Հարություն Առուստամյանի և նրա հիմնադրած «Զանգեզուր» դհոլահարների համույթի մասին

29.02.2024 14:17
918

Սյունիքի դհոլի դպրոցի երախտավոր, մարզի տարբեր երաժշտական դպրոցների դհոլի դասարանների հիմնադիր և դասատու, գորիսեցի ճանաչված դհոլահար Հարություն Առուստամյանի ջանքով Կապանում, Գորիսում, Շինուհայրում և Տեղում գործում են «Զանգեզուր» անվամբ դհոլահարների չորս համույթ, Կապան քաղաքի, Գորիս և Տաթև համայնքների երաժշտական դպրոցներում՝ դհոլի դասարաններ, Տեղ գյուղի մշակույթի կենտրոնում ընթանում են դհոլի պարապմունքներ:

Դհոլը՝ ժողովրդական նվագարանների զարդ

Հայկական ամենահին երաժշտական գործիքներն օգտագործվել են դեռևս մ.թ.ա. 3 000-2 000 թթ.: Հայկական լեռնաշխարհի հնաբնակները՝ հայերի նախահայրերը Ք.ա. 800-ական թվականներին կրոնական ծիսակատարությունների ժամանակ նույնպես նվագել են հարվածային գործիքներ: Oգտագործվել են ծնծղաներ, թմբուկներ, դափեր, դհոլներ: Դրանց վերաբերյալ իրեր են գտնվել Երևանի մոտ գտնվող Կարմիր բլուրի տարածքում կատարված պեղումների ժամանակ:

Հնում հարվածային գործիքները նվագում էին ռազմերթի ժամանակ, նոր ժամանակներում՝ հայկական ավանդական զուռնայի կամ կլարնետի նվագակցությամբ՝ հարսանիքների, խնջույքների, տոնախմբությունների ժամանակ, ժողովրդական ինքնագործ խմբերում, ժողովրդական նվագարանների համույթներում, համերգներում, մրցույթներում, փառատոներում...

Հայաստանում ներկայումս բազմաթիվ հարվածային գործիքներից ամենատարածվածը դհոլն է: Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Բաղկացած է գլանաձև սնամեջ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստմասսե մեմբրան, որի ձգվածությամբ կարգավորվում է դհոլի ձայնի հնչողությունը։ Դհոլի գլանաձև շրջանակը պատրաստվում է փայտից, պողպատից, լատունից, ակրիլային պլաստմասսայից: Հնում դհոլի շրջանակը պատրաստվել է ընկուզենու փայտից: Քանի որ այն պատրաստելիս հաճախ կոտրվում էր, օգտագործվել են նաև այլ փայտանյութեր: Ներկայումս առավել կիրառական է պլաստմասսան: Այնուամենայնիվ, լավագույն դհոլ նվագողները հիմա էլ նախընտրում են ընկուզենուց պատրաստված դհոլները: Չնայած այդպիսի գործիքի քաշը ծանր է, բայց տեմբրը հարուստ է: Դհոլի շրջանակի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշի։

Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներին, սակայն նրա «իսկական տեղը» ժողովրդական նվագարանների համույթում է: Ժողգործիքների համույթում դհոլի դերը նման է դասական նվագախմբում առաջին ջութակին, որը տվյալ երաժշտական համույթի «քաշող ուժն» է, տակտը, ռիթմը, ողջ մեղեդիների բույլին «համ ու հոտ» տվողը...

Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը, Էֆոն՝ Սերգեյ Խաչատրյանը։ «Դհոլ նվագելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ երաժշտական նուրբ ականջ, քանի որ հայկական ժողովրդական հարվածային այս գործիքի կատարողական ռեսուրսը չափազանց ընդգրկուն է»,-ասում է դհոլ պատրաստող նշանավոր վարպետ, հայտնի դհոլահար Էֆոն, նույն ինքը՝ «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկի հեղինակ Սերգեյ Խաչատրյանը:

Մարդու՝ սիրով կատարած գործն իր առջև նորանոր գաղտնիքներ կբացի

Հարութ Առուստամյանը ծնվել է 1994 թ. Գորիսում: Հայրը՝ Դավիթը՝ շինարար է, մայրը՝ Ժասմեն Դոլունցը՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնտեսագիտության դասախոս:

Հաճախել է Գորիսի 2-րդ միջնակարգ դպրոցը, 2012 թվականին ավարտել 4-րդ ավագ դպրոցը: Նույն տարում ընդունվել է Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Երեք ամիս անց զորակոչվել է հայոց բանակ: Ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ գնդապետ Սերգեյ Առուստամյանի հրամանատարությամբ գործող զորամասում: 2014 թ. ձմռանը զորացրվել է և ուսումը շարունակել Գորիսի պետհամալսարանում: 2017 թ. ավարտել է բուհը, ստացել տնտեսագետի որակավորում: Դհոլահարի կարիերան սկսել է 18 տարեկանից...

Գորիսի գողտրիկ անկյուններից մեկում զրուցում ենք Հարութ Առուստամյանի հետ:

Ինչո՞ւ սիրեցի դհոլը: Սկզբում սովորական ցանկություն էր՝ դառնալ դհոլահար: Երբ փոքր տարիքում հեռուստատեսությամբ տեսնում էի համերգային ծրագրեր, ինձ ձգողը հայկական ժողովրդական նվագարաններով համույթների համերգներն էին: Ծնողներիս հետ Գորիսում մասնակցում էի համաքաղաքային միջոցառումներին կամ ժողգործիքների տարբեր համույթների համերգներին... Կլանված դիտում էի ամբողջ համերգը, բայց ականջիս մեջ դհոլի ռիթմն էր: Ինձ հետաքրքրողը միայն դհոլահարն էր ու դհոլը... Զգում էի դհոլահարի մատների հուժկու զարկերը, դհոլի յուրօրինակ մեղեդու խրոխտ ու մեղմ ձայների արձագանքները:

Այս ժողովրդական գործիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի պատճառներից մեկը դեռևս առաջին դասարանում հոր կողմից  7-ամյա որդուն նվիրած դհոլն էր: Գորիսում չկար դհոլի խմբակ: Իսկ տանն այնքան էր նվագում, որ դպրոցական տարիքում արդեն «դպրոցի դհոլահար» էին անվանում նրան: Առանց երաժշտական կրթության, ինքնուս պարապմունքների միջոցով, մինչև դպրոցն ավարտելը, կրթօջախում տեղի ունեցած յուրաքանչյուր գրական-գեղարվեստական-երաժշտական միջոցառման ժամանակ իր դհոլով միշտ ներկա էր:

Եթե մարդն իր գործը սիրով կատարի, ապա այն իր առջև նորանոր գաղտնիքներ կբացի: Այդպես էլ իմ դհոլն էր... – Եզրահանգում է երիտասարդ վարպետ դհոլահարը: Դպրոցով, բնականաբար, չպիտի սահմանափակվեի: Իմ առջև պիտի բացվեին դռներ: Կարծես կանխազգում էի դա ու համբերատար, իմ պայքարով, աշխատանքով նախապատրաստվում...

Առանց ուսման դժվար էր: Ծննդյանս օրվանից մինչև բանակ զորակոչվելը, ոչ միայն Գորիսում, այլև Սյունիքի որևէ բնակավայրում չկար գեթ մեկ դհոլահար-ուսուցիչ: Սյունիքի ոչ մի երաժշտական դպրոցում չկար դհոլի բաժին: Մտքումս զուգահեռներ էի անցկացնում. հնարավո՞ր է, որ որևէ բարձրակարգ դասական համերգի առաջին ջութակ նվագող երաժիշտը լուրջ մասնագիտական կրթություն չունենա: Իհարկե, ոչ: Բայց ինչու՞ ժողովրդական նվագարանների համույթի թագն ու պսակը հանդիսացող դհոլ նվագող վարպետ-դհոլահարը չպետք է մասնագիտական կրթություն ունենա ...

Բանակում կատարվեց երազանքներիցս մեկը. վարժվեցի հմուտ դհոլահարի մոտ:

– Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

Զինծառայությանս ընթացքում Արա լեռան շրջակայքում էինք: Բարեբախտաբար, ծառայությանս տարիներին մեր զորամասում՝ ադրբեջանաարցախյան շփման գծերից մեկում, լուրջ միջադեպեր չկային: Դա է պատճառը, որ զորամասի հրամանատարությունն ամեն կերպ աջակցում էր երաժիշտներին՝ մեր նվագախմբի պարապմունքների պատշաճ անցկացման համար: Ես, որպես ժամկետային զինծառայող, զինվորական նվագախմբի շեփորահարն էի: Իմ բախտը բերեց՝ մեր նվագախմբում էր նաև ժամկետային զինծառայող, Արցախում ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ դհոլահար, Ստեփանակերտի երաժշտական դպրոցի դհոլի դասարանի դասատու Հարություն Հովսեփյանը: Նա դհոլի վարպետության դասեր տվեց ինձ, պարապեց, կատարելագործեց հմտություններս, տվեց մասնագիտական գիտելիքներ, դհոլի նվագս դրեց պրոֆեսիոնալ հիմքերի վրա:

– Այդ ժամանակ ուսումը շարունակելու մտադրություն ունեի՞ք, թե՞ բանակում ձեռք բերած դհոլահարի փորձդ բավարար էր:

Բանակից զորացրվելուց առաջ տեղեկացա, որ Գորիսի զորամասի նվագախմբում ծառայող Հարութ անունով մի ժամկետային ծառայող, ով նույնպես երաժշտական կրթությամբ դհոլահար է, համագործակցում է Գորիսի մշակույթի տան կոլեկտիվի հետ: Գորիսի մշակույթի բնագավառի երկարամյա աշխատակից Նելլի Արզումանյանի աջակցությամբ, երկար տարիների ընդմիջումից հետո, Հարութը Գորիսում առաջինն իրականացրեց դհոլի մասնագիտական պարապմունքներ, ստեղծեց Գորիսի դհոլահարների համույթ:

Ի՞նչ նշանավոր դհոլի վարպետներ են եղել Գորիսում: Ահավասիկ՝ «որոնումներիս» արդյունքները՝ նախորդ դարի 60-70-ական թվականներից մինչև մեր օրերը. Տափչի (դափահար) Վահան, Արկադիա Քաթանյան (Քթանի Արգո), նրա որդին՝ Արայիկ Քաթանյան (ներկայումս ապրում է Ֆրանսիայում), Սուրիկ Ջավադյան (Գորիսի թատրոնի կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսի վթարի զոհ է դարձել), Շուրա Սահակյան (զբաղվում է այլ մասնագիտությամբ), Բաբիկ Մկրտչյան (Բաբուլիկ), Կառլեն Հարությունյան (ռենտգենելոգ Կառլեն), Սամվել Բոլունց, Լյովա Նարինյան, Վաչագան Միրումյան, Կարեն Բաբայան, Վագիֆ Ղազարյան... Նրանցից միայն Կառլեն Հարությունյանն ու նրա սան Բաբիկ Մկրտչյանն են Գորիսում ստեղծել դհոլահարների համույթ: Բաբիկ Մկրտչյանը Գորիսում և Վերիշենում ուներ 70 հոգանոց դհոլահարների երկու համույթ, որոնք 1987-88 թթ. արժանացել են հանրապետական մրցույթների դափնեկրի կոչման: Արցախից տեղահանված՝ Շուշիի, Վանքի, Ստեփանակերտի մշակույթի տների դհոլահարների համույթների ղեկավար Բեկո Հարությունյանն այսօր բնակվում է Գորիսում. նա Տաթև համայնքի Խոտ գյուղում բացել է դհոլի ստուդիա:

Հարութ Առուստամյանն իր փորձով, սեփական քայլերով, հաճախելով բազմաթիվ բնակավայրեր, հանդիպելով, տեսնելով, լսելով մարդկանց, իմանալով դհոլի հանդեպ երեխաների, պատանիների ու երիտասարդների սերը, որոշեց Սյունիքի մարզում՝ երաժշտական դպրոցների մակարդակով, իրականացնել դհոլի մասնագիտական պարապմունքների հաստատման, դհոլահարների համույթների ստեղծման ու կայացման գործընթացը: Տասը տարվա համառ ու նպատակասլաց աշխատանքի արդյունքում, Սյունիքի մարզում դհոլի զարգացման ամուր հիմքեր դրեց: 

Փորձում եմ ներթափանցել նրա իրականացված երազանքների աշխարհը...

- Երաժշտասեր մարդն ամեն գործիքի հետ կապված, ուրույն զգացումներ ունի: Բայց կարծում եմ՝ սովորական ունկնդրի համար դժվար է որսալ դհոլի հնչյունային, երաժշտական, ելևէջային նուրբ գաղտնիքները: Այլ գործիքների դեպքում ականջի համար ընկալելի է՝ այս նոտան կամ երաժշտական ոճը փոխվեց, իսկ դհոլի պարագայում, կարծես, այդքան էլ հեշտ չէ կողմնորոշվել, թեև, ամեն ինչ արտաքուստ պարզ է թվում:

Դհոլը բարդ գործիք է: Իր պարզ և գեղեցիկ տեսքի տակ շատ գաղտնիքներ ունի թաքցրած: Թեկուզ 10, 20 տարի նվագես, միևնույն է, ամեն անգամ մի նոր գաղտնիք կբացահայտես:

– Կարո՞ղ եք բացահայտել նմանատիպ գաղտնիքներից մեկը:

Բարդ վարժություններով պետք է կարողանալ դհոլին նոր շունչ հաղորդել: Կան սովորական, ոչ մասնագիտական հարվածներ, որոնք ոչ մասնագետի համար էլ ակնառու են: Կան նրբին զգացողությամբ երաժշտական հարվածներ, որոնք վարպետների «առանձնաշնորհն» են: Պատահական ունկնդիրը հեշտ զանազանում է հարսանիքի սիրողական «լավ» դհոլահարը՝ մասնագետ դհոլահարից: Յուրաքանչյուր երաժշտության մեջ, երբ դհոլն առկա է, ունկնդրի մեջ ողջ կատարման հմայքն ապահովում է այդ գործիքի ռիթմը: Պետք է կարողանալ վարժ նվագել ու երաժշտությանը համահունչ, մեղեդային իմպրովիզացիաներ անել:

Նախախնամության կամոք, երբ զինծառայությունս ավարտեցի, Հարություն Հարությունյանը Գորիսում եղավ դհոլի իմ երկրորդ ուսուցիչը. 2014-ի դեկտեմբերին ավարտեցի ծառայությունս: Նոր էի վերադարձել, առաջին գործս եղավ Հարութին հանդիպելը, որպեսզի նրա մոտ դհոլ նվագել սովորեմ: Որպես մարդ, մասնագետ և ապագա ընկեր, ինձ շատ սիրալիր ընդունեց... Այդ ժամանակ Գորիսում արդեն մեկ տարի է՝ գործում էր դհոլահարների համույթը: Այնտեղ կային մոտ 20 հոգի, բոլորը՝ 8-13 տարեկան: Ես ամենաավագն էի՝ 20 տարեկան: Տարիքային առումով հոգեբանական բարդույթներ չունեցա, քանի որ նպատակս դհոլին գերազանց տիրապետելն էր: Խմբի անդամները տեսնելով, որ իրենցից 10 տարով մեծ երիտասարդն էլ իրենց պես մասնակցում է պարապմունքներին, ավելի ջանասիրաբար էին ձգտում նվագել: Համույթում միմյանց հանդեպ խոր հարգանք ու միասնության մթնոլորտ կար: Դա՝ շնորհիվ մեր դհոլի ուսուցիչ ընկեր Հարութի և ռազմակոչի պես խրոխտ հնչյուններ արձակող հայկական դհոլի: Ընկեր Հարութի մոտ նաև անհատական պարապմունքների էի հաճախում Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում:

Շարունակեցի Գորիսի պետհամալսարանում կիսատ մնացած ուսումս: Որպես պայմանագրային զինծառայող, աշխատանքի ընդունվեցի գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի նվագախմբում՝ երաժիշտ-շեփորահար: Այդտեղ էր ծառայում նաև Գորիսի դհոլի ուսուցիչս՝ ժամկետային զինծառայող Հարություն Հարությունյանը: Դեռ մեկ տարի չէր անցել, եկավ չարագույժ 2016-ի ապրիլը: Քառօրյա պատերազմի ժամանակ զորամասի տարածքում մարտական հերթապահություն էի իրականացնում: Պարապմունքների մասին մտածելն անիմաստ էր. դրանք անորոշ ժամանակով հետաձգվեցին: Որպեսզի դժվարությամբ ստեղծված Գորիսի դհոլահարների համույթը չցրվի, ընկեր Հարութն անընդհատ կապ էր պահպանում երեխաների հետ, նրանց լավատեսություն ներշնչում: Մայիսի վերջին ողջ կազմով պարապմունքները վերսկսվեցին, որը համընկավ խմբի ղեկավարի զորացրման հետ: Ընկեր Հարութը պետք է մշտապես վերադառնար հայրենի Էջմիածին: Նա վստահ էր, որ Գորիսի խումբը կշարունակի գործել նոր ուսուցչի ղեկավարությամբ, և որպես իր գործի շարունակող ինձ էր տեսել: Ես, որ արդեն վարժ տիրապետում էի դհոլին, բայց չունեի երաժշտական կրթություն, նեղվում էի: Մտածում էի, որ անպայման պետք է այդ գործն ավարտին հասցնեմ: Սաների ու ծնողների մասնակցությամբ հանդիպում կազմակերպվեց, որտեղ խմբի ղեկավարը հայտնեց իր՝ դհոլի ուսուցչի պարտականությունները դադարեցնելու և իմ միջոցով խմբի գործունեությունը շարունակելու մտադրության մասին: Հաճելիորեն զարմացած և հիացած էի, երբ բոլոր ծնողները նախ ափսոսանքով ճանապարհեցին իրենց զավակների լավ ուսուցիչ Հարութին, ապա ինձ ընդունեցին հարազատի պես: Դա ինձ համար պատասխանատվությունս կրկնապատկող հանգամանք էր:

Ընկեր Հարութը Գորիսում դհոլահարների խումբ հիմնեց, ստեղծեց ու զարգացրեց: 2016-ի ամռանը նրա աշակերտից դարձա Գորիսի դհոլահարների համույթի ղեկավար, խմբի կրտսեր ընկերներս ինձ սիրով ընդունեցին:

Գորիսի դհոլի խմբի 3 ամսվա ղեկավար էի, երբ 2016թ. հուլիս-սեպտեմբերին սաներիս հետ հանրային ելույթներ ունեցա Գորիսում: Քաղաքային մի շարք միջոցառումներին խումբը պատվով ներկայացավ ժողովրդին: Թթի փառատոն, Բանակի օր, Հաղթանակի օր... Անմոռաց էր խմբի առաջին հրապարակային ելույթն օգոստոսին 16-ին՝ Գորիսի քաղաքային զբոսայգում անցկացված «Թթի փառատոն»-ին: Առաջին հաջողություններից ոգևորված՝ մտածեցի գործունեությունս մարզի մակարդակով ընդլայնելու մասին:

Օգոստոսին մեկնեցի Կապան, քաղաքի բոլոր անկյուններում հայտարարությունների տեքստեր տարածեցի, որ Կապանում սկսում եմ իրականացնել դհոլի խմբի պարապմունքներ: Որոշ ժամանակ անց իմ առաջին ու անկրկնելի Դավիթի ծնողից՝ Արթուր Վարդանյանից արձագանք ստացա, ուզում էր, որ իր 5-ամյա դհոլահար որդին կատարելագործվի (Դավիթի Մանվել պապը Կապանում հայտնի երաժիշտ էր, կլարնետահար, իսկ փոքրիկը պապիկի հետ անհատական միջոցառումների ժամանակ դհոլ էր նվագում): 

Շաբաթական երկու օր Գորիսից հասնում էի Կապան, որ Դավիթին պարապեմ: «Մեկ աշակերտի պատճառով ամեն շաբաթ Գորիսից Կապան ես մեկնում», հեգնանքի պես էր հնչում մտերիմներիս մտահոգությունը: «Դավիթին պիտի մի արդյունքի հասցնեմ», վստահ էի ես:

Սյունիքի մարզկենտրոնը սպորտի ու մշակույթի դարբնոց է՝ իր ճանաչված վարպետներով: Մտածեցի «Ինչու՞ չօգտագործել պատեհ առիթն ու Կապանում երաժշտական կրթություն չստանալ»: Ընդունվեցի Կապանի երաժշտական քոլեջ: Տնօրեն Վարդան Քոչարյանն ընդառաջեց, որ քոլեջում դհոլի բաժին բացվի: Սովորեցի 4 տարի: Քոլեջում ուսմանս զուգընթաց աշխատեցի Կապանի Արամ Խաչատրյանի անվան 1-ին երաժշտական դպրոցում, որտեղ Սյունիքի մարզի նորաբաց առաջին դհոլի դասարանի առաջին ուսուցիչն էի: Այստեղ էլ Դավիթը, որպես շնորհալի սան, ընդունվեց երաժշտական դպրոց, իմ դասարան: Նույն տարում արդեն 18 աշակերտ ունեի: Գորիսի մշակույթի տան դհոլահարների համույթի սաների հետ մոտ 40 աշակերտ ունեի: Այսպիսով՝ 2018 թ. Սյունիքում իմ ղեկավարությամբ արդեն կար իմ «Զանգեզուր» անվամբ դհոլահարների 2 համույթ՝  Գորիսի մշակույթի տան և Կապանի Արամ Խաչատրյանի անվան 1-ին երաժշտական դպրոցի համույթները:

Հանրապետական մրցույթի առաջին մասնակցությունը 2018-ին էր: Կապանից Դավիթ Վարդանյանը երկու երաժշտական համարով մասնակցեց «Արտ Մյուզիք» երաժշտական փառատոնին, ստացավ մրցանակ: Նույն տարում «Զանգեզուր» դհոլահարների համույթի ղեկավարը հրավեր ստացավ Տաթև համայնքի Շինուհայր գյուղի երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանից, ով առաջարկեց գյուղի երաժշտական դպրոցում բացել դհոլի դասարան: Մեկ ամիս չանցած նա Շինուհայրում արդեն 15 աշակերտ ուներ: 2019-ին կրկին հաջողություն արձանագրվեց. Կապանից Դավիթը երկրորդ անգամ մասնակցեց «Արտ Մյուզիք» փառատոնին և արժանացավ դափնեկրի կոչման: 2022-ին Գորիսի Աշոտ Սաթյանի անվան և Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցների սաները մասնակցեցին «Արտ Մյուզիք» փառատոնին և զբաղեցրին մրցանակային տեղեր:

Մինչև 2020 թ. սեպտեմբերին եղավ չարաբաստիկ 44-օրյա պատերազմը:

- Դհոլի մասին մտածելու ժամանակ չկար: Բոլորս հայրենիքի զինվոր էինք

Պարապմունքները վերսկսվեցին 2021թ. հունվարին: Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի երաժշտական դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանից առաջարկ ստացա՝ գյուղի նորաբաց երաժշտական դպրոցում ստեղծել դհոլահարների համույթ: Աղավնոն դեպի Արցախ հայրենիքի մեր վերջին ամրոցն ու միակ հույսն էր: Աղավնոյի գյուղապետը սփյուռքահայ Անդրանիկ Չաուշյանն էր՝ գյուղի մասին մտածող հայրենասեր մարդ: Իր և գյուղի ողջ ժողովրդի նպատակն էր մնալ գյուղում, ապրել, արարել այստեղ, զարգանալ, բազմանալ, ամուր կառչել մայր հողին: Նրա նախաձեռնությամբ Աղավնոյում ստեղծվեց երաժշտական դպրոց: Գորիսից և Շուշիից եկած ուսուցիչներով ձևավորվեց դպրոցը: Դհոլի, քանոնի, դաշնամուրի դասատուները Գորիսի երաժշտական դպրոցներից էին, կլարնետի ուսուցիչ Ռազմիկ Հարությունյանը՝ Շուշիից: Փետրվարին Աղավնոյում արդեն 10 հոգանոց դհոլահարների համույթ կար: Դպրոցական արձակուրդները սկսվելուն պես պարապմունքներն ավարտվեցին: Մայիսի վերջին բոլորս ուրախ նոտայով հրաժեշտ տվեցինք միմյանց՝ սեպտեմբերին հանդիպելու համոզմամբ: Որոշեցինք նոր ուսումնական տարվա սկզբին դպրոցում հանդիսույթ կազմակերպել, որի զարդը կլիներ Աղավնոյի դհոլահարների համույթի առաջին ելույթը, բայց... Մայիսի 22-ից չարագուշակ լուրեր պտտվեցին, թե Աղավնոյի բոլոր բնակիչները պետք է տարհանվեն: Ու՞մ մտքով կանցներ, որ Աղավնոն երբևէ կարող է դառնալ անմարդաբնակ: Միանգամայն անսպասելիորեն, կայծակնային արագությամբ գյուղն արտագաղթեց: Աշակերտներս մնացին առանց ուսուցիչ, ես մնացի առանց սաների: Նրանք  ցիրուցան եղան աշխարհով մեկ. արտերկիր, Ռուսաստան, Հայաստան... Նրանց հետ էլ կարծես իմ հոգին ցիրուցան եղավ...

2018-ին Կապանում ստեղծվել էր ժողնվագարանների համույթ, որտեղ նվագում էի մինչև այս տարվա սկիզբը: Մասնակցում էինք քաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների: Կապանի դպրոցից ու համույթից դուրս եկա, որովհետև ճանապարհային խնդիրներ կային, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ եղան: Կապանի գործունեությանս արդյունքում Արամ Խաչատրյանի անվան 1-ին երաժշտական դպրոցի իմ հիմնած դհոլի դասարանում այժմ կա դհոլահարների համույթ, որի դասատուն է սանս՝ Սուրեն Բաղդասարյանը: Կապանի 2-րդ երաժշտական դպրոցի դհոլի դասարանի դասատուն իմ սան Հերմինե Իշխանյանն է: Ի դեպ, սաներիցս Հենրիկ Ստեփանյանն ու Սուրեն Բաղդասարյանը հետագայում վերապատրաստվել են Երևանում՝ հայտնի դհոլի վարպետների մոտ, ապա վերադարձել իրենց ծննդավայրը:

– Երաժշտական դպրոցի դհոլի դասարանի աղջիկ դասատու: Դհոլահարուհի... Համաձա՞յն եք, որ արտասովոր է հնչում: Քանի՞  աղջիկ սան ես ունեցել:

Առաջին աշակերտուհիս Հերմինե Իշխանյանն էր: Աղջիկները նուրբ են, դհոլի հետ աշխատանքը կատարվում էր այնպես, որ նրանց ձեռքերի ու մատների  տեսքը չխաթարվի: Հերմինեի հետ շատ զգույշ էի աշխատում: Ի զարմանս ինձ և տնօրինության, Հերմինեն հաղթահարում էր բոլոր դժվարությունները: Զարմանում էինք, թե ինչպե՞ս են նրա նուրբ մատները դհոլի հետ աշխատում այդքան արհեստավարժ: Բարդ վարժություններն այնպես հմտորեն էր կատարում, կարծես դրանք վաղուց գիտեր: Նա գերազանց ավարտեց Շինուհայրի երաժշտական դպրոցը և նշանակվեց Կապանի երաժշտական դպրոցի դհոլի խմբի դասատու:

Իմ շնորհալի դհոլահարուհիներից էին Նանեն, Մերին,  Նարեն և Քնարը:

Տասը տարվա ընթացքում շատ երեխաների եմ հասցրել իրենց երազանքներին: Կապանի և Շինուհայրի երաժշտական դպրոցներում այսօր դասավանդում են «Զանգեզուր» դհոլահարների համույթի նախկին սաները: Երևանի Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջում է սովորում Մարտուն Ղավալբաբունցը: Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը պատվով են կատարում ժամկետային զինծառայողներ Յուրի Մելիք-Բարխուդարյանը, Գոռ Բակունցը, Հրանտ Սողոմոնյանը, Գոռ Անտոնյանը, Սլավա Պողոսյանը։ Սաներիս բարի ծառայություն մաղթելով՝ հուսով եմ, որ ծառայության ավարտից հետո նրանք նույնպես կշարունակեն իրենց  ուսումը:

Փետրվարի 1-ից առաջարկ ստացա Տեղից: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նախաձեռնությամբ արդեն երկու շաբաթ է, ինչ գյուղի մշակույթի տանը հիմնել եմ համույթ: Ընդամենը 4 պարապմունքի արդյունքում արդեն ունեմ 40 սան՝ Տեղից, Քարաշենից, Կոռնիձորից, Արավուսից: Հուրախություն ինձ, այնտեղ հաճախում է նաև Աղավնոյից բռնագաղթած իմ շնորհալի սան Նիկոլաս Բադասյանը, ում այստեղ հանդիպելիս հուզվեցինք և ուրախացանք: Խմբի տարեցն է՝ 15 տարեկան: Քանի որ նորեկներից շատերին է ճանաչում, օգնեց, որ շուտ հարմարվեմ երեխաներին:

Երազանքներ, որոնք իրականություն են դառնում

Տասը տարվա ընթացքում Հարութ Առուստամյանի ղեկավարությամբ Գորիսի, Կապանի, Շինուհայրի, Աղավնոյի, Տեղի դհոլահարների համույթները՝ «Զանգեզուր» անվամբ, ունեցել են ավելի քան 300 աշակերտ: Հայտնի դհոլահարն իրեն աջակցելու համար շնորհակալություն է հայտնում  իր ուսուցիչներ Հարություն Հովսեփյանին, Հարություն Հարությունյանին, Սյունիքի համայնքների ղեկավարներին, դպրոցների տնօրեններին, Կապանի երաժշտական դպրոցի տնօրեն Լիլիա Վարդանյանին, Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Մադորա Սևլիկյանին, Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանին, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանին, սաների ծնողներին, ովքեր անում են ամեն ինչ, որ իրենց երեխաներն ապրեն լիարժեք կյանքով.

– Նրանք կարողացան ինձ հասցնել իմ նպատակներին: Երազանքներս իրականություն դարձան: Ես էլ պետք է իմ սաների երազանքներն իրականություն դարձնեմ, – այսպես ամփոփեց մեր զրույցը Հարություն Առուստամյանը:

 

Վաչե Մկրտչյան

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22

Մարզի խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքն ու համայնքների սեփական եկամուտների հավաքման պատկերը

12.12.2024 17:51

Կյանքը Հայաստանում թանկացել է. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

12.12.2024 17:43

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39

Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18

Հանրային քննարկում Քաջարանի համայնքապետարանում

12.12.2024 16:33

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. ծրագրի ժամկետ երկարացվեց

12.12.2024 16:29

ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

12.12.2024 15:54