Արզաս Ոսկանյան. «Նա արեւելահայ «կաղնե» մի աշուղ է»

08.06.2017 15:06
2179

Վահրամ Օրբելյանի հարցազրույցը կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի (ժողնվագարաններ եւ երգ) վարիչ Արզաս Ոսկանյանի հետ

 

 

 

 

Այցեքարտ

Արզաս Ոսկանյան. ծնվել է 1947 թվականին Դիլիջան քաղաքում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Կիրովականի (Վանաձոր) երաժշտական ուսումնարանի թավջութակի եւ վոկալ դասարաններում: Ուսումնարանի երրորդ կուրսից ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ միաժամանակ շարունակելով կրթությունն ուսումնարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի՝ ականավոր կոմպոզիտոր եւ համբավավոր մանկավարժ Էդվարդ Միրզոյանի դասարանը:

1976 թվականին կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել է կոմպոզիտորների միության անդամ: 1978 թվականին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում Ա.Ոսկանյանը հիմնադրել է հայ երգեցողության դասարանը: Մանկավարժական ակտիվ եւ բեղուն գործունեության համար 1994 թվականին Արզաս Ոսկանյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: «Պատարագ» ստեղծագործության համար 2003թ. կոմպոզիտորն արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2008-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

- Պարոն Ոսկանյան, Դուք կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի վարիչն եք, հիմնադրել եք կոնսերվատորիայի հայոց երգեցողության դասարանը, որի քուրայով աշուղական երգի հրաշալի կատարողներ են անցել, կուզեինք ձեզանից իմանալ աշուղ Աշոտի տեղն ու դերը հայ երգարվեստում:

- Միշտ մնում եմ այն կարծիքին, որ խորհրդային շրջանում մեր երեք աշուղները, խոսքը վերաբերում է Հավասուն, Շահենին եւ Աշոտին, շատ լավ ժամանակաշրջան ապրեցին, ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ զուտ արվեստի առումով, քանզի ստեղծվեց կոմպոզիտորների միություն, նրանք դարձան այդ միության լիիրավ անդամներ, շփվեցին շատ անվանի կոմպոզիտորների հետ, հենց սյունեցի Աշոտ Սաթյանի, հետո՝ նրա եղբայր Արամ Սաթունցի, բոլոր-բոլորի հետ: Հայաստանի կոմպոզիտորների երկարամյա նախագահ Էդվարդ Միրզոյանը շատ հոգատար էր նրանց նկատմամբ, խտրություն չէր դնում, թե նրանք աշուղ են, սրանք կոմպոզիտոր: Այնպես որ, կարծում եմ, շատ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին նրանց համար:

Հետո շատ կարեւոր էր հրատարակչական աշխատանքը, որ վերաբերում է այս երեք աշուղին: Նրանք իրենց ստեղծագործությունների բազմաթիվ ձեռնարկներ ունեցան՝ նոտագրված, պատշաճ մակարդակով հրատարակված: Դրանք հրաշալի գանձարաններ են, որոնցից այժմ բոլորս օգտվում ենք: Ե՛վ երեկ, ե՛ւ այսօր երգեր կան, որոնք դեռեւս չեն հնչել: Օրինակ, «Մատենադարան» երգ ունի, շատ հետաքրքիր երգ է: Աշոտի աշուղական արվեստի մի այլ տեսակն են բնութագրում՝ «Օջախում»-ը, «Պախրան», որոնք մյուս երգերից տարբերվում են իրենց թեմատիկայով, դա, իրոք, մտավոր, մտածող մարդու մասին է խոսում: Կուզեի նշել հատկապես ռադիոհեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան երգի վաստակավոր անսամբլի դերը, այն բազմաթիվ երգեր կամրջեց աշուղի եւ ունկնդրի միջեւ:

Աշուղ Աշոտը, ինչպես նաեւ Հավասին ու Շահենը բախտավոր էին այնքանով, որ ունեցան իրենց երգերի հրաշալի կատարողներ՝ Լուսիկ Քոշյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթեւոսյան, Վալյա Սամվելյան, Րաֆֆի Հովհաննիսյան, շատ ուրիշներ: Շատ կարեւոր մի հանգամանք. Աշոտը հենց Արեւելյան Հայաստանում ծնված, մեծացած, ստեղծագործած աշուղ է, նրա երգերի ելեւէջները շատ ավելի մոտ են հայ մարդուն: Նա արեւելահայ «կաղնե» մի աշուղ է:

- Կուզեինք իմանալ Ձեր կարծիքը նաեւ գուսան եւ աշուղ տերմինների առնչությամբ: Որոշակի շփոթ կա այս տերմինների առումով:

- Գուսանն ավելի վաղ ժամանակաշրջանի երեւույթ է, աշուղն ավելի ուշ դարից է սկզբնավորվում: Այդ որոշակիացումը մտցրեց Թովմաս Պողոսյանը, ով հրաշալի երգիչ լինելուց զատ, գիտնական է, ում պատիվ եմ ունեցել դասավանդելու հայոց երգեցողություն, նրա պնդումը հաստատում են մյուս անվանի գիտնականները, ասենք, Մհեր Նավոյանը, ով նույնպես կարծում է, որ ճիշտ է տեսակետը, թե գուսանները վաղ շրջանում են եղել: Այս հարցին ավելի հանգամանորեն կպատասխանի մեր օրերի լավագույն եւ գուցե եզակի աշուղագետ Թովմաս Պողոսյանը:

- Պարոն Ոսկանյան, աշուղ Աշոտի ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացվա՞ծ է հայ հանրությանը, կարծիք կա, որ նրա վերջին տարիների ստեղծագործությունները չեն կատարվում:

- Քիչ առաջ նշեցի, որ նրա ձեռնարկներում, բարեբախտաբար, այդ ստեղծագործությունների գերակշիռ մասը կա, երեւի թե ամեն արժեքավորը, ինչ նա ստեղծել է: Բնականաբար, հնարավոր է, որ որոշ երգեր դուրս մնացած լինեն, բայց եթե այդ երգերը ձայնագրված չեն, դժվար է դրանք վերականգնել: Պիտի երգի ձայնագրությունը լինի, որ որեւէ երաժիշտ նոտագրի: Եթե դուք՝ սյունեցիներդ, գիտեք մի երգ, որ հրատարակված չէ, բայց առկա է դրա ձայնագրությունը՝ գոնե աշուղի կողմից իր հնարավորության սահմաններում կատարված, ապա դա կարելի է վերականգնել:

- Չե՞ք կարծում, որ հեռուստատեսությունն ու ռադիոն երես են թեքել աշուղական արվեստից:

- Ոչ, չեմ կարծում: Նման բան 1990-ականների սկզբին եղավ, այսօր, բարեբախտաբար, արվեստի այդ տեսակը բավարար չափով հնչում է հեռուստաընկերությամբ եւ ռադիոյով: Բարեբախտաբար, նաեւ շրջանառության մեջ են դրվում հին ձայնագրությունները, վերը նշված երգիչների կատարմամբ: Այ, վատ է միջնադարյան մեր երաժշտության վիճակը, որ իսպառ չի հնչում: Ինչպես տեսնում եմ, դուք այն սերնդի ներկայացուցիչն եք, որ լսել եք Լուսինե Զաքարյանին, Խորեն Պալյանին, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանին, ովքեր թաթախված էին միջնադարյան երաժշտությամբ, շատ կներեք, այդ թվում նաեւ ձեր խոնարհ ծառան: Այդ երաժշտությունն իսպառ չի հնչում, կարծես դա ազգի խորթ զավակը լինի, մինչդեռ մեր բարձրակետային, հրաշալի երաժշտությունն է: Բարեբախտաբար, աշուղական երաժշտությունն իր չափի մեջ բավականին հնչում է: Մտահոգող է, որ կան հաղորդումներ, օրինակ, «Հայաստանի ձայնը», որտեղ Հայաստան բառից բացի հայկական ուրիշ բան չկա: Անունը դնեն «Մոլորակի ձայնը», ավելի ճիշտ կլինի: Երգերը՝ անգլերեն, կատարումները՝ ոչ հայկական, անգլերենի առոգանությամբ: Մենք դատապարտում ենք արեւելյան, մուսուլմանական երաժշտության տարրերի ներթափանցումը հայ երաժշտության մեջ, բայց ահռելի վտանգված ենք անգլոսաքսոնական տարրերի կողմից: Այնպես որ աշուղական երաժշտությունը, բարեբախտաբար, վերականգնում է հնչողությունը, բարվոք վիճակում է՝ շնորհիվ աշուղագետ Թովմաս Պողոսյանի:

Մի առիթով ասել եմ, որ միջնադարյան երաժշտությունը Թովմասի պես մի նվիրյալի կարիք ունի, որ ոտքից գլուխ նվիրվի դրան, եւ վերստին բացահայտի մեր ժողովրդի համար մաքրամաքուր, բարձր, մեր հնօրյա ճարտարապետությանը, մանրանկարչությանը հարիր այդ երաժշտությունը:

- Մենք ձեզնից ակնկալում ենք նաեւ մի հարցի պատասխան. հեղինակի մահվանից հետո նրա երգի մշակում կարելի՞ է, թե՞ ոչ:

- Դա այնքա՜ն խճճված հարց է: Ինքս, որպես հեղինակ, խարխափում եմ քարանձավում: Աշուղների հետ կապված բանն այլ է, որովհետեւ եթե մեղեդին համարենք թելն է, եւ այդ թելից հյուսում են թեկուզ գուլպա: Աշուղների առումով գուլպան էլ պիտի ունենա ավանդույթ, ճաշակ եւ այլն: Աշոտի արդեն կայացած «Օջախում» երգը… Վերցնել, ձեւափոխել, «արդիականացնել», «արդիաշունչ» դարձնել, դրան չափազանց դեմ եմ եւ կարծում եմ՝ այն, ինչ արդեն դարձել է ազգային արժեք, դրան չի կարելի ձեռք տալ, ինչպես այլասերում են մեծն Կոմիտասի արվեստը՝ բազմաթիվ մշակումներ, ձեւափոխումներ, ո՞վ է իրավունք տվել Կոմիտասի ժանյակը քանդել, թելը հանել, ուրիշ բան գործել: Չկա այդ իրավունքը: Այս երեւույթը՝ այս «պիրատությունը» գոյություն ունի ողջ աշխարհում:

- Սրանից ածանցյալ եւս մի հարց. աշուղ Աշոտի երգարվեստով զբաղվողներից մեկը միտք հայտնեց, թե աշուղից գողանում են: Խոսքը գրագողության, եթե կարելի է այսպես ասել, երաժշտագողության մասին է: Նման բան հնարավո՞ր է:

- Բա «պիրատություն» օտարահունչ բառն ինչո՞ւ օգտագործեցի: Եթե կոնկրետ չեն գողանում, ապա գաղափարը, հնչյունային համակարգը, իր ձեռագիրը կարող են նմանակել: Դա անխուսափելի է: Եթե բարձր բուրգը կա, գագաթը կա, ստորոտում, տակից քուջուջ անողներ էլ կան: Կարծում եմ՝ դրան լուրջ չպիտի վերաբերվել:

- Այժմ երգեր են ծնվում՝ ե՛ւ տեքստի, ե՛ւ երաժշտության հեղինակը նույն անձն է: Դա որքանո՞վ է տրամաբանական:

- Բայց Աշոտն էլ էր, չէ՞, ե՛ւ տեքստի, ե՛ւ երաժշտության հեղինակը: Խոսքը որակին է վերաբերում, ճաշակին, երգի բովանդակությանը: Եթե խոտան է, ուրեմն խոտան է: Տարիներ առաջ մեծ բարերար Վահագն Հովնանյանի սրտացավ հովանավորությամբ կայացավ Սայաթ-Նովային նվիրված մրցույթ՝ մրցանակային լուրջ հիմնադրամով. մի մեծ տաղ էի գրել՝ մեր զորավարներից մեկին նվիրված՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, եւ պարզվեց, որ մրցակցում եմ յոթնամյա աղջնակի հետ, անմիջապես հետ վերցրի իմ ստեղծագործությունը, չնայած անցել էի երկրորդ փուլ: Մտածեցի, որ չարժե նման մրցույթին մասնակցելը: Հետո հրավիրեցին աշխատել ժյուրիում, եւ այնքան խոտան երաժշտություն լսեցի, որ ճարահատյալ բարձրաձայնեցի՝ մենք շատ շուտով կունենանք անգրագիտության գիտությունների թեկնածու, անգրագիտության գիտությունների դոկտոր: Անգրագիտությանն է առնչվում ձեր հարցադրումը, երբ մեր խոսքը շուլալվում է դրսից բերված երաժշտությանը:

- Աշուղ Աշոտի ծննդյան 110-ամյակն է լրանում, ձեր ամբիոնն ի՞նչ պիտի նախաձեռնի հոբելյանի առթիվ:

- Գիտե՞ք, խարխափում ենք փառատոների եւ հոբելյանների արանքում: Արամ Խաչատրյանին եւ Կոմիտասին նվիրված մի քանի միջոցառում անցկացվեցին, «Դար-21» փառատոնն է մեկնարկում, «Վերադարձի անուններ» փառատոնն է օրակարգում: Տեղ չկա շնչելու: Կասկած չունեմ, որ հոբելյանին կանդրադառնա Թովմաս Պողոսյանն իր հրաշալի անսամբլով, իր վերաբերմունքով: Բոլոր-բոլորին նա անդրադառնում է պատշաճ մակարդակով:

- Դուք կյանքում հանդիպե՞լ եք աշուղ Աշոտին:

- Ցավոք, նրա հետ անձնապես ծանոթ չեմ եղել: Բայց նրա տեսքը, առնական արտաքինը, բարի ժպիտն իմ մտապատկերում են: Իսկական հայ մարդու տեսակ էր:

- Այս հարցը նաեւ Թովմաս Պողոսյանին եմ տվել, կարծես նվազել է հետաքրքրությունը ժողովրդական, ազգային նվագարանների հանդեպ:

- Ճիշտ չէ ձեր դիտարկումը: Եթե դուք ներկա լինեիք ժողովրդական նվագարանների նվագախմբերի փառատոն-մրցույթին, նման կարծիք չէիք հայտնի: Դրան մասնակցում էր մոտ 30 նվագախումբ, դժվար էր որոշել լավագույնին: Նաեւ նշեմ, որ կառավարության որոշմամբ ազգային նվագարանների ուսուցումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, եւ դրա պտուղներն արդեն առկա են:

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին որպես լրացում:

- Կուզեի, որ աշուղական արվեստի չափ ուշադրության արժանանար միջնադարյան հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտությունը: Կոմիտասի արածը բեկանել ենք, բայց արյան հիշողությունը կա, այդ հիշողությունը մեզ թույլ չի տա անվերջ չարաշահումներ անել:

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21