Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաև աճող ժողովրդագրությամբ. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը՝ «Ռիա ֆան» գործակալությանը

02.05.2022 17:29
2308

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ռիաֆան» ռուսական դաշնային լրատվական գործակալությանը: Ա.Բեգլարյանն անդրադարձել է անվտանգային ու քաղաքական հիմնախնդիրներին, բնակարանային շինարարությանը, զբաղվածության ու հումանիտար խնդիրներին, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումներին ու հանրապետության բնականոն կյանքի համար անհրաժեշտ մի շարք այլ հարցերի: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են գոնե նվազագույն բարենպաստ պայմաններ ապահովելու համար, որպեսզի հայ բնակչությունը վերադառնա իր հայրենիք ու շարունակի կյանքը կերտել այստեղ, քանի որ Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաև աճող ժողովրդագրությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

1․ 2021 թվականի վերջին Դուք ասել եք. «Արցախի Հանրապետությունում հիմա ամենասուր խնդիրը բնակարանայինն է. ունենք 40 000 բռնի տեղահանվածորը մեր բնակչության 27 տոկոսն է կազմում»: Ինչպե՞ս է ընթանում փախստականներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

- Այդ ժամանակվանից ամիսներ են անցել, և, ցավոք, այդ ընթացքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում Ադրբեջանն ստեղծել է լարվածության տարբեր օջախներ, ինչը հասկանալիորեն խաթարել է ընթացիկ խնդիրների լուծման տեմպը: Ավելին, Փառուխի ու Քարագլխի գրավման հետևանքով շատ նոր ընտանիքներ են դարձել տեղահանված, և նրանց բնակարանային խնդիրները ևս պետք է լուծվեն, իսկ անվտանգային նոր ռիսկերը որոշակիորեն ազդել են նաև ընթացիկ ծրագրերի ֆինանսավորման վրա:

Անվտանգային խնդիրների հետ միասին դեռ երկար ժամանակ մեր ընթացիկ ամենասուր խնդիրը բնակարանայինն է լինելու: 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու գործընթացը չի դադարել, և անվտանգային ջանքերին զուգահեռ շարունակում ենք մեծ պատասխանատվություն ցուցաբերել հարցի լուծման գործում:

Կազմավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը գնահատում է մարդկանց կարիքները և կառավարում հիմնական գործընթացները: Ստեփանակերտում և շրջաններում շարունակվում է բնակարանային շինարարությունը, և հետևողական ենք լինելու բոլոր տեղահանված քաղաքացիներին բնակարանով ապահովելու հարցում: Դա ոչ միայն տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարում է նշանակում, այլ նաև՝ Արցախի երկարաժամկետ ապագայի կերտում ժողովրդագրական ճանապարհով:

  1. Դուք ասել եք նաև, որ Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են շինարարական խոշոր նախագծեր, և մինչև 2021-ի տարեվերջ շահագործման կհանձնվեն բազմաբնակարան շենքեր և առանձնատներ: Դուք նախատեսել եք կառուցել և գնել ավելի քան 6000 բնակարան 3 տարվա ընթացքում: Որքանո՞վ է հաջողվել իրագործել այդ նախագծերը:

 - Բնակարանային նախագծերի հիմնական մասը արդեն մեկնարկել է և գտնվում է տարբեր փուլերում: Այնուամենայնիվ, մեր դրած նպատակին նշված ժամկետում հասնելու համար լրացուցիչ մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնց հայթայթման ուղղությամբ անընդհատ աշխատում ենք:

Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում շահագործման են հանձնվել 300-ից ավելի նորակառույց բնակարաններ, ինչպես նաև վերանորոգվել են հարյուրավոր բնակարաններ հին բնակֆոնդից: Մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու ևս շուրջ 600 բնակարան: Նախատեսում ենք վերակառուցել կամ վերանորոգել հին բնակֆոնդի բոլոր բնակարանները, և կատարել ու կատարելու ենք գնումներ անշարժ գույքի երկրորդային շուկայից:

  1. Դուք բավականին երիտասարդ եք՝ 33 տարեկան, և արդեն զբաղեցնում եք նման բարձր պաշտոն: Որքանո՞վ է հարմարավետ նոր պաշտոնում: Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր մասնագիտական հեռանկարը:

 -Կարծում եմ՝ չնայած իմ երիտասարդ տարիքին, առանձնահատուկ կրթական ու աշխատանքային ճանապարհ եմ անցել, որն էլ կարևոր դեր է խաղացել իմ նշանակման հարցում: Ես չեմ պատկերացնում իմ մի օրը, որը չծառայեցնեմ հայրենիքիս ու ժողովրդիս: Պաշտոնը նպատակ չէ, այլ հնարավորություն՝ քո գիտելիքները, փորձն ու ավագներից փոխանցված ավանդույթները, իմաստնությունը ծառայեցնելու հայրենիքիդ: Իսկ նման բարդ ժամանակահատվածում ստանձնել նման պատասխանատվություն՝ հեշտ չէ, սակայն արժեքներիդ ու գաղափարներիդ համար պետք է պատրաստ լինես զոհողությունների ու զրկանքների: Իսկ իմ մասնագիտական հեռանկարը տեսնում եմ միայն իմ հայրենակիցներին ծառայելու մեջ. անկախ ունեցածս կարգավիճակից, դա, առաջին հերթին, արժեքների և սկզբունքների հարց է: Ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքն ամենաշատը կզգացվի և իմ ներուժն ամենաարդյունավետ կերպով կիրացվի հայրենիքիս ու ժողովրդիս համար:

  1. Կա՞ն, արդյոք, խնդիրներ զբաղվածության ոլորտում: Ինչպիսի՞ն է գործազրկության մակարդակը ԼՂՀ- ում:

 - Բնականաբար, զգալի խնդիրներ կան զբաղվածության ոլորտում, որոնց մի մասը սովորական բնույթի են, մնացածը՝ պայմանավորված պատերազմի հետևանքներով: Ցավոք, դեռևս այնպիսի արդյունավետ մեխանիզմներ չունենք համակարգում, որոնց միջոցով հնարավոր կլիներ գործազրկության ճշգրիտ ու չափելի պատկերը ստանալ, սակայն նախատեսում ենք առաջիկայում որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում:

Մինչև 2020 թվականը նշանակալի հաջողություններ էինք արձանագրել գործազրկության մակարդակի իջեցման հարցում, սակայն պատերազմի հետևանքով լուրջ խնդիրներ առաջացան և՛ բնակչության 27 տոկոսի (շուրջ 40,000 անձի) տեղահանման, և՛ տնտեսության կոնկրետ ոլորտներում արձանագրված մեծ կորուստների պատճառով: Մյուս կողմից, պատերազմի հետևանքով զգալի փոփոխություն է կրել աշխատաշուկան, որտեղ շինարարության տեսակարար կշիռը մեծապես աճել է՝ մեկնարկած բնակարանաշինական ու շինարարական այլ ծրագրերի շնորհիվ, իսկ հատկապես գյուղատնտեսության տեսակարար կշիռը՝ նվազել՝ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 75 տոկոսի կորստի պատճառով:

Տրամաբանական է, որ տեղահանված անձանց շրջանում գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է, քան՝ մնացած բնակչության մոտ, և զբաղվածությունը խթանող որոշակի ծրագրեր են մեկնարկել նրանց համար: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ պատերազմից հետո մեծ աշխատանք է կատարվել հասարակության բնականոն կյանքի ու տնտեսության աշխատանքի վերականգնման ուղղությամբ: Ավելին, արդեն որոշակի խոշոր տնտեսական նախագծեր ենք մեկնարկել, որոնք ժամանակի ընթացքում ապահովելու են նոր աշխատատեղեր մեր բնակչության համար:

Մեկ այլ խնդիր է աշխատաշուկայում առկա առաջարկի ու պահանջարկի միջև մեծ խզումը, որի կարգավորման ուղղությամբ ևս որոշակի ջանքեր ենք գործադրում:

  1. Ո՞վ է հիմա իսկապես օգնում հանրապետությանը՝ լուծելու հումանիտար հարցերը:

 - Հետպատերազմյան շրջանում ծանրացած սոցիալական ու ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները լուծելուն միտված ծրագրերն իրականացրել ենք հիմնականում ՀՀ կառավարության հետ համատեղ: Աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում են Ռուսական խաղաղապահ զորակազմը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու հայկական այլ կազմակերպություններ: Մենք երախտապարտ ենք բոլոր աջակիցներին, սակայն պետք է արձանագրենք, որ առկա կարիքների ծավալի համեմատ աջակցության ծավալը շատ քիչ է: Դրա պատճառը հիմնականում միջազգային հանրությունից մեր մեկուսացումն է, որը հետևողական կերպով իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ նպատակ ունենալով հնարավորինս խորացնելու Արցախի բնակչության զրկանքներն ու տառապանքները: Ցավոք, միջազգային հանրության հիմնական մասն էլ ընդունում և երբեմն խրախուսում է Արցախի ժողովրդի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը, ինչը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է:

  1. Ինչպե՞ս է հանրապետությունը հաղթահարել կորոնավիրուսը մշտական լարվածության՝ պատերազմի պայմաններում: Մատակարարվե՞լ են արդյոք դեղորայք, սարքավորումներ, պատվաստանյութեր:

 - Մենք խոսում ենք մարդկության պատմության ամենադաժան երևույթների՝ պատերազմի և համավարակի մեկտեղման մասին: Ցավոք, աշխարհը պատշաճ ուշադրություն չդարձրեց նաև այն փաստի վրա, որ երբ ամբողջ մարդկությունը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը 44 օր դաժան պատերազմ էր սանձազերծել մեր դեմ: Մենք իսկապես ծանր օրեր էինք ապրում այդ ժամանակ. երբ հիվանդանոցները մի կերպ էին հասցնում սպասարկել պատերազմից տուժած խաղաղ բնակչությանն ու զինծառայողներին, երբ ամենուր մահեր էին, արյունահոսող վիրավորներ և լարված ու գերհոգնած բուժանձնակազմ, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելը ֆիզիկապես ու տեխնիկապես անհնար էր դարձել: Այդ օրհասական պահին մեր հույսը Հայաստանի Հանրապետությունն էր, որտեղ և կորոնավիրուսով հիվանդ մեր բնակիչները անհրաժեշտ բուժօգնություն էին ստանում: Սակայն, մյուս կողմից, Արցախում մնացած բնակչության ու զինծառայողների շրջանում կտրուկ աճել էին կորոնավիրուսով վարակման ու մահվան դեպքերը: Բնականաբար, լրջագույն դժվարություններ ունեինք անհրաժեշտ սարքավորումների ու դեղորայքի մատակարարման հարցում, որոնք պայմանավորված էին և՛ պատերազմով, և՛ ողջ աշխարհում տիրող համավարակով, և՛ Արցախի միջազգային մեկուսացմամբ: Իսկ պատվաստանյութերի առաջին փոքր խմբաքանակը տրամադրվել է մեզ 2021 թ. ապրիլին՝ Հայաստանի Հանրապետության կողմից, այնուհետև ավելի մեծ խմբաքանակ ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից:

  1. Ղարաբաղի տարածքում ինչպիսի՞ն է հակահամաճարակային իրավիճակը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

 - Հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսային համավարակը կրում է  ալիքաձև բնույթ և պարբերաբար ենթարկվում է մուտացիայի՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Արցախում այս պահին համաճարակը նահանջել է, և սահմանափակումներ չեն գործում:

Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների համագործակցության շնորհիվ Արցախի բուժհաստատությունները  հագեցված են համապատասխան սարքավորումներով, COVID-19 կանխարգելման համար պատվաստանյութերով, դեղորայքով, թթվածնային կոնցենտրատներով,  բավարար է մահճակալային ֆոնդը:

Ցավոք, բավականին ցածր ցուցանիշներ ունենք պատվաստման գործընթացում, և պատվաստվածների թիվը չի գերազանցում բնակչության 20 տոկոսը, սակայն, մյուս կողմից, հատկապես 2021 թ. վերջին եռամսյակում վարակման մեծ ալիք է արձանագրվել, որը նույնպես ձևավորել է կորոնավիրուսի հանդեպ հանրային որոշակի դիմադրողականություն:

2022 թ․ կորոնավիրուսի հետևանքով 43 քաղաքացի է մահացել։ Ներկա պահին COVID-19 լաբորատոր ախտորոշումով հիվանդ չկա։

  1. Ղարաբաղի տարածքում իրավիճակի բարդացման դեպքում արդյոք առողջապահական համակարգն ունի՞ անհրաժեշտ քանակության շարժական հոսպիտալներ:

  - Առողջապահության համակարգը, հաշվի առնելով համավարակի ու պատերազմի դառը փորձը,  ընդհանուր առմամբ պատրաստ է ցանկացած իրավիճակում կատարերլու իր առաքելությունը: Իհարկե, որոշակի հիմնախնդիրներ էլ կան, որոնք ընթացքում լուծում ենք՝ բարձրացնելով հնարավոր համավարակներին ու ռազմական գործողություններին դիմակայելու պատրաստվածության աստիճանը: Բայց և այնպես, եթե հարցը վերաբերում է անվտանգային իրավիճակի բարդացմանը, ապա կարծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը թույլ չի տա իրավիճակի բարդացում կամ վատթարացում իր պատասխանատվության գոտում և լիարժեք կապահովի Արցախի բնակչության անվտանգությունը:

  1. 2020 թվականին Դուք հայտարարել եք, որ նախատեսում եք լուծել խմելու ջրի խնդիրը: Նախատեսվում էր նոր ջրամբարների կառուցում: Արդյոք կառուցվո՞ւմ են դրանք, և, արդյոք, արդյունքում լուծվա՞ծ է ջրի խնդիրը՝ ջրի անվտանգության խնդիրը:

 - Մեր հանրապետությունում դեռևս կան խմելու ջրի հետ կապված խնդիրներ, որոնք տարբեր բնակավայրերում տարբեր կերպ են արտահայտվում: Հատկապես ամռանը ջրի սակավության պատճառով խնդիրներ են առաջանում՝ թե՛ խմելու և թե՛ ոռոգման համար: Անցած տարվա օգոստոսին մայրաքաղաք Ստեփանակերտում շուրջ մեկ ամիս խմելու ջրի լուրջ խնդիր կար, և երևի հիշում եք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը նույնպես լծված էր այդ հումանիտար խնդրի լուծմանը: Հիմա Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը նախատեսում ենք լուծել Պատարա գետի վրա ջրամբարի կառուցմամբ: Գետի վրա ջրընդունիչի և 22 կիլոմետրանոց ջրագծի աշխատանքները նախատեսում ենք ավարտել ավելի շուտ՝ այս տարվա հուլիսին։ Իսկ ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին: Այլ ծրագրեր նույնպես կան ջրամբարների կառուցման ուղղությամբ, սակայն ջրամատակարարման ցանցերի կառուցումը ևս լրջագույն խնդիր է տասնյակ բնակավայրերում, որոնց ուղղությամբ տարեցտարի աշխատանքներ են կատարվում: Պլանավորում ենք երեք-չորս տարվա ընթացքում ողջ բնակչությանն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Առկա են ջրի անվտանգության որոշակի ռիսկեր, քանի որ տարբեր հատվածներում ջրի աղբյուրները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Բացի դրանից, մի շարք բնակավայրերում ադրբեջանական կողմը թույլ չի տալիս օգտվել իրենց վերահսկողության տակ գտնվող աղբյուրներից, ինչի հետևանքով սկսել ենք այլընտրանքային ցանցեր կառուցել:

  1. Ինչպե՞ս է փոխվել ժողովրդագրական պատկերը վերջին 2 տարում:

 - Մեզ համար ակնհայտ է, որ պատերազմի ավարտից, հետևաբար՝ Արցախի ժողովրդին լրիվությամբ էթնիկ զտման և հայրենազրկման ենթարկելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը որդեգրել է հոգեբանական ու ժողովրդագրական պատերազմի ռազմավարություն՝ նպատակ ունենալով ցանկացած գնով մեր բնակչությանը մղելու արտագաղթի և աստիճանաբար դատարկելու Արցախը հայ բնիկ բնակչությունից: Ի հեճուկս դրա, մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք գոնե նվազագույն բարենպաստ պայմաններ ապահովելու համար, որպեսզի հայ բնակչությունը վերադառնա իր հայրենիք ու շարունակի կյանքը կերտել այստեղ: Մենք հավատացած ենք, որ Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաև աճող ժողովրդագրության մակարդակով, և մի օր կկարողանանք վերջնականապես իրացնել ու պաշտպանել մեր ինքնորոշման իրավունքը մեր պատմական հայրենիքում և այդպես հասնել անկախության միջազգային ճանաչման: Ի դեպ, հատկանշական է, որ Արցախում հայերը հազարամյակներ շարունակ եղել են ճնշող մեծամասնություն, իսկ ադրբեջանցիների քոչվոր նախնիները ներթափանցել են Արցախ միայն երկուսուկես դար առաջ: Ադրբեջանական բնակչության թիվը արհեստականորեն աճեցվել է հատկապես խորհրդային շրջանի վերջին տասնամյակներում՝ չգերազանցելով ընդհանուր բնակչության շուրջ 22 տոկոսը:

Արցախի ու Հայաստանի կառավարությունների և ռուս խաղաղապահ զորակազմի աջակցությամբ 2020-21 թթ. ավելի քան 80,000 բնակիչներ վերադարձել են Արցախ: Հիմա հանրապետությունում ապրում է ավելի քան 120,000 մարդ (պատերազմից առաջ՝ 148,000), որից շուրջ 18,000 մարդ բռնի տեղահանված է, իսկ ևս 21,000 բռնի տեղահանված անձ բնակարանային պայմանների բացակայության պատճառով դեռ չի վերադարձել հայրենիք: Բավականին դրական միտում ունենք նաև ծնունդների աճի հետ կապված՝ չնայած անվտանգային ռիսկերի ու երկարաժամկետ անորոշությունների առկայությանը: Դա ցույց է տալիս, թե որքան վճռական ու ամուր է կանգնած Արցախի ժողովուրդն իր պատմական հողում՝ գաղափարապես գիտակցելով մեր բաժին պատասխանատվությունը նախորդ ու հաջորդ սերունդների առջև:

Պետք է արձանագրենք, որ շարունակվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայատյաց ու նացիստական հռետորաբանությունը և Արցախի հայ բնակչության նկատմամբ ռազմական ու հոգեբանական բնույթի ագրեսիաները, որոնք ավելի սուր ու վտանգավոր բնույթ են ստացել վերջին երկու ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի գերզբաղվածության պայմաններում: Ավելին, Ադրբեջանը բացահայտ ու համակարգային ձևով ագրեսիվ ու ռուսատյաց վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի դեմ, ինչի վառ օրինակը դարձավ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքի՝ Փառուխ գյուղի օկուպացիան: Այնուամենայնիվ, այդ համատեքստում անառարկելի է, որ նույնիսկ նման սադրանքների պայմաններում Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրվող ռազմաքաղաքական երաշխիքներն են զսպում Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը, և մենք համոզված ենք, որ Ռուսաստանը ևս շահագրգռված է սեփական հայրենիքում հայ բնիկ բնակչության անվտանգությամբ ու հետագա աճով:

artsakhpress.am

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06