Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ

03.10.2022 20:54
672

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,

Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

  1. Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
  2. Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
  3. Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
  4. Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
  5. Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
  6. Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25