«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը

23.06.2025 22:56
496

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։

ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:

Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։

Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։

Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով  թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական  մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի:

ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից: 

Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական  հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08