Արամ Յոլյան. ««Որոտանի ՀԷԿ-երի համակարգ»-ն իր կարեւորությամբ առաջնային դիրք է զբաղեցնում մեր հանրապետության էներգահամակարգում»

18.12.2017 16:43
3312

Հարցազրույց «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության արտադրության ղեկավար Արամ Յոլյանի հետ


- Երկու եւ ավելի տարի է, ինչ ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը նախկին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության սեփականատերն է:

Եթե կարելի է, համառոտ ներկայացրեք, թե ինչ ասել է «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերություն:

- 2015թ. օգոստոսից «Որոտանի ՀԷԿ-երի համակարգի» սեփականատեր է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը, որն աշխարհի ավելի քան 20 տարբեր երկրներում էներգետիկայի ոլորտում կատարում է ներդրումներ՝ հիմնականում գնում, կառուցում, վերազինում եւ շահագործում է էներգիա արտադրող օբյեկտներ, ջերմային էլեկտրակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, արեւային եւ հողմային էներգիա արտադրող կայաններ, այսինքն՝ համարյա ամեն տեսակի, բացի ատոմակայաններից: «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ»-ը կազմված է չորս ջրամբարից, երեք հիդրոէլեկտրակայանից եւ մեկ օրական կարգավորման ջրամբարից: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ. ժամ, որը կազմում է հանրապետությունում արտադրվող էլէներգիայի մոտավոր 15 տոկոսը: 1970թ. դեկտեմբերին շահագործման է հանձնվել համակարգի առաջնեկը՝ Տաթեւ ՀԷԿ-ը, 1978թ.՝ Շամբ ՀԷԿ-ը, իսկ 1989թ.՝ Սպանդարյան ՀԷԿ-ը:

Ինչպես գիտեք, մեր հիդրոկասկադն իր ուրույն տեղն ունի հայկական էներգահամակարգում, հատկապես՝ օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջվող բեռի ապահովման գործում: Տաթեւ ՀԷԿ-ը հանրապետության մասշտաբով կարգավորում է էներգահաճախականությունը, Հայաստան-Իրան փոխհոսքերը: Մի խոսքով՝ «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ»-ն իր կարեւորությամբ առաջնային դիրք է զբաղեցնում մեր հանրապետության էներգահամակարգում:

- Նախորդ հարցազրույցներում նշել էիք, որ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, նոր աշխատաոճ, մոտեցումներ եւ այլն: Ավարտվե՞լ է արդյոք այդ գործընթացը: Եթե, այո՛, ապա ներկայումս ինչպիսի՞ պատկեր ունենք:

- Ինչ վերաբերվում է նոր աշխատաոճին, մոտեցումներին, ապա ,Քոնթուր Գլոբալե ընկերությունն առանձնացրել է հինգ կարեւորագույն արժեք, որոնցով առաջնորդվում ենք մեր գործունեությունը ծավալելիս: Մեր արժեքներն այն ամենի հիմքում են, ինչ անում ենք ամեն օր: Դրանք կողմնորոշում են մեր վարքագիծը եւ մեր որոշումներն ինչպես աշխատավայրում, այնպես էլ՝ տանը: Արժեքներից առաջինը՝ գործել թափանցիկ եւ բարոյական բարձր չափանիշներով: Սա կորպորատիվ մակարդակով ընդունված ամենակարեւոր արժեքներից մեկն է, եւ մենք ձգտում ենք հասնել կորպորատիվ մակարդակին: Երկրորդը՝ հոգ տանել մեր աշխատակիցների առողջության, անվտանգության, բարօրության եւ զարգացման համար: Սա այն կետն է, որի վրա առանձնակի ուշադրություն ենք դարձնում՝ հռչակելով անվտանգության, բնապահպանության՝ որպես կարեւոր արժեքների պահպանման կարեւոր սկզբունք: Երրորդը՝ աշխատել ջանասիրաբար եւ առանց սահմանափակումների՝ որպես բազմազգ ու ամբողջական թիմ, քանի որ մեր ընկերությունն աշխարհի ավելի քան 20 երկրում գործունեություն է ծավալում, ուստի շատ կարեւոր է, որ տարբեր կուլտուրա ունեցող աշխատակիցները փորձեն աշխատել միևնույն չափանիշներով: Հաջորդը՝ ակընկալել, ներգրավվել եւ հնարավորություն ստեղծել զարգացման ու շարունակական ուսուցման համար՝ խոնարհությամբ եւ այն գիտակցությամբ, որ մենք կձախողենք, բայց երբ ձախողենք, ապա կսովորենք դրանից: Եվ վերջին արժեքը՝ հարգել այն մարդկանց նվիրումը, ովքեր վստահել են մեզ:

- Կադրային քաղաքականության հարցում, որքանով տեղյակ ենք, որդեգրել եք երիտասարդ, բանիմաց մասնագետներով աշխատակազմը համալրելու գործընթաց: Կարողանո՞ւմ եք տեղում գտնել անհրաժեշտ մասնագետներ, թե՞ ստիպված դիմում եք հրավիրված մասնագետների «օգնությանը»:

- Ասեմ, որ կադրերի համալրման հարցում Ձեր մատնանշած երկու տարբերակն էլ կիրառում ենք: Ունենք ե՛ւ Հայաստանի տարբեր շրջաններից հրավիրված, ե՛ւ տեղացի աշխատակիցներ: Կայաններում ընդունել ենք տեղացի երիտասարդ, նորավարտ կադրեր, ովքեր արդեն իսկ հասցրել են լավ ցուցանիշներ արձանագրել: Ներկայումս անվտանգության բաժնում մեկ նորավարտ երիտասարդ անցնում է փորձաշրջան, եւ համապատասխան քննություն հանձնելուց ու չափանիշները բավարարելուց հետո կանցնի հիմնական պարտականություններին : Այս առումով հիմնականում որոշ խնդիրներ են առաջանում մենեջմենթի հետ կապված, այն էլ՝ հիմնականում պայմանավորված անգլերենի իմացությամբ (մեր բոլոր զեկույցները երկլեզու են՝ հայերեն եւ անգլերեն), բայց ընկերությունում կազմակերպվող դասընթացների միջոցով, որոնցում ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ, կարծեք թե, այդ հարցը նույնպես լուծում է ստանում: Այդ առումով դրական տեղաշարժ ենք արձանագրել, քանի որ աշխատակիցներից շատերն արդեն տիրապետում են անգլերեն լեզվին:

- Բացի կառուցվածքային փոփոխություններից՝ նախատեսվում էին նաեւ իրականացնել այլ բնույթի աշխատանքներ՝ առկա հիդրոսարքավորումների, միջոցների արդիականացում, կայանների վերազինում ու վերանորոգում եւ այլն: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:


- Վերակառուցման աշխատանքների կազմակերպման գործընթացն սկսվել է այս տարվա սեպտեմբերի վերջին, ստորագրվել են համապատասխան պայմանագրեր երկու կապալառու ընկերության՝ ավստրիական «Վոյտ» եւ պորտուգալական «Էֆասեկ» կազմակերպությունների հետ, որոնք ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում (չափման եւ գծագրման աշխատանքներ, համապատասխան սարքավորումների, նյութերի ձեռքբերում եւ այլն), իսկ 2018թ. հունիսից կսկսվեն բուն աշխատանքները: Վերակառուցման աշխատանքների շրջանակներում կփոխվեն բոլոր հիմնական էլեկտրամեխանիկական սարքավորումները:

Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքներին, ապա դրանք ավարտվել են: Ներկայումս կատարվում են օժանդակ շինությունների վերանորոգման աշխատանքներ:

- Հետաքրքիր է՝ թունելների վերանորոգման ծրագրեր նույնպես իրականացվե՞լ են կամ նախատեսվո՞ւմ են, որովհետեւ այդտեղ, ցավոք, երբեմն նաեւ դժբախտ պատահարներ են գրանցվում:

- Այս տարի համակարգի թունելներում աշխատանքներ չեն իրականացվել, 2018թ. նախատեսվում է դրանցում ուսումնասիրություններ անցկացնել, որոնց եզրակացության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, կկատարվեն վերանորոգման աշխատանքներ:

- Եվ, այնուհանդերձ, որո՞նք են ընկերության առջեւ ծառացած խնդիրները (թվարկեք մեկ-երկուսը), եթե, իհարկե, այդպիսիք կան:

-  Լուրջ խնդիրներ, որպես այդպիսիք, չկան: Ժամանակ առ ժամանակ խափանումներ ենք ունենում՝ պայմանավորված հնամաշ սարքավորումներով, որոնք, իհարկե, լուծելի են: Համոզված եմ՝ 2018թ. նոր սարքավորումներ տեղադրելով՝ նմանատիպ տեխնիկական խնդիրներ այլեւս չեն առաջանա, եւ շահագործումն ավելի հուսալի կլինի: «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ»-ը գործում է շատ կայուն, մեծ ցնցումներ, լուրջ խափանումներ չենք ունեցել:

Երեւի թե մեր ամենալուրջ խնդիրը բնության հետ է կապված, այսինքն՝ համապատասխան ջրային պաշարներ ունենալ, որ ամբողջանում է յուրաքանչյուր տարվա հունիս ամսին:

- Մարդկանց (աշխատողների) անվտանգության ապահովումը հռչակել էիք առաջնահերթ խնդիր: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ինչպիսի՞ արդյունք ունեք:


- «Նպատակը՝ դժբախտ պատահարների զրոյական ցուցանիշ» սկզբունքով ենք առաջնորդվում, եւ այս ժամանակահատվածում, բարեբախտաբար, արտադրությունում պատահար չենք արձանագրել, բայց տրանսպորտային բնույթի մի փոքրիկ պատահար է եղել, ինչի հետեւանքով ցուցանիշների մեջ փոփոխություն է տեղի ունեցել:

«Քոնթուր Գլոբալ» ընկերության՝ տարածաշրջանում 2017թ. իրականացրած սոցիալական ծրագրերի մասին հարցին պատասխանեց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգող Զարուհի Խաչատրյանը, ով, ի դեպ, մեր նախորդ այցելության ժամանակ փորձաշրջան էր անցնում ընկերությունում: «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության արտադրության ղեկավար Արամ Յոլյանի հավաստմամբ՝ Զարուհի Խաչատրյանը կարճ ժամանակամիջոցում կարողացավ հարմարվել ընկերության աշխատաոճին՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ, կոլեկտիվում աշխատելու կարողություն եւ համապատասխան հմտություններ:

- Ընկերությունն այս ժամանակահատվածում տարածաշրջանում իրականացրել է մի շարք սոցիալական ծրագրեր: Ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017թ. կամ ընթացիկ փուլում են, եւ ի՞նչ է նախատեսվում:

- «Քոնթուր Գլոբալ» ընկերությունն իր կորպորատիվ ռազմավարությանը համահունչ (սոցիալական ներդրումների ռազմավարություն) պարտավորվում է ամեն տարի ընկերության ազդակիր համայնքներում իրականացնել կորպորատիվ սոցիալական ծրագրեր՝ որոշակի բյուջեի շրջանակներում: 2017թ. համար նախատեսվել է հինգ սոցիալական ծրագիր, որից երկուսն արդեն ավարտվել է, իսկ երեքն ընթացիկ փուլում է: Արդեն ավարտվել են Գորիսի Գրիգոր Տաթեւացու փողոցում ֆուտբոլի դաշտի կառուցման, Դարբասի միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրերը: Բռնակոթի միջնակարգ դպրոցում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ ինժեներական լաբորատորիայի ստեղծման գործում մեր ընկերությունը հանդես է գալիս համապատասխան դասասենյակի վերանորոգման ծրագրով:

Մյուս երկու՝ ընթացիկ փուլում գտնվող ծրագրերն են՝ Ծղուկ համայնքի արտաքին լուսավորության ցանցի ստեղծումը եւ Գորիսի «Սյունիք» պարային համույթին ազգագրական հագուստի տրամադրումը: Նշեմ, որ սոցիալական ծրագրերն իրականացվում են ընկերության 15 ազդակիր համայնքում:

2018թ. սոցիալական ծրագրերի մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ դրանց հաստատման գործընթացը երկար է տեւում: Յուրաքանչյուր տարվա սկզբին մեր կողմից այդ ծրագրերը ներկայացվում են ընկերության կորպորատիվ սոցիալական ծրագրերի պատասխանատվության կոմիտե, որտեղ քննարկվում են հնարավոր տարբերակները, հետո ներկայացվում կորպորատիվ կոմիտե, որն էլ իր հերթին հաստատում կամ մերժում է, որից հետո սկսվում է իրականացման գործընթացը: Այդ ծրագրերն իրականացվում են հինգ ոլորտում՝ կրթական, մշակութային, մարզական, հակակոռուպցիոն եւ բնապահպանական:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25