Մեղրու տարածաշրջանին նվիրված հատուկ համարների շարքի 2-րդ մասն ենք ներկայացնում ընթերցողին։
1-ին մասը, որ լույս տեսավ 2025 թ․ դեկտեմբերի 16-ին («Սյունյաց երկիր. մշակութային», № 20), նվիրված էր տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերին։
Իսկ 2-րդ մասը․․․
Համարը բացվում է Հայկ Նահապետի հուշարձանով (հեղինակ՝ Կառլեն Նուրիջանյան) և Պատմահոր «Հայոց պատմությունից» բերված՝ «Հայկի ապստամբության մասին» քաղվածքով, ինչից վերստին իմանում ենք, թե ինչպես մեր Նախահայրը չհնազանդվեց բռնակալ Բելին։
Մյուս կողմից՝ հիշում ենք, որ Հայկի հաջորդներից Սիսակ Նահապետն էր հազարամյակներ առաջ ձևավորել Սյունյաց աշխարհը՝ իբրև նահանգ՝ իր 12 գավառով, որոնց թվում Արևիք-Մեղրին է։
Այնուհետև ներկայացնում ենք մի քանի գեղանկար. դրանք յուրովի վկայություն են այն իրողության, որ Արևիք-Մեղրին՝ Արաքսի հովտի մարգարիտը, եղել և մնում է ու ընդմիշտ կմնա ոգեշնչման աղբյուր արվեստի բոլոր ոլորտների գործիչների համար։
Ծանոթացեք գեղանկարիչներ Ռոբերտ Կամոյանի, Լեռնիկ Առաքելյանի, Խաչատուր Եսայանի, Սեյրան Խաթլամաջյանի, Էդուարդ Իսաբեկյանի և, իհարկե, Պապ Օհանյանի հրաշալի ստեղծագործություններին և կհամոզվեք՝ Մեղրին, հիրավի, ոգեշնչման անսպառ աղբյուր է․․․
***
Առանձնահատուկ տեղ ենք հատկացնում ստուգաբանությանը...
Թեմայի վերաբերյալ ուշարժան տեղեկություններ ենք ստանում մեր նշանավոր հայրենակից, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանի «Արևիք գավառը վաղ միջնադարում» հոդվածից, ինչպես և տողերիս հեղինակի «Արևիք և Մեղրի տեղանունների ստուգաբանություն․ ավանդազրույցներ, վարկածներ» հոդվածից։
Մանրամասներին ընթերցողը կծանոթանա, բայց․․․
Մեկ-երկու տեղեկություն կուզենայինք անմիջապես հանրայնացնել, քանզի դա կբազմապատկի մեր հպարտությունն Արևիք-Մեղրու համար, հավելյալ պատկերացում կտա մեր ինքնության արմատների մասին։
Ասորեստանյան արձանագրություններից մեկում՝ Շամսիռամոն թագավորի (825-821, մ․թ․ա․) արձանագրության մեջ, կարդում ենք՝ «Իրենց բազմաթիւ քաղաքները թողուցին, Ուրաս իրենց ամուր քաղաքը գնացին։ Այն քաղաքը պաշարեցի, անոր տիրեցի»։
Յ․ Սանտալճյանն իր ուսումնասիրության մեջ (Ասորեստանեայ և պարսիկ սեպագիր արձանագրութիւնք կամ նոցին քաղուածք, որոնք Նաիրի-Ուրարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: Թարգմանեաց Յովսէփ Վ․ Սանտալճեան, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1901 թվական) ենթադրել է՝ «Միջին Երասխայ ձախ եզերաց վրայ գտնուելու էր այս քաղաքն, եւ ասոր անունէն առած էր անշուշտ իւր անունն այն վիճակն, զոր Ուրարտացի թագաւորն Արգիստիս Ա․ (Ք․ ա․ իբր 780-755) իւր Շքեղ Արձանագրութեան մէջ (Ա․ 25) ՄԱՏ Ուրայանի «երկիր Ուրացւոց» կկոչէ։ Այս վիճակն Արեւիք գաւառին հետ նոյն կը համարիմ, եւ Ուրաս ամուր քաղաքը Ծննդոց (Գլ․ ԺԱ․ 28, 31 եւն) Ուր Կասդից քաղաքին հետ նոյն կը դատեմ»։
Շամսիռամոն թագավորի արձանագրության սույն մեկնաբանությունը հիշատակում է նաև մեր հայրենակից Սերգեյ Ումառյանը (Սյունիքը դիցարան, Երևան-1981, էջ 89)։
Իսկ ի՞նչ են վկայում Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքի Գլ․ ԺԱ-ի նշված 28 և 31 պարբերությունները։
Ահա՝ «Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը... Ուր քաղաքումը։
Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին.․․
Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ … Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար․․․»։
Ասորական վերոնշյալ արձանագրությունում, Արգիշտի Ա-ի արձանագրությունում, իսկ մինչ այդ՝ Ծննդոց գրքում հիշատակված Ուրաս, Ուր, Մատ Ուրանայա վայրերն Արևիք գավառն են։
Հայագիտության մեջ հարյուր և ավելի տարի շարունակ շրջանառվող այդ տեսակետը մասնագետներից որևէ մեկը կասկածի տակ չի առել, ուստի և անվերապահորեն ընդունում ենք նաև մենք։
Արգիշտի Ա-ի արձանագրությունը վկայում է նաև, որ Արևիքի տարածաշրջանը մ․թ․ա․ 8-րդ դարում արդեն իսկ Ուրարտուի թագավորության մաս էր կազմում։
Արգիշտի Ա-ն, ինչպես գիտենք, մեծ ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար։ Եվ նրան հաջողվել է գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորել Ուրարտու պետության մեջ։
***
Մեր տարածաշրջանի պատմության ուսումնասիրման համար չափազանց կարևոր սկզբնաղբյուր է վիմագրությունը։
Սյունիքում վիմագիր արձանագրությունների հավաքման ու հրատարակման ուղղությամբ 1950-ականներին (հինգ տարի շարունակ) մեծածավալ աշխատանք է կատարել Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտը։
Հավաքված նյութերը հրատարակվել են «Դիվան հայ վիմագրության» շարքի II պրակում։
Դրանում ամփոփվել է Գորիսի, Կապանի և Սիսիանի շրջաններում հայտնաբերված 427 արձանագրություն։
Շատ ափսոս, սակայն, որ այդ որոնումները, որ կատարվում էին անվանի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի գլխավորությամբ, չեն ընդգրկել Մեղրու տարածաշրջանը։
Ու մինչև հիմա ամբողջապես չեն հավաքվել ու հրատարակվել Մեղրու տարածաշրջանի վիմական արձանագրությունները։
Այդ բոլորով հանդերձ՝ եղել ու կան հայագետներ, ովքեր զբաղվել ու զբաղվում են Մեղրու տարածաշրջանում եղած վիմագիր արձանագրությունների որոնումներով և ուսումնասիրությամբ։
Այդ իմաստով նշանակալի աշխատանք է կատարել և կատարում Արևիք աշխարհի արժանավոր զավակ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։
Գնահատելի է նաև Սամվել Կարապետյանի, Էմմա Աբրահամյանի և մյուս հնագետների կատարածը։
Մենք կարևոր համարեցինք ի մի բերել եղած հոդվածները կամ ուսումնասիրությունները և զետեղել հանդեսի այս համարում։
Ներկայացվող արձանագրություններից ուշագրավ տեղեկություններ ենք քաղում Մեղրու անցյալի մասին։
Օրինակ, արձանագրություններից մեկը հնարավոր է դարձնում պարզել, թե ովքեր են եղել Մեղրու 9-11-րդ դարերի իշխանները։
Մեկ այլ վիմագրում՝ գտնված Վահրավար գյուղում, հացի թանկության կամ սովի մասին տեղեկություն է վկայակոչվում, որը, իսկապես, բացառիկ է իր բովանդակությամբ։
Մեղրու տարածաշրջանի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև Տաթևի վանքի ու Կապանի Հալիձորի վիմագրերից։
Կան նաև շինարարական արձանագրություններ։
Մեղրիում են գտնվել Հայաստանում ամենավաղ թվագրություն ունեցող երկու խաչքարը՝ Ափկեսում՝ 827 թ․, Վանքում՝ 851 թ․։
Մինչ այդ գիտությանը հայտնի հնագույն թվագրությամբ խաչքարերը համարվում էին հայոց Արցախի Մեծարանց Սողոմոն եպիսկոպոսի (853 թ․) և Վաղուհասի (866 թ․) կոթողները։
***
Համարում որոշակի տեղ է հատկացվում ազգագրությանը, որն իր մեջ ներառում է տարածաշրջանի բնակչության կենցաղը, սովորույթները, էթնիկական յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները։
Սյունիքում ազգագրական նյութերի հավաքման ուղղությամբ 19-րդ դարավերջին աշխատանքներ է ծավալել անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը։
Հավաքված նյութերը տեղ են գտել «Ազգագրական հանդեսի» հատորներում։
Այնուհետև՝ բոլոր այդ նյութերը տեղ են գտել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից հրատարակվող վեց հատորով երկերի չորրորդ հատորում (Երևան 2021)։
Ցավոք, այս դեպքում ևս Մեղրու տարածաշրջանը չի ընդգրկվել տվյալ ուսումնասիրությունների շրջանակում։
Չնայած դրան, կա հիմնավոր տեղեկություն առ այն, որ Երվանդ Լալայանն այցելել է Մեղրու տարածաշրջան և զբաղվել ազգագրական նյութերի հավաքմամբ։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Թբիլիսիում լույս տեսնող «Известия» պարբերականում (1927 թ․)՝ «Мегринское крестьянское жилище» վերնագրով։
Պարբերականի այդ համարը գտնելու մեր որոնումներն առայժմ արդյունք չեն տվել․․․
Սյունիքի շրջանների ազգագրության ուսումնասիրման ուղղությամբ աննախադեպ մեծ աշխատանք է կատարել պրոֆեսոր, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանը։
1920-ականներից մեծանուն գիտնականը նվիրվել է ազգագրությանը՝ դառնալով ազգագրության հայ խորհրդային դպրոցի հիմնադիրը։
1920-30-ական թվականներին նա ազգագրական նյութեր է հավաքել Սյունիք-Զանգեզուրում։
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին առնչվող այդ նյութերը տեղ են գտել «Զանգեզուրի հայերը» մենագրության մեջ (Երևան-1969, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն)։
Դրանում Ս․ Լիսիցյանն անդրադարձներ է կատարում նաև Մեղրու տարածաշրջանին՝ բարբառագիտություն, տների կահավորում, կանացի զգեստներ, հին քարավանային ճանապարհներ, այգեգործություն, սրանոցներ, արհեստներ և այլն։
Համարի ազգագրության բաժինը յուրովի է հարստացվում տարածաշրջանի կյանքն արտացոլող հին լուսանկարներով, որոնցից մի քանիսը ներկայացվում են։
Հաճելի է նկատել, որ Մեղրու տարածաշրջանի ազգագրության ուսումնասիրումը հետագայում նույնպես զբաղեցրել է հայագետներից շատերի ուշադրությունը, որոնցից մի քանիսի հոդվածը ներկայացնում ենք։
Այսպես՝ «Մեղրու ավանդական տարազի տոնածիսական համալիրը» (Սվետլանա Պողոսյան), «Մեղրեցիների տոնածիսական վարքագծային փոփոխությունները վերջին հարյուրամյակում (էթնոսոցիոլոգիական ազգագրական հետազոտություններ)» (Սամվել Մկրտչյան), «Շվանիձոր գյուղը 19-րդ դարի վերջին՝ ըստ Նիկոլ Աղբալյանի» (Արմեն Մանուկյան), «Մեղրիի մշակութային զբոսաշրջության զարգացման ներուժը» (Սվետլանա Պողոսյան)։
Մեղրու տարածաշրջանի ազգագրության վերաբերյալ (19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ընդգրկումով) կարևոր սկզբնաղբյուր է Մաթևոս Շահյանի ձեռագիր մատյանը, որի բնօրինակն Ազգային արխիվում է (ֆոնդ 428, ցուցակ 4, գործ 335)։
Մենք ջանքեր ենք գործադրում բացառիկ այդ մատյանի օրինակը ձեռք բերելու և այն Մեղրուն նվիրված հետագա համարներում ընդգրկելու համար։
Մեղրու տարածաշրջանի ազգագրության (և ոչ միայն) մասին հետաքրքիր, որոշ դեպքերում՝ բացառիկ, տեղեկություններ են պարունակում աշխարհահռչակ ճանապարհորդների գրառումները, ովքեր տարբեր ժամանակներում շրջագայել են Սյունյաց աշխարհի այդ գավառում։
Նկատի ունենք նշանավոր ճանապարհորդ, բնագետ և հնէաբան Դյուբուա դե Մոնպերեին (1798-1850 թթ․), ով 1834 թ․ ապրիլին Մեղրիում էր։
Նկատի ունենք աշխարհագրագետ, ճանապարհորդ Գուստավ Ռադդեին (1831-1903 թթ․), ով 1890 թ․ ամռանը Մեղրիում էր։
Նկատի ունենք ֆրանսիացի նշանավոր մարդաբան և հնագետ Էռնեստ Շանտրին (1843-1924 թթ․)։
Նկատի ունենք ֆրանսիական ծագմամբ ազգագրագետ, պատմաբան և պետական գործիչ Իվան Շոպենին (1798-1870 թթ․), ով Ռուսաստանի ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճակագրական հետազոտություններ նաև Արաքսի հովտում։
Նկատի ունենք հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ Էմինին (1726-1809 թթ․), ով Մեղրի է այցելել 1766-ին, երբ Գյուլիստանի Մելիք Հովսեփի հետ եկել էր Արցախ, տեսակցել Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան Ջալալյանի և Արցախի մելիքների հետ, շրջագայել հայոց աշխարհի այդ և հարակից հատվածներում։
«Հովսեփ Էմին հայի կյանքը ու արկածները» վերտառությամբ գրքում (լույս է տեսել 1788-ին՝ անգլերեն լեզվով) հետաքրքիր տեղեկություններ կան Մեղրու վերաբերյալ։
Կարծում ենք՝ ապագա ուսումնասիրողները պետք է այդ ճանապարհորդների գրառումները՝ Մեղրու տարածաշրջանում կատարած շրջագայության մասին, ի մի բերեն և հասանելի դարձնեն ընթերցողին։
***
Համարը հնարավորություն է ընձեռում ընդհանուր պատկերացում կազմել Մեղրու տարածաշրջանի ճարտարապետության մասին։
Թեմայի ուսումնասիրման գործում, անշուշտ, մեծ է մեր նշանավոր հայրենակից, անվանի ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանի դերը (պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանի որդին է)։
Մուրադ Հասրաթյանը՝ 90 տարեկանում, վերջերս հրաժեշտ տվեց կյանքին։
Նա մեծ ներդրում է ունեցել Սյունիքի ճարտարապետական համալիրների և մասնավորապես Մեղրու տարածաշրջանի համալիրների ուսումնասիրման գործում։
Դեռևս 1969-ին պաշտպանեց դիսերտացիա՝ «Սյունիքի XVII-XVIII դդ․ ճարտարապետական համալիրները» թեմայով։
Մեղրու տարածաշրջանի վանքերի ու եկեղեցիների ճարտարապետական առանձնահատկությունների վերաբերյալ նրա ուսումնասիրությունը տեղ էր գտել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի № 20-ում (15.12.2025 թ․), որը նվիրված է Արևիք-Մեղրիին։
Այս համարում ևս նրա հոդվածն է՝ «Մեղրու շրջանի հուշարձանները» վերտառությամբ։
Սյունիքի ժողովրդական ճարտարապետության, այդ թվում՝ Մեղրիի ժողովրդական ճարտարապետության ուսումնասիրման գործում նշանակալից է Նուբար Պապուխյանի դերակատարությունը։
Համարում ծանոթանում ենք նրա՝ «Մեղրիի ժողովրդական ճարտարապետությունը», «Մեղրու շրջանի հարթածածկ գյուղական տունը» վերտառությամբ ուսումնասիրություններին, ինչպես և Շվանիձորի ջրանցույց կամուրջին (17-րդ դար), «Մեղրիի Փոքր թաղի ճարտարապետությունը 19-20-րդ դարերի հողաշեն ժառանգության համատեքստում» (Համազասպ Աբրահամյան) հոդվածներին։
***
Հաղորդակցության ուղիներ․․․ Թեման չափազանց կարևոր է՝ պատկերացում կազմելու տարածաշրջանի մասին։
Այդ իմաստով նախ ուշագրավ են տարածաշրջանի միջնադարյան կամուրջները։ Ուշագրավ են ոչ միայն ճարտարապետական, այլև հին ճանապարհների ուղղությունները տեղորոշելու տեսակետից։
Միջնադարյան կամուրջների մի մասի լուսանկարները ներկայացվում են համարում։
Այնուհետև՝ տեղեկանում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-45 թթ․) կառուցվեց Ջուլֆա-Մինջևան (Միջնավան) երկաթուղին, որով կապ է հաստատվել Մեղրու տարածաշրջանի ու Կապանի միջև։
Երկաթուղու թեման հետաքրքիր է ոչ միայն պատմական տեսակետից, այն նաև հույժ արդիական է։
Ընդամենը վերջերս, երբ լույս աշխարհ եկավ «Թրիփփ» ծրագիր-մտադրությունը, Ադրբեջանի ներկայացուցիչները քանիցս արտահայտել են իրենց հավակնությունները երկաթուղու Մեղրու հատվածի հանդեպ։ Հավակնությունների հիմքում կեղծ դրույթ է՝ իբր 1938-ին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանին։ Եվ հիմա հիշեցնում են, թե փոխանցումը տարածվել է նաև Մեղրու երկաթուղու վրա, որն իբր գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո։
Երկաթուղու թեմայի շարունակությունը տեսնում ենք երջանկահիշատակ Դավիթ Մաթևոսյանի «Մեղրու երկաթուղու օրհասը» վերտառությամբ հոդվածում, նաև վերջին կայարանապետի մասին Վահրամ Օրբելյանի հրապարակման մեջ։
Քչերը գիտեն, որ Մեղրիում 1980-ականներին նաև օդանավակայան է կառուցվել, այն էլ՝ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ։
Օդանավակայանի կառուցման և դրա հետագա ճակատագրի մասին նույնպես կիմանաք համարից։
Մեղրու հաղորդակցության ուղիների տեղագրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Քաջարան-Մեղրի ճանապարհի կառուցումը։ Սերունդները երբեք չեն մոռանա, որ 1980 թ․ նոյեմբերի 2-ին շարք մտավ կամ գործարկվեց Քաջարան-Մեղրի ռազմավարական ճանապարհը։ Մեղրեցիների ուրախությունն ու բերկրանքը Դիբագի լեռնանցքում այդ օրը կիսեցին դարակազմիկ այդ նախաձեռնության հեղինակները՝ Կարեն Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանը։
Ռազմավարական նշանակության մեկ այլ ճանապարհ էլ կառուցվեց 2000-ականների սկզբին։ Խոսքը Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհի մասին է, որի գաղափարը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանինն էր։
Այդ մասին նույնպես ընթերցողը տեղեկություններ կստանա համարում։
Թեման, անշուշտ, ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայինք Արաքս գետի վրա Իրան-Հայաստան կամրջի կառուցման նախապատմությանը, որը հանգամանալից ներկայացվում է Ժ․ Միրզաբեկյանի «Ինչպես կառուցվեց Արաքս գետի վրայի կամուրջը Հայաստանի և Իրանի սահմանում»։
Մինչ այդ՝ 1992-ի մայիսի 6-ին, բացվել է նավակամուրջը կամ պոնտոնային կամուրջը։
Այո, հենց այդ ժամանակ Մեղրու Ագարակ ավանի դիմաց մայր Արաքսի ափերը կամրջվեցին միմյանց։ Բացման արարողությանը մասնակցելու էր եկել հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանը։
Հաղորդակցության ուղիների պատմությանը կանդրադառնանք նաև հանդեսի հաջորդ համարներում։ Մասնավորապես, հանգամանալից խոսակցություն կվարենք այն մասին, թե ինչպես Հայաստանի Հանրապետության պատասխանատուները (Գրիգոր Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Ֆադեյ Սարգսյան, Վլադիմիր Մովսիսյան) ձախողեցին Մեղրու տարածքով՝ Արաքսին զուգահեռ, ճանապարհի կառուցումը, որը պետք է Զանգելանի շրջանը կապեր Օրդուբադի հետ։
Հանգամանալից խոսակցություն կվարենք «Թրամփի ուղի» նախագծի մասին, որը, փաստորեն, Մեղրու հաշվին թուրք-ադրբեջանական դարավոր երազանքի իրականացում է նշանակում։
***
Մեր խոսքի սկզբում անդրադարձանք տարածաշրջանի վիմագրությանը՝ ցույց տալով, թե դարերի խորքից ինչպիսի արձանագրություններ են մեզ հասել։
Մեղրու տարածաշրջանում հայտնաբերված հնագիտական նյութերի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև Պապ Օհանյանի ու Նաիրա Հայրապետյանի հետ ունեցած զրույցներից։
Նրանք (սեփական նախաձեռնությամբ) տարիներ շարունակ հսկայական աշխատանք են կատարել հնագիտական նյութերի հավաքման ուղղությամբ։
Սակայն այդ բնագավառը շարունակում է դուրս մնալ պետական ուշադրությունից և հոգածությունից։ Ուստի և նորից է կարևորվում Մեղրիում երկրագիտական թանգարան հիմնելու խնդիրը։
***
Քանիցս առիթ ենք ունեցել նշելու բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» կոթողային գործի բացառիկ նշանակությունը Սյունիքի գավառների պատմության ուսումնասիրման և հատկապես տեղագրության հետազոտման գործում։
Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմաաշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորում։
Շարքի առաջին գործերից է «Սիսականը», որը չհնացող կոթող է հայագիտության գանձարանում։
Բնավ Հայաստանում եղած չլինելով, Ալիշանն այդ գործում տեղագրել է Սյունիքի բոլոր գավառների (այդ թվում՝ Արևիքի) լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել նահանգում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։
«Սիսականի» Արևիք գավառի հատվածը՝ մեր նախաձեռնությամբ և ճանաչված գրաբարագետ Հակոբ Քյոսեյանի ջանքով, փոխադրվել է գրական հայերենի, որը և ներկայացնում ենք համարում։
Հիշենք նաև՝ «Սիսականը» լույս է տեսել 1893 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։
116 տարի անց՝ 2009 թվականին, գիրքը վերահրատարակվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու միջոցներով։
Եվ, որպես տեղագրության շարունակություն, ներկայացնում ենք այն բնակավայրերի համայնապատկերները, որոնք կան և ընդգրկված են Մեղրի խոշորացված համայնքի մեջ։
***
Համարն ավարտում ենք Արաքս գետի ափամերձ տարածքը ներկայացնելով, հայոց մայր գետի վերաբերյալ Րաֆֆու խոսքով, Բերդին քար ամրոց-սրբավայրը ցույց տալով, լուսահոգի Լիլիկ Պողոսյանի՝ Մեղրին փառաբանող բանաստեղծությամբ, որը (հիրավի) կատարյալ է դարձել Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի մշակմամբ։
Այդ ամենով, սակայն, Մեղրու մասին մեր պատումը չենք ավարտում։
Այն կշարունակենք Արևիք-Մեղրիին նվիրված թերթային հաջորդ համարներում, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Սամվել Ալեքսանյան