ԱՐՄԵՆ ԱՖԱՆԴՅԱՆ. «Յուրաքանչյուրը պիտի համոզվի, որ ինքն օրենքով պաշտպանված է»

24.03.2014 18:00
5149

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանը

– Պարոն Աֆանդյան, մեր թերթի այս տարվա փետրվարի 15-ի համարում «Սյունիք. գործող անձինք» խորագրի ներքո ներկայացվել էր ձեր այցեքարտ-կենսագրականը: Բնականաբար, սա Ձեր անդրանիկ հանդիպումը չէ ընթերցողի հետ, ուստի որպես մեր զրույցի նախաբան` կուզեինք ներկայացնել մարզի քրեածին իրավիճակը:

– Նախ՝ շնորհակալ եմ մեր կառույցով հետաքրքրվելու համար: Իրավիճակը մարզում բավարար եմ համարում, քանի որ արտառոց, ծանր, հասարակական հնչեղություն ունեցող դեպքեր չեն արձանագրվել: Չորրորդ ամիսն է, ինչ ղեկավարում եմ Սյունիքի մարզային դատախազությունը, կնշանակի ծանոթ եմ մարզի օպերատիվ իրավիճակին, եւ դժվար է առանձնացնել մի հանցատեսակ, որ առավել տարածված է Սյունիքում: Որպես կանոն՝ գերակշռում են հիմնականում մարմնական վնասվածքներով, երբեմն մահվամբ ավարտվող ճանապարհատրանսպորտային պատահարները:

– Ձեր պաշտոնավարումից հետո կադրային փոփոխություններ եղե՞լ են, թե՞ նախընտրում եք առկա կադրերով ղեկավարել մարզային դատախազությունը: Ինչպե՞ս կգնահատեիք նրա կադրային ռեսուրսը:

– Սյունիքի մարզային դատախազության կադրային ռեսուրսն այսօրվա դրությամբ բավարար է: Կադրերին ներկայացվող պահանջներից են, որը կարեւորում է նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը եւ անկաշառ լինելը: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել ենք, ովքեր կպահպանեն այդ պահանջները, կմնան եւ կաշխատեն: Կադրային քաղաքականության հարցում իմ պաշտոնավարումից հետո «ցնցումներ» չեն եղել. երկու աշխատակից տեղափոխվել է, բայց ոչ թե ուրիշ տեղ, այլ մեր համակարգում այլ աշխատանքի:

– Իսկ բացթողումներ նկատե՞լ եք այս մի քանի ամսվա ընթացքում:

– Համակարգը երկար տարիներով ճանապարհ անցած, հղկված համակարգ է, մարզային դատախազության ընդհանուր աշխատանքը բավարար կարելի է համարել: Խնդիրն այն է, որ էլ ավելի պիտի փորձենք ժողովրդի վստահությունը վերականգնել դատախազական համակարգի հանդեպ: Մեր առաքելությունը հենց պատշաճ միջոցներ ձեռնարկելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի եւ համոզվի, թե ինքն անպաշտպան չէ. եթե նա տուժել է որեւէ մեկի, այդ թվում պաշտոնատար անձի գործողությունների հետեւանքով, օրենքով պաշտպանված է: Այլ կերպ ասած՝ մարդկանց մեջ պիտի արմատավորվի այն մտայնությունը, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են՝ անկախ պաշտոնից, դիրքից եւ այլ հանգամանքներից: Բայց որպես մարզի դատախազ՝ պիտի ասեմ, որ երեւույթներ կան, որոնց դրսեւորումները մշտապես մեր տեսադաշտում են լինելու. խոսքը կոռուպցիոն դրսեւորումների մասին է:

– Ներող կլինեք ընդհատելու համար, ուզում եմ մի քիչ հանգամանորեն լուսաբանեք կոռուպցիա հասկացությունը: Այն ժողովուրդը մակերեսորեն եւ միակողմանիորեն է ընկալում՝ հասկացության իմաստը նեղացնելով եւ մասնավորապես այն շփոթելով սոսկ կաշառք տալու եւ վերցնելու հետ: Ըստ իս՝ կոռուպցիան շատ ավելի լայն հասկացություն է, քան մարդիկ պատկերացնում են:

– Ճիշտ եք նկատել: Ցավոք, ժողովրդի մեջ ձեւավորված է այն թյուր կարծիքը, որ կոռուպցիան պաշտոնյային կաշառք տալն է եւ նրա կողմից կաշառք վերցնելը: Կոռուպցիոն հանցատեսակների շրջանակն ավելի լայն է: Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձի կողմից դրսեւորած յուրաքանչյուր հովանավորչություն իր մեջ կարող է պարունակել կոռուպցիոն երեւույթներ, այդ թվում՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը, ծառայողական պարտականությունները չկատարելը, կամ վերջիններիս կողմից այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են նրանց լիազորությունների շրջանակից եւ այլն: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում 30-ից ավելի հոդվածներ կան, որոնք դասվում են կոռուպցիոն հանցագործությունների շարքին:

– Նաեւ ուզում ենք իմանալ, թե ինչ քաղաքականություն եք որդեգրել լրատվամիջոցների հանդեպ: Հարցս ինքնանպատակ չէ: Սյունիքի դատախազներից մեկն իր պաշտոնավարման հինգ-վեց տարվա ընթացքում այդպես էլ իրեն հեռու պահեց մարզային լրատվամիջոցներից:

– Երբ նոր սկսեցի պաշտոնավարել Սյունիքում, առիթ եղավ հանդես գալ տեղական հեռուստատեսությամբ: Այս անգամ էլ դիրքորոշումս խնդրո առարկայի առնչությամբ հայտնում եմ մարզային թերթի ընթերցողներին: Հասարակությունից ոչ մի բան չունենք թաքցնելու, որդեգրել ենք թափանցիկ աշխատաոճը, հետեւապես որեւէ քրեական գործի վերաբերյալ ոչ տեղեկատվություն թաքցնելու իմաստն ենք տեսնում, ոչ էլ ցանկություն ունենք: Այլ խնդիր է, որ առանձին դեպքերում, զուտ նաեւ պայմանավորված նախաքննական գաղտնիքի հրապարակման չափորոշիչներով, քրեական գործի մասին չենք կարող տրամադրել այն տեղեկատվությունը, որը, ենթադրենք, թերթը կամ ընթերցողն ակնկալում է: Քանզի ոմանք այն թյուրըմբռնումն ունեն, թե երբ դեպքն արձանագրվել է, այսինքն՝ այդ պահին ինչ որ հայտնի է, իրավապահ մարմինները հանրությանը պիտի իրազեկեն: Ասեմ, որ դա բնավ էլ այդպես չէ, որովհետեւ նախեւառաջ կխախտվեն նախաքննության գաղտնիության սկզբունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլեւս չխոսելով այն մասին, որ դա կարող է բացասաբար ազդել նախաքննության ելքի վրա: Բացի այդ՝ լինում են քրեական գործեր, որոնց դեպքում, եթե հայտնենք բոլոր կասկածյալների անունները, ապա նրանցից մեկը կարող է թաքնվել քննությունից՝ ասենք՝ դիմելով փախուստի, ինչը խոչընդոտներ կստեղծի քրեական գործի քննության համար: Եկեք չմոռանանք անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին: Եթե քրեական գործ է հարուցվել, դեռեւս չենք կարող ասել, որ տվյալ պաշտոնատար անձը մեղավոր է, հանցանք է կատարել եւ այլն, եւ այլն: Մենք նման հետեւություն կարող ենք անել միայն այն դեպքում, երբ վկայակոչված գործերը մեղադրական եզրակացությամբ կմտնեն դատարան եւ ավելին` դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կկայացվի: Այսինքն` ըստ էության այդ դեպքում կարելի է ասել, որ պաշտոնատար անձն օրենքի խախտում է թույլ տվել:

– Վերջերս խոշոր գողություն կատարվեց «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում: Գործն ի՞նչ ընթացք է ստացել:

– Նշեմ, որ արձանագրվել է նման դեպք՝ կատարվել է 36 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի սարքավորումների հափշտակություն, քրեական գործ է հարուցվել, այս պահին քննություն է ընթանում:

– Պարոն Աֆանդյան, ամիսներ առաջ Սյունիքի մարզի դատախազությունը պատրաստեց մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Սիսիանի քաղաքապետարանում կատարված վարչական հսկողության արդյունքների, ինչպես նաեւ Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ո՞ր փուլում է այդ գործի նախաքննությունը, եւ նախնական ի՞նչ արդյունքներ է արձանագրել նախաքննական մարմինը:

– Իրավացի եք, մարզպետարանի կողմից Սիսիանի քաղաքապետարանում իրականացված վարչական հսկողության արդյունքում որոշակի խախտումներ արձանագրելու դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Նշված քրեական գործի ժամկետների ձգձգման պատճառը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ են հատուկ բնագավառի մասնագիտացված գիտելիքներ (շինարարական, հաշվապահական) եւ կատարվում են ստուգումներ, նշանակվել են որոշ փորձաքննություններ: Բայց, կարծում եմ, շուտով այդ գործի ամբողջ պատկերը կունենանք, ու համապատասխան գնահատականներ կտրվեն:

– Ըստ Կապանում շրջանառվող խոսակցությունների՝ Կապանի կոմունալ տնտեսությունում տեղ են գտել մի շարք իրավախախտումներ, որոնց առիթով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, իսկապե՞ս հարուցվել է քրեական գործ եւ քրեական օրենսգրքի ո՞ր հատկանիշներով:

– Իրոք, Կապանի կոմունալ ծառայության գործունեության հետ կապված քրեական գործ հարուցվել է, ընդ որում տվյալ քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը: 2013թ. դեկտեմբերին aravot.am կայքում հաղորդագրություն էր տարածված, թե Կապանի բնակիչները բողոքում են` քաղաքի փողոցներն ու մայթերը մաքրված չլինելու համար, որի պատճառով բազմաթիվ քաղաքացիները վնասվածքներ են ստացել: Այս հաղորդումն է առիթ եղել, որ հանձնարարվել է նախապատրաստել նյութեր եւ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով: Ընդ որում՝ շատերի մեջ այն պատկերացումն է, որ եթե քրեական գործ է հարուցվում, անպատճառ պիտի մարդիկ կալանավորվեն, մեղադրանքներ առաջադրվեն եւ այլն: Հաղորդումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում քննիչն ու հետաքննիչը պիտի որոշումներ կայացնեն՝ կամ քրեական գործ հարուցեն, կամ մերժեն քրեական գործի հարուցումը, եւ առանձին դեպքերում այդ տասնօրյա ժամկետում հնարավոր չէ վերջնական եզրակացություն տալ, հետեւաբար, քրեական գործ կարող է հարուցվել՝ ենթադրաբար կատարված հանցագործության դեպքերը հայտնաբերելու կամ հերքելու համար: Նշված քրեական գործի քննությունը ընթացքի մեջ է:

– Նմանատիպ ասեկոսեներ են շրջանառվում Գորիսի քաղաքապետարանի շուրջ: Արդյո՞ք քրեական գործ է հարուցվել Գորիսի քաղաքապետարանում տեղ գտած ինչ-ինչ իրավախախտումների առիթով:

– Ասեմ, որ Գորիսի քաղաքապետարանի հետ կապված հարուցվել է ոչ թե մեկ, այլ երկու քրգործ: Մեկը վերաբերում է քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքերի վաճառքի ընթացքում աճուրդները կազմակերպելու գործընթացին: Քրեական գործի հարուցման հիմքը թերթի հրապարակումն է, ըստ որի Գորիս քաղաքի հաշվեկշռում գտնվող գույքն էժան գներով օտարվել է, անհիմն կերպով զիջվել:

Մյուս քրեական գործը վերաբերում է 2011-13թթ. ընթացքում Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին, այսինքն՝ շինարարական աշխատանքների, ծառայությունների մատակարարման մրցույթներին: Դրանք համեմատաբար նոր քրեական գործեր են, որոնց հարուցման առիթներից մեկը, ինչպես նշեցինք, հենց զանգվածային լրատվամիջոցի հրապարակումն է: Երկու քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:

– Պարոն Աֆանդյան, ցանկանում եմ մեր զրույցն այլ հարթություն տեղափոխել, ինչպես տեղեկացա Ձեր վերոնշյալ կենսագրությունից, ոչ միայն զբաղվել եք ձյուդո ըմբշամարտով, այլեւ դարձել եք ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ ՀՀ առաջնության հաղթող: Սպորտն իրո՞ք մեծ տեղ ունի Ձեր կյանքում:

– Սպորտում Ձեր նշած հաջողությունները պատանեկան տարիքում են եղել, բայց, ցավոք, այժմ ազատ ժամանակ չունեմ սպորտով զբաղվելու: Թեպետ հնարավոր առիթը բաց չեմ թողնում, որ մարզավիճակս կարողանամ պահպանել:

– Ձեր կենսագրությունից երեւում է, որ առաջին անգամ է, որ մայրաքաղաքից դուրս եք աշխատում: Ի՞նչ տպավորություն ունեք Սյունիքից եւ սյունեցիներից:

– Այդպես է: Օրինապաշտ ժողովուրդ են սյունեցիները: Լավ եմ վերաբերվում Սյունիքին եւ սյունեցիներին: Նախկինում քիչ այցելություններ եմ ունեցել այս տարածաշրջան: Կապանում վերջին անգամ եղել եմ 25 տարի առաջ, իսկ Մեղրիում ընդհանրապես չէի եղել: Արդեն աշխատանքային այցով հասցրել եմ լինել մարզի քաղաքային համայնքներում, ծանոթացել մարզային դատախազության նստավայրերի աշխատանքային պայմաններին: Իհարկե, դրանք հեռու են բավարար լինելուց, բայց մյուս կողմից պիտի հաշվի առնենք այն իրողությունը, թե ինչպիսի հնարավորություններ ունենք:

– Լրագրողներս մի հերթապահ հարց ունենք. ի՞նչ կավելացնեիք ասվածին:

– Ոչ մեկն իրեն օրենքից դուրս չպիտի համարի: Իսկ եթե մարդու կամ նրա ունեցվածքի հանդեպ ոտնձգություն է կատարվել, օրինախախտին պիտի ցույց տաս իր տեղը: Ընդամենն անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս պատշաճ կատարի իր պարտականությունները: Եթե բնակչությունը որոշակի բնագավառներում դրական տեղաշարժեր նկատի, ուրեմն կարող ենք արձանագրել, որ դատախազության աշխատանքն իր արդյունքը տվել է:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25