Աշխատանքի տոնավաճառ Կապանում

26.09.2017 16:22
1425

Երկրաբան, լեռնային ինժեներ՝ մեխանիկ, բժիշկ ուռուցքաբան, բժիշկ անզգայացնող, հաշվապահ, համակարգչային օպերատոր, բակապահ, դերձակ, խոհարար եւ մի շարք այլ մասնագիտությունների գծով թափուր տեղերով էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, պետբյուջեի ֆինանսավորմամբ, սեպտեմբերի 25-ին կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառ Կապանում» ամենամյա միջոցառմանը ներկայացել Կապանի տարածաշրջանից 27 գործատու՝ 81 թափուր աշխատատեղով:


Ինչպես տեղեկացրեց Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի պետ Արթուր Հակոբյանը, Կապան քաղաքում 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը (քաղաքացին, ով աշխատանք ունի, բայց փնտրում է իր մասնագիտությամբ աշխատանք) կազմում է 1464, գործազուրկներինը (աշխատանք չունեցող)՝ 1356 անձ: Ընդ որում՝ աշխատանք փնտրողներից 1001-ն է կին, գործազուրկներից՝ 936-ը: Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 143 անձ:


«Աշխատանքի տոնավաճառն այն հարթակն է, որտեղ գործատուն եւ աշխատանք փնտրողը հանդիպում եւ քննարկում են աշխատանքի պայմանները: Այն հեշտացնում է գործատուների եւ աշխատանք փնտրողների հանդիպումը, օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ: Նախքան տոնավաճառի անցկացումը համագործակցել ենք Կապանի տարածաշրջանի 390 գործատուի հետ, եւ հարցման արդյունքում այսօր ներկայացել է 27 գործատու՝ 81 թափուր աշխատատեղով: Անցյալ տարի ներկայացվել էր 25 գործատու՝ 56 աշխատատեղով. տոնավաճառի օրն աշխատանքի ընդունվեց 36 հոգի, որից այս մեկ տարվա ընթացքում կայուն զբաղված է 24 հոգի», - նշեց Արթուր Հակոբյանը:


«Աշխատանքի տոնավաճառի անցկացման ծրագիրը, եթե արդյունավետ չլիներ, այսօր այսքան գործատու եւ աշխատանք փնտրող չէին ներկայանա: Կարծում եմ՝ այս ծրագրի արդյունքը դրական է. եթե այսօրվա միջոցառման ընթացքում նույնիսկ 7-8 հոգի աշխատանք գտնի, արդեն իսկ լավ ցուցանիշ է՝ մանավանդ աշխատատեղերի սղության պայմաններում», - նշեց ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ով ներկայացրեց նաեւ զբաղվածության կարգավորման՝ այս պահին գործող պետական ծրագրերը:


«Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը միշտ վերափոխվում են, արդիականացվում, համապատասխանեցվում աշխատաշուկայի պայմաններին: Այս տարի անցումային տարի էր, եւ այժմ իրականացվում է  չորս ծրագիր՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» եւ «Մասնագիտական ուսուցման ծրագիր», որը վերափոխման փուլում է եւ կգործի հոկտեմբերից», - տեղեկացրեց Ա.Մանգասարյանը:


Գործակալության պետի խոսքով՝ չնայած ներկայացված ծրագրերը քանակական առումով քիչ են, բայց ամբողջ ռեսուրսներն ուղղվել են դրանց իրականացմանը, մասնավորապես եթե նախկինում՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը հանրապետությունում իրականացվում էր 740 անձի համար, ապա 2017թ. նախատեսվում է 4500 անձի համար, «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում»-ը՝ 400, այս տարի՝ 1200 անձի համար, իսկ «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում»՝ 11, այս տարի՝ 12 կետում: Այսինքն՝ ամբողջ ռեսուրսները փոփոխվում են ժամանակի պահանջին համահունչ:


Ի դեպ, սեպտեմբերի 27-ին առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ կանցկացվի Սիսիանում: «Կարծում եմ՝ Սիսիանում նույնպես արդյունավետ կլինի այս միջոցառման անցկացումը, եւ Սիսիանը նույնպես կդառնա այն կետերից մեկը, որտեղ ամեն տարի կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ», - նշեց գործակալության պետը:


2018թ. նախատեսվում է մի շարք այլ ծրագրերի իրականացում, բայց դրանք դեռեւս նախագծային փուլում են, եւ նախքան իրավական ակտ դառնալը դրանցից խոսելը նպատակահարմար չէ. «Համոզված եմ՝ հաջորդ տարի աշխատանքի տոնավաճառի ժամանակ արդեն իսկ կներկայացնենք այդ ծրագրերը, որոնք փոխվում են երկրի տնտեսական կյանքին, քաղաքականությանը համահունչ թե՛ քանակային, թե՛ բովանդակային առումով»:


Հարցին, թե որքանով են նպաստում այդ ծրագրերը հանրապետությունում գործազրկության մակարդակի նվազմանը, Արտակ Մանգասարյանը պատասխանեց. «2016թ. այս ծրագրերի շնորհիվ հանրապետությունում մոտ 17 հազար հոգի տեղավորվել է աշխատանքի, որը, կարծում եմ, մեր երկրի համար ցուցանիշ է: Ոչ մի գործակալություն իր քաղաքականությամբ չի կարող վերջնականապես վերացնել գործազրկության մակարդակը, որ տնտեսությանն ուղեկցող ցուցանիշ է, բայց, հուսով եմ, մոտ ապագայում մեր երկրում այդ ցուցանիշն էական կնվազի. այդ մասին վկայում են ե՛ւ կանխատեսումները, ե՛ւ տեղեկատվությունը ստեղծվելիք աշխատատեղերի մասին, ե՛ւ ակնկալվող ներդրումների ծավալը: Պոտենցիալ ներդրողների հետ նույնպես հանդիպումներ ենք ունենում, որ հետագայում կարողանանք նրանց ապահովել համապատասխան կադրերով»:


Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի պետ Արթուր Հակոբյանը շնորհակալագրեր հանձնեց այն կազմակերպություններին, որոնք ակտիվ համագործակցել են կենտրոնի հետ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Կապանի մասնաճյուղը, որը ցանկացողներին անվճար խորհրդատվություն էր տրամադրում օրենսդրական դաշտի՝ նրանց հետաքրքրող կետերի վերաբերյալ: Վորլդ վիժն Հայաստանի Կապանի տարածքային ծրագիրը նույնպես բավականաչափ աջակցել է տոնավաճառի անցկացմանը թե՛ համապատասխան տեղեկատվական թերթիկներ տպագրելու, թե՛ կամավորներին վերնաշապիկներ ու գլխարկներ տրամադրելու, ինչպես նաեւ հատկապես երիտասարդներին աշխատաշուկայի պահանջներին իրազեկելու, հետագայում մասնագիտական ճիշտ կողմնորոշում ապահովելու հարցերում:


Կապանի քաղաքապետարանի այգում աշխատանքի տոնավաճառի անցկացման պահին կային նաեւ ազատ տաղավարներ: Մեր այդ դիտարկմանն Արթուր Հակոբյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Թափուր աշխատատեղերը գրանցել ենք աշխատանքի տոնավաճառի անցկացումից մեկ շաբաթ առաջ, եւ այդ ընթացքում որոշ գործատուներ արդեն իսկ համալրել են թափուր տեղերը, ուստի այսօր չեն ներկայացել: Բայց դրան հակառակ առավոտյան տոնավաճառին միացել է եւս երեք գործատու՝ իր թափուր աշխատատեղով»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25