշանը չի օգտագործում նաեւ վանք բառը:

Ըստ երեւույթին՝ շինուհայրցիներն այդ եկեղեցուն վանք են անվանել (նման օրինակներ շատ ունենք Սյունիքում), ու այդպես էլ փոխանցվել է սերնդեսերունդ:

 

Վնսար (Վանասար) եկեղեցու ավերակները

Հին Շինուհայրից Որոտան գետի ափ (դեպի Էվունց-Էլունց տներ կոչվող քարափ) իջնելիս, ճանապարհի աջ կողմում (Հին Շինուհայրից հարավ-արեւմուտք) է գտնվում Ժորա Գրիգորյանի այգին:

Հենց այդ այգու տարածքում է ժամանակին գտնվել Վնսարը (Վանասարը):

Ըստ Ժորա Մանուցյանի՝ Վնսար (Վանասար) եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում:

Եկեղեցին թեեւ չկա, բայց պահպանվում է շինուհայրցիների հիշողության մեջ:

Պահպանվում են նաեւ հրաշալի խաչքարեր, ինչպես եւ մի հատված եկեղեցու պատերից:

Հավատավոր շինուհայրցիներից ոմանք մինչեւ հիմա այցելում են այդ եկեղեցու տարածք եւ մոմ վառում խաչքարերի պատվանդանին:

 

«Խաչեր» փոքրիկ գերեզմանատունը

Գտնվում է հին գյուղի կենտրոնում, ուր կան մի քանի խաչքարեր եւ տապանաքարեր:

Ուշագրավ է գերեզմանատան հարավային եզրին, մեծ ժայռաբեկորի վրա կանգնեցված, իր ձեւով եզակի խաչքար-կոթողը:

Խաչքարը նավակաձեւ է, մեջտեղը լայն եւ թիկունքից կիսաբոլոր մշակած:

Տակն արձանագրություն է «Ի ԹՎԱԿԱՆ: ՉԺ: ԵՍ Վ/ԱՐՍԻԼ ՈՐԴԻ/ ՊԱՔՈՐՏԱՅ / ԿԱՆԳՆԵՑԻ/ Զ ԽԱՉՍ ՀԱԻՐ ԵԻ ՄԱՀՐ ԻՄՈ/ ԵԻ ԱՅԼՈՑ ՀԱՐԱ / ԶԱՏԱՑ/ ՅԱՂԱԻԹՍ ՅԻՇԻ»:

Ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ թվականի տասնավորը կարող է Ժ եւ Ձ կարդացվել, այս ոճի Ձ հանդիպում է Սյունիքում:

ՊԱՔՈՐՏ անունը հնարավոր է նաեւ ՊԱՔՈՒՐՏ կարդացվել, Ո-ի գլխին ջարդվածքի տեղ կա:

Այդուհանդերձ՝ ընդունված է խաչքարի տարեթիվ համարել 1261-ը կամ 1229-ը:

 

Բադուն խաչը

Հին Շինուհայրի հյուսիս-արեւմտյան մասում է գտնվում այդ սրբավայրը:

Հին Շինուհայրի նախկին ճանապարհի վրա է:

Այնտեղ կարելի է գնալ Մեծ նովերի կողքով, որտեղից քաղցրահամ եւ սառնորակ ջուր է բխում:

Կարելի է գնալ նաեւ երբեմնի Շինուհայր բանավանի հիվանդանոցի մերձակայքից՝ լեռն արահետով իջնելով:

Ըստ Ժորա Մանուցյանի ենթադրության՝ հավանաբար 17-րդ դարում է կառուցվել այդ սրբավայր-մատուռը՝ սալահատակված, բեմով:

2017-ին Բադու շառավիղներից Սերգեյ Բարսեղյանը կարգի է բերել մատուռը:

Նաեւ մի նոր խաչքար է կանգնեցրել, որի վրա գրել է Բադու տոհմի ներկայացուցիչներից  երեքի անունը՝ Իշխան, Խիկար, Վոլոդյա Բարսեղյաններ (Խիկար Բարսեղյանը հայտնի պատմաբանն է):

Խաչքարն օրհնել է Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը:

 

Մատաղաբլուրը

Ներկայիս գյուղի հարավ-արեւմտյան հատվածում բարձրացող բլուրն է, որ հիմա նաեւ ավազահանք է ծառայում:

Այդ բլուրը Շինուհայրի հնագույն սրբավայրերից է:

Երբեմնի սրբավայրից մի հրաշալի խաչքար է պահպանվել՝ խոնարհված վիճակում:

Ժորա Մանուցյանը պատմում է գյուղի տարեցներից լսած զրույցը. երաշտի ժամանակ կանայք ջուր են տարել եւ լցրել այդ խաչքարի վրա՝ ակնկալելով անձրեւ…

1931-ի երկրաշարժից հետո, երբ Զանգեզուր էին այցելել Հայաստանի ղեկավարներ Աղասի Խանջյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը, որոշվեց գյուղի ներկայիս դպրոցի մերձակայքում՝ մոտ հարյուր ընտանիքի համար, քարե տնակներ կառուցել՝ երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելու համար:

Շինարարական այդ ծրագրերի իրականացման ժամանակ էլ առաջին անգամ բլուրն օգտագործվեց որպես ավազահանք:

Այդուհանդերձ, բլուրը, խորհրդային ժամանակներին բնորոշ սահմանափակումների առկայության պարագայում անգամ, որոշակիորեն պահպանեց իր նախնական նշանակությունը:

Ժողովրդական չխամրող հիշողությունն էր պատճառը, որ 2016 թվականին գյուղի երիտասարդներն այնտեղ կանգնեցրին երկաթյա խաչ (14 մ բարձրություն, 8 մ լայնություն), որն էլ օրհնեց Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը:

Երկաթյա խաչը հնամենի խաչից մոտ 100 մ հեռավորության վրա է:

Եվ երեք տարի է, ինչ Մատաղաբլրի վրա, ամեն օր, մութն ընկնելուց հետո, երեւելի շինուհայրցի Վալերիկ Ասրյանի ջանքով, լուսավորվում է նորաշեն խաչը…

 

Շինուհայրում կառուցվում է Աստծո նոր տաճար, որ կկրի Սուրբ Գրիգոր Տաթեւացի անունը

Տաճարը կառուցվում է ներկայիս գյուղում:

Կառուցվում է օրինակը չունեցող նախագծով՝ եկեղեցաշինության ազգային եւ սյունիքյան ավանդույթների համադրմամբ:

Նախաձեռնողը Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանն է:

Եկեղեցու հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2018 թ. մայիս 17-ին՝ Մայր տաճարի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ:

Շինարարությունն իրականացվում է հանգանակությամբ եւ նվիրատվությամբ հավաքված դրամական միջոցներով:

Եկեղեցին կառուցվում է մշակույթի ավերակված կենտրոնի եւ մանկապարտեզի մերձակա հրապարակում:

Տեղը պատահական չէ ընտրված:

Այդտեղ, ըստ Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի, սրբավայր է եղել, որը վկայող խաչքարը պահպանվում է:

Ըստ վարդապետի՝ նորաշեն եկեղեցու նավակատիքը տեղի կունենա 2020-ին:

Եկեղեցին կկրի Սուրբ Գրիգոր Տաթեւացու նվիրական ու պաշտելի անունը:

Ի դեպ, հայոց մեջ դեռեւս չկա Գրիգոր Տաթեւացու անունը կրող եկեղեցի, դա կլինի առաջինը:

Կառուցումն իրականացնում է Վահե Պարոնյանի գլխավորած շինարարական կազմակերությունը:

 

Հ.Գ.

Սերո Խանզադյանը, ով ուսուցչություն է արել Հին Շինուհայրում, հիշում է գյուղի երիտասարդներից մեկի ստեղծագործություններից մի քառատող.

«Իխպիրին տակին տապ եմ կենում,

Յարիս ընդեղ եմ տեսնում.

Ախ, մերը կլխու ա ինգալ,

Մհեկ ինքնա ճիրի քինում…»:

Ասել է թե՝ մայրն այլեւս աղջկան չի ուղարկում աղբյուր՝ ջրի, որ չհանդիպի սիրած տղային, իսկ տղան մորմոքվել, բանաստեղծ է դարձել…

Առհասարակ, Շինուհայրում մինչեւ հիմա պահպանվող ժողովրդական բանահյուսության նշխարները, ավանդազրույցները հավաքելու դեպքում գանձերի մի յուրօրինակ հավաքածու կունենանք:

Սամվել Ալեքսանյան

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03