ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «Ամեն գիշեր երազում Շուշին եմ տեսնում...»

03.01.2022 19:24
2417

Արծվիկ Սարգսյանը ծնվել է 1971 թ. հունիսի 17-ին Քարին տակ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1988-94 թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը՝ ստանալով անասնաբույժի որակավորում: Աշխատել է Քարին տակի կոլտնտեսությունում՝ գլխավոր անասնաբույժ, Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ, Շուշիի անասնաբուժական լաբորատորիայի տնօրեն, Շուշիի շրջանի անասնաբուժական կայանում՝տնօրեն-գլխավոր անասնաբույժ:

1997 թ. ձևակերպվել է հայցորդ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության ինստիտուտում: 2005 թ. ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2009 թ. աշխատել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրերի կենտրոնի տնօրեն:

2009-2013 թթ. աշխատել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի փոխտնօրեն:

2013 թ. ընտրվել է Շուշի համայնքի ղեկավար: Հեղինակ է ինը գիտական աշխատության:

-Պարոն Սարգսյան, տխուր հարցադրումով պիտի սկսենք մեր զրույցը. այսօր որտե՞ղ են շուշեցիները, կարողացա՞ն ապահով տեղավորվել:

– Ընդհանուր տվյալներով՝ Շուշին ուներ 5231 բնակիչ, նաև նրանք, ովքեր գրանցված չէին, բայց բնակվում էին Շուշիում:

Տեղահանվածները մեծամասամբ տեղավորված են Արցախում՝ Ստեփանակերտ քաղաքի բնակելիներում, ոմանք վարձով տրվող բնակարաններում են, մյուսները՝ հյուրանոցներում, հյուրատներում: Մարտունի, Ճարտար, Մարտակերտ քաղաքներում ևս տնավորված են շուշեցիներ, ինչպես նաև Մարտակերտի գյուղերում: Մոտ 1400 բնակիչ հանգրվանել է Հայաստանի տարբեր մարզերում: Բոլորի գտնվելու վայրի մասին գիտենք:

– Որքանով հասկացանք, դա ժամանակավոր լուծում է, ի՞նչ է, այնուամենայնիվ, սպասվում այդ մարդկանց:

– Ովքեր Շուշիում բնակարան են ունեցել կամ վարձով են բնակվել, բոլորը ցուցակագրված են և ցուցակը ներկայացրել ենք Արցախի Հանրապետության կառավարություն: ԱՀ նախագահի խոստմանը համաձայն՝ մինչև 2024 թվականը շուշեցիները կվերաբնակեցվեն Ստեփանակերտում կառուցվող շենքերում, որոնց շինարարությունը կիսատ էր մնացել:

– Իսկ բռնագաղթված շուշեցիների ապրուստի, սոցիալական հարցերն ինչպե՞ս են լուծվում:

– Սկզբից տարբեր խողովակներով օգնություններ էին բաշխվում՝ սննդի ու հագուստի տեսքով, 68 հազարական դրամ սոցիալական վճարներ էին հատկացվում: 300 հազար դրամ միանվագ հատկացրել են նրանց, ովքեր գույք են կորցրել: Պիտի նշեմ, որ 68 հազար դրամը հատկացնում էին կանանց և երեխաներին, 18-63 տարեկան տղամարդկանց չէր տրվում, հիմա բոլորին 25 հազար դրամ են տալիս:

Կա նաև մի այլ խնդիր, Շուշիից բռնագաղթված մարդիկ բնակվում են նոր հասցեներում և պիտի վճարեն իրենց վարձակալած երկու, երեք, չորս սենյականոց բնակարանների համար: Երկու սենյակի համար պետությունը վճարում է 40, երեք սենյակի համար՝ 60 հազար դրամ: Բայց այն էլ ասենք՝ մեր որոշ ազգականների ախորժակը սահման չի ճանաչում: Իրենց կողմից վարձով տրվող բնակարանների վճարն արհեստականորեն բարձրացրել են: Ստացվել է այնպես, որ բնակվարձի մի մասը մարդիկ իրենց գրպանից են տալիս: Խոստացել են այս հարցը Նոր տարվանից կարգավորել:

– Կարելի՞ է իմանալ, թե Շուշիի շրջանի բնակավայրերից որոնք են մնացել հայկական տիրապետության ներքո:

– Մեզ մնացել են Հին Շեն գյուղը, Մեծ Շենը, Եղծահողը, Բերդաձորը, Լիսագորը:

– Երբ մտնում էինք այս շենք, մուտքի մոտ ցուցանակ տեսանք՝ Շուշիի քաղաքապետարան: Տարօրինակ էր մի քիչ՝ Ստեփանակերտում՝ Շուշիի քաղաքապետարան լինելու փաստը, թեպետ դա՝ (հավատում ենք) պայմանավորված է քաղաքը կորցնելու շատ տխուր իրողության հետ:

– Մենք այժմ տեղավորվել ենք «Արցախփոստի» շենքում (հարցազրույցը կայացել է հոկտեմբերի 27-ին, խմբ.): Ցավոք, պիտի նշեմ, որ մշտական նստավայր չունենք: Սա էլ չէ մեր աշխատավայրը: Այստեղից էլ պիտի տեղափոխվենք, որովհետև տարրական պայմաններ չկան՝ սանհանգույց, լվացարան և այլն: Հարցրեցիք՝ ինչո՞ւ Ստեփանակերտում Շուշիի քաղաքապետարան: Ադրբեջանը 30 տարի Շուշի չի ունեցել, բայց իրենք պահպանել են Շուշիի քաղաքապետարան կոչվածը, քաղաքապետ են ունեցել, աշխատակազմ էլ, և նմանապես բոլոր այն համայնքները, որոնք մեր ենթակայության տակ էին: Իսկ այսօր խնդիր է դրվել կրճատել մեր հաստիքները, ինչին դեմ եմ:

Ինչևէ, ունենք 7,5 հաստիք. քաղաքապետարանի անցած տարվա հաստիքները պահպանվել են, ուզում են կրճատեն՝ թողնելով երեք հաստիք, բայց դիմել եմ տարբեր ատյաններ՝ համաձայնել պահել երեք հաստիք, ինչը մեզ բավարարում է: Բոլորն իմ հեռախոսահամարս գիտեն, եթե հասցեն փոխվի, համացանցով տեղյակ կպահենք: Այնպես չենք անում, որ շուշեցիները մեզնից դժգոհ մնան:

– Մոտավորապես օրական քանի՞ բնակիչ եք սպասարկում:

– Այսօր 20 հոգու ենք սպասարկել, մարդիկ մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, օրինակ Կարմիր խաչը շուշեցի մանուկներին, ովքեր ապաստան են գտել Արցախում, գումար է տրամադրում՝ 85 հազար դրամի չափով: Տեղեկանքներն ենք պատրաստում, գործընթացի 2-րդ փուլն է ընթանում:

– Շատ ցավոտ մի հարց պիտի տանք՝ Շուշիի վերջին օրը:

– Այն պահից, երբ սկսեցին Հադրութը հանձնել, երբ թուրքերը եկան հասան Սղնախի մատույցները, զգացինք ստեղծված իրավիճակի լրջությունը: Մինչ այդ՝ կային մարդիկ, ովքեր վախ էին զգում, և մեզ դիմում էին տարհանման համար՝ հիմնականում դիմում էին մանկահասակ երեխա ունեցողները և տարեցները: Ես էլ զգում էի, որ այս պատերազմը տարբերվում է 2016 թ. ապրիլյան պատերազմից, որի ժամանակ հեռահար հրետանին չի խփել Շուշիին, իսկ այս պատերազմում թշնամին է անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցրել Շուշիին: Մարդկանց տեղափոխելու համար ինձ դիմում էին Հայաստանից: Այդպես էլ ասում էին՝ զանգելով՝ պարոն Սարգսյան, մեքենա պե՞տք է, գալիս ենք: Մարդկանց տեղափոխում էին, և մինչև տեղավորելն ինձ հետ կապի մեջ էին:

Նման իրավիճակը շարունակվեց մինչև հոկտեմբերի 29-ը, այդ օրն արդեն պետնախարարի կողմից հանձնարարական ստացա տարհանման. ուղարկեցին 12 ավտոբուս՝ հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի, էլի կուղարկեմ՝ Շուշիում որքան կին, երեխա, ծեր կա՝ վերջնական տարհանել: Ինձ էլ հանձնարարեցին տարհանվածներին հասցնել Գորիս: Կյանքիս ամենադժվարին օրը դա էր՝ 12 ավտոբուս քաղաքապետարանի դիմաց կանգնած, իսկ երկնքում անօդաչու սարքերն էին: Անընդհատ շտապեցնում էի մարդկանց: Տեղափոխելը շատ օպերատիվորեն կազմակերպեցինք: Հետո Շուշիում ստեղծվեց աշխարհազորի գունդ՝ չորս վաշտով, չորրորդ վաշտի հրամանատարը ես էի...

– Այնքան էլ պարզ չդարձավ՝ Շուշին կազմակերպված պաշտպանություն ունեցե՞լ է, թե՞...

– Կազմակերպված՝ ոչ: Եթե կազմակերպված պաշտպանվեր, մեկի վրա հրամանատարի պարտականություն պիտի դրվեր: Շուշին պաշտպանել է աշխարհազորը, բանակի կողմից ես մարդ չեմ տեսել, Սեյրան Օհանյանն իմ ներկայությամբ Արցախի Հանրապետության նախագահին ասաց՝ պարոն նախագահ, Շուշին անելանելի վիճակում է, ինչո՞ւ պաշտպանության նախարարը չի գալիս, նստում Շուշիում, կազմակերպում քաղաքի պաշտպանությունը: Իմ համոզումն այն է, որ եթե Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպվեր, այն հնարավոր չէր լինի հանձնել: Եթե կանոնավոր բանակ լիներ, նորմալ զորք լիներ, Շուշին այս օրին չէր հասնի: Շուշիի հանձնման սկիզբը դրվել է նոյեմբերի 5-ին...

– Հեռուստատեսությամբ քանիցս տեսանք, որ հավաքվել էին Արցախյան առաջին պատերազմի մասնակից հրամանատարները, խորհրդակցություն էր, արդյո՞ք նրանցից ոչ մեկն օգտակար չեղա՞վ այդ իրավիճակում:

– Չեն թողել, որ որևէ մեկն օգտակար լինի: Սեյրան Օհանյանի նման գեներալին նույնիսկ արգելել էին բունկեր՝ հրամանատարական կետ մտնել, ռազմական գործին խառնվել, էլ ի՞նչ եք ուզում...

– Երկրի վարչապետը Շուշին դժբախտ և դժգույն քաղաք որակեց, իրո՞ք վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:

– Շուշին վերածվել էր մի բացառիկ շինհրապարակի, դպրոցներ են կառուցվել, նաև վերակառուցվել: Ես միշտ հայտարարել եմ, որ եթե Շուշիում քարը քարի վրա ենք դնում, ուրեմն հաշվեք, որ ամեն քար դնելուց ապտակում ենք Ալիևին: Այդ տրամաբանությամբ էինք առաջնորդվում, ամեն ինչ տեղը տեղին անում էինք:

Շուշիի ղեկավարումը ստանձնել եմ 2013 թ. և կներկայացնեմ այն ամենի մի մասը, ինչ կատարվել է այդ ժամանակվանից մինչև Շուշիի հանձնումը. Արամ Մանուկյան փողոցում մի կիսավեր շենք է եղել, «Հայաստան» հիմնադրամի միջոցով նորոգվել է և հիփոթեքով հատկացվել զոհվածների ու բազմազավակ ընտանիքներին, «գեներալների» շենք կոչվածը նորոգվել և տրամադրվել է ժողովրդին: Մանկապարտեզի երկհարկանի շենքը ձևափոխվել ու վերակառուցվել է, որտեղ տեղավորվել են սպաների ընտանիքները, Շուշիի եկեղեցու դիմացի շենքի ֆասադն ամբողջովին փոխվել է, թիվ 37 շենքի տանիքն ամբողջությամբ փոխվել է, ծրագրել էինք նաև շքամուտքերը նորոգել, մինի ֆուտբոլի խաղադաշտի բացում է եղել, երաժշտական դպրոցը հիմնովին նորոգվել է, փողոցներ ենք ասֆալտապատել, բացումը պետք է լիներ հունվարին, բայց չհասցրեցինք: Հունվարին պիտի գործեր ֆիլտրման կայանը, նաև Շուշին պիտի ապահովվեր 24-ժամյա ջրամատակարարմամբ: Ճիշտ է, եղել են բաներ, որ չենք հասցրել ավարտին հասցնել, բայց որ ասում են՝ Շուշիում ոչինչ չի արվել, մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում: Երեք հյուրանոց ունեինք՝ ամբողջովին նորոգված: Բոլորը դժվար է թվարկել...

– Եվ այդ դժվարին իրավիճակում հնարավոր չէ՞ր մշակութային արժեքները դուրս բերել Շուշիից:

– Անկեղծ ասած՝ մշակութային արժեքների դուրսբերումը Շուշիից իմ իրավասությունից դուրս էր, այլ կազմակերպություններ պիտի զբաղվեին դրանով: Մի անգամ ինձ զանգեցին, մեքենա էին պահանջում երկրաբանական թանգարանի ցուցանմուշները Շուշիից հանելու համար, եղա տեղում, բոլոր ցուցանմուշները փաթեթավորել էին, տեղավորել կերպարվեստի թանգարանի ապաստարանում: Դրամների հավաքածուն հնարավոր եղավ հանել Շուշիից՝ Կենտրոնական բանկին էր պատկանում, վերջինս հետամուտ եղավ, որ տեղափոխումն իրականացվի: Գորգերի թանգարանի 300 գորգից 149-ը հնարավոր եղավ տարհանել: Ցավոք, մշակութային շատ արժեքներ այդպես էլ հնարավոր չեղավ փրկել...

– Հիմա հավանաբար երազի մեջ եք...

– Ես ամեն գիշեր Շուշին տեսնում եմ երազում: Ամեն գիշեր մտնում եմ Շուշի. երկու տուն էի կառուցել, 14 հազար դոլարի չափով վարկ էի վերցրել, տունս նորոգել, որդիս բանակում էր՝ վերադառնալուց հետո պիտի պսակեի: Հիմա անտուն ենք. Շուշիում երկու մեքենա եմ թողել, մեղվի փեթակներ, շատ ու շատ բաներ...

– Հավատո՞ւմ եք Շուշիի վերադարձին:

– Հիմա ավելի վատ զարգացումներից եմ վախենում: Անընդհատ սպասումների մեջ եմ: Յուրաքանչյուր մեր ապրած րոպեն վտանգ է պարունակում, քանզի թուրքերով ենք շրջապատված, թուրքերի միջով անցնելով ենք Ստեփանակերտ մտնում...

ԶՐՈՒՅՑԸ՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34