Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանի նմանը հանրապետությունում թերեւս չգտնվի: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Աշոտ Սաթյանի եւ Արամ Սաթունցի (Սաթյան) ստեղծագործություններն ամուր մտել են հայ երաժշտարվեստի գանձարանը: Այսօր ցանկանում ենք անդրադառնալ Սաթյանների երկրորդ սերնդի ներկայացուցիչ` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011 թվականից) Արամ Սաթյանի կյանքին ու գործին, մանավանդ որ մայիսի 23-ին լրանում է կոմպոզիտորի ծննդյան 65-ամյակը:
Իր գերդաստանի մասին Արամ Սաթյանը պատմում է. «Հորս եւ հորեղբորս, կարծում եմ, ներկայացնելու առանձնապես կարիք չկա, բայց ահա բացի նրանցից եւ ինձնից, մեր գերդաստանում չորս կոմպոզիտոր կա: Ամենատարեցն Աշոտ Սաթյանի թոռն է, ով պապի անուն-ազգանունն է կրում, այնուհետեւ հորս ավագ եղբոր` Պավելի թոռն է, ով այժմ Բեյրութի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, լոնդոնաբնակ որդիս` Դավիթը եւս կոմպոզիտոր է, եղբորս` Ռուբեն Սաթյանի որդին պապի հետքերով է գնացել, այդպիսով մեր գերդաստանում յոթ կոմպոզիտոր ենք»:
«Իսկ ի՞նչ եք ժառանգել հորից», - հարցին պատասխանում է. «Սաթյանները մի հետաքրքրական հատկություն ունեն, երբ ասում ենք ժառանգել, ճշմարտությանը մոտ չէ ձեւակերպումը: Սաթյաններից յուրաքանչյուրն իր ուղիով է գնացել: Նրանք մեկը մյուսին չեն կրկնում: Իմ` կոմպոզիտոր դառնալուն նպաստել է ընտանեկան մթնոլորտը, մեր հարկի տակ հորս եւ հորեղբորս գործընկեր կոմպոզիտորներ էին հյուրընկալվում, մենք էլ փորձում էինք նրանց ընդօրինակել, գրել ինչ-որ բան, երբեմն էլ ձեւացնել, թե գրում ենք: Յոթ-ութ տարեկան էի, երբ գրեցի իմ առաջին երգը, որ լուրջ ընդունվեց մերոնց կողմից: Հայրս եւ հորեղբայրս շատ ուշադիր էին իմ ստեղծագործական առաջին քայլերի նկատմամբ: Մասնագիտական կրթություն ստացա շատ ավելի ուշ` Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում: Իսկ մինչ այդ ավարտել էի Ալ.Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցը: Աշակերտել եմ կոմպոզիտոր Էդվարդ Բաղդասարյանին, մի փայլուն մանկավարժ, որն, ի դեպ, Տիգրան Մանսուրյանին ու Մարտին Վարդազարյանին էլ է դասավանդել: Ըստ իս` իր տաղանդով զիջում է միայն Առնո Բաբաջանյանին: Քիչ է ստեղծագործել, բայց ինչ գրել է, լավ է գրել»: Բայց զրուցակիցս ընդհանրապես իր ուսուցիչներ է համարում բոլոր այն կոմպոզիտորներին, ովքեր ազդեցություն են ունեցել իր երաժշտական արվեստի վրա` Բեթհովենը, Ստրավինսկին, մյուսները: Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալ.Հարությունյանի դասարան, որն ավարտել է գերազանցությամբ: Կատարելագործվել է Մոսկվայում, եւ սկսվել է արվեստագետի չորս տասնամյակից ավելի ստեղծագործական մի կյանք:
Արամ Սաթյանը բազմաժանր ստեղծագործող է. հեղինակ է երկու փոփ-օպերայի` «Լիլիթ» եւ «Փոքրիկ Ցախես», այս վերջինը գրել է 19-րդ դարի հեքիաթագիր Թեոդոր Հոֆմանի համանուն հեքիաթի հիման վրա: Սրանք ոչ միայն ճանաչում են բերել կոմպոզիտորին, այլեւ անգլիական պարբերականները գրել են, որ փոփ-օպերայի հիմնադիրներից մեկն Արամ Սաթյանն է: Նրա գրչին են պատկանում կոնցերտներ սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի համար, ավելի քան հարյուր երգեր եւ ռոմանսներ, երաժշտություն կինոյի եւ թատրոնի համար: Ի դեպ, այս տարի թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում արժանացել է «Արտավազդ» մրցանակին` Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Մորգանի խնամին» ներկայացման երաժշտության համար:
Իսկ ընդհանրապես առաջին անգամ մրցանակ ստացել է հեռավոր 1969-ին Մոսկվայում, երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում` «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար: Այնուհետեւ մրցանակներ է ստացել հանրապետական մրցանակաբաշխություններում: Միայն երգարվեստում ստացած մրցանակները 13-ն են: 1976-ին «Առաջին սիրո հեքիաթ իմ», 1985-ին` «Արդյո՞ք հիշում ես», 1991-ին` «Հուսո աղոթք» երգերը ճանաչվել են տարվա լավագույն երգ: 1986-ին` «Սերն անցավ» եւ «Գարնան խոստում» երգերը «Յուրմալա» համամիութենական մրցույթում Նարինե Հարությունյանի կատարմամբ արժանացել են առաջին մրցանակի: Նույն այդ «Յուրմալայում» հանրաճանաչ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը կարծիք է հայտնել, թե Արամ Սաթյանի «Սերն անցավ» եւ «Գարնան խոստում» երգերը զարմացրել են իրենց խորությամբ եւ արտահայտչականությամբ:
Իր ասելով մատների արանքով է նայում կոչումներին ու մրցանակներին, բայց նաեւ դրանք հանձնելիս շոյված ու գնահատված է զգում: «Խորհրդային Միության օրոք մրցանակաբաշխություններ էին անցկացվում, եւ ես չորս անգամ երկրորդ մրցանակ եմ շահել: Դրանք հաճախ սահմանվում էին կոմերիտմիության կամ կոմկուսի որեւէ հոբելյանին նվիրված: Ես էլ այդ մրցանակաբաշխություններին ներկայացնում էի սիրո մասին գրած իմ երգերը, այլ ոչ թե տարեդարձին առնչվող ինչ-որ բան: Մի անգամ Առնո Բաբաջանյանին ասացի, թե միշտ երկրորդ մրցանակ եմ շահում: Անվանի կոմպոզիտորը հարցրեց, թե ինչի մասին եմ գրել, պատասխանել եմ` սիրո, նա էլ թե` տես` ինչին էր նվիրված մրցանակաբաշխությունը, ինչի մասին ես գրել, ինչքան լավ ես գրել, որ սիրո մասին երգդ մրցանակի է արժանացել: Եվ հետո ավելացրեց` մի վհատվիր, առաջին մրցանակ էլ կունենաս: Այդպես էլ եղավ»:
Դեռեւս 1979թ. Առնո Բաբաջանյանն ասել է. «Ինձ միշտ զարմացրել են նոր սերնդի կոմպոզիտոր Արամ Սաթյանի ստեղծագործությունների խորությունը, մեղեդայնությանը եւ ժամանակը զգալու ունակությունը…»: Քիչ ավելի վաղ` 1976-ին ֆրանսիացի դաշնակահար, կոմպոզիտոր Նադյա Բուլանժեն գրել է. «Երիտասարդ կոմպոզիտոր Արամ Սաթյանին մեծ ապագա է սպասվում, եթե նա կյանքի կոչի իր ստեղծագործական մտահղացումները»: Եվ դրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չէին: 1970-80-ական թվականներին Սաթյանի մանավանդ էստրադային երգերը մեծ ժողովրդականություն էին վայելում:
Սաթյան կոմպոզիտորի արվեստի մասին ամբողջական խոսք է ասել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, ազգային օպերայի եւ բալետի թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը. «Մեր ժամանակի բարձրակարգ եւ բազմաժանր կոմպոզիտոր է Արամ Սաթյանը: Նրա դասական (օպերային, սիմֆոնիկ եւ կամերային), ինչպես նաեւ հանրամատչելի ստեղծագործությունները, հիրավի, մեծ ժառանգություն են հայ երաժշտական արվեստի բնագավառում…»:
«Իսկ մտավախություն չունի՞, որ կարող է չհասկացված լինել», - փոքր-ինչ դավադիր հարցին պատասխանում է, որ չի մտածել այդ մասին, եւ նման բան իր համար գոյություն չունի` հասկացված, չհասկացված, եւ հավելում. «Ես ստեղծում եմ իմ արվեստը, նվիրված եմ այդ արվեստին եւ գնում եմ իմ ճանապարհով: Բավարարված եմ լինում միայն այն ժամանակ, երբ մի լավ գործ եմ ստեղծում, իսկ դա նշանակում է հետեւից տանել այն զանգվածը, որ քեզ հավատում է, սիրում եւ գնահատում»:
Հայաստանի հեռուստառադիոպետկոմի երաժշտական խմբագիր, Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժնի վարիչ, կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի դասախոս, «Հայաստանի հեռուստառադիո» պետվարչության երաժշտական ծրագրերի եւ երաժշտական խմբերի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, - սրանք այն պաշտոններն են, որոնք զբաղեցրել է իր աշխատանքային գործունեության ընթացքում եւ այժմ էլ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Ի դեպ, 1965-66 թվականներին դասավանդել է Գորիսում. «Հայրս ասաց, որ այնտեղ Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոց կա, պիտի գնաս, բարձրացնես ուսման որակը: Երիտասարդ էի, եռանդս տեղը, բացի այդ այն ժամանակ երիտասարդ կադրերին գործուղում էին շրջաններ, որ դրանցում էլ երաժշտական կյանքն աշխուժանար»:
«Վարչական աշխատանքը չէ՞ր խանգարում ստեղծագործականին» հարցին, պատասխանում է` երբ «Հայաստանի հեռուստառադիո» պետվարչության երաժշտական ծրագրերի եւ երաժշտական խմբերի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարն էր, զգացել է, որ ստեղծագործական կյանքը տուժում է, ուստի 1997-ին, երեք տարի աշխատելուց հետո, թողեց այդ պաշտոնը:
Արամ Սաթյանն ափսոսանքով նշում է, որ իր ստեղծագործությունները հիմնականում արտասահմանում են կատարվում, այստեղ պատվերներ չի ստանում: Մեծ կտավի մի գործ է ստեղծել` «1915 թվական», որի պրեմիերան Նյու Ջերսիում է կայացել: Մտադիր է մինչեւ 2015 թվականը` հայոց մեծ եղեռնի 100-ամյակը թեմային առնչվող մի ավելի մեծ գործ ստեղծել: Նաեւ այն համոզմունքն ունի, որ շոու-բիզնեսով պիտի զբաղվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե պրոդյուսերական եւ մենեջերական կենտրոնները, որոնք էլ կոմպոզիտորական արվեստի այս կամ այն գործի հանդեպ պահանջարկ են ձեւավորում: Եվ ոչ միայն դա: Հիմա արվեստագետի համար դժվարին ժամանակներ են, այդ պատճառով շատ երիտասարդ կոմպոզիտորներ դրսում են: Իր աշակերտներից շատերն արտասահմանում են ապրում եւ ստեղծագործում, նրանցից առանձնացնում է Դավիթ Հալաջյանին, ով այժմ Շվեյցարիայում է ապրում: Նրա կարծիքով մենք ունենք շատ լավ կոմպոզիտորական դպրոց: Իր սերնդի կոմպոզիտորներից նշում է Լեւոն Չաուշյանին, Աշոտ Զոհրաբյանին, Ռուբեն Սարգսյանին (վերջերս է վախճանվել):
Վերջերս «Սոնի» ֆիրման կոմպոզիտորի ծննդյան 65-ամյակի առթիվ որպես նվեր թողարկեց նրա երգերի ձայնասկավառակը: Աշխարհահռչակ այդ ֆիրման երկրորդ անգամ է անդրադառնում հայ ստեղծագործողին: Ձայնասկավառակի թողարկման առիթ է հանդիսացել հայտնի «Ֆոնոգրաֆ» ամսագրում կոմպոզիտորի հոբելյանի առթիվ տպագրված հոդվածը:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ