Անցնող տարում՝ մեկ միջազգային եւ երեք հանրապետական մրցանակ

25.12.2017 12:20
1544

Մեղրեցի ճանապարհաշինարարները մնայուն գործերով են փակում հաշիվները 2017 թվականի հետ: Հանրապետությունում հայտնի ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանը, ներկայացնելով արվածը, նշում է՝ բազմաբնույթ աշխատանքներ կատարեցինք: Եվ սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն, քանզի վերջին տարիներին Մեղրու «Ճանապարհների շահագործում եւ շինարարություն ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը դադարել է սոսկ ճանապարհաշինարարական ընկերություն լինելուց եւ իրականացնում է նաեւ սոցիալ-մշակութային, արդյունաբերական, զինվորական, հիդրոտեխնիկական, վերջերս նաեւ էներգետիկական օբյեկտների շինարարություն: Ասվածի վկայությունն այն է, որ անցնող տարում,  բացի մարզի միջպետական, հանրապետական եւ մարզային ճանապարհների ձմեռային եւ ամառային պահպանությունից, Ագարակի զորամասի սպաների ընտանիքների համար 20 բնակարանանոց շենքի կառուցմանն են ձեռնամուխ եղել, վերակառուցման աշխատանքներ են իրականացրել Ագարակի ենթակայանում: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կարիքների համար մոտ երեք կիլոմետր երկարությամբ ջրատար են կառուցում, որ սկիզբ է առնում Կուրիս գյուղից եւ էապես կավելացնի ձեռնարկություն մղվող տեխնիկական ջրի քանակությունը: Իսկ ընկերության իրականացրած զուտ ճանապարհաշինարարական աշխատանքներից, նախեւառաջ, կարելի է առանձնացնել Մ-2 միջպետական ճանապարհի 358+0,25 կիլոմետրի հատվածում կամրջի շինարարությունը, որն արդեն շահագործման է հանձնվել:


Ընկերությունը շահել էր 4,6 կիլոմետր ճանապարհահատվածի նորոգման մրցույթը, այս տարում իրականացվել է 2,5 կիլոմետրի ասֆալտապատումը, որի վրա դեռեւս որոշ աշխատանքներ պիտի կատարել, մասնավորապես՝ ասֆալտի վերին շերտի հետ կապված, իսկ նախատեսվածի մյուս մասը կավարտվի 2018 թվականին:


Անցնող տարվա վերջին երկու ամիսը լարված էր ճանապարհաշինարարների համար: Որպես ենթակապալառու կազմակերպություն (գլխավոր կապալառուն «Հորիզոն-95» ՍՊ ընկերությունն էր (տնօրեն՝ Գագիկ Գալստյան)) Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունն իրականացրեց Մեղրու ազատ տնտեսական գոտու վարչական շենքի վերակառուցումը եւ նրան հարակից մեկ հեկտար տարածքի բարեկարգումը: «Նախկինում դա գյուղատնտեսական նշանակության օբյեկտ էր, երկհարկանի շենքը երկու ամսում ամբողջովին վերակառուցվեց, փոխվեցին բոլոր կոմունիկացիաները: Հերոսական գործ արեցինք, շնորհակալություն իմ կոլեկտիվի բոլոր անդամներին, նաեւ «Հորիզոն-95» ընկերության շինարարներին, ովքեր գործն առավոտյան սկսում էին, ուշ երեկոյան ավարտում: Երբեմն նույնիսկ մտածում էի, թե որոշ մարդիկ հաջորդ առավոտյան ի վիճակի չեն լինի աշխատանքի դուրս գալ: Բայց բարձր տրամադրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով շարունակում էին աշխատանքը: Կուզեմ ասել՝ լավ կոլեկտիվ ունենալն ամեն ինչ է: Իսկ մենք ունենք գործին նվիրված ճանապարհաշինարարներ: Ձմեռային պայմաններում իրականացվեց աշխատանքների մի մասը, շինանյութերին հավելանյութեր էինք ավելացնում, որ անհրաժեշտ որակ ապահովվի: Շինարարությունը սկսեցինք հոկտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 15-ին հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ վարչական շենքի հանդիսավոր բացումը, շահագրգիռ կողմերի միջեւ կնքվեցին առաջին պայմանագրերը եւ հուշագրերը, ինչի համար մենք նույնպես անչափ լավ զգացինք, որ մեր աշխատանքի արդյունքը մի լավ նպատակի ծառայեց», - պատմում է Ազատ Գասպարյանը:


Այնուամենայնիվ, ո՞րն է այս տարվա գլխավոր կառույցը, որն իրականացրին մեղրեցի ճանապարհաշինարարները: Այցելելով Մեղրի, մենք անցանք նորակառույց կամրջով, որը հեռվից արդեն աչքի էր զարնում: Ի դեպ, սա Ազատ Գասպարյանի կառուցած-վերակառուցած երրորդ կամուրջն է, 2018-ին կլինի նաեւ չորրորդը: Բայց, այնուամենայնիվ, ավարտվող տարում նա գլխավոր է համարում Ագարակի զորամասի սպաների ընտանիքների համար կառուցվող 20 բնակարանանոց շենքի շինարարությունը, որ սկսվել է հուլիսի 5-ին: Նպատակ ունեն շենքի շինարարությունն ավարտել 2018-ի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, իսկ դրանից երկու օր առաջ կնշվի Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը:


Մեղրի այցելելով՝ ճանապարհին արդեն նկատում ես ճանապարհաշինարարների աշխատանքի արդյունքը: Ճանապարհամերձ թեքությունները քերում-ազատում են կախված քարերից, թփերից, որ եւ տեսադաշտը բացվի, եւ քարաթափության վտանգ չլինի: Հանդիպում ենք ճանապարհին մերձ կուտակված խճի բլուրների. նախապատրաստություն են տեսնում 2018-ի շինաշխատանքների համար: Նաեւ ավազի փոքրիկ կույտեր կան՝ վրան «Ավազ» մակագրությամբ ցուցատախտակ, որ տեղացած առատ ձյան ժամանակ, երբ ծածկվում է ամեն ինչ, վարորդները հեշտությամբ գտնեն ու ճանապարհին շաղ տան այն:


Ազատ Գասպարյանը տեղեկացնում է, որ ճանապարհների շինարարության մեջ ներառված են արհեստական կառուցվածքների՝ խողովակների ելքերի եւ մուտքերի նորոգումները: Նման աշխատանքներ վերջին անգամ 1997 թվականին են արվել: Այս ամենն արվում է ճանապարհի անվտանգությունն ու ձմռան ամիսներին անցանելիությունն ապահովելու համար:


«Մենք շատ-շատ լավ ենք զգում, որ բացի վարորդից, նաեւ ուղեւորի ժպիտն ենք տեսնում, դա ամենամեծ գնահատական է: Ուրախ եմ, որ վերջին տասը տարում չի եղել մի վթարային դեպք՝ կապված ճանապարհի տեխնիկական պարամետրերը չբավարարելու հետ: Ամենագրավիչը քաղաքացու՝ լինի մեքենայի վարորդ, հեծանվորդ, հետիոտն, թե ուղեւոր, երախտագիտության խոսքն ու ժպիտն են», - խոստովանում է մեր զրուցակիցը:


Գնահատանքն էլ չի ուշացել: Միայն անցած տարում չորս մրցանակի են արժանացել, որ ոգեւորում ու պարտավորեցնում է, բայց տնօրենի փոխանցմամբ՝ ամենահաճելին ու սպասվածը «Միջազգային որակ-2017» մրցանակն է, որ շնորհվեց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը որակի համաշխարհային օրվա առթիվ (նոյեմբերի 18-ին): «Դա վկայություն է այն բանի, որ մեր կատարած աշխատանքի չափանիշներով արդեն դուրս ենք գալիս Եվրասիական տնտեսական միություն: Դա մեծ շրջադարձ է մեր ընկերության պատմության մեջ», - վաստակածի իրավունքով նշում է տնօրենը:

 
Համազգային վստահության խորհուրդն Ազատ Գասպարյանին փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացրել է «Բարձր վարկանիշ ունեցող ճանապարհաշինարար» անվանակարգին: Իսկ հանրային ծառայության ոլորտում սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացել է «Ճանապարհաշինարարական եւ շահագործական ձեռնարկության տարվա ղեկավար» անվանակոչմանը: Սա աննախադեպ է, երբ շինարարական մի կազմակերպություն տարվա ընթացքում այսքան մրցանակի է արժանանում:


Ազատ Գասպարյանը փոխանցեց, որ ճանապարհների պահպանության եւ շինարարության որակի վրա ամենօրյա հսկողություն կա տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հայավտոճան» ՊՈԱԿԻ-ի կողմից, որոնք նաեւ ըստ ամենայնի աջակցում են Մեղրու ճանապարհաշինարարներին:

«Շնորհակալ եմ իրենց, շնորհակալ եմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ մշտական աջակցության համար:


-Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել,- այսպես են արտահայտում վերադասն ու տարածքային իշխանությունն իրենց վերաբերմունքը մեր ընկերության հանդեպ», - միտքն ամփոփում է զրուցակիս:


Այնուամենայնիվ, ինչ նոր գործեր են սպասվում 2018-ին: Տնօրենի փոխանցմամբ՝ ընկերության աշխատանքային ծավալները կավելանան 1,5 անգամ: Նախ՝ ավարտին կհասցվեն, ինչպես արդեն նշվեց, սպաների ընտանիքների համար շենքի շինարարությունը եւ 4,5 կմ ճանապարհահատվածի նորոգումը, նախատեսվում է եւս մի կամրջի շինարարություն: «Տաշտունի տակ սողանքային հատված կա, որի վերացումն ավելի անվտանգ կդարձնի ճանապարհը: Եվս 4,5 կմ ճանապարհահատվածի նորոգման մրցույթ կլինի: Թե ում կհաջողվի հաղթել մրցույթում, ով կիրականացնի շինարարությունը, ցույց կտա ժամանակը», - տեղեկացնում է տնօրենը:


Տարիներ շարունակ մի հետաքրքրական երազանք ուներ Ազատ Գասպարյանը՝ Մեղրի քաղաքը բարեկարգ ճանապարհով կապված տեսնել Նռնաձորին: Իրականացե՞լ է այն, թե՞ տակավին մնում է երազանք: «Ցավոք, առայժմ մնում է երազանք: Դուք եւս տեղյակ եք, որ Մեղրու տարածաշրջանի բոլոր համայնքների ճանապարհները բարեկարգված են, հիմնովին ասֆալտապատված, բացառությամբ Նռնաձորի: Նախկին երկաթուղու գծերի տեղով են մարդիկ գնում-գալիս, մեծ ջանքեր են անհրաժեշտ այդ ճանապարհահատվածը հաղթահարելու համար: Եթե Նռնաձորի ճանապարհը կառուցեմ, կարող եմ բարձրաձայն ասել, որ Մեղրիում այլեւս անելիք չունեմ», - համոզված է վաստակաշատ ճանապարհաշինարարը:


Իսկ այս օրերին առաջնայինը ճանապարհների ձմեռային պահպանումն է, որքան էլ այս դեկտեմբերն անձյուն ու արեւոտ դուրս եկավ: «Հենց նոր եմ գալիս Քաջարանից, լեռնագագաթին բուք էր, լավ է՝ ձյուն չկար, թե չէ կլցներ ճանապարհը, խնդիրներ կստեղծեր: Շուրջօրյա հերթապահություն է Մեղրու լեռնանցքում: Ձնամաքրման տեխնիկան պատրաստ է «մարտի» դուրս գալու տարերքի դեմ: Եթե ամեն տարի Ամանորը նշում էին դեկտեմբերի 28-ին միայն ճանապարհային տնակում հերթապահողները, այս տարի որոշել եմ ամբողջ կոլեկտիվի հետ Նոր տարին նշել ճանապարհային այդ տնակում»:


Ազատ Գասպարյանը, մեր խնդրանքին, թե ինչ կմաղթեր թերթի ընթերցողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների  կապակցությամբ, ասաց՝ խաղաղություն: Եթե կայուն խաղաղություն լինի, մյուս հարցերն ինքնաբերաբար կլուծվեն: Մարդիկ խաղաղ պայմաններում կհոգան իրենց հանապազօրյա հացը, ժպիտ կլինի նրանց դեմքին, սիրով ու ջերմությամբ կվերաբերվեն միմյանց: Մի խոսքով՝ անփորձանք տարի լինի 2018-ը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25