Արցախի ջրամբարները. ռեկորդակիր Սարսանգից մինչեւ ներհամայնքային լճակներ

15.11.2018 14:45
2156

Արցախի Հանրապետությունում այսօր կա 24 ջրամբար, որոնցից 22-ն ունեն մելիորատիվ (ոռոգման), իսկ մյուս 2-ը՝ էներգետիկ նշանակություն: Այս մասին տեղեկացել ենք ԱՀ կառավարությունից:

Մելիորատիվ ջրամբարները Արցախի գյուղնախարարության տիրույթում են: ԳՆ-ն է զբաղվում երկրի ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ քաղաքականության մշակման խնդիրներով, իսկ հիդրոէներգետիկան (այսինքն՝ էներգետիկ նշանակության ջրամբարները) ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության ոլորտն է:

Կառավարությանն ուղղված մեր մի քանի հարցերի պատասխաններին սպասել ենք շուրջ երկու ամիս, ինչից հետո մեզ ընդամենը մի քանի նախադասությամբ տեղեկատվություն է տրամադրվել: Խնդրել էինք, մասնավորապես, ամփոփ տեղեկություններ հայտնել գործող ջրամբարների անվան, նշանակության, տեղակայման վայրերի, ընդհանուր եւ մեռյալ ծավալների, շահագործման հանձնվելու տարիների, պատվարների բարձրության մասին: Նշենք, որ այս տվյալները յուրաքանչյուր ջրամբարի հիմնական բնութագրիչներն են:

Հարցման պատասխանում առանց մանրամասների ընդամենը նշվել է 24 ջրամբարի առկայության մասին: Սրանցից 3-ը, ըստ կառավարության, վթարված են եւ չեն շահագործվում: Բացի դրանից՝ 22 մելիորատիվ ջրամբարներից 7-ն օգտագործվում են նաեւ ձկնաբուծական նպատակներով:

Էներգետիկ երկու ջրամբարներն են Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարները: Սրանք օգտագործվում են համապատասխանաբար «Սարսանգ» (50 ՄՎտ) եւ «Մատաղիս-1» (4,8 ՄՎտ), «Մատաղիս-2» (3 ՄՎտ) հէկերի համար, որոնք շահագործում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն. սրա շուրջ 48 տոկոս բաժնետոմսերը պետական են, իսկ մնացած 52 տոկոսը բաշխված է ավելի փոքր մասնավոր սեփականատերերի միջեւ:

Ամենամեծ ծավալով ու ամենաբարձր պատվարով Սարսանգի ջրամբարը

Սա ոչ միայն Արցախի, այլեւ հայկական երկու հանրապետությունների տարածքում ամենամեծ ջրամբարն է: ՀՀ ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը, որը համատեղ օգտագործվում է Թուրքիայի հետ, ունի 525 մլն խմ ծավալ, որից օգտակար է համարվում 510 մլն խմ-ն (ընդհանուր ծավալը բաժանվում է օգտակարի եւ մեռյալի. առաջինը ջրի այն ծավալն է, որը հաշվարկված է օգտագործել, իսկ մեռյալ ծավալը ժամանակի ընթացքում տիղմով եւ ջրաբերուկներով ծածկվող ու անօգտագործելի դարձող մասն է): Այնինչ 1976-ին շահագործման հանձնված Սարսանգի ջրամբարի (գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Թարթառ գետի վրա) ընդհանուր ծավալը 565 մլն խմ է, օգտակարը՝ 495 մլն խմ: 126 մ բարձրությամբ ամբարտակով (երկարությունը՝ 550 մ) Սարսանգի ջրամբարը նույնպես ռեկորդակիր է:

 

 

Դերիվացիոն համակարգով ջրամբարից դեպի «Սարսանգ» հէկ վայրկյանում կարող է մղվել շուրջ 70 խմ ջուր: Բացի դրանից՝ ջրամբարն ունի նաեւ ոռոգման փականներ, եւ հարկ եղած դեպքում մելիորատիվ նպատակներով դրանից վայրկյանում կարող է դուրս բերվել 30 խմ ջուր: 

Սարսանգից արեւելք՝ Թարթառի համեմատաբար ստորին հոսանքի վրա է գտնվում Մատաղիսի ջրամբարը (Մարտակերտի շրջան), որը, ինչպես եւ կից հէկը, նույնպես խորհրդային տարիներին է կառուցվել: Այն ժամանակ ջրամբարն օգտագործվել է նաեւ ոռոգման նպատակով: 2012-ին Մատաղիսում շահագործման են հանձնվել «Մատաղիս-1» եւ «Մատաղիս-2» փոքր հէկերը: Ըստ ԱՀ գյուղնախարարության կայքի՝ Մատաղիսի ջրամբարի ընդհանուր ծավալը 5 մլն խմ է:

 

 

Նշենք, որ ջրամբարները դասակարգվում են լճակների (մինչեւ 1 մլն խմ ծավալով), փոքր ջրամբարների (1-10 մլն խմ), մեծ ջրամբարների (10 մլն խմ-ից ավելի):  

Մելիորատիվ ջրամբարներ

Ինչպես ասվեց, Սարսանգից ու Մատաղիսից զատ՝ մյուսները ոռոգման ջրամբարներ են: Դրանք հիմնականում ներհամայնքային լճակներ են, սակայն, օրինակ, Խաչենի ջրամբարը, ըստ ԳՆ-ի կայքի, ունի 15 մլն խմ ծավալ (այլ աղբյուրներում նշվում է 20-25 մլն խմ), այսինքն՝ մեծ ջրամբար է համարվում: Վերջինս իր տեսակի մեջ մեծությամբ առաջինն է Արցախում: Խաչենագետի միջին հոսանքում գտնվող այս ջրամբարը եւս կառուցվել է խորհրդային տարիներին, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս՝ Աղդամի շրջանում, սակայն այսօր գտնվում է ԱՀ Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների սահմանագլխին:

 

 

Խաչենից բացի՝ ոռոգման համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Վարանդա-1 ջրամբարը, որը գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ նախկին Ֆիզուլի բնակավայրի հարեւանությամբ:

Սարսանգի, Մատաղիսի, Խաչենի եւ Վարանդա-1  ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտական ծրագրի ղեկավար Արեստակ Սարուխանյանը 2014-ի փետրվարին լրագրողներին հայտնել էր, որ ուսումնասիրությունների արդյունքում դրանց վիճակն ընդհանուր առմամբ բավարար է գնահատվել. Խաչենի եւ Մատաղիսի ջրամբարները կայուն վիճակում են, պարզապես երկրորդի դեպքում խնդիրը մեծ քանակի ջրաբերուկներն են, ինչի պատճառով ծավալը փոքրանում է՝ քիչ ջուր է կուտակվում, իսկ Վարանդա-1-ի վրա կան պատերազմական գործողությունների հետեւանքով առաջացած որոշ վնասվածքներ, որոնք անհրաժեշտ է նորոգել (հիշենք, որ 2016-ի ապրիլյան առճակատման ընթացքում հակառակորդն արկակոծում էր ոչ միայն Մատաղիս գյուղը, այլեւ նույնանուն ջրամբարը՝ նպատակ ունենալով շարքից դուրս բերել այն, բայց չկարողացավ): Սարսանգի պատվարի վիճակը նույնպես կայուն էր գնահատվել, չնայած այն ունի բարձր ռիսկայնություն:  

Նշենք, որ, հաշվի առնելով մի շարք գործոններ, ինչպիսիք են ընդհանուր պայմանները, պատվարի նախագիծը, ներքին բյեֆում՝ մակարդակում, սոցիալ-տնտեսական պայմանները, ջրամբարների պատվարները խմբավորվում են ըստ շահագործման բարձր, միջին եւ ցածր ռիսկայնության: Մյուս կողմից՝ դրանք տարբերակվում են նաեւ ըստ սեյսմիկ ազդեցության նկատմամբ բարձր, միջին եւ ցածր խոցելիության:

 

 

«Սարսանգի ջրամբարը, հանդիսանալով Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գրունտային պատվարը եւ հանդիսանալով ինժեներական տեսակետից համապարփակ մի կառույց՝ իրականացված բարդ ինժեներական պայմաններում, իր ռիսկայնությամբ համարվում է առաջին աստիճանի կառույց: Խիստ անհանգստանալու առիթ չկա, սակայն ջրամբարի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է իրականացնել շահագործման գործառույթներ, որոնք հաճախ մեր կողմից բաց են թողնվում»,- ասել էր Ա. Սարուխանյանը՝ հավելելով, որ ուսումնասիրելու են նաեւ հանրապետության շուրջ երկու տասնյակ փոքր ջրամբարները՝ պարզելու դրանց տեխնիկական վտանգավորության աստիճանը:

Արեստակ Սարուխանյանը «Իրատեսի» հետ զրույցում նշել էր Արցախի ջրամբարների ծավալները: Այս թվերը, հաշվի առնելով բանախոսի մասնագետ լինելը, կարող ենք իրական համարել: Այսպես՝ Մատաղիսի ջրամբարի ընդհանուր ծավալը 5,2 մլն խմ է, Խաչենինը՝ մոտ 22 մլն խմ, Վարանդա-1-ինը՝ 10-12 մլն խմ: Ստացվում է, որ սրանց եւ Սարսանգի շնորհիվ հնարավորություն կա Արցախի տարածքում ամբարել առնվազն 604 մլն խմ ջուր (ներառյալ ջրամբարների մեռյալ ծավալները):

Հետաքրքիր է, որ խորհրդային Ադրբեջանի օրոք կառուցված ջրամբարների ինժեներատեխնիկական փաստաթղթերը Արցախյան պատերազմից հետո չեն պահպանվել, ինչը խնդիր է հայ մասնագետների համար: Այդուհանդերձ, Սարուխանյանը հայտնել է, որ կատարած ուսումնասիրությունների հիման վրա իրենք կազմել են Մատաղիսի, Խաչենի ու Վարանդա-1-ի ինժեներատեխնիկական նախագծերը:

Նշենք, որ Վարանդա գետի վրա միանգամից երեք ջրամբար կա՝ Վարանդա-1, Վարանդա-2, Վարանդա-3. բոլորն էլ կառուցվել են խորհրդային տարիներին: Առաջինը գտնվում է ամենացածր նիշում եւ այս պահին կուտակում է մյուսներում չկուտակվող-դուրս եկող ջրերը: Ընդ որում՝ Վարանդա-1-ն ու Վարանդա-2-ն անմիջական հարեւանությամբ են կառուցված:

Արցախի կառավարությունը չի պատասխանել մեր հարցին, թե արդյոք ներկայում շահագործվում է երկրորդ ջրամբարը: Սակայն ԳՆ ենթակայությամբ գործող «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Վիտալի Դանիելյանը դեռ 2016-ի հուլիսին «Ազատ Արցախ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ մեծ քանակությամբ ջուր կուտակելու հնարավորություն կա միայն Խաչենում, ավելի քիչ քանակությամբ հավաքվում է Վարանդա-1-ում: Մյուս կողմից, ըստ Դանիելյանի, այդ տարի նախատեսվում էր Վարանդա-2-ի շինարարությունը (ըստ էության, նկատի է ունեցել վերականգնումը):

 

 

2015-ին սկսվել էին դեռեւս 1962-ին կառուցված Վարանդա-3-ի վերանորոգման աշխատանքները, որի պատվարը տուժել էր Արցախյան պատերազմի տարիներին: Մոտ 3 մլն ընդհանուր ծավալ ունեցող այս ջրամբարը առաջին երկուսի պես կառուցվել է ԼՂԻՄ տարածքից դուրս՝ Ֆիզուլու շրջանում, ավելի կոնկրետ՝ Վարանդայի եւ դրա վտակ Ամարասի միախառնման հատվածում: Ըստ Արցախի գյուղնախարարի նախկին տեղակալ Գեւորգ Վերանյանի՝ ջրամբարի օգտակար ծավալը շուրջ 2,5 մլն խմ է, ինչը հնարավորություն կտա ոռոգել 500-1000 հա հողատարածք. տարբերությունը կախված է ոռոգման եղանակից: 2017-ի ապրիլին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել էր շինհրապարակ, ծանոթացել աշխատանքներին: Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հիմնանորոգումից հետո Վարանդա-3-ի ջրերն ուղղվելու են Մարտունու շրջանի ավելի քան 500 հա հողատարածքների ոռոգմանը:

Անհասկանալի մոտեցում, անպատասխան հարցեր

Կառավարությանը հարցրել էինք, թե ներկայում ինչ փուլում է Վարանդա-3-ի վերագործարկման ծրագիրը, սակայն պատասխան չենք ստացել: Պատասախան չի տրվել նաեւ հարցին, թե այսօր Արցախում քանի ջրամբար է կառուցվում կամ վերանորոգվում: Մի քանի աղքատիկ նախադասություն գրելուց հետո մեր նամակի հասցեատերերը նշել են, թե ջրամբարների վերաբերյալ մնացած տեղեկությունները օգտագործվում են միայն ծառայողական նպատակներով: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նախ՝ չի հստակեցվել, թե արդյոք այդ տեղեկությունները ծառայողական գաղտնիք են պարունակում. ձեւակերպումն, ինչպես տեսնում ենք, այլ է, երկրորդ՝ տեղական ու հայաստանյան լրատվամիջոցներով, մասնագետների եւ պաշտոնյաների մակարդակով ժամանակ առ ժամանակ խոսվում է Արցախի ջրամբարների ներկա վիճակի, իրականացվող ծրագրերի կամ գալիք նախագծերի մասին, երրորդ՝ որոշակի ինֆորմացիա կա հենց ԱՀ ԳՆ-ի կայքում, սակայն դա էլ մեզ չի տրամադրվել:    

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ընթացիկ տարվա հունվարին, խոսելով տնտեսության աճի մասին, անդրադարձել էր ներդրումներին եւ հայտարարել, մասնավորապես, հետեւյալը. «Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական եւ օտարերկրյա ընկերությունների կողմից։ Արդյունքում կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության եւ զբոսաշրջության նպատակներով»: Դրանից օրեր անց պետնախարարի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն էր նշել, որ օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվելու հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ:

Խոսնակը նաեւ հայտնել էր. «Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաեւ 5,95 ՄՎտ դրվածքային հզորությամբ հէկ. ընդ որում՝ սա ջրամբարով հէկի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաեւ ձկնաբուծության եւ ոռոգման նպատակներով: Ուշագրավ է, որ սեփականատերն օտարերկրյա ներդրող է, ով նախագծի վրա ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար»:

Կառավարությանն ուղղված մեր հարցման մեջ ներառել էինք նաեւ այս թեմաները. խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ փուլում են Սարսանգ-Մատաղիս հատվածի  եւ Քաշաթաղի նախագծերը, հետաքրքրվել էինք մանրամասներով՝ ծրագրերի ընթացքով, արժեքով, ներդրողներով: Հարցերն անպատասխան են մնացել:    

 

 

Քաշաթաղի ջրամբարի ծրագրի հովանավորը շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն է, որը նաեւ բաժնետեր է«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում: Ջրամբարի հիմնարկեքը կատարվել է 2015-ի ամռանը: Դրա համար ընտրվել է Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման վայրը Աղավնո գյուղից ոչ հեռու: Նախագծող «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավար Յուրի Ջավադյանը ծրագրի մեկնարկին հայտնել էր, որ 12 մլն խմ ծավալով ավազանի պատվարն ունենալու է 40 մ բարձրություն, ջրամբարի հայելին լինելու է շուրջ 81 հա, ընդհանուր պահպանվող տարածքը՝ մոտ 150 հա:

Առաջին լուսանկարում՝ Սարսանգի ջրամբարը (լուս.՝ Հակոբ Պողոսյանի)

hetq.am

 
 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25