Անժելա Մաքյան. «Մատչելի, հասանելի, որակյալ մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության եւ արժանապատիվ ապագայի երաշխիք»

01.09.2017 11:53
2428

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 1995թ. Կապանի (Ղափանի) շինարարական (1958թ.) եւ Լեռնամետալուրգիական (1959թ.) տեխնիկումների հիմքի վրա՝ միավորվելով որպես Կապանի ճարտարագիտա-տնտեսագիտական տեխնիկում: ՀՀ կառավարության որոշմամբ 1997թ. քոլեջը վերակազմավորվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի (կրթահամալիրի) քոլեջի: 2002թ. ՀՀ կառավարության հունիսի 20-ի թիվ 1009-Ն որոշմամբ այն վերակազմակերպվել է «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: 2012թ. քոլեջը վերակազմակերպվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի: Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը, մարզում լինելով միակ բազմագործառութային միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը, նշանակալի դեր է խաղում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նպաստելով մասնագիտական կրթության զարգացմանը: «Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջները ոչ միայն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ են, այլեւ աջակցում տարածաշրջանի մասնագիտական կրթություն իրականացնող այլ ուսումնական հաստատություններին թե՛ մեթոդական ձեռնարկներով, թե՛ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելով, թե՛ փորձի փոխանակմամբ, սերտորեն համագործակցում նրանց հետ: Այս քոլեջներն ունեն հարուստ նյութատեխնիկական բազա, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, լսարաններ եւ կաբինետներ, որոնք հնարավորություն են տալիս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնել ժամանակակից պահանջներին համապատասխան», - նշեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը՝ հավելելով, որ քոլեջում կրթությունն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներով՝ մոդուլային ուսուցման համակարգով:

2017-18 ուստարվա ընդունելությունը քոլեջում իրականացվել է հետեւյալ մասնագիտությունների (որակավորման) գծով. միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ Բաց լեռնային աշխատանքներ (որակ.՝ Լեռնային տեխնիկ-տեխնոլոգ՝ բաց լեռնային աշխատանքների, առկա, հեռակա, 9-ամյա, 12-ամյա կրթության հիմքով), Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում ավտոտրանսպորտում (Տեխնիկ-կարգավար՝ ավտոտրանսպորտում փոխադրումների կազմակերպման եւ կառավարման, առկա, հեռակա, 9-ամյա, 12-ամյա կրթության հիմքով), Շենքերի եւ կառույցների շինարարություն եւ շահագործում (Տեխնիկ՝ շենքերի եւ շինարարության եւ շահագործման, առկա, 9-ամյա կրթության հիմքով), Էլեկտրական կայաններ, ցանցեր եւ համակարգեր (Տեխնիկ՝ էլեկտրական կայանների, ցանցերի եւ համակարգերի շահագործման եւ տեխնիկական սպասարկման, առկա, 12-ամյա կրթության հիմքով), Կապի ցանցեր եւ հաղորդակցման համակարգեր (Տեխնիկ՝ կապի ցանցերի եւ հաղորդակցման համակարգերի շահագործման եւ տեխնիկական սպասարկման, առկա, 12-ամյա կրթության հիմքով), Հաշվապահական հաշվառում (Հաշվապահ, առկա, հեռակա, 12-ամյա կրթության հիմքով), Նախադպրոցական կրթություն (Դաստիարակ՝ նախադպրոցական կրթության, առկա, հեռակա, 12-ամյա կրթության հիմքով), իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ 9-ամյա կրթության հիմքով՝ Կապի սարքավորումների մոնտաժում եւ շահագործում (Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի եւ լարային հաղորդումների գծային կառույցների), Համակարգիչների շահագործում (Օպերատոր՝ համակարգչի), Տրանսպորտային միջոցների շահագործում (Փականագործ՝ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման), Օգտակար հանածոների հարստացում (Օպերատոր՝ հանքաքարի հարստացման կայանքի):

«Մասնագիտություններն ընտրում ենք՝ նախեւառաջ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման հեռանկարներն ու աշխատաշուկայի պահանջները: Դրանց արդիականության ապացույցը մեր շրջանավարտների զբաղվածության ցուցանիշներն են, ընդ որում՝ հիմնականում իրենց մասնագիտությամբ: Այս ուստարում ներդրել ենք մեր ժամանակներում մեծ պահանջարկ ունեցող համակարգչային օպերատոր որակավորմամբ մասնագիտությունը: Ճիշտ մասնագիտություն ընտրելու համար ոչ միայն կարեւոր են ընտանիքի, միջավայրի գործոնները, այլեւ սովորողի նախասիրությունները, գիտելիքները, մասնագիտության պահանջարկն ու ընտրած մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունները», - նշեց Անժելա Մաքյանը՝ հավելելով, որ մասնագիտություններ կան, որոնց փոփոխության ուղղությամբ արդեն իսկ մտածում են, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Հետաքրքիր մի երեւույթ էլ է նկատվում. որոշ մասնագիտությունների գծով մեծ թվով դիմորդներ ունենալուն զուգահեռ, օրինակ, «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության գծով դիմորդներ չունեն: Սա, ըստ Ա.Մաքյանի, վկայում է այս մասնագիտության հեռանկարները լիարժեք չպատկերացնելու մասին:

Ինչ վերաբերում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ապա այստեղ   օրինաչափություն կարելի է նկատել. հիմնականում 12-ամյա կրթության հիմքով ուսանողները, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ աշխատում են այդ մասնագիտությամբ, ավելի են գիտակցում մասնագիտական կրթության՝ գիտելիք-հմտություն-կարողություն ձեռք բերելու արժեքը եւ լավ են սովորում:

«Մասնագիտական կրթական բոլոր ծրագրերն իրենց որակավորմամբ համապատասխանում են գործատուների եւ աշխատաշուկայի պահանջներին: Դրանք ամեն տարի վերանայվում են, համապատասխանեցվում գործատուների պահանջներին եւ արտադրական նոր տեխնոլոգիաներին: Օրինակ՝ եթե ԶՊՄԿ-ի բաց հանքում ներդրվել են հորատման նոր հաստոցներ, նշանակում է քոլեջում այս մասնագիտությամբ կրթական ծրագիրը պետք է կազմակերպվի արտադրության նորարարական տեխնոլոգիաներին համապատասխան», - նշեց քոլեջի տնօրենը:

Ինչպես փաստեց Անժելա Մաքյանը, համագործակցում են քաղաքի տարբեր գործատուների հետ, եւ նա չի կիսում այն տեսակետը, որ մասնավոր սեկտորը դժվարությամբ է մասնակցում ուսումնական գործընթացների կազմակերպմանը. «Մեր քոլեջում չկա գործատու-ուսումնական հաստատություն անջրպետը, քանի որ մեր տարածաշրջանի գործատուներից ոմանք  կառավարման խորհրդի անդամներ են, պետական որակավորման հանձնաժողովի նախագահներ,  ովքեր հետաքրքրված են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ, շահագրգռված՝ որակյալ մասնագետների պատրաստմամբ»:

Քոլեջը պայմանագրային հիմունքներով համագործակցում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արդշինբանկ» (Կապան» մասնաճյուղ), «Կապանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտ», «Արմենթել» (Կապանի տարածքային բաժին), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («Տաթեւ» մասնաճյուղ) ՓԲԸ-ների, Կապանի «Ագրոսպասարկում», «Կապանի նորոգշին» ԲԲԸ-ների, «Ձագեձոր» ՍՊԸ-ի հետ: Սերտ համագործակցություն են իրականացնում նաեւ Կապանի համայնքապետարանի, հանրակրթական դպրոցների, զբաղվածության տարածքային կենտրոնի հետ:

«Նշված հիմնարկ-ձեռնարկություններում համապատասխան մասնագետների ղեկավարությամբ անցկացնելով իրենց արտադրական եւ նախաավարտական պրակտիկաները՝ ուսանողները հնարավորություն են ստանում անմիջապես շփվել գործարար միջավայրի հետ, ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառել արտադրության մեջ: Բացի դրանից՝ պրակտիկայի ընթացքում ուսանողը գիտակցում է իր մասնագիտության իրական արժեքը, դրա կարեւորությունն ու պահանջարկը», - նշեց Ա.Մաքյանը: Ինչ վերաբերում է Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համագործակցությանը, ապա դրա շնորհիվ քոլեջում կազմակերպվում են կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ աշխատանք փնտրող քաղաքացիների համար: Վորլդ վիժնի Կապանի տարածքային զարգացման ծրագրի հետ համագործակցություն է ծավալել Սյունիքի մարզի հանրակրթական եւ ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական հանդիպումների եւ դասընթացների կազմակերպման, մարզի ՄԿՈՒ հաստատություններում իրականացվող մասնագիտությունների, որակավորումների, կրթական հնարավորությունների մասին գունավոր տպագրության հրատարակման  նպատակով:

Քոլեջի համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի հետ նույնպես իր զգալի արդյունքներն է տվել: Հիմնադրամի ֆինանսավորմամբ այստեղ ստեղծվել են ժամանակակից կահավորմամբ վարսավիրական, կարի, խոհարարական արհեստանոցներ, որտեղ անց են կացվում մասնագիտական ուսուցման կարճաժամկետ դասընթացներ:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն նախեւառաջ իր մասնագիտական կադրերով կարող է առաջատար լինել: Ա.Մաքյանի հավաստմամբ՝ այսօր քոլեջն ունի մասնագիտորեն եւ մեթոդաբանորեն վերապատրաստված բարձրագույն կրթությամբ դասախոսներ: 2016-17 ուստարվա դրությամբ քոլեջի 22 դասախոսից 7 հոգի ունեն մագիստրոսի կոչում, արհեստագործական ուսուցման վարպետները ժամանակին աշխատել են արտադրությունում, եղել իրենց գործի լավագույն մասնագետները, իսկ հանրակրթական առարկաներ դասավանդող բոլոր դասախոսներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն եւ մանկավարժի համապատասխան որակավորում: «Մասնագետների կարիք միշտ էլ ունենում ենք, այս ընթացքում համալրվել ենք երիտասարդ կադրերով: Ընդհանրապես նոր մասնագիտություն ներդնելուց, ուսուցանելուց առնվազն մեկ տարի առաջ սկսում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ աշխատաշուկայում այդ մասնագիտության պահանջարկի ուսումնասիրման, համապատասխան մասնագետներ գտնելու, նրանց վերապատրաստելու, փորձաշրջան կազմակերպելու նպատակով», - նշեց քոլեջի տնօրենը:

Բնական է, որ գործող յուրաքանչյուր հաստատություն ունի իր խնդիրները, որոնց լուծումը պայմանավորվում է տարբեր գործոններով: «Աջակցություն Հայաստանի պետական բյուջեին» ծրագրի շրջանակներում (խմբ.՝ նմանատիպ աշխատանքներ իրականացվել են հանրապետության բոլոր տարածաշրջանային քոլեջներում) հիմնանորոգվել են տարածաշրջանային քոլեջները՝ բացառիկ առավելություններ եւ նոր հնարավորություններ շնորհելով քոլեջին: «Սակայն մեր քոլեջում անավարտ են մնացել շինարարական աշխատանքները՝ նախնական մասնագիտական կրթություն իրականացնելու մասով միայն, այսինքն՝ նախատեսվել էր մասնաշենքից դուրս կառուցել չորս արհեստանոց, որ դեռեւս իրականություն չի դարձել: Խնդիրներից մեկն էլ մարզադահլիճի վերանորոգման բացասական հետեւանքներով է պայմանավորված: Վթարային մարզադահլիճի պատճառով եղանակային լավ պայմանների դեպքում ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացվում մասնաշենքի տարածքում կառուցված սպորտային հրապարակում եւ հարմարեցված սրահներում, որոնք ապահովված են ժամանակակից մարզական գույքով, իսկ անբարենպաստ եղանակներին՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մարզադահլիճում: Հարկ ենք համարում նշել նաեւ քոլեջում գործող «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիայի մասին, որտեղ անվճար դասընթացներ են կազմակերպվում տարիքային տարբեր խմբերի սովորողների  համար:

Ինչպես տեղեկացրեց Անժելա Մաքյանը, տվյալ ուստարվա ընդունելության արդյունքներն ամփոփվում են երկու փուլով՝ օգոստոսի 25-ին եւ 31-ին: Օգոստոսի 25-ի դրությամբ (խմբ.՝ այդ օրն ենք վարել հարցազրույցը) քոլեջն ուներ 121 դիմորդ՝ 43-ը՝ նախնական, 78-ը՝ միջին  մասնագիտական կրթական ծրագրով սովորելու համար: Այս ուստարի բավականին ավելացել են անվճար ուսուցման համար նախատեսված տեղերը. մինչեւ 19 տարեկան 9-ամյա կրթության հիմքով դիմորդների համար միջին եւ նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթությունը կազմակերպվում է անվճար, իսկ 19 տարեկան եւ ավելի տարիք ունեցող 9-ամյա կրթության հիմքով դիմորդների համար ուսուցումն անվճար է, եթե առկա են թափուր տեղեր: «Անցյալ ուստարում սեպտեմբերի 2-ի դրությամբ ունեինք 128 դիմորդ: Տարեցտարի ավելանում է քոլեջի դիմորդների թիվը, ինչը, նախեւառաջ, պայմանավորված է հանրության մտածելակերպի փոփոխությամբ, ինչու չէ նաեւ 9-րդ դասարանն ավարտած շրջանավարտների՝ անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությամբ: Ակնհայտ է այն փաստը, որ բարձրագույն կրթություն ստացողներն ավելի շատ են հայտնվում աշխատանք փնտրողների ցուցակում, եւ նախընտրելի է դառնում միջին կամ նախնական մասնագիտական որակյալ կրթություն ստանալը եւ ողջ կյանքում մասնագիտական աշխատանքով ապահովվելը: Մտածելակերպի փոփոխություն կատարելն իրականում բարդ խնդիր է, քանի որ բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը համակել է բոլորին՝ անկախ հնարավորություններից, ունեցած գիտելիքներից: Այսօր աշխատաշուկան ավելի որակյալ արհեստավորների, լավ մասնագետների մեծ պահանջարկ ունի, ովքեր իրենց ստացած կրթությամբ կապահովեն բարեկեցիկ եւ արժանապատիվ ապագա: Եվ այդ առումով գլխավոր շեշտը դնում ենք որակյալ մասնագիտական կրթության կազմակերպման, մասնագետ-կադրերի պատրաստման վրա», - նշեց տնօրենը:

Ուսումնական հաստատության վարկանիշի գրավականներից մեկն էլ նրա շրջանավարտների զբաղվածությունն է: Քոլեջում գործող կարիերայի կենտրոնն ամեն տարի ամփոփում է քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշները, ուսումնասիրում, վերլուծում եւ համեմատում անցած տարիների տվյալների հետ: Ինչպես հավաստեց Ա.Մաքյանը, վիճակագրությունը փաստում է լուրջ առաջընթաց՝ արդյունքները բավականին գոհացուցիչ են, օրինակ՝ 2015-16 ուստարվա 103 շրջանավարտից 54-ն ունի աշխատանք, որոնցից 37-ը՝ իրենց մասնագիտությամբ, 17 հոգի աշխատում է հարակից մասնագիտությամբ: 12 հոգի կրթությունը շարունակում է  ՀՀ պետական բուհերում: 2016-17 ուստարվա նախնական արդյունքներով 134 շրջանավարտից 63-ն ունի աշխատանք, որոնցից 34-ը՝ իրենց մասնագիտությամբ, 29 հոգի աշխատում է հարակից մասնագիտությամբ: 13 հոգի կրթությունը բուհերում շարունակելու ցանկություն է արտահայտել, ինչը վկայում է ճիշտ մասնագիտություն ընտրելու, առավել խոր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու ցանկության, մասնագիտական աշխատանք ունենալու հեռանկարի մասին:

Այսօր հանրության շրջանում հաճախ կարելի է լսել քոլեջի ուսանողների հաճախելիության մասին իրարամերժ կարծիքներ: Այդ մասին խոսելիս Ա.Մաքյանը նշեց, որ նախեւառաջ խիստ վերահսկվում է հատկապես 9-ամյա կրթության հիմքով ուսանողների դասապրոցեսին ներկայությունը ոչ միայն կուրսղեկների, վարպետների, այլեւ տնօրենության կողմից: Սա պայմանավորված է նախ՝ նրանց տարիքային բարդ անցումային շրջանով: Ընդհանրապես քոլեջում սահմանվել են ներքին կարգապահական կանոններ, տարբեր պատճառներից ելնելով երրորդ նկատողություն ստանալուց հետո տվյալ ուսանողը հեռացվում է. օրինակ՝ 2016-17 ուստարում քոլեջից հեռացվել է 24 ուսանող: «Չմոռանանք, որ մեր շրջանավարտների մի մասն էլ 18 եւ ավելի տարեկան է, ունի ընտանիք եւ պետք է սոցիալական խնդիրներ լուծի, ողջունելի է, իհարկե, նրանց սովորելու ցանկությունը, եւ այդ իսկ պատճառով երբեմն ընդառաջում ենք: Հերթափոխով աշխատող ուսանողների դասապրոցեսը կազմակերպվում է՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը: Առանձին դեպքերում թույլ ենք տալիս հաճախել նաեւ անհատական գրաֆիկով: Թույլատրելիության սահմաններում վերապահում ունենք նաեւ երկրորդ մասնագիտություն ստացող ուսանողների հանդեպ», - մանրամասնեց տնօրենը:

Առաջիկա անելիքներից խոսելիս Ա.Մաքյանը նշեց, որ հաջորդ ուստարում նախատեսվում է եւս երկու մասնագիտություն ավելացնել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մարզի զարգացման հեռանկարները: «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամին դիմել են ավտոէլեկտրիկ մասնագիտության համար համապատասխան լաբորատորիա եւ սարքավորումներ ձեռք բերելու, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ուսուցման ծրագրեր կազմակերպելու համար: «Մեր տարածաշրջանն ունի նաեւ վեբ դիզայների կարիք, ուստի հաջորդ ուստարում նախատեսվում է նաեւ այդ մասնագիտության ուսուցանում, ինչի համար կունենանք համապատասխան նյութատեխնիկական բազա եւ մասնագետներ: Առհասարակ ձգտում ենք  ճկուն կրթական քաղաքականություն վարել. ամեն տարի մի նոր մասնագիտություն ներդնել՝ հաշվի առնելով ՄԿՈՒ համակարգի մրցակցությունը, մարզի առանձնահատկությունները, ժամանակի պահանջները», - հավելեց Ա.Մաքյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25