Արցախի վերաբերյալ ռեզոլյուցիա Բելգիայից. իրական հույս, թե՞ պատրանք   

29.07.2025 16:26
408

2025թ. հուլիսի 17-ին Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» վերնագրով ռեզոլյուցիա, որտեղ, ամենախիստ կերպով դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիան և դրան նախորդած Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը, ընդգծել է, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են։

Միաժամանակ ռեզոլյուցիայում կոչ է ուղղվել Բելգիայի կառավարությանը, որպեսզի վերջինս կոչով դիմի Ադրբեջանին, մասնավորապես՝

• «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների։

• երաշխավորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի իրավունքները և թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը և հայ բնակչության արագ, անվտանգ ու անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։

• անհապաղ սկսել անկեղծ, համապարփակ և թափանցիկ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց անվտանգության և մշակութային, սոցիալական ու կրոնական իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար»:

Հարկ է նշել, որ միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրները դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանի կողմից արցախահայությանն ավելի քան իննամսյա շրջափակման ենթարկելու ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են ուղղել Ադրբեջանին, որոնք, սակայն, եղել են ապարդյուն: 

Անհրաժեշտ է նշել, որ այն, ինչ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն իրականացրել է Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ, ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի, համարվում է ցեղասպանություն:

Նշված կետում արձանագրված է, որ «ցեղասպանություն է համարվում նաև ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Եթե արցախահայությանը ցեղասպանության ենթարկելուն ուղղված գործողությունները դադարեցնելու մասին միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների կոչերին ժամանակին ականջալուր չի եղել Ադրբեջանը, արդյո՞ք այժմ կլսի դրանք: Ո՛չ և կրկին ո՛չ:

Եվ ուրեմն, միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների Ադրբեջանին ուղղված հիշյալ և նմանատիպ՝ գործնական հիմքից զուրկ կոչերն ու «ամենախստիվ կերպով դատապարտումներն», ըստ ամենայնի, ունեն գլխավորապես մեկ նպատակ. հաճոյանալ հայ ժողովրդին և նրա մոտ ձևավորել միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրի նկատմամբ դրական վերաբերմունք:

Եթե միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրներն իրապես ցանկանում են օգնել Արցախի հայությանը, ապա պետք է Ադրբեջանի նկատմամբ իրականացնեն գործնական քայլեր, օրինակ՝ Ադրբեջանի գործող վարչակազմի բոլոր ներկայացուցիչների մուտքն արգելեն իրենց երկրներ, կամ Ադրբեջանից ներմուծվող գազի ու նավթի նկատմամբ կիրառեն արգելք (էմբարգո), կամ սառեցնեն ադրբեջանական բոլոր ակտիվները և այլն:

Քանի դեռ միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրները գործնական քայլեր չեն իրականացրել, Ադրբեջանը երբեք չի կատարելու նրանց կոչերն ու հորդորները:

Անհրաժեշտ է նշել, որ չնայած ժողովրդավարության, մարդու իրավունքների և նման կարգի այլ արժեքների հարգման ու պաշտպանության մասին միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների պաշտոնատար անձանց պարբերական հայտարարություններին և հավաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժեքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նյութականացված դրսևորում:

Այսպես, 2022թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ստորագրել են հուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթով նախատեսվում է Կասպից ծովի հողմակայանների արտադրած էլեկտրական էներգիան տեղափոխել դեպի Եվրոպա:                  

Հուշագրի համաձայն՝ մոտավորապես 1100 կմ երկարություն ունեցող 500 կՎ լարման մալուխը պետք է սկիզբ առնի Ադրբեջանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը, այնուհետև շարունակվի Սև ծովի հատակով՝ հասնելով մինչև Ռումինիա:    

Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորաբար, հայտարարել է. «…Ռուսաստանի պատերազմի սկզբից մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից և դիվերսիֆիկացվել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են սեղանի շուրջ այստեղ գտնվող գործընկերները: Եվ դա աշխատում է…»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքից պարզվում է, որ Եվրոպական միությունն Ադրբեջանին համարում է «հուսալի էներգետիկ գործընկեր»:

Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ 2023թ. հոկտեմբերի 3-ին «Եվրոնյուզ» եվրոպական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով «Արդյո՞ք Ադրբեջանը դեռևս Եվրամիության գործընկերն է» հարցին, մասնավորապես, հայտարարել էր. «Գործընկերն է, այո, այսօր գործընկերն է։»:

Հետևաբար, վերոնշյալի հաշվառմամբ, հարկ է նշել հետևյալը. միջազգային հանրությունը, նրա առանձին որևէ անդամ երկիր մեր փոխարեն չի լուծելու Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը: Նշված կոնֆլիկտը պետք է լուծենք մենք և բացառապես միայն մենք:

Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքից:

Անշուշտ, առաջարկվածը հնարավոր կլինի իրականություն դարձնել Հայաստանի Հանրապետությունում պատշաճ սիստեմատիկ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական կառավարման ոլորտի փորձառություն, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ ունեցող վարչակազմի ձևավորումից հետո: 

 

 ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

 

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48