Արագորեն մարող Ներքին Հանդն ուշադրություն է աղերսում հայրենի կառավարությունից

28.02.2013 17:08
6199

Ներքին Հանդ գյուղ պաշտոնյաները սովորաբար այցելում են ընտրությունից ընտրություն` 4-5 տարին մեկ: Վերջին ընտրության նախօրյակին, սակայն, գյուղն այդ «պատվին» էլ չարժանացավ: Պատճառը, իհարկե, ընտրողների անընդհատ նոսրացող շարքերն են, իսկ եղած ընտրողներն էլ (մոտ 50 հոգի), ինչպես հավաստեցին գյուղի վարիչները, հիմնականում ՀՀԿ-ի համակիրներ են, եւ ուրեմն գյուղում ընտրությունների հետ կապված խնդիր չկար: Վերջին անգամ իշխանական շքախումբը գյուղ էր այցելել 2012-ի մայիսի 6-ի ընտրություններից առաջ...

Արցախյան պատերազմի ժամանակ Ներքին Հանդը հակառակորդի թիրախ էր դարձել, չէ՞ որ ենթաշրջան սողոսկելու ամենահարմար ուղին հենց այդտեղով էր անցնում: Գյուղը քանիցս ձեռքից ձեռք է անցել, բնակիչները 1993թ. ապրիլի 10-ից մինչեւ այդ տարվա հոկտեմբեր հարկադրված էին բնակվել այլ վայրերում: Այդ ընթացքում ադրբեջանցի ասպատակները հասցրել էին հրո ճարակ դարձնել գյուղացիների ինչքը, այդ թվում` բնակարանները: Ազատագրումից հետո մարդկանց առաջնային խնդիրը պատերազմի հետեւանքների վերացումը դարձավ, որը, մինչեւ հիմա, ամբողջապես չի լուծվել սակայն: 2012թ. Քաջարանի կոմբինատը, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, 42 ընտանիքի 200.000-ական դրամ հատկացրեց, բայց յոթ բնակարան` առավել շատ տուժած, այդ միջոցներով հնարավոր չէր վերականգնել ամբողջապես:

2013թ. հունվարին գյուղում կրկին բռնկվեց աֆրիկյան ժանտախտը, 68 գլուխ խոզ հարկադիր մորթի ենթարկվեց: 2008-ին էլ աֆրիկյան ժանտախտը գյուղի խոզերի վերացման պատճառ էր դարձել: Այն ժամանակ անասնատերերը դրա համար փոխհատուցում չստացան: Հիմա էլ անհավանական է, որ կորսված խոզերի համար հանդեցիք փոխհատուցում ստանան: Արդյունքում` գյուղը խոզաբուծության համար (բացառիկ նպաստավոր պայմաններ ունենալով հանդերձ) ռիսկային է, ինչի պատճառները գյուղնախարարությունը (նախարար` Սերգո Կարապետյան) ի վիճակի չէ բացահայտել (ոչ էլ փորձում է բացահայտել): Ներկայումս հարեւան գյուղերում էլ, ըստ հանդեցիների, թեւածում է աֆրիկյան ժանտախտը, ինչը նույնպես չի խախտում պատկան մարմինների եւ պաշտոնյաների անտարբերության ու անպատասխանատվության կուսությունը:

Գյուղում տարեկան 4-5 ծուխ է մարում: Ոչ մի երիտասարդ վաղուց հույս չի կապում գյուղի հետ եւ ձգտում է առնվազն հանգրվանել Կապանում, եթե արդեն չի հանգրվանել: 46 բնակարանից 9-ի դուռն այլեւս եւ ընդմիշտ փակված է, 13-ում միայնակ թոշակառու է բնակվում, յոթ ընտանիք (ինչպես վերեւում նշեցինք) բնակվում է վթարային շենքում, դպրոցում էլ ուսանում է յոթ աշակերտ:

Ժողովրդագրական ճգնաժամ ապրող գյուղում (ըստ ծխամատյանների` 91, փաստացի` 75 բնակիչ), ինչպես եւ կարելի էր ակնկալել, գյուղացին օտարվել է հողից: 115հա վարելահողը (որից 35 հեկտարը` պետֆոնդի հող)` բարենպաստ պայմաններում գտնվող, տարիներ շարունակ չի մշակվում, չի օգտագործվում անգամ 10հա ոռոգելի հողատարածքը: Այլեւս թփակալած այդ հողերի մշակումը, եթե նույնիսկ կամեցողներ հայտնվեն, լուրջ դժվարություն է ներկայացնում: Նաեւ այն պատճառով, որ համայնքը գյուղտեխնիկա չունի (եղած երեք տրակտորի վերականգնումն անհնարին են համարում): Ի դեպ, ծովի մակարդակից 780մ բարձրության վրա գտնվող այդ հողատարածքները ժամանակին հնձվում կամ բերք էին տալիս տարեկան երկու անգամ: Այդ հողերի մշակման (նաեւ մերձակա արոտավայրերի) շնորհիվ խորհրդային տարիներին գյուղում պահվում էր 350-400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ծերացած եւ արագորեն մարող այդ գյուղում, որքան էլ ցավալի է ու զարմանալի, հողն այլեւս արտադրամիջոց չէ, ապրուստի միջոց չէ, աշխատատեղ չէ: Նույնիսկ ոչ բոլոր տնամերձերն են (ընդամենը` 3հա) մշակվում:

Գյուղում տարածված է մեղվաբուծությունը, որ դարձել է գրեթե բոլոր ծխերի զբաղվածության բաղկացուցիչը: Մոտ 500 մեղվաընտանիք ունեցող գյուղն այսօր բարձորակ մեղր արտադրող համայնքի համբավ է ձեռք բերել:

Մեկ այլ ուշագրավ երեւույթի էլ հանդիպեցինք Ներքին Հանդում: Գյուղի միակ տիպային անասնագոմը` կառուցված խորհրդային էպոխայի վերջին տարիներին, ի տարբերություն մարզի մյուս գյուղերի համանման կառույցների, գյուղապետի կողմից չի կողոպտվել եւ կանգուն է մինչեւ հիմա: Նման համալիրները մարզի գյուղերի մեծագույն մասում 1990-ականների սկզբին մեր գյուղապետերն ավազակաբար թալանեցին (այդ օրերի գյուղապետերի մի մասն այսօր էլ շարունակում է թառ նստել տվյալ համայնքի շալակին):

Որքան էլ ցավալի է` հետպատերազմյան քսան տարում սահմանադուռ այդ գյուղում պետական բյուջեով որեւէ խնդիր չի լուծվել: Ամերիկյան մի ծրագրով (12 հազար դոլար արժողությամբ) ոռոգման ջուր է հասցվել գյուղի վերին թաղամասի տնամերձեր: Արտասահմանյան մեկ այլ ծրագրով էլ (17 հազար դոլար արժողությամբ) խմելու ջրատարն է հիմնանորոգվել: Համայնքային բյուջեով էլ (տարեկան 4.1 մլն դրամ) հազիվ գյուղապետարանի հինգ աշխատողի աշխատավարձն է ապահովվում: Սահմանամերձ գյուղի կարգավիճակն էլ վաղուց չի տարածվում Ներքին Հանդի վրա, թեեւ գյուղը պետական սահմանից 300-400մ հեռավորության վրա է գտնվում:

Մարզկենտրոնից 36կմ հարավ-արեւելք գտնվող Ներքին Հանդ, շնորհիվ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի, հիմա կարելի է հասնել առանց դժվարության: Ադրբեջանի երբեմնի Զանգելանի շրջանի սահմանագլխին գտնվող բնակավայրը ներկայիս տեղում վերընձյուղվեց 1980-ականներին: Կապանի շրջանի այդ օրերի ղեկավարությունը գյուղը վերին սարալանջից անմիջապես սահմանադուռ իջեցնելով` ձգտում էր ամրապնդել հայ-ադրբեջանական սահմանը: Հայաստանի կառավարության 1972թ. նոյեմբերի 21-ին N683 որոշմամբ ներկայիս գյուղատեղում` «Գետափ» անվանյալ հանդամասում, կառուցեցին 21 երկբնակարանային շենք, 200 տեղանոց ակումբ, 192 տեղանոց դպրոց եւ ինժեներական ենթակառույցներ` ջրագիծ, կոյուղի, կաթսայատուն եւ այլն: Այդ տարածքը, իրոք, ռազմավարական նշանակություն ուներ: Ներքին Հանդը յուրօրինակ վահան էր մի ամբողջ ենթաշրջանի համար, որտեղ Ծավ, Շիշկերտ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն գյուղերն են: Արցախյան պատերազմը ցույց տվեց , որ Կապանի ղեկավարությունը ճշգրիտ հաշվարկ ու կանխատեսում էր արել ժամանակին:

Գյուղը, սակայն, ռազմավարական նշանակությամբ չէ միայն , որ աչքի է ընկնում: Ինչպես արդեն նշել ենք, Ներքին Հանդը բացառիկ բարենպաստ բնակլիմայական պայմաններում է գտնվում: Գյուղի աջ եզրով` մոտ 1200մ երկարությամբ, ձգվում է սրբազան սոսիների շարքը (Սոսիների հանրահայտ պուրակի մի մասն է), իսկ սոսիների հովանու ներքո իր մեղմ ընթացքն է շարունակում Բասուտա գետը, որ վերին հատվածում նաեւ Շիշկերտ ու Ծավ է կոչվում: Շիշկերտ եւ Մազրա վտակներից սկզբնավորված գետը Ծավ գյուղից ներքեւ իր մեջ է ներառում Մթնաձոր եւ Կուճի վտակները` Ներքին Հանդի տարածքում դառնալով ջրառատ գետ տարվա բոլոր եղանակներին, որը լավագույն հնարավորություն է գյուղի հողատարածքները մշակելու համար: Գյուղից հարավ-արեւմուտք մի ուրիշ հրաշք է` Մթնաձորը` հավասարը չունեցող անտառահատվածը:

««Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը (գյուղապետարանից եւ դպրոցից բացի) գյուղի ներկայիս ընթացքի կարեւոր բաղադրիչն է: Արգելոցը, նախեւառաջ, յոթ աշխատատեղ է գյուղի համար: Արգելոցն է, որ պետական հսկողություն է իրականացնում տարածքի բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության համար: Արգելոցը երբեմն նաեւ սոցիալական ծրագրեր է գյուղում իրականացնում: Վերջին անգամ` 2012-ին, ՊՈԱԿ-ը 5-ական մեղվափեթակ է հատկացրել տասը ընտանիքի, նաեւ թրթուրավոր մեկ տրակտոր նվիրել համայնքին` համատեղ օգտագործման պայմանով:

Հայրենի կառավարությունից ուշադրություն հայցող Ներքին Հանդի փրկության խնդիրը, անտարակույս, սյունիքյան օրակարգի հարցերից է: Իսկ գյուղի փրկության վերաբերյալ դատողություններն ու կարծիքները բազմազան են: Դրանցից մեկը, բնականաբար, գյուղում աշխատատեղերի ստեղծումն է (սկզբնական շրջանում` առնվազն 20 աշխատատեղ): Մարդիկ առաջարկում են նաեւ գյուղ վերադարձնել Արցախյան պատերազմի օրերին այնտեղից (անվտանգության ապահովման նկատառումով) Կապան տեղափոխված գիշերօթիկ դպրոցը (կամ Կապանի գիշերօթիկ դպրոցներից մեկը), մանավանդ որ գյուղի դպրոցի շենքը հիմնականում պահպանվել է:

Գյուղի իրավիճակը գրեթե միանման են գնահատում եւ ստեղծված կացությունից միանման ելք են տեսնում համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Դոնարա Սողոմոնյանը եւ ««Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը: Նրանց նկատառումները ներկայացնում ենք ստորեւ, բայց գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի մի դիտարկում, այնուամենայնիվ, ուզում ենք առանձնացնել. «Համայնքների խոշորացման կառավարական հայեցակարգը եթե իրականացվի, մեր գյուղի պես համայնքների վերացումը կարագացնի միայն, ուստի եւ շրջանառվող այդ կոնցեպցիայից պետք է հրաժարվել: Գյուղը 1960-ականներին մի անգամ արդեն անցել է նման փորձության միջով, որը շատ թանկ է նստել: Երկրորդ անգամ գյուղը չպետք է փորձության ենթարկել, այլապես չի դիմանա»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58