Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի համար. ԱՀ ԱԳՆ

23.03.2020 21:42
1115

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ, որում մասնավորապես ասված է.

«100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին, նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:

Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց: 

Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, որոնք նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։

Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու`  երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։ 

Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։ 

Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը  փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։ 

Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։  

Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար»։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40