ՀՀ-ում իրանական կապիտալի մասնակցությամբ գործում է 5 հազարից ավելի ընկերություն. Իրանը ՀՀ-ի արտաքին գործընկերների առաջին հնգյակում է

26.02.2019 10:45
714

Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են անկախության առաջին իսկ օրերից, երբ 1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Այս ընթացքում երկու երկրների միջև տարբեր մակարդակներով մոտ երեք տասնյակ փոխադարձ այցելություններ են կատարվել: Նախագահի մակարդակով վերջին այցելությունը Իրանից եղել է 2016թ. դեկտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: 2017թ. օգոստոսին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել Իրան: 1992-2018թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել էին հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել էին տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել էր, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել էին տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել էր Իրան և համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները: Փաշինյանի այցը Իրան կմեկնարկի փետրվարի 27-ին:

Իրականացված ծրագրեր

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները իրականացրել են մի շարք ծրագրեր տարբեր ուղղություններով: Դրանք են՝ 1996 թվականին Արաքս գետի վրա Իրանը Հայաստանին կապող կամուրջի կառուցումը, 2005 թվականին՝  Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, 2007 թվականին հոկտեմբերին՝  Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը:  2007թվականին տեղի ունեցավ Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացումը: 2008թ. նոյեմբերին ավարտվեց գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը: 

 

Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 2016թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրը:

Չնայած Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, այնուամենայնիվ կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների  մեծացում, հյուսիս-հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատում և այլն:

Ընթացիկ ծրագրեր

Ներկայում իրականացվում է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը: Քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը: Ընթացքի մեջ է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը: Այս ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները: Ընթացքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու, Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում ծրագրերը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում և այլն:  

Տնտեսական ցուցանիշներ

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Արմենպրես»-ին փոխանցած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ  5 հազար 301 ընկերություն, գլխավորապես` անհատ ձեռնարկատերեր, ինչը կազմում է ՀՀ-ում գրանցված օտարերկրյա ընկերությունների (այդ թվում` ԱՁ) ընդհանուր քանակի 36.6 տոկոսը: Հայաստանում իրանական կապիտալով խոշոր ընկերությունները ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, շինարարության և անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

Առևտրաշրջանառություն

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2018 թվականին կազմել է 363.62 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40.5 տոկոսով, 2017 թվականին կազմել է 258.8 մլն.ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն կազմել է 94.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով, 2017 թվականին կազմել է 84.1 մլն.ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2018 թվականին կազմել է 269.42 մլն ԱՄՆ դոլար,ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով, 2017 թվականին կազմել է 174.7 մլն.ԱՄՆ դոլար:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության վերջին 3 տարիների դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 2 տարիներին առևտրաշրջանառության աճ է գրանցվել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հիմնական գործընկերների ցանկում 2017 թվականին զբաղեցրել է 6-րդ տեղը,  իսկ 2018 թվականին՝ 5-րդ:  

Հարկ է նշել, որ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝ էլեկտրաէներգիա, քուղեր` ճայթեցնող, ինֆուզորային հողեր:

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝բնական և հեղուկ գազ, էթիլենի պոլիմերներ, կոքս, բիտում և նավթամթերքի վերամշակումից այլ մնացորդ, երեսպատման սալիկներ, ցեմենտ:

Զբոսաշրջություն

Վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեից փոխանցում են, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտ ամսին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված  են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Մասնավորապես, իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում, ինչը բխում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի արձանագրությունից:

Աննա Գզիրյան

armenpress.am

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

27.12.2024 19:07

Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը. ԿԳՄՍՆ

27.12.2024 19:00

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

27.12.2024 15:10

Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

27.12.2024 14:58

Հացավանի վարչական ղեկավարի նախատոնական մտորումները

27.12.2024 14:29

Ֆերմեր Մարատ Ամիրջանյանը՝ Ծղուկից․ «Գյուղացիներիս շատ են խեղճացնում, այդ մասին մտածեք»

27.12.2024 12:34

Փաշինյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով

27.12.2024 12:25

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

27.12.2024 11:37

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է և հետագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն․ շվեդ պատգամավոր

27.12.2024 11:22

Սահմանապահ Բնունիսի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանի խոսքը տարեմուտի շեմին

27.12.2024 11:02

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

26.12.2024 22:48

««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր

26.12.2024 22:45