Արթուր Խաչատրյան. «Տասը տարում մարզի բաժանորդների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 13200-ից հասնելով մոտ 25000-ի»

29.06.2016 10:54
1656

Սյունիքի մարզի գազիֆիկացման ընդհանուր պատկերի, գազի որակի եւ կալորիականության, ինչպես նաեւ սահմանված նոր սակագների նպատակահարմարության մասին է զրույցը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանի հետ:


- Պարո՛ն Խաչատրյան, մինչեւ մեր զրույցի բուն ընթացքին անցնելը վերհիշենք Սյունիքի մարզի գազիֆիկացման ընդհանուր պատկերը:

- Ընդհանուր առմամբ Քաջարանի տարածքային տեղամասում գազիֆիկացված է 11 համայնք՝ 12176 բաժանորդով, որից՝ Կապանի հատվածում 5 համայնք՝ 10011 բաժանորդով, Քաջարանի հատվածում՝ 6 համայնք՝ 2165 բաժանորդով, Գորիսի տարածքային տեղամասում՝ 12 համայնք՝ 7359 բաժանորդով, Սիսիանի ՏՏ-ում՝ 15 համայնք՝ 5307 բաժանորդով: Մեղրու տարածաշրջանում բաժանորդ են Մեղրու մաքսակետը, Ագարակի զորամասը, Մեղրու ռուսական սահմանապահ ջոկատը եւ մեկ ավտոգազալիցքավորման ճնշակայան:

Հունիսի 20-ին լրացավ իմ պաշտոնավարման տասը տարին, եւ պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում մարզի բաժանորդների թիվը կրկնապատկվել է՝ 13200-ից հասնելով մոտ 25000-ի:

Մարզի խոշոր գազասպառողներն են (ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Վայբլ» ՍՊԸ-ն, ավտոգազալիցքավորման ճնշակայանները (մարզում՝ թվով 13), որոշ հանրակրթական դպրոցներ եւ հացի փռեր, որոշակի տարեշրջանում՝ մի քանի ջերմոցները, ինչպես նաեւ որոշ ասֆալտգործարաններ՝ կանոնավոր աշխատելու դեպքում:

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել է նոր սակագին, որ ուժի մեջ կմտնի 2016թ. հուլիսի 1-ից: Ձեր գնահատականը եւ կանխատեսումը՝ որքանո՞վ գազասպառումը կդառնա ավելի ձեռնտու սպառողների համար:

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 31-ի կայացած նիստում քննարկվել են «Բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» հարցերը: Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները՝ ամսական մինչեւ 10 հազար խոր. մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 146.7 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):

Իմ կարծիքով՝ սահմանված նոր սակագինը ռեալ է, եւ այս տարիների ընթացքում որակյալ գազամատակարարման նպատակով իրականացված ներդրումները լիովին արդարացնում են սահմանված գինը: Սահմանված սակագնի վերանայում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտապես կատարում էր, բայց այս անգամ այնքան հստակ է հաշվարկվել այն, որ փաթեթում «սխալ» չի գտնվել:

Պարբերաբար կատարվում է մեքենա-մեխանիզմների պարկի թարմացում, ներկվում են գազատար խողովակները, շենքերի մուտքագծերի կանգնակները եւ մի շարք այլ աշխատանքներ են իրականացվում, որոնց շնորհիվ բարելավվում է գազամատակարարման եւ գազասպառման որակը, տեսքի բերվում գազացանցը: Ստացած գազի ծավալը եւ մեր ծախսերը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ մարզում մեր ընկերությունը դեռեւս շահույթով չի աշխատում: Իմ կարծիքով՝ սակագնի 10%-ով նվազեցմամբ կաճի բաժանորդների թիվը, ինչն էլ կհանգեցնի գազի ծավալի ավելացման:

- Կարո՞ղ ենք որոշակի պատկերացում կազմել Սյունիքի մարզում գազի սպառման ծավալների մասին, ասենք, վերջին 2-3 տարվա կտրվածքով:

- Բաժանորդների թվի աճին զուգահեռ, բնականաբար, ավելացել է նաեւ մարզին հատկացվող գազի ծավալը, ինչին նպաստել է նաեւ ԱԳԼՃԿ-ների կառուցումը: Եղանակային պայմաններով պայմանավորված՝ տարվա տարբեր ամիսներին, նախորդ տարիների հետ համեմատ, որոշակի տատանումներ են լինում՝ կա՛մ նվազում, կա՛մ ավելանում է սպառված գազի ծավալը: Մարզում ունենք 25 հազարից ավելի բաժանորդ, որից՝ 2000 փակ դուռ: Ասենք՝ տվյալ բնակարանի տերը գտնվում է արտերկրում եւ հայրենիք գալով՝ դիմում է բնակարանը գազիֆիկացնելու համար, բայց նա նորից մեկնում է եւ հետեւաբար չի սպառում գազ: Կան բնակիչներ, ովքեր գազազրկման դիմում են ներկայացրել, որովհետեւ թեկուզ մեկ խոր. մետր գազ սպառելու դեպքում սպասարկման գումար պետք է վճարեն:       

- Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գազիֆիկացված համայնքներում շատ հաճախ սպառողը գերադասում է բնակարանը ջեռուցել ավանդական եղանակով՝ աթարով կամ փայտով, քանի որ մատչելի չեն սպառման սակագները եւ դա հատկապես 2013թ. հուլիսի 7-ից հետո: Իսկապե՞ս այդպես է:

- Գյուղերում սպառումը քիչ է, եւ պատճառը մարդկանց սոցիալական ծանր վիճակն է: Եթե գյուղացին հնարավորություն ունի աթարով կամ փայտով տաքանալու, բնականաբար այդ գումարը չի տա գազի սպառման համար: Սիսիանում եւ Գորիսում, որոշակի տարեշրջանով պայմանավորված, գազասպառումն ավելանում է. Սիսիանում՝ կաթ տաքացնելով, Գորիսում՝ օղի թորելով, բայց բնակարանները շարունակում են ջեռուցել ավանդական եղանակով: Խանածախ, Խոզնավար եւ Վաղատուր համայնքները, չնայած գազիֆիկացվել են IFAD-ի միջոցներով, բայց այնտեղ դեռեւս, կարելի է ասել, բաժանորդ չունենք (եթե այդ երեք գյուղից ընդամենը երեք հոգի է դիմել բաժանորդ դառնալու համար, նշանակում է՝ բաժանորդ չունենք): Բայց մարզում կան գյուղեր, որտեղ 400 եւ ավելի գազասպառող կա: Դժվարը սկիզբն է. եթե համայնքը գազիֆիկացվել է կառավարության կամ առանձին դոնոր կազմակերպությունների միջոցներով, ապա բնակիչը պետք է գումար վճարի իր գազատարի կառուցման համար:              

- 2014թ. հունվարի 6-ից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դարձավ «Գազպրոմ Արմենիա»՝ մեր հանրապետության ունեցած 20% բաժնեմասը («Հայռուսգազարդ»-ի) Ռուսաստանի Դաշնությանը վաճառելով:

Դրանից հետո կառուցվածքային եւ այլ բնույթի ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղում:

- Զգալի փոփոխություններ տեղի ունեցան՝ սկսած մեքենա-մեխանիզմների պարկի թարմացումից (եռակցման նոր ագրեգատներ, մեքենա, որ իր կահավորանքով հիշեցնում է արհեստանոց՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, «1-04» ծառայության նոր մեքենա եւ այլն), շենք-շինությունների տանիքների վերանորոգումից մինչեւ աշխատավարձերի բարձրացում եւ պարգեւավճարների տրամադրում: Վերոնշյալ գործարքից հետո փոխվեց նաեւ ընկերության ներքին կանոնադրությունը: Աշխատողների կրճատում տեղի չի ունեցել, աշխատավարձը բարձրացել է մոտ 50%-ով, հունվարից էլ նախատեսվում է աշխատավարձի ավելացում: Աշխատելաոճի մեջ նույնպես կատարվել են փոփոխություններ. շատ մեծ ուշադրություն են դարձնում նեղ մասնագիտական կրթությանը, ինչպես նաեւ խստացվել են մի շարք պահանջներ:  

- Ընթացիկ եւ առաջիկա մեկ-երկու տարում մարզում գազիֆիկացման ի՞նչ ծրագրեր ունեք:

- Այսօրվա դրությամբ չկա գյուղ, որտեղ գազիֆիկացման աշխատանքներ են իրականացվում: Գիտե՞ք ինչ, սա բիզնես հետապնդող ընկերություն է եւ գումար ներդնել տարածքի գազիֆիկացման համար, այն էլ այն դեպքում, երբ համապատասխան քանակով բաժանորդ հնարավոր չէ ունենալ, ձեռնտու չէ: Բայց եթե տվյալ համայնքը գազիֆիկացման աշխատանքների համար ներդնի ասենք 80%, ապա չի բացառվում, որ ընկերությունը մնացորդ գումարը տրամադրի: Ռեալ բաժանորդների թիվ ներկայացնելու դեպքում հնարավոր է եւ ընդառաջենք:  

- Ի՞նչ ընթացքի մեջ են Մեղրու տարածաշրջանի գազաբաշխման ցանցի կառուցման աշխատանքները:

- Մեղրու տարածաշրջանի գազիֆիկացման աշխատանքներն արդեն երեք ամիս է՝ ընթացքի մեջ են: Ինչպես հայտնի է, սա իրանական դրամաշնորհ է (2 մլն դոլարի չափով), եւ աշխատանքներն իրականացնում է իրանական «Սաներջի» ընկերությունը: Հոկտեմբերին հավանաբար աշխատանքների մի մասը կավարտվի:

- Որքանով գիտենք՝ 1խմ գազի ջերմատվությունը կազմում է 7900 կիլոկալորիա՝ իբրեւ ընդունելի նորմ: Պաշտոնապես միշտ հայտարարվում է, որ մատակարարվող գազը 8000 կիլոկալորիայից ցածր չէ: Իրականում, մինչդեռ, սպառողները դժգոհ են: Քանի՞ տեղից է գազ ստանում Սյունիքի մարզը:

- Գազ մատակարարում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն, իսկ թե գազաբաշխիչ հանգույց գազ որտեղից է  մտնում, չեմ կարող ասել: Մենք ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ ենք սպառում, ճշգրիտ չեմ կարող ասել: Տասը օրը մեկ պաշտոնական կայքէջից կարելի է գազի ջերմատվության վերաբերյալ ստանալ ստույգ տեղեկություն, բայց հավաստիացնում եմ, որ սպառվող գազի կալորիականությունը նորմայի սահմաններում է: Մայրաքաղաքի հետ կալորիականության տարբերությունը կարող է կազմել ընդամենը 1-2 տոկոս:

- Բայց դե ո՞վ է, ասենք, Սյունիքում դա չափում: Տեղում ունե՞նք համապատասխան լաբորատորիա, թե՞ մայրաքաղաքում է դա ստուգվում կամ միգուցե շարժական լաբորատորիաների միջոցով:

- Մեզ ամենօրյա տեղեկություններ է տրամադրում «Տրանսգազ» ՍՊ  ընկերությունը: Տեղում լաբորատորիա չունենք գազի որակի եւ կալորիականության վերաբերյալ ստուգումներ կատարելու համար: Ընկերության գլխավոր մասնաճյուղում կա ինժեներական լաբորատորիա, որտեղ կատարվում են համապատասխան ստուգումներ: Շարժական լաբորատորիա նույնպես ունենք, որ պահանջելու դեպքում, օրինակ, կարող է բերվել Կապան: Խոշոր սպառողները նույնպես կարող են տեղում կատարել այդ ստուգումը, բայց դա բավականին թանկ է: Հանրապետությունում կան խոշոր սպառողներ, որոնք տեղում ունեն համապատասխան լաբորատորիա: Ձեր դիտարկումն առ այն, որ ստացվում է ստուգողն էլ է նույն ընկերությունը, մատակարարողն էլ, բազմիցս տարբեր ատյաններում բարձրացվել է: Նույնիսկ մի քանի անգամ հրապարակային ստուգվել է գազի նմուշի կալորիականությունը, եւ որեւէ շեղում չի արձանագրել: Սահմանին կատարված լաբորատոր եզրակացություններին ես լիովին վստահում եմ:   

- Տարիներ շարունակ, նաեւ հիմա, անընդհատ լսում ենք, որ գազի հաշվիչներն այնքան էլ ճշգրիտ հաշվարկ չեն տալիս օգտագործվող գազի ծավալի մասին: Եվ դա, կարծեք, համընդհանուր կարծիք է, կարելի է ասել՝ գերակշռող: Ո՞ր կազմակերպությունն է հաշվիչներով զբաղվում, կա՞ անկախ մարմին, թե՞ դարձյալ «Գազպրոմ Արմենիա»-ն ինքն է իրեն վերահսկում:

- Գազի հաշվիչների 90-95%-ը ստուգվում է «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ում, որ պայմանագիր է կնքել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հետ: Համապատասխան մասնագետները կատարում են ստուգաչափումն ամենաբարձր մակարդակով: Հաշվիչը մեր սեփականությունն է, բայց դրա վնասման պատասխանատուն բաժանորդն է: Հաշվիչը ստուգելու համար յուրաքանչյուր բաժանորդ կարող է դիմել, որից հետո այն կուղարկվի համապատասխան լաբորատորիա: Եթե անսարքությունը մեր գործոնով է պայմանավորված, անվճար է ստուգվում, իսկ եթե արտահերթ պետք է այն ստուգվի, բնակիչը պետք է վճարի ծառայության դիմաց: Լաբորատոր արձանագրությանը հետեւում են գործողության հետագա քայլերը:

- Արդեն արձանագրեցինք, որ Սյունիքի մարզում գործում է ավտոգազալիցքավորման 13 ճնշակայան:

Նախ՝ ո՞ր կազմակերպությունն է այդ ոլորտի գործունեությունը վերահսկում: Երկրորդ՝ ի՞նչ սկզբունքով են այդ կայաններում գազի գները սահմանվում: Երրորդ՝ կարո՞ղ ենք իմանալ, թե այսօր ի՞նչ գներ են գործում մայրաքաղաքում եւ, ասենք, Սյունիքում: Չորրորդ ի՞նչ գներ են ակնկալվում 2016թ. հուլիսի 1-ից հետո՝ սակագների նվազեցումից հետո:

Եվ հինգերորդ՝ ինչո՞ւ մեր մարզի մի կայանում լավ են լիցքավորում (ըստ վարորդների), մի ուրիշ տեղ՝ վատ. եւ ոչ մի վերահսկողություն կամ պատասխանատվություն:

- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ավտոգազալիցքավորման ճնշակայաններին միայն տրամադրում է գազ, որի դիմաց ստանում է գումար, իսկ այդ ոլորտի գործունեությունը վերահսկելու հետ որեւէ առնչություն չունի: Ինչ վերաբերում է գնագոյացման հարցերին, ապա դրա հետ նույնպես մենք կապ չունենք: Սա բիզնես է, եւ ճնշակայանի տերն է սահմանում գինը, ինչը, բնականաբար, կարող է բերել մայրաքաղաքի եւ մարզերի գների տարբերությանը: Գինը 1խմ-ի դիմաց 180-220 դրամի սահմաններում տատանվում է:  Իսկ գազի սակագնի նվազեցման հետեւանքով քիչ հավանական եմ համարում ավտոգազի գնի իջեցումը, քանի որ հարկային նոր պարտավորություններ են սահմանվել ավտոգազալիցքավորման ճնշակայանների վրա, այսինքն՝ ակցիզային հարկ: Ինչ վերաբերում է վարորդների բողոքին լիցքավորման որակի հետ կապված, ապա միայն կարող եմ ասել, որ գազի ճնշումը կախված է ջերմաստիճանից, օրվա պահից եւ այլն: Ըստ օրենքի՝ 200 միավոր ճնշումից ավելին, անվտանգության պայմաններից ելնելով, իրավունք չունեն լիցքավորել: 

- Ի՞նչ կասեք Իրան-Հայաստան գազատարի ներկա կարգավիճակի եւ գործունեության մասին:

- Ճիշտն ասած բարձր ճնշման գազատարների մասին տեղեկություն չունեմ, գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղերը չեն զբաղվում դրանց գործունեությամբ: 

- Որքա՞ն է կազմում ընկերության տարեկան կորուստը (տեխնոլոգիական եւ առեւտրային):

- Գազի բնագավառում կորուստներ չլինել չեն կարող, ընդհանուր առմամբ կորուստի չափը (տեխնոլոգիական եւ առեւտրային) հասնում է մինչեւ 2.5%, որ նախկինում կազմում էր 4%:

Հ.գ. Ի դեպ, ապրիլյան պատերազմի օրերին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության թվով 7000 աշխատակցի մեկ ամսվա աշխատավարձը (1 մլրդ 200 մլն դրամ) փոխանցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Մեր այցելության օրը Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանը պատրաստվում էր այդ օրերին զոհված սյունեցի տասներեք ընտանիքի հարազատներին փոխանցել մեկական միլիոն դրամ: Ինչպես հետագայում տեղեկացանք, գումարն արդեն հասել է հասցեատերերին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 հունիսի 2016թ.

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը շնորհավորում է Արթուր Խաչատրյանին՝ պաշտոնավարման տասնամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն եւ հաջողություններ՝ մարզի բնակչության սպասարկման պատասխանատու գործում:

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19