Արծվաշեն. Հայաստանի միակ էքսկլավը

29.05.2026 10:33
124

Արծվաշենը Հայաստանի միակ էքսկլավն է, որը շրջապատված է ժամանակակից Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի համար այն անկլավ է: Ավելին՝ սա ՀՀ միակ բնակավայրն է, որը 1992 թ. օգոստոսի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ են անկլավն ու էքսկլավը:

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

 


Չնայած վերոնշյալ պետական ցանկում հաշվառված է 12-13-րդ դարերի անանուն եկեղեցի, խոսքն, ըստ էության, 17-րդ դարի Ս. Հովհաննեսի մասին է, որը, ինչպես տեսնում ենք, կառուցվել է Արծվաշենի հիմնադրումից առնվազն 238 տարի առաջ, այսինքն՝ նախկինում այստեղ ապրած հայերի կողմից: Ս. Կարապետյանի գրքի համաձայն՝ 1857-ին այս եկեղեցին վերանորոգվել է, սակայն 1880-ականներից դադարել է գործել: 1991-ին նախատեսվում էր վերանորոգել եկեղեցին, բայց 1992-ի օգոստոսին գյուղն օկուպացվեց: Ս. Հովհաննեսի հարեւանությամբ կա մեծ գերեզմանատուն, որի տապանաքարերից մեկը թվագրվում է 1194 թ.-ով: Պետական ցանկում այս գերեզմանոցը թվագրվում է 9-20-րդ դարերով: Այս գերեզմանոցի առանձին հատվածում («Պատած տուն») ամփոփված են 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ զոհված 8 արծվաշենցիների աճյունները:

827-ին կառուցված Ս. Մինասն էլ 1930-ականներին դարձել է պահեստ, ավելին՝ դրա գերանապատ ծածկը փոխարինվել է սովորական տախտակներով: Որոշակի փոփոխությունների հետեւանքով եկեղեցին վերածվել է հուղարկավորության սրահի: Ծրագրվում էր 1991-ին վերանորոգել նաեւ Ս. Մինասը, սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունն ու գյուղի օկուպացիան փոխել են ամեն ինչ:      

Անունը եւ տարածքային ենթակայությունը

Արծվաշենը նախկինում կոչվել է Բաշքենդ, Բաշգյուղ: Ներկա անունը ստացել է 1978-ին:

Երբ 1867-ին ձեւավորվեց Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգը, համեմատաբար նոր հիմնադրված գյուղը մտավ այս նահանգի Ղազախի գավառի մեջ:

1920-ին Կարմիր բանակը չկարողացավ գրավել Արծվաշենը, եւ միայն որոշ բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները ստանձնեցին գյուղի վերահսկողությունը: Ընդ որում՝ Արծվաշենը Հյուսիսային Արցախում միակ բնակավայրն էր, որ մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

1921-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում Արծվաշենը դարձավ Իջեւանի գավառի մաս, որը 1922-ին կոչվեց Դիլիջանի գավառ: Նկատենք, որ 1922-1936 թթ. Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ: Ներքեւում կտեսնենք, որ հենց այս տարիներին Հայաստանը էական տարածքային կորուստներ ունեցավ, ինչի հետեւանքով, ի թիվս այլ կորուստների, Արծվաշենը կտրվեց Դիլիջանի գավառից՝ դառնալով էքսկլավ:

1937 թ., երբ ձեւավորվեց Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի (ներկայում՝ Ճամբարակ) շրջանը, Արծվաշենը մտավ դրա մեջ:

1995-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն, երբ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած շրջանների փոխարեն կազմավորվեցին Հայաստանի մարզերը, Արծվաշենը, որն 1992-ից ՀՀ վերահսկողությունից դուրս էր, ճանաչվեց իբրեւ Գեղարքունիքի մարզի բնակավայր եւ համայնք: 2017-ին տեղի ունեցավ համայնքների խոշորացում, եւ Արծվաշենը այլ գյուղերի հետ միացվեց Ճամբարակ քաղաքին՝ դառնալով Ճամբարակ խոշորացված համայնք: Համայնքի կենտրոն Ճամբարակ քաղաքից Արծվաշենը գտնվում է ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա:

Բնակչությունը

Ահա Արծվաշենի բնակչության քանակը ըստ առանձին տարիների՝ համաձայն Ս. Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի, որը հղում է անում, մասնավորապես, Հայաստանի ազգային արխիվի տվյալներին:

1873 թ. – 1015 բնակիչ
1882 – 965
1883 – 1003
1885 – 1033
1886 – 1430
1887 – 1161
1890 - 1443
1897 – 1847
1908 – 2687
1909 – 2939
1914 - 3079
1926 – 2909
1939 – 4280
1959 – 4112
1970 – 3368
1979 – 2771
1990 - 2750

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի հրապարակման մեջ, որը հղում է անում Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատությանը, տեսնում ենք, որ դեռ 19-րդ դարից Արծվաշենի բնակիչները հայեր են եղել:

2009 թ. Ադրբեջանի մարդահամարի համաձայն՝ Արծվաշենն (ադրբեջաներեն՝ Բաշքենդ) ուներ 127 բնակիչ:  

Արծվաշենը՝ 1905-1906 թթ. հայ-թուրքական բախումներում

Հուշարձանագետ Ս. Կարապետյանը «Հյուսիսային Արցախ» գրքում նկատում է, որ թուրքական գյուղերով շրջապատված լինելու պարագայում Արծվաշենը չէր կարող խուսափել թուրքերի հարձակումներից, հետեւաբար ստիպված էր դիմել ինքնապաշտպանության, որի ղեկավարը Միքայել Աստվածատրյանն էր: Ծխական քահանա Վահան Տեր-Ղուկասյանի եւ ցարական բանակի սպա Սահակ Ղուկասյանի օգնությամբ նա տեղի բնակիչներից հավաքեց ոսկե եւ արծաթե զարդեր ու դրանցով հրազեն ձեռք բերեց Բաքվից եւ Թիֆլիսից։ Մյուս կողմից՝ դարբինները թնդանոթներ էին ձուլում ինքնաեռների ու տարբեր պղնձե իրերի համաձուլվածքից: Նշվում է, որ չնայած այս թնդանոթների արկերը չէին պայթում ու վնասում թշնամուն, դրանց կրակոցների ահեղ որոտը անասելի խուճապ էր առաջացնում թշնամու շրջանում:

Ընդհանուր առմամբ, հայ-թաթարական բախումների ժամանակ կովկասյան թուրքերը (թաթարները) 13 անգամ հարձակվել են Արծվաշենի վրա: Առաջին հարձակումը եղել է 1906 թ. հունվարի 19-ին (հին տոմարով՝ հունվարի 6-ին): Հայկական գյուղի վրա հարձակվել են Ղազախի, Գանձակի (Գյանջա) ու Նոր Բայազետի (Գավառ) թաթարները:

Այն ժամանակի հայկական մամուլը գրել է, որ Բաշքենդը (Արծվաշենի այն տարիների անունը) կիսել է Շամշադինի մյուս հայկական գյուղերի ճակատագիրը եւ չի խուսափել բախումներից, որոնք, սակայն, ավարտվել են տեղի բնակիչների հաղթանակով՝ շնորհիվ դաշնակցական մի շարք խոհեմ ու քաջ երիտասարդների հերոսական ինքնապաշտպանության։ Ըստ այդմ՝ առաջին հարձակման ժամանակ թաթարների թիվը եղել է 4000-5000, սակայն նրանք հետ են մղվել՝ կրելով մեծ կորուստներ։ Մամուլը միաժամանակ արձանագրել է, որ իրավիճակն իրականում ճգնաժամային էր, ու, ամենայն հավանականությամբ, Բաշքենդն ու Ճամբարակը դատապարտված էին ոչնչացման, եթե հարեւան հայկական բնակավայրերից օգնական ուժեր չգային: Արծվաշենցի հայերը օգնության համար դիմել էին հայտնի հայդուկ Սեւքարեցի Սաքոյին, սակայն վերջինս հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ իրենց վիճակը նույնքան սարսափելի է։ Նաեւ հավելել էր, որ «եթե Բաշքենդը չկարողանա պաշտպանել ինքն իրեն, կզոհաբերվի մյուս հայկական գյուղերի փրկության համար»։

Ըստ ժամանակակիցների՝ միայն Վերին Ճամբարակի հայերն են օգնության հասել Արծվաշենին՝ երկրորդ թուրքական հարձակման նախօրեին այնտեղ ուղարկելով զինված ջոկատ։ Լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ Արծվաշենը զերծ է մնացել ավերածություններից, ավելին՝ արծվաշենցիներն իրենք են օգնություն ցուցաբերել Շամշադինի մի շարք հայկական գյուղերի, ինչպես նաեւ հարձակվել հարեւան թուրքական գյուղերի վրա՝ մեղմելով թուրքական հարձակողական ալիքը։

Արծվաշենը եղել է Հայաստանի անբաժան մասը

Ինչպես ասվեց վերեւում, 1922-1936 թթ. Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ: Վերջինիս իշխանության բարձագույն մարմինը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեն էր՝ Անդրկենտգործկոմը:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը 2021-ին անդրադարձել էր Արծվաշենի՝ Հայաստանից կտրվելու թեմային: Ըստ այդմ՝ Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը լուծող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ի որոշմամբ Շինիխ Այրումի (ներկայում՝ ադրբեջանական Շինիխ գյուղը) հատվածում գտնվող 5450 հեկտար հողատարածքը Դիլիջանի գավառից հանձնվել է Ղազախի գավառին: Բայց ադրբեջանցիները դրանով չեն բավարարվել, եւ հետագայում, ահաբեկելով անտառապետին, նրանք խախտել են 1923 թ. որոշումն ու գրավել մոտ 7400 հա տարածք՝ ամբողջը հասցնելով մոտ 13 հազ. հեկտարի:

Իսկ ահա 1927 թ. հունվարի 11-ին Խորհրդային Հայաստանի իշխանությունների անհետեւողական քաղաքականության հետեւանքով Շինիխ Այրումի վիճելի համարվող ամբողջ տարածքը (12,7 հազ. հեկտար) ճանաչվել է ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (մոտ 4700 հա)՝ հայկական Դիլիջանի գավառի մաս:

Փաստորեն, նման զիջումների հետեւանքով այն ժամանակ Բաշքենդ կոչվող հայկական Արծվաշենը հայտնվում էր Ղազախի գավառի մեջ: Այս իրավիճակը հանգուցալուծելու համար որոշվեց առանձնացնել մի հողաշերտ՝ ամառային արոտավայր, որը տարածքային առումով հայկական բնակավայրը կկապեր Դիլիջանի գավառի հետ: Սա կարեւոր էր գյուղի հայ բնակչության իրավունքների տեսանկյունից:

Ի վերջո, Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի 11-ի համաձայնությունը եւ Բաշքենդը նեղ հողաշերտով կապել Խորհրդային Հայաստանին: Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ Այրումի անտառային հատվածներում 40 կմ-ի վրա տեղադրվեց սահմանային 45 տեղանշան: Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով Հայաստանին միացնելու համար: Հետազոտվել էր հայկական գյուղի եւ Շինիխ Այրումի հողօգտագործման դրությունը, տեղում ուսումնասիրվել եւ պլանի մեջ էր ներառվել վիճելի 4844 հեկտար տարածք:

Անդրկենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաեւ Շինիխ Այրումի հողերից մի մաս օգտագործման համար հատկացնել Բաշքենդի հայերին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75 հա հող տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին Ադրբեջանի կազմում:

Այսպիսով՝ ըստ 1929-ի փետրվարի 18-ի որոշման՝ Բաշքենդը նեղ հողաշերտով պիտի կապվեր Դիլիջանի գավառին:

Նկատենք, որ 1926-1928 թթ. խորհրդային քարտեզները ցույց են տալիս Արծվաշենի ընդհանուր կապը Խորհրդային Հայաստանի, մասնավորապես՝ Դիլիջանի գավառի հետ:

Ավելին՝ ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի՝ 1934 թ. խորհրդային քարտեզը եւս Արծվաշենը ցույց էր տալիս Հայաստանի կազմում, սակայն 1949-ին Մոսկվայում լույս տեսած Մեծ խորհրդային հանրագիտարանի առաջին հատորում Արծվաշենը հիշատակվում է որպես էքսկլավ, ինչից կարելի է ենթադրել, որ Անդրկենտգործկոմի 1929 թ. վերոնշյալ որոշումը, եթե նույնիսկ ինչ-որ պահի ուժի մեջ է մտել, ապա շատ կարճ կյանք է ունեցել, եւ Արծվաշենը մնացել է Հայաստանից կտրված:

Արծվաշենի էքսկլավային կարգավիճակը երեւում է նաեւ 1939 թ. քարտեզում, այսինքն՝ արդեն այն ժամանակ գյուղը կտրված էր Հայաստանից:

Նույնը տեսնում ենք 1958 թ. քարտեզում: Այդպիսով՝ Արծվաշենը դարձել է Հայաստանի էքսկլավ՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Հայկական միավորը սահմանակից է ներկայիս Թովուզի եւ Գետաբեկի (Գետաբակ) շրջաններին:

Էքսկլավի տարածքը, համաձայն Google Maps-ով չափումների, մոտ 40 քկմ է: Նույն հարթակով չափումը նաեւ ցույց է տալիս, որ էքսկլավի ու Հայաստանի բուն տարածքի միջեւ հեռավորությունն ամենանեղ հատվածում ընդամենը 3 կմ է, սակայն 1990-ականներից ի վեր այստեղ՝ Արծվաշենի լեռնանցքում (բարձրությունը՝ 2142 մ) տեղակայված են հայկական ու ադրբեջանական մարտական դիրքեր:

Տնտեսությունը

Խորհրդային տարիներին Արծվաշենում տնտեսության գլխավոր ուղղություններն էին այգեգործությունը, կարտոֆիլի, ծխախոտի, հացահատիկի մշակությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը: Գյուղում գործում էր նաեւ Երեւանի «Հայգորգ» միավորման, ինչպես նաեւ այլ գործարանների մասնաճյուղեր:

Ենթակառուցվածքները

Գյուղն ուներ 2 միջնակարդ դպրոց, արհեստագործական ուսումնարանի մասնաճյուղ, մանկապարտեզ, ակումբ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար:

Գյուղից հարավ-արեւելք 1968-ին կառուցվել է ջրամբար, որի ծավալը 2,03 մլն խմ է, ջրի հայելու մակերեսը՝ 26 հեկտար, հողային պատվարի բարձրությունը՝ 26 մ: Ջրամբարի ջրերով ոռոգվում էին Արծվաշենի հողերը (500 հա):

Հայտնի մարդիկ

Արծվաշենում են ծնվել ԽՍՀՄ հերոս Սարիբեկ Չիլինգարյանն (1925-1996) ու գրող, երգիծաբան, բանաստեղծ Արամայիս Սահակյանը (1936-2013):

Առաջին լուսանկարում՝ Արծվաշենի ջրամբարը, 2016 թ. (commons.wikimedia.org)

Լուսանկարները՝ «Հյուսիսային Արցախ» գրքից, համացանցի բաց աղբյուրներից

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով

30.05.2026 09:14

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և բոլոր արցախցիներից. Արթուր Օսիպյան

30.05.2026 09:02

Ռուսաստանը, Ադրբեջանը, Եվրոպան՝ բոլորը փորձում են ազդեցություն ունենալ մեր ընտրությունների վրա. Դավիթ Անանյան

30.05.2026 08:48

«Եթե մենք չունենանք մշակույթ, շատ արագ կմոռանանք Արարատին նայելն ու եկեղեցին, որոնք Փաշինյանը փորձում է ջնջել». Սամվել Կարապետյան

30.05.2026 08:35

Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից․ Պուտին

29.05.2026 22:38

էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի․ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին․ Պուտին

29.05.2026 22:19

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ

29.05.2026 22:15

Մենք այնքան ուժեղ էինք, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջին գծում․ Ռոբերտ Քոչարյան

29.05.2026 20:28

Ժողովուրդն ինձնից լրիվ ուրիշ բան է սպասում, Փաշինյանից՝ այլ, ես ռելսերի վրա պիտի դնեմ երկիրը. Սամվել Կարապետյան

29.05.2026 20:14

Սիրելի՛ բուժաշխատողներ, դուք ամեն օր կյանքեր եք փրկում, դուք արժանի եք արդար վերաբերմունքի. Արման Թաթոյան

29.05.2026 20:08

Պատերազմ չի՛ լինելու, եկեք հանրությանը կոչ անենք՝ գնանք ընտրության, որ հայ մնանք․ Սամվել Կարապետյան

29.05.2026 19:59

Փաշինյանն ասում է՝ կգնամ ԵԱՏՄ-ի իմ գործընկերների աչքերին կնայեմ․ քո աչքերի կարիքը ոչ ոք չունի. Ռոբերտ Քոչարյան

29.05.2026 19:31