Ապրիլյան պատերազմ. ովքեր են 2016-ի ռազմաքաղաքական պարտության մեղավորները

01.04.2019 12:49
1081

«Մարտի 1»-ի դեպքերի հետաքննությունն ավարտվել է, եւ այդ հանցագործության վերաբերյալ նյութերը փոխանցվել են մեղադրյալների փաստաբանների ուսումնասիրությանը: Տրամաբանությունը, եթե հետեւողական լինենք, պահանջում է, որ ՀՀ քննչական մարմինները, հնարավորության դեպքում, ձեռնամուխ լինեն բարձր հնչեղություն ունեցող եւս երկու  իրադարձությունների հետաքննությանը, որոնք ոչ միայն ցնցեցին հանրությունը, այլեւ ուղղակիորեն դարձան երկրի անվտանգության սպառնալիք: Դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունն էր եւ 2016 թվականի ապրիլին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը: Առաջին դեպքում մենք այդպես էլ չիմացանք այս հանցագործության կազմակերպիչներին ու իրականացնողներին՝ չնայած այս գործը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կարող է բացահայտել նույնիսկ մեկ «ուչաստկովի»: Երկրորդ դեպքում՝ ապրիլյան պատերազմի հետեւանքով, կորցրեցինք հարյուրից ավելի երիտասարդ կյանքեր, որոնց մեծամասնությունը զոհվեց պատերազմի հենց առաջին գիշերը: Ապրիլի սկզբին կնշվի  այդ արյունալի իրադարձությունների 3-րդ տարելիցը:

Քառօրյա պատերազմի արդյունքները մեծ արձագանք առաջացրին ոչ միայն հայ հասարակությունում, այլեւ ողջ աշխարհում: Տրամաբանորեն՝ արդեն ոչ ոք չէր կարող հրադադարի պայմանակարգի խախտման հարցում հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Մասնագետների ու միջազգային միջնորդների համար պարզ եղավ, որ Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարի ռեժիմը, այլեւ ուղղակի զինված ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ: Ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը հայտարարել է ռազմական գործողությունների դադարեցման մասին (հայկական զինված ուժերի ճնշման տակ), եւ հաջորդ օրը` 2016 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ նշելով, որ «Ադրբեջանը նախապես ծրագրավորած աննախադեպ սադրանք է իրականացնել ԼՂ-ի հետ սահմանի ողջ երկայնքով` ձեռնարկելով լայնածավալ ռազմական գործողություններ, կիրառելով սպառազինության ամբողջ համալիրը՝ այդ թվում զրահապատ մեքենաներ, ծանր հրետանի եւ ռազմական օդուժ: Նա միաժամանակ կրկնել է, որ «եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ լայն ծավալ ստանան, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը»: Սարգսյանը տեղի ունեցածը չանվանեց ռազմական ագրեսիա կամ պատերազմ (քանզի այդ դեպքում, դատելով նախկինում բազմիցս կրկնած իր խոսքերից, ինքնաբերաբար պետք է ճանաչեր Արցախը), այլ հարյուրավոր զոհեր պատճառած այդ պատերազմը բնութագրեց որպես սադրանք (որեւէ գործողության դիմելու ոտնձգություն):
Որպես հող կորցնելու արդարացում՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «հայկական ուժերն ի զորու էին վերադարձնել այդ հողերը, սակայն ըստ առաջնահերթությունների, այդ 800 հեկտարը չարժեր այն կորուստներին, որոնք հայկական զինված ուժերը կարող էին կրել»: Ստացվում է, որ մարտի դաշտում սպանված ավելի քան հարյուր երիտասարդներն ուղղակի «սադրանքի» զոհեր են, իսկ երբ մեր բանակն էր ողջ ճակատով անցել հակագրոհի՝ գործողության դադարեցումը հիմնավորելու համար առաջ էր քաշվում այն թեզը, թե մենք կարող էինք կորուստներ կրել:

Հայտնի քաղաքական վերլուծաբան, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը հունիսի 6-ին համացանցում զետեղում է «Ո՞ւմ է խաբում Սարգսյանը» վերտառությամբ մի տեսահոլովակ՝ նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է  երկու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ՝ առանց ազգանունները հրապարակելու: Նրանց խոսքերով՝ Վիեննայում Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումից հետո վերջինս Մինսկի խմբին Ադրբեջանի ագրեսիայի ակտի վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել եւ գտնում է, որ 1994-ին ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո էական խախտումներ չեն եղել: Այս հրապարկման որեւէ պաշտոնական հերքում կամ հայտարարություն առ այն, որ դա սադրանք է կամ, ծայրահեղ դեպքում, կեղծ տեղեկատվություն է, այդպես էլ չեղան իշխանությունների կողմից: Բայց չէ՞ որ մինչ այդ, 2016թ. ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական բանակի գրոհը պատկերող տեսանյութը Անդրեաս Ղուկասյանը ոչ միայն տարածել էր սոցիալական ցանցերում, այլեւ ուղարկել էր ՄԱԿ:

Ապրիլյան պատերազմի նյութերի վերաբերյալ կա մանրամասն ուսումնասիրություն, եւ ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց: Բայց տվյալ դեպքում մեզ այլ բան է հետաքրքրում: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այս պատերազմի համար: Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ ճակատում, ինչպես ցույց տվեցին մարտերը, մեր բանակը հուսալի թիկունք չուներ, ռազմական տեխնիկան ոչ ամենուր էր պատրաստ մարտական գործողությունների, շատ շարժիչներում վառելանյութ չկար, եւ այլն, եւ այլն: Ո՞ւր էին անհետացել բանակին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար հատկացված գումարները: Ինչո՞ւ բարձրաստիճան հրամանատարության կողմից վայրկենական հակազդեցություն չեղավ թշնամու հարձակմանը:

Տրամաբանությունը հուշում է, որ Ալիեւը չէր կարող ռազմական գործողություն սկսել առանց այն համաձայնեցնելու: Նշանակում է՝ ինչ-որ մեկը նրան թույլատրել է: Իսկ եթե դա այդպես է, ուրեմն այդ մասին Սարգսյանը պետք է որ տեղյակ լիներ, քանի որ ցանկացած ռազմական միջամտություն կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել: Մեր դեպքում «անկանխատեսելի հետեւանքն» այն էր, որ մեր բանակն անցավ հակահարձակման, եւ հակառակորդի զորքը սկսեց խուճապահար նահանջել: Բայց հետո ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ՝ հենց պատերազմի «դաբրոն» տվողը, բանակին հրամայում է դադարեցնել հակահարձակումը եւ ամեն ինչ թողնել՝ ինչպես կա: Սա ավելորդ մի ապացույց է, որ ռազմական գործողությունը համաձայնեցված է եղել: Իսկ եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ հարկ եղավ հարյուրից ավելի հայ զինվոր զոհել: Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն համայն հայ ժողովրդին, որովհետեւ մենք ենք պահում մեր բանակը, մեր որդիներն են պաշտպանում հայրենիքը, եւ յուրաքանչյուր մահվան համար բանակում ինչ-որ մեկը պետք է պատասխան տա:

Երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների բոլոր վկաները՝ այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը, արտգործնախարարը, ՀՀ պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Արցախի նախագահը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Կասկած չկա, որ մի օր նրանք վկայություն կտան, եւ Հայաստանի ու Արցախի հասարակությունները կիմանան, թե ովքեր են 2016-ի այդ ռազմաքաղաքական պարտության մեղավորները: Երեք տարի է անցել: Հանրությունը սպասում է իրավապահ մարմինների արձագանքին:

Հանուն ռազմաճակատում զոհված զինվորների հիշատակի, այս ոճրագործությունը պետք է բացահայտվի, եւ մեղավորները կրեն իրենց արժանի պատիժը:

Կարապետ Կալենչյան, acnis.am

lragir.am

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46