ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Որոշ տնտեսվարողներ, գազի թանկացումը պատրվակ դարձրած, կամայական գներ են առաջարկում իրենց ծառայությունների եւ արտադրանքի դիմաց` ավելացնելով սեփական շահույթը, ինչը չի վերահսկվում»

31.05.2013 16:30
4582

Հարցազրույց «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանի հետ

- Պարո՛ն Խաչատրյան, նախ կուզենայինք իմանալ գազիֆիկացիայի պատկերը Սյունիքում: Խնդրեմ:

- Մարզի 109 համայնքից գազիֆիկացված է 32-ը, բայց դա համամասնորեն չի տարածվում բոլոր շրջանների վրա: Ասենք` Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում գազիֆիկացված է գյուղերի 80%-ը: Կապանի տարածաշրջանում երկու գյուղ է գազիֆիկացված` Սյունիքը եւ Աճանանը:

Մեղրիում ոչ մի համայնք գազիֆիկացված չէ: Այնտեղ բնական գազից առայժմ միայն օգտվում են Ագարակի զորամասը, ռուսական սահմանապահ ջոկատը, Ագարակի մաքսակետը: Ագարակում առկա է նաեւ մեկ ԱԳԼՃԿ (ավտոգազալիցքավորման կայան):

Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ ունենք բնակչության մասով` 23714, ձեռնարկությունների մասով` 390 բաժանորդ: Ի դեպ, 2006-ին մեր բաժանորդների թիվը (բնակչության մասով) 13500 էր, 2012-ին` 23500: Հիմա էլ ամսական 30-ով (միջին հաշվով) ավելանում է բաժանորդների թիվը: Այնպես որ մարզի բնակչության մոտ 75%-ն օգտվում է կապույտ վառելիքից (հանրապետությունում այդ ցուցանիշը 95% է):

Մարզում տարեկան սպառվում է մինչեւ 50 մլն խմ գազ, ամսական` միջին հաշվով 3-5.5 մլն խմ` եղանակային պայմաններից կախված:

- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք մարզի հետագա գազիֆիկացման ուղղությամբ:

- Մեղրի, Ագարակ քաղաքների եւ այդ շրջանի գյուղերի գազիֆիկացման համալիր նախագիծն արդեն պատրաստ է: Դուք հավանաբար հիշում եք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն այն մասին, որ 2014թ. Մեղրի եւ Ագարակ քաղաքների բնակիչները կօգտվեն կապույտ վառելիքից: Նախագահի խոստումը կատարվելու է: Նախագծային փաստաթղթերը, ինչպես ասացի, պատրաստ են: Աշխատանքները կատարվելու են իրանական դրամաշնորհով (2 մլն դոլարի չափով), այդ մասին (որքանով տեղյակ եմ) կա երկու նախագահի պայմանավորվածությունը: Աշխատանքները կկատարվեն իրանական կապալառու եւ հայկական ենթակապալառու կազմակերպությունների կողմից:

Մարզում այս պահին գազիֆիկացման աշխատանքներ են կատարվում (IFAD-ի կողմից) չորս գյուղում` Խանածախ, Վաղատուր, Խոզնավար, Սպանդարյան:

Ասեմ նաեւ, որ «Հայռուսգազարդի» կողմից մարզում գազիֆիկացման աշխատանքներ չեն նախատեսվում: Ինչ վերաբերում է փոքր համայնքներին, որոնց մի մասի համար նույնիսկ նախագծանախահաշվային փաստաթղթեր կան, ապա դրանց գազիֆիկացումը պետք է կատարվի կառավարության հատկացրած կամ առանձին դոնորների միջոցներով: Ընդհանրապես փոքր համայնքների գազիֆիկացման հարցում հիմնավոր վերապահում կա. եթե դրանք ոչ շահութաբեր են` արժե՞ գազիֆիկացնել:

- Ենթակառույցների առումով ինչպիսի՞ ներկայություն ունի «Հայռուսգազարդը» Սյունիքում:

- Հիմնական ենթակառույցն այստեղ Սյունիքի ԳԳՄ-ն է (գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղ)` Սիսիանի, Գորիսի, Կապանի ծառայություններով եւ Մեղրու հենակետով ու Քաջարանի ենթակայանով, «1-04» ծառայությամբ: Հանրապետության մի շարք մարզերում ԳԳՄ-ի ֆունկցիան կատարում են մի քանի մասնաճյուղեր` ըստ նախկին վարչական շրջանների, որտեղ սպառողների մեջ գյուղերի ու սեփական սեկտորի կշիռը մեծ է, ուրեմն եւ` շահագործման խնդիրը` բարդ: «Հայռուսգազարդի» հաջորդ ենթակառույցը «Տրանսգազ» դուստր ձեռնարկության հարավային մասնաճյուղն է, որն ընդգրկում է նաեւ Սյունիքի մարզը:
Կա նաեւ «Բութան» ՍՊ ընկերությունը, որի սպասարկման կետերը հիմա չեն գործում:

- Որքա՞ն աշխատող ունի «Հայռուսգազարդը» Սյունիքում եւ որքա՞ն է աշխատողների միջին ամսական աշխատավարձը:

- «Տրանսգազի» հարավային մասնաճյուղի մասին նման տեղեկություններ չունեմ, իսկ…

- «Տրանսգազի» հարավային մասնաճյուղում` Սյունիքի մարզի կտրվածքով, աշխատում է 91 հոգի` 72 հազար ամսական միջին աշխատավարձով:

- Սյունիքի ԳԳՄ-ում 248 աշխատող է ընդգրկված` 150 հազար ամսական միջին աշխատավարձով: Հուլիսի 1-ից սպասվում է աշխատավարձի բարձրացում:

- Որո՞նք են Սյունիքի մարզի խոշոր սպառողները:

- Ավտոգազալցակայաններն են, «Վայբլ» ՍՊԸ-ն է, Քաջարանի կոմբինատը, ասֆալտի գործարանները, Կապանի երկու փուռը… Դրանք 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողներ են:

- Հետաքրքիր է, «Հայռուսգազարդը» Սյունիքում սոցիալական ծրագրեր իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ:

- Հանրապետության եւ Ղարաբաղի մասշտաբով, որքանով տեղյակ եմ, մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվել` ուղղված նախադպրոցական հաստատություններին ու զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին` գույք, նվերներ հատկացնելու տեսքով: Սյունիքում վերջին անգամ 50 վառարան հատկացրինք զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

- «Հայռուսգազարդի» սյունիքյան ներդրումների մասին կուզենայինք իմանալ:

- Վերջին երկու տարում ներդրումներ չեն կատարվել, բայց պիտի նկատի ունենալ, որ Գորիսում ու Կապանում գազիֆիկացման ընդլայնումը կատարվել է «Հայռուսգազարդի» միջոցներով: «Տրանսգազի» գծով ներդրումների մասին հավաստի տեղեկություններ չունեմ, քանզի դա իմ լիազորությունների շրջանակից դուրս է:

- Չե՞ք կարծում, որ գազի նոր թանկացումից հետո գազի սպառման ծավալները կփոքրանան: Ի՞նչ տեղի ունեցավ այդ առումով, երբ 2010թ. ապրիլի 1-ից վերջին անգամ բարձրացավ գազի գինը:

- Երբ 2010թ. ապրիլի 1-ից գազը, սպառման ծավալների վրա (մարզի կտրվածքով) նկատելի անդրադարձ չունեցավ: Հետագայում էլ էական տատանումներ չեն եղել, բացի սեզոնային կամ եղանակային պայմաններից կախված տատանումները: Մեկ օրինակ. մեր մարզում մեկ բաժանորդի 2012թ. հունվար ամսվա ծախսը (միջին հաշվով) եղել է 100.3 խմ, 2013-ի հունվարին` 94.8 խմ: Անցած ձմռանն էլ (նախորդի հետ համեմատած) մարզում 10.5%-ով իջել է գազի սպառումը: Դրան հակառակ` 2013թ. ապրիլին մարզի մեկ բաժանորդն օգտագործել է 48.7խմ գազ, իսկ 2012-ի նույն ամսում` 42.6խմ: Բերված փաստերը ցույց են տալիս, որ սպառման ծավալները հիմնականում նույնն են:

- Բայց դա չի նշանակում, որ գազի թանկացումը (հենց 2010-ին) չի անդրադարձել մարդկանց սոցիալական վիճակին: Դա պարզապես նշանակում է, որ մարդիկ գերադասել են ընտանեկան մեկ այլ ծախսը կրճատելու հաշվին նախկին չափով գազ օգտագործել: Իսկ հիմա գնի ավելի մեծ փոփոխություն է սպասվում: Կարծում եք նորի՞ց չի կրճատվի սպառման ծավալը:

- Բնականաբար, գազի սպառումը հուլիսի 10-ից կկրճատվի, մարդիկ ավելի խնայողաբար կօգտագործեն գազը: Ընդ որում` որոշ խավերի վրա թանկացումը նկատելի անդրադարձ կունենա, որոշների վրա` բոլորովին չի անդրադառնա: Գորիսում եւ Կապանում հիմա կան սեփական տներ, որոնց գազի ամսական ծախսը կազմում է 150-330 հազար դրամ: Այդ սպառողների վրա, կարծում եմ, չի անդրադառնա: Ինչ-որ չափով կանդրադառնա միջին խավի վրա: Իսկ ավելի շատ` աղքատ խավի ու գյուղական բնակչության վրա:

- Գազի գնի բարձրացման հիմնավորվածությունը խնդրո առարկայի խոցելի կողմերից մեկն է: Իհարկե, այդ հարցին Դուք չէ, որ պիտի պատասխանեք, բայց, այնուամենայնիվ, կուզենայինք Ձեր պատկերացումն իմանալ:

- Եթե մեր երկրին վաճառվող գազի գինը Ռուսաստանը բարձրացնում է, ապա դա այլ հարց է` միգուցեեւ միջազգային շուկայով եւ քաղաքական շարժառիթով պայմանավորված: Իսկ եթե բարձրանում են նաեւ սահմանից մինչեւ սպառող ընկած ծառայությունների գները, ապա պետք է միանշանակ ասել, որ դա տնտեսապես հիմնավորված է եւ բացատրություն ունի: Միայն մեր մարզում 500կմ-ից ավելի գազամուղ ունենք, պե՞տք է դրանք պատշաճ ձեւով պահպանել ու շահագործել, թե՞ ոչ: Եվ հսկայական այդ համակարգը պահպանելու ու շահագործելու համար պե՞տք են նորմալ մասնագետներ, թե՞ ոչ: Դուք տեղյա՞կ եք, որ այսօր էլեկտրագազաեռակցողը 100 հազար ամսական աշխատավարձով չի գալիս մեզ մոտ աշխատելու: Դուք տեղյա՞կ եք, որ 70 հազար ամսական աշխատավարձով այլեւս որակյալ փականագործ, կարգավար, վարորդ չենք գտնում: Այնպես որ համակարգում աշխատավարձերի բարձրացումը հրատապ հարց է: Եվ, իհարկե, գազի տեղափոխումը: Սրանք գործոններ են, որոնք ծախսեր են ենթադրում: Մի հանգամանք եւս` վերջին թանկացումից` 2010թ. ապրիլի 1-ից մինչեւ հիմա դրամն արժեզրկվել է 20%ով, իսկ գազի համար սահմանի վրա վճարվում է արտարժույթով (դոլարով), բնակչությանն էլ դրամով ենք վաճառում: Որոշ տնտեսագետներ, ցավոք, գազի գնի բարձրացման մասին խոսելիս նշված հանգամանքները շրջանցում են կամ չեն տեսնում:

- Որքան էլ հիմնավոր լինեն Ձեր թվարկած գործոնները, բայց, միեւնույն է, գազի թանկացումը ոչ միայն բարձրացնելու է առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերին կանգնեցնելու է դժվարությունների առջեւ: Հո չե՞ք հերքի ակնհայտ այդ ճշմարտությունը:

- Անշուշտ, գազի թանկացումն ազդելու է այն տնտեսվարողների վրա, որոնց գործունեությունը կապված է գազօգտագործման հետ, իսկ մեր մարզում (ինչպես քիչ առաջ նշեցի) նման տնտեսվարողներ կան: Բայց դրանք բոլորն էլ շահույթ հետապնդող ընկերություններ են եւ, կարծում եմ, ինչ-որ չափով նրանց արտադրանքի գները կփոխվեն: Սակայն, այստեղ մի երեւույթ էլ կա… Որոշ տնտեսվարողներ, գազի թանկացումը պատրվակ դարձրած, կամայական գներ են առաջարկում իրենց ծառայությունների եւ արտադրանքի դիմաց` ավելացնելով սեփական շահույթը, ինչը չի վերահսկվում: Եվ տեղի ունեցածի մեղքն իներցիայով բարդվում է «Հայռուսգազարդի» վրա: Օրինակ` գազի գնի ներկա բարձրացումը կարող է 1կգ հացը թանկացնել 10-15 դրամով, առավել բարձրացումը ես չեմ հասկանա: Կամ ավտոգազալցակայանները…

- ՀՀ վարչապետը խոստանում է գազի գնի սուբսիդավորում: Անտարակույս, դա գովելի է. կառավարությունն ուզում է օգնել բնակչությանը: Շատ մարդկանց նույնիսկ հետաքրքիր չէ, թե սուբսիդիան որտեղից կհայթայթի կառավարությունը: Մարդկանց ավելի շատ մտահոգում է մեկ այլ հարց` արդյո՞ք արդարացի կբաշխվի սուբսիդիան, արդյո՞ք հասցեական կլինի այն: Մինչեւ հիմա էլ ունեցել ենք գազի գնի սուբսիդավորման դեպքեր, բայց այն ոչ միշտ է աղքատին հասել: Որոշ դեպքերում դրանից ավելի շատ հարուստներն են օգտվել, քան աղքատները: Ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ եւս չի աղավաղվի այդ ձեռնարկումը:

- Որքանով տեղյակ եմ` սուբսիդավորումը կկատարվի Ռուսաստանից գնվող գազի գինը մեղմելու նպատակով` սահմանի վրա: Եթե նախկինում 1000խմ գազը վաճառվել է 180 դոլարով, հիմա` 270 դոլարով: 30% սուբսիդավորմամբ 1000 խմ գազի գինը 270 դոլարից կիջնի, որից հետո եւ կառաքվի սպառողներին: Բայց սուբսիդիան հավերժական լինել չի կարող, եւ վաղ թե ուշ բախվելու ենք գազի իրական` շուկայական գնի հետ: Դա պետք է նկատի ունենալ եւ այդ մասին պետք է մտածել: Ինչ վերաբերում է սուբսիդիայի հասցեականությանը… Սովորաբար տարաձայնությունը մեկ հարցի շուրջ է լինում` ո՞ւմ վրա տարածել զեղչ, ո՞ւմ վրա` ոչ: Եվ երբ խտրություն է դրվում` հարցեր են առաջանում: Իսկ միգուցե կառավարությունն իր վրա վերցնի բնակչությանը մատակարավող գազի ԱԱՀ-ն` ավելացված արժեքի հարկը (20%), ինչն ավելի խելամիտ է:

- Չենք կարող չբարձրացնել ավտոգազալցակայանների հարցը…

- Դե դրանք «Հայռուսգազարդի» ենթակայության չեն: Ավտոգազալցակայանները գազը գնում են «Հայռուսգազարդից» եւ վաճառում:

- Չէ, խոսքն այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ավտոգազալցակայանների գործունեությունը հսկողությունից դուրս է, ոչ ոք չի վերահսկում դրանց առաջարկած գների համաչափությունը, ձեւական են վերահսկվում կշռաչափերը (իբր դրա համար հանրապետությունում կազմակերպություն կա): Մեր մարզում 1խորանարդ մետրը լցակայաններում վաճառում են 200 դրամով («Հայռուսգազարդից» 1 խմ-ն վերցնելով 102-103 դրամով), իսկ Երեւանում` 160-180 դրամով: Ավելին` տարբեր լցակայաններում տարբեր չափով են լցնում: Ընդ որում` այս քաոսն ու կամայականությունը վերջանալու միտում չունեն:

- Մեր մարզում 14 լցակայան ունենք, որից երեքը գազը ստանում է «Տրանսգազից», բայց վճարում է մեզ: Մյուսները մեզանից են գազ գնում: Առաջարկվող գների` մայրաքաղաքայինի համեմատ բարձր լինելու մասին ոչինչ չեմ կարող ասել: Ոչինչ չեմ կարող ասել նաեւ մատնանշված թերությունների մասին, քանի որ դրանք մասնավոր ընկերություններ են եւ մեր վերահսկողությունից դուրս: Ըստ էության կառավարությունը պետք է հստակություն մտցնի ավտոգազալցակայանների գործունեության մեջ: Վարորդներն էլ գիտեն, թե որտեղ են նորմալ լիցքավորում, որտեղ` թերակշռում, թերաչափում ու խաբում: Ես էլ կողմակից եմ, որ որոշ ծառայութունների ու ապրանքների սակագների ձեւավորման հարցում, որքան էլ լիբերալ տնտեսության ճանապարհով ենք գնում, վերահսկողություն լինի ու սահմանային նիշ սահմանվի: Դե մի հանգամանք էլ պիտի նկատի ունենանք` ցածր շահութաբերություն ունեցող ընկերությունները չեն կարող մեզանում ավտոգազալցակայան ունենալ: Մեկ ավտոգազալցակայան հիմնելու համար անհրաժեշտ է 250-500 հազար դոլար…

- Նախորդ հարցազրույցում (10.04.2012թ.) քննարկվել է մատակարարվող գազի կալորիականության հարցը: Իհարկե, Դուք այն ժամանակ հիմնավորեցիք, որ անհնար է գազը սահմանված նորմայից ցածր ջերմատվությամբ մատակարարել բնակչությանը: Մինչդեռ թերահավատությունը պահպանվում է:

- Մի հարցում կարող եմ Ձեզ հետ համաձայնել` մեր տարածքին մատակարարվող գազի կ/կալորիան Երեւանից ցածր է 4-9%-ով, որն ունի օբյեկտիվ պատճառներ (մատակարարման մեր գոտու մեջ մտնում են նաեւ Ղարաբաղը, Սեւանի ավազանը…): Բայց հնարավոր չէ, որ մեր տարածքին մատակարարվող գազի ջերմատվությունը ցածր լինի սահմանված նորմայից` 1խ.մ-ն=7600 կ/կալորիայի («Հայռուսգազարդի» նոր առաջարկությունում 1 նորմալ խմ գազի ջերմատվության նվազագույն չափը հասցվել է 7900կ/կալորիայի): Գազի ջերմատվությունը վերահսկվում է նաեւ խոշոր սպառողների կողմից (բացի մեր լաբորատորիայից): Մայիսի առաջին տասնօրյակում, օրինակ, մարզում առաքված գազն ունեցել է 8041կ/կալորիա ջերմատվություն: Իմիջիայլոց, «Հայռուսգազարդն» իր պաշտոնական կայքում պարբերաբար տեղեկատվություն է տալիս (ըստ գոտիների) մատակարարվող գազի կալորիականության մասին:

Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03