Արտաշես Հովսեփյան

19.11.2024 14:09
81

Ծնվել է 1931 թվականին Սիսիանի Սառնակունք գյուղում։ Սերում է Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ 1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան, երկրորդ կուրսից գործուղվել է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալդեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակների։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, 50ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքարհուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձանկիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 19751993), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ), Վրույր Ազոյանի (Որոտնավանքի բակ) մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանք։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները (1969, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։

Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումները, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մոնումենտալիզմի խոր զգացողություն։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1989)։

ՀՀ ժողովրդական նկարիչ (2006)։

***

Ժամանակակից արվեստի ականավոր ներկայացուցիչներից է Արտաշես Հովսեփյանը։ Նա կոթողային քանդակագործության մեջ նորարար եղավ այնքանով, որ կարողացավ անաղմուկ հեռանալ այդ տարիներին հաստատված կաղապարներից, այսպես կոչված` պատվանդանային քանդակագործությունից, և ստեղծել բոլորաքանդակային իր ուղղությունը` միանգամայն նոր ձևի և բովանդակության համադրությամբ: Այդպես էլ նա հերքեց բարձրաքանդակային և հարթաքանդակային արվեստում տիրապետող սխեմատիզմը և պլակատային մտածելակերպը՝ այդ ժանրերին հաղորդելով կենսունակություն և շարժունություն:

Արվեստում և կյանքում ապրելով ինքնաբաշխման ուրախությամբ և ինքնամերժման խիզախությամբ, Արտաշես Հովսեփյանը ստեղծեց ինքնատիպ կոթողներ, երբեք չհրապուրվելով արվեստում հաճախակի երևացող նորագոյացումներով: Մշտապես պեղելով աշխարհի մեծերի արվեստը` նրանցից և ոչ մեկի ուղղակի ազդեցությունը չկրեց:

Նույնիսկ երիտասարդ տարիքում կերտած նրա գործերը զանազանվում էին ոճական և բովանդակության առումով: Նա մոնումենտալ քանդակագործության բնագավառում ստեղծեց քարը «քնքշացնելու», քարի պլաստիկայի մինչ այդ գոյություն չունեցող իր արվեստը: Այդ արվեստագետին հատուկ են մտածելակերպի ազատությունն ու անկաշկանդվածությունը, որոնք էլ նպաստում են, որպեսզի նրա կերպարները ժամանակի ու տարածության մեջ իմաստավորվեն, դառնան շոշափելի ու հասկանալի: Այդպիսին է, օրինակ, Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Իր ձևի մեջ լինելով չափազանց հասկանալի, այն շատերի համար մնում է անհասանելի, որովհետև պարզ ձևերի մեջ արվեստագետը կարողացել է հասնել խոշոր ընդհանրացումների, որոնք արտահայտված են մի քանի մանրամասների բևեռացմամբ։ Ճարտարապետի մտազբաղ խստախորհուրդ հայացքը, սեղանին հպված արարող ձեռքերը և թիկնոցի խորհրդավոր ծանրությունը քարը ոգեղեն են դարձրել: Այդ կերպարի մեջ կարելի է փնտրել քարե խորհուրդ և խորություն, քարե հավատ և խոնարհություն, քարե թռիչք և ընդվզում, քարե ոճ և քարե մտածողություն: Հենց այդ պատճառով էլ թվում է, թե նա անցյալ դարում չէ ստեղծվել, այլ շատ ավելի վաղ` միտված դեպի հավերժություն։ Եվ եթե Արմեն Տիգրանյանի կոթողը վերոհիշյալ առումներով աղերսներ ունի Թամանյանի հետ, ապա Ծաղկաձորում Օրբելի եղբայրների եռաքանդակը հովսեփյանական ուղղության միանգամայն նոր փուլ նշանավորեց: Հաղթահարելով կոմպոզիցիոն առանձնահատկությունների դժվարությունները և թեմատիկայի առումով լարվածությունը, նա կարողացավ տարբեր մասնագիտություններ և խառնվածք ունեցող այդ մեծահայերին ներկայացնել իրենց անհատականության և եղբայրական ընդհանրության մեջ: Եվ դա արվեց տարածական սահմանափակվածության, նյութի միօրինակության պայմաններում՝ զուտ կերպարների դիմային արտահայտչամիջոցների վերարտադրությամբ:

Հարթաքանդակային և բարձրաքանդակային արվեստի հիանալի նմուշներ է ստեղծել Արտաշես Հովսեփյանը Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում և կոնյակի գործարանում: Մեր անկրկնելի էպոսի առասպելաբանական, հեթանոսական կերպարները քարեղեն պատկերասրահ են դառնում ինչքան հեքիաթային, այնքան էլ մտերմիկ ու քնարական, քնքուշ ու բարի, քանզի կանգնած են չարի ու բարու սահմանագծում և հարթում են նրանց հավիտենական վեճը: Մի առանձնակի ընդգծվածություն ունի աշխարհի ջրբաժանում քնած Փոքր Մհերը` Քուռկիկ Ջալալու՝ լացող ուռենու վարսերի նմանվող բաշը հովանի արած:

Մեծ է նաև Արտաշես Հովսեփյանի վաստակը խորհրդային արվեստի վերածննդի, ինչպես նաև հայկական եկեղեցիների դռների բարավորների նորովի մեկնության բնագավառներում: Բացառիկ նշանակություն են ստանում հատկապես Երևանի Սուրբ Սարգիս և Քաշաթաղի եկեղեցիների բարավորները: Երկու դեպքում էլ Աստվածամոր կերպարը զարմացնում և հիացնում է ոչ միայն գեղանիությամբ, այլև հայկականությամբ, ինչպես գեղանկարչության մեջ Վարդգես Սուրենյանցի Տիրամայր Հայոցը: Հսկայական արժեք են ներկայացնում Արտաշես Հովսեփյանի գրաֆիկական աշխատանքները, որոնք նա շռայլորեն (նաև անփութորեն) ցրել է` առանձնապես նշանակություն չտալով դրանց: Սակայն մի քանի գործերի հպանցիկ քննումն անգամ ապացուցում է, որ այդ բնագավառում էլ արվեստագետը հասել է զարմանալի խորաթափանցության ու կատարման մեծ վարպետության: Նրանցում կան մարդկային հոգեվիճակների հստակված բևեռացումներ, որոնք հաճախ կրում են կատարողի երևակայության ուժեղ կնիքը և դիմանկարի արտաքին մանրամասների մեջ ընդգծում ոգեղենը:

...Արտաշես Հովսեփյանի ծննդավայր Սիսիանում Զորաց քարեր անվամբ հնագույն բնակավայր կա, որն առնվազն 5 հազար տարեկան է: Մոտավորապես նույն տարիքին են նաև Սիսիանի Ուղտասար կոչված տարածքի ժայռապատկերները:

Արտաշեսը ծոռանծոռանծոռ է նրա, ով անտաշ որձաքարերից բնակարաններ է կառուցել, հետո սալաքարերի վրա անցքեր արել ու դիտել երկնային մարմինների շարժումը: Ապա վերցրել է կայծքարը ու սալաքարերի վրա գծագրել ցեղապետի, իր գործընկեր եզան, իր պահապան շան, իր թշնամի գազանների և իր երևակայության մեջ տիեզերքից ու բնությունից սինթեզված պատկերները: Այդ ամենն Արտաշես–Հովսեփյանի արվեստի հետ գնում է դեպի հավերժություն:

Շչորս Դավթյան

***

Հայկական հարթաքանդակը, խորաքանդակը, բարձրաքանդակը միջնադարյան հարուստ մշակույթի շերտերից են։ Կլոր, ծավալային քանդակը մեզանում հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի։ Սա թերություն կամ առավելություն չէ, այլ նկատելի իրողություն, հին երկրի առանձնահատկություններից մեկը։ Վերջին հարյուրամյակի հայաստանյան և արտասահմանյան (հայերի կերտած) հուշարձանների մեջ կարելի է կռահել հայոց հին քառակողմ կոթողների և հարթաքանդակի ավանդույթը:

Ժամանակակից հայ քանդակագործների տեսադաշտը, սակայն, սահմանափակված չէ միայն ծանոթ, հարազատ գծերով ու տարրերով, նրանք վաղուց անցել են երկրների, մայրցամաքների սահմանը: Երևանյան հուշարձանները արտաքուստ նայում են արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ, իսկ ներքուստ՝ ավելի շատ երկրից դուրս, քան Հայաստանի խորքը:

1970-ական թվականների հետաքրքիր արձաններից մեկը՝ «Ալեքսանդր Թամանյանը», ժամանակին, համենայն դեպս, «նայում» էր հարավ և Եգիպտոս: Իսկ այսօր մեր տեսողության ֆիզիկական հնարավորությունը, թերևս, քիչ է որոշելու, տեսնելու համար, թե այս կոթողը ինչպես է հարաբերվում ծանրաբեռնված և ձևախեղված տարածությանը և ո՞ւնի որևէ դերակատարություն... բարձրահարկ շենքերի շրջապատում:

Երբ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան ավարտելով Արտաշես Հովսեփյանը վերադարձավ Երևան, այստեղ ընդամենը մի բարձրահարկ շենք կար և մի լայնարձակ տարածություն միջոց, որ գնում զարնվում էր Արարատի լանջերին: Անձրևից հետո քամիները շրջակա լեռներից թարմություն էին բերում, և ոչ մեծ բնակչություն, սակայն բավականաչափ ծառեր ունեցող Երևանը դառնում էր չնաշխարհիկ մի քաղաք:

– Երևանը դառնալու է մի Փարիզ՝ Արևելքում, – հաճախ էր այդ օրերին կրկնում Արտաշեսի գործընկերներից մեկը: 

1960–ականներին անիմաստ բարձրահարկ շենքերով և անճաշակ հուշարձաններով դեռևս չխաթարված Երևանում ու Հայաստանում բազալտի գաղտնիքներով լեցուն լեզվի զորությամբ կարելի էր ինչոր բան ասել, շարունակել հին վարպետների ընդհատված խոսքը: Հատկապես ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի շնորհիվ (որը Արտաշեսի ընկերն էր և բարեկամը) բազալտը հայ քարհատների, քարտաշների, քարգործ վարպետների մատների տակ դարձյալ հնչում էր խորհրդավոր: Արտաշեսը Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Պետերբուրգի ակադեմիայում պրուսական զինվորի նման կոփվելթրծվել էր մատիտի ու կավի մեջ և պատրաստ էր բազալտի հետ կռվելու:

Առաջին գործը, որով նա ներս մտավ, հայ քանդակագործության հետաքրքիր և ոչ այնքան հրապուրիչ հրապարակ, Կոմիտասի դիմաքանդակն էր: Բազալտակերտ այս գործը ռեալիստական ծավալներով, մի փոքր հետ ընկած դիրքով, որպիսին սովորաբար լինում է ոգեշնչված նվագավարի կամ խմբավարի գլուխը, ներկայացնում էր հայտնի հայ երգահանին, ում արտաքինը հայտնի է լուսանկարներից, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի պատկերումներից: Այստեղ չկային ո՛չ ռոդենյան շարժումարտահայտչականությունը, ո՛չ ռուսական ակադեմիզմը, ո՛չ էլ հայկական դեկորատիվ ծավալները, որոնք այն ժամանակ, 1960–ականներին, մեր քանդակներին հաղորդում էին տեղական ժամանակակից շեշտեր: Այս քանդակը չուներ այն ծայրահեղ զգացմունքայնությունը, որով ճանաչված է Վարշավայում տեղադրված Շիմանովսկու Շոպենի հուշարձանը: Այդպիսի արդարացված սենտիմենտալություն կա Գևորգ Գրիգորյանի 1965–ին ստեղծված «Կոմիտաս» գեղանկարի և իր` Արտաշես Հովսեփյանի ուշ շրջանում կերտած Արմեն Տիգրանյանի երևանյան հուշարձանի մեջ: Այս երեք ստեղծագործություններում և ուրիշ դեպքերում պատկերված անհատականությունը ավելի հաճախ ուշադրություն է գրավում շարժման, դիմախաղի, հոգեբանական արտաքին հատկանիշների, նաև որոշ ձևախեղման շնորհիվ: Խնդրո առարկա քանդակը զուսպ էր, հղկված, սակայն ոչ նուրբ, առավել ևս ոչ մտերմիկ ու քաղցր: Այդ հետաքրքիր ստեղծագործությունը էսքիզ էր, այդ պատճառով անմիջական և այժմ գոյություն չունի: Ինչպես հեղինակն է ասում, այն շարունակվեց «Արմեն Տիգրանյանի» մեջ...

Արտաշեսի ծավալները դիտողին պահում էին որոշ տարածության վրա: Այդպիսի կերտվածքներից մեկը թեև Կոմիտասին էր ներկայացնում, վազող, զգայությունների սիրահար մարդիկ չըմբռնեցին: Գուցե այդ պատճառով է, որ քանդակագործը իր մի քանի հետագա հուշարձանների մեջ ընդգծել է զգացմունքայնությունը:

Եգիպտական արձանագրության խստաճաշակ վարպետները Արտաշեսի մեծ ուսուցիչներն են։ Նրանց հանդեպ ունեցած ակնածանքը նկատելի է հայ քանդակագործի համարյա բոլոր աշխատանքներում` Կոմիտասի դիմաքանդակից մինչև Ջիվանու ջավախքյան արձանը, որ կանգնած է Ախալքալաքում, հայրենի Կարծախ գյուղի քամիներից և ձյունամրրիկներից մի քիչ հեռու:

Անկասկած, Արտաշեսի վրա ներգործել են Հռիփսիմեի, Մաստարայի տաճարների զուսպ խոհականության մղող պատերը, անխաթար ձևերը: Սարերում ծնված մեր քանդակագործը, թվում է` լռության դադարի, լայն ու մաքուր տարածության կարոտ ունի: Եթե նրա դիմաքանդակները «խոսելու» համար պահանջում են հատուկ ուշադրություն, ապա Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրված Արմեն Տիգրանյանի արձանը ուղղակի «երգում», «խոսում» է: Կարծես մի նուրբ ձայն է լսելի, երբ նայում ես նրա բազալտե ոգեշունչ դեմքին: Այս արձանը տարածության մեջ շնչող, երաժշտությանը առնչվող նկատելի մի կերտվածք է, սակայն որոշ դիրքերից աչքի է զարնում քաղցրություն, սենտիմենտալություն, որից զուրկ էին եգիպտացիները և որը բոլորովին գոյություն չունի Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մեջ:

Արտաշես Հովսեփյանը համեստ, սակայն իր գործի արժեքը կռահող արվեստի մշակներից է: Նա չունի Հակոբ Գյուրջյանի արտիստիզմն ու նրբությունը, Գրիգոր Քեպինովի ներամփոփ խոհականությունը, Նիկողայոս Նիկողոսյանի հարձակողական զգացմունքայնությունը: Չենք կարծում, սակայն, թե վերոհիշյալ տաղանդավոր անհատներից որևէ մեկը Արտաշեսից ավելի լավ է իմացել, թե ինչ է քարը, ինչ է սարը, և ինչ «տարածություն» է հաղթահարում քարտաշը Հայաստանում, երբ արևի տակ տաշում է կարծր ու հին բազալտը:

«Քանդակը տարածության նվաճում չէ», – իր վերջին շարադրանքներից մեկում ասում է Մարտին Հայդեգերը: Քանդակի և տարածության հարաբերությունը նման է կյանքի և տարածության դաշնությանը, որն ավելի շատ կռիվ ու պայքար է, քան ավարտված գեղեցկություն: Քանդակը մեծապես կախված է տարածությունից: Ամբողջ երկրագնդի, առավել ևս Երևանի տարածությունը խաթարված է, կենսոլորտը թունավորված և տարածությունն անընդհատ ծանրաբեռնվում է:

Քանդակագործը նույնպես մի հյուր է տարածության, մանավանդ ժամանակի մեջ:

Մարտին Միքայելյան

Բորելը հայտարարել է Վրաստանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և այնտեղ քաղաքական առաքելություն ուղարկելու մասին

19.11.2024 15:56

Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանը, Սասուն Խաչատրյանն ազատվել են պաշտոնից․ որոշումն ընդունված է

19.11.2024 14:57

Եվ բառերի համար քո մարմարյա | Ակսել Բակունց 125

19.11.2024 14:51

Արտաշես Հովսեփյան

19.11.2024 14:09

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

19.11.2024 13:57

Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին

19.11.2024 12:30

«Արի´ Կապան» ցուցահանդեսը նոյեմբերի 24-ին բացվելու է Կապանում

19.11.2024 12:02

Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին

18.11.2024 23:57

Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ

18.11.2024 23:35

ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում աջակցություն են հայտնել Հայաստանին

18.11.2024 23:31

Բորելը հայտարարել է, որ Կիևն ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել ՌԴ-ին մինչև 300 կմ խորությամբ հարվածներ հասցնելու համար

18.11.2024 23:27

Սիսիան համայնքում կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ռազմաբժիշկներին և բուժծառայողներին

18.11.2024 21:33