Նիկոլ Փաշինյանի դառը ճշմարտությունը․ ո՞րն է ելքը

01.11.2018 23:27
1285

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով՝ այս պահին Հայաստանն ունի երկու կիսաբաց սահման. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։

Փաշինյանն ասել է, որ Երևանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․«Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից, ու Թուրքիայի կողմից փակ է Արցախյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է։ Ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք»,- ասել է նա։

«Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել։ Ընդհակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք և, ի վերջո, կհասնենք մեր ազգային նպատակներին»,- եզրափակել է Փաշինյանը։

Թվում է՝ Փաշինյանը նոր ոչինչ չի ասել․ նա, ըստ էության, կրկնել է այն, ինչի մասին բազմաթիվ անգամներ լսել ենք նախկինում՝ առնվազն Լևոն Տեր- Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների շրջանում։ Իրավիճակի նրբությունը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանի մռայլ կանխատեսումները՝ կապված հայ-իրանական ու հայ-վրացական սահմանների հեռանկարի հետ, ամենևին էլ հոռետեսության հետևանքը չեն ու միանգամայն հնարավոր սցենարներ են, եթե տարածաշրջանային զարգացումներն ընթանան ֆորս-մաժորային սցենարով։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը գործնականում ոչ մի կերպ չի կարող ազդել ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ահագնացող ճգնաժամի վրա, սակայն ամբողջ ծավալով իր վրա կարող է կրել միջազգային ու տարածաշրջանային հակադրության հետևանքները։

Իհարկե, Երևանը պետք է անի առավելագույնը հայ-իրանական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար՝ Վաշինգտոնին շատ հստակ ներկայացնելով, որ դրանք առանձնահատուկ բնույթ ունեն ու, ըստ էության, ապահովում են Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, տնտեսության զարգացումը։ Համոզված ենք նաև, որ Վաշինգտոնում հասկանում են Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները ու նույնիսկ հակված են ըմբռնումով մոտենալ հայ-իրանական հարաբերություններին։ Սակայն Երևանի ցանկությունները չեն կարող անդրադառնալ Վաշինգտոնի ու Թեհրանի օրակարգերի, իրական քաղաքականության վրա։ Երբ Ջոն Բոլթոնը Երևանում հայտարարում էր, որ «սա Օբամայի» վարչակազմը չէ, ոչ թե նկատի ուներ, որ Սպիտակ տան այսօրվա տերն ըմբռնում չունի Հայաստանի օրակարգի հանդեպ, այլ ակնարկում էր, որ Թրամփն անզիջում է լինելու իր իրանական քաղաքականության մեջ ու բանը գուցե հասնի այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակի, որ Հայաստանը կամ Իրանի մյուս հարևաններն ընտրության հնարավորություն չունենան։

Հենց այս իրավիճակի համար է Նիկոլ Փաշինյանն ասում, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել։ Գուցե վարչապետն այդպիսի տպավորություն է ստացել Բոլթոնի հետ երևանյան հանդիպումից հետո, այլ խոսքով՝ տիրապետում է տեղեկատվության, որը նրան թույլ է տալիս նման կանխատեսում անել կամ չբացառել իրադարձությունների զարգացման նման սցենար։

Ահա, այս համատեքստում միանգամայն այլ լույսի ներքո է պատկերվում հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձը, որն այսօր Հայաստանի վարչապետը կատարել է խորհրդարանական ամբիոնից։ Եթե առանց Անկարայից եկող ազդակների Նիկոլ Փաշինյանը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտության մասին, ապա տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ըստ էության, այլ լուծումներ չի թողնում։

Նրա հայտարարությունը կոնկրետ հասցեատեր ունի, իր մեջ կոնկրետ ուղերձ է պարունակում։ Փաշինյանը Վաշինգտոնին հասկացնում է, որ Հայաստանը չի կարող կուրորեն հետևել տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխությանը կամ ինտեգրվել ամերիկյան նախագծերին, եթե չունի անվտանգության համապատասխան երաշխիքներ, զարգացման հստակ այլընտրանք։

Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ են, եթե Վաշինգտոնը Երևանին առաջարկում է լոյալություն դրսևորել իր իրանական կամպանիայի հանդեպ, ապա առնվազն պարտավոր է Հայաստանին զարգացման այլընտրանք, անվտանգության կայուն երաշխիքներ տրամադրել, այլ խոսքով՝ պետք է նպաստի հայ-թուրքական՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից պատասխանում էր ամերիկյան առաջարկություններին։ Մենք, իհարկե, չգիտենք, թե փակ դռների հետևում ինչ են խոսել Փաշինյանն ու Բոլթոնը, սակայն Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթից կարելի է պատկերացնել, թե ինչ օրակարգի շուրջ կարող է շարունակվել Երևանի ու Վաշինգտոնի երկխոսությունը։

Արևմուտքի ոչ ադեկվատ քաղաքականությունը 2013-ին Հայաստանի ղեկավարությանը, ըստ էության, միայնակ թողեց ռուսական տոտալ ճնշումների հանդիման, ինչը պատճառ հանդիսացավ, որ Երևանը վերջին պահին հրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց։ Հիմա՝ եթե Վաշինգտոնը Երևանին կոնկրետ առաջարկություններ է անում, ապա դրանք պետք է ամրապնդված լինեն Հայաստանի անվտանգությունը երաշխավորող այլընտրանքային լուծումներով։

Այլընտրանք չկա։

1in.am

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08