ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ««Հայջրմուղկոյուղին» առաջիկա 2-2.5 տարում Կապանում կիրականացնի 6 մլն դոլարի ներդրում»

25.07.2013 19:30
4170

Հարցազրույց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ

Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի մասին վերջին մեկ-երկու ամսում ավելի շատ է խոսվել, քան երբեւէ:

Նախ՝ մարզկենտրոնի մի քանի հասարակական կազմակերպություն ստորագրահավաք կազմակերպեցին, այնուհետեւ կազմակերպիչները դատական հայց ներկայացրին համայնքի ավագանու դեմ՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ավագանու որոշումը, քանի որ այնտեղ նշված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի սեփականության իրավունքը գրանցված չէ կադաստրում: Կապան քաղաքային համայնքի անվամբ գրանցված են ջրամատակարարման ներքին ցանցը` օրվա կարգավորիչ ջրամբարներով եւ ջրահեռացման ցանցով: Մինչ այս վերջին քայլը Կապանի քաղաքապետարանում խնդրո առարկայի առնչությամբ քննարկում էր անցկացվել ստորագրահավաքը կազմակերպողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի, ընկերության հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի, համակարգի այլ պատասխանատուների (նաեւ նախկին տարիներին աշխատած) մասնակցությամբ: Ինչեւէ, «Սյունյաց երկիրն» էլ փորձեց անդրադառնալ խնդրին՝ հարցազրույց ունենալով Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

- Պարո՛ն Հայրապետյան, մեր զրույցը սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը Կապանում:

- Ձեր նշած համակարգը մի շարք կառույցների համախումբ է, որ ներառում է գլխամասային կառույցները՝ ջրընդունիչ կայաններ, երկու մաքրման կայան՝ Գեղիի եւ Չանախչիի, ջրավազաններ, խողովակաշարեր, որոնք խմելու ջուրը հասցնում են նախ՝ մինչեւ մաքրման կայաններ, այնուհետեւ մինչեւ քաղաքի մուտքը: Դրանք «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սեփականությունն են եւ երբեւէ համայնքային սեփականություն չեն եղել: Նույնիսկ, երբ «Հայջրմուղկոյուղու» «Խուստուփ» մասնաճյուղը պատկանում էր համայնքին, գլխամասային կառույցները չեն եղել համայնքային սեփականություն: Իսկ ջրամատակարարման ներքին ցանցի մեջ մտնում են օրվա կարգավորիչ ջրամբարները, ներքաղաքային ջրատար խողովակները եւ կոյուղաջրերի հեռացման խողովակները: Ժամանակին, երբ դրանք հանձնված չէին համայնքին, ներքին ցանցը ներառում էր նաեւ կեղտաջրերի մաքրման կայանը: Բայց 1997 թվականից վերջինս անպիտանի եւ կիսավեր կառույց էր, չէր շահագործվում, այն նույնիսկ չհանձնվեց համայնքին: Սա է ներքին ցանց կոչվածի ընդհանուր պատկերը:

- Որոշ չափով անդրադարձաք համակարգի պատկանելության խնդրին: Կուզեինք փոքր-ինչ մանրամասնել: Մանավանդ վերջին 20 տարում համակարգի կառույցների պատկանելության փոփոխության խնդրում պակաս չի զգացվել:

- Խորհրդային տարիներին ամեն քաղաք ուներ իր ջրմուղ-կոյուղու վարչությունը, որն օգտվում էր պետության, տեղական իշխանությունների աջակցությունից, բացարձակապես խնդիրներ չկային օգտագործված խմելու ջրի վարձավճարները հավաքելու առումով: Անկախության տարիներին մի քանի անգամ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ջրամատակարարման համակարգում: Նախ՝ կառավարությունը որոշում ընդունեց սահմանազատել համակարգի մատակարարման եւ իրացման գործառույթները: Մինչեւ քաղաքի մուտքը ջրամատակարարման խնդիրները դրվեցին գլխամասային կառույցների, իսկ ներքին ցանցերի սպասարկման եւ ջրի մատակարարման ու իրացման խնդիրները՝ համայնքային ձեռնարկության վրա: Այսպիսի տարանջատումը չարդարացրեց իրեն, եւ այդ կառույցն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, եւ 1999-ին դարձյալ համատեղվեցին մատակարարման ու իրացման գործառույթները: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին անհատույց, անժամկետ, առանց պայմանների հանձնվեց ջրամատակարարման ներքին ցանցը: Եվ այսպես, մինչեւ 2013թ. հունիսի՝ Կապանի ավագանու հայտնի որոշումը «Հայջրմուղկոյուղին» օգտագործում, տիրապետում էր այդ ներքին ցանցը: Ասվածին ավելացնեմ, որ 1999-ին համայնքի ավագանու որոշմամբ գույքագրում չի անցկացվել, հանձնման-ընդունման համապատասխան արձանագրություններ չկան: Կա ընդամենը մի արձանագրություն (ձեռագիր վիճակում) դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի մասին: Ընդամենը:

Առհասարակ, ջրամատակարարման համակարգի վերաբերյալ նախկինում կառավարությանը հասցեագրված մի քանի նամակներ գոյություն ունեն՝ իրենց բովանդակությամբ միմյանց հակասող: 1996-ին գրում էին, թե նպատակահարմար կլիներ, որ ներքին ցանցը համարվեր համայնքի սեփականություն, եւ 1997-ին կառավարության որոշմամբ հանձնվեց համայնքին: Երկու տարի, այդ կարգավիճակում գործելուց հետո, համայնքի ղեկավարն ավագանու անունից դիմել է թե՛ մարզպետին, թե՛ կառավարությանը, առ այն, որ անհնարին է կառույցն այդպես շահագործել, մի դեպքում առաջարկում էին պետական օժանդակություն, ֆինանսավորում, մի այլ դեպքում, համոզվելով դրա նվազ հավանականության մեջ, առաջարկեցին հանձնել «Հայջրմուղկոյուղուն», այդպես էլ եղավ, ինչպես վերը համոզվեցիք:

- Ձեր ասածից մի անգամ էլ այն եզրակացության ենք հանգում, որ ջրամատակարարման համակարգում բավականին անորոշություններ կան:

- Կասեի` որոշակի ոչ մի բան չի եղել:

- Մեզ նաեւ հետաքրքրում է, թե Կապանում գտնվող վարչական շենքն ինչպես մնաց «Հայջրմուղկոյուղու» հաշվեկշռում:

- Կառավարության 2004թ. որոշման համաձայն` այդ մասնաշենքը գրանցվել է որպես պետական սեփականություն: Դա մի այլ խոսակցության թեմա է: Այդ շենքի ճակատագիրը մի քիչ անորոշ է եւ հնարավոր է մի գեղեցիկ օր ուժը կորցրած համարվի, անօրինական գործարք ասեմ, թե ինչ...

- Անդրադառնանք համայնքի ավագանու ս.թ. հունիսի 7-ի հայտնի որոշմանը: Ի՞նչ խնդիր կար հստակեցնելու, որոշակիացնելու: Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշման ծնունդը:

- Անցած տարվա օգոստոսից հանդիպումներ եմ ունեցել թե Ջիվան Մարգարյանի, թե Պատրիկ Լորենի հետ, քննարկել ենք ոլորտին առնչվող խնդիրներ, եւ ինձ համար փորձում էի ճշտել՝ թե ինչ ունենք եւ ինչ կարող ենք «Հայջրմուղկոյուղուց» պահանջել: Ուզում եմ ասածս պարզաբանել. «Հայջրմուղկոյուղուն» հանձնված էր մի ցանց` անժամկետ, անհատույց, առանց պայմանների, որը, ըստ երեւույթին, որեւէ պատասխանատվություն ու պարտավորություն չուներ: Եւ նրանից խնդրել որեւէ բան, պահանջել, ասենք, ջրի որակի կամ ներդրումների հետ կապված կամ ջրամատակարարման ժամանակացույց փոխել, իրական չէր լինի: Լավագույն դեպքում կարող էր հայտարարել` այսքանն եմ կարողանում, այսքանն եմ անում: Այսօրվա դրությամբ «Հայջրմուղկոյուղուն» չի կարելի համարել որպես շահագրգիռ կողմ այդ նույն պայմանագիրը ստորագրելու եւ կնքելու առումով: Որովհետեւ այսպես թե այնպես ներքին ցանցն իրենն է եւ անժամկետ: Ո՞վ է ասում, որ մի որոշում էլ պիտի կայացվի եւ ներքին ցանցը տրվի «Հայջրմուղկոյուղուն»: Այն համայնքները, որոնք մինչեւ հիմա սահմանված ժամկետում հանձնել են ներքին ցանցը, փորձում են վերակնքել պայմանագրերը, նոր պայմաններ առաջադրել: Կապանի դեպքում ներքին ցանցն անորոշ ժամկետով էր տրված «Հայջրմուղկոյուղուն», վերջինս ինչու՞ անհանգստացած պիտի լիներ:

- Մի տեսական հարց ենք ուզում տալ. եթե, այնուամենայնիվ, ներքին ցանցը պատկանի համայնքին, մնացյալը «Հայջրմուղկոյուղուն», դրանից ջրամատակարարումը կբարելավվի՞, թե՞ ընդհակառակը:

- Բարելավելու մասին չեմ կարող դրական բան ասել, մենք ոչ միայն չունենք համայնքի ջրամատակարարման բարելավմանը միտված ծրագրեր, այլեւ այդպիսի ծրագրերը հիմնավորող եւ դրանք իրականություն դարձնող ֆինանսական աղբյուրներ: Ինչ վերաբերում է վատանալուն, հնարավոր է միանգամայն, որովհետեւ այն ծախսն էլ, որ կատարվում է ջրամատակարարման վրա, այդ հնարավորությունն էլ չունենք: Բայց չեմ նշում խնդրի մասնագիտական կողմը: Ի վերջո մարդիկ կարգավիճակի փոխվելու դեպքում կարող են մնալ եւ աշխատել որպես համայնքային ենթակայության ձեռնարկության աշխատակիցներ, բայց ռիսկի դիմել եւ ողջ քաղաքի ջրամատակարարումը դնել հարցականի տակ, ինձ թույլ տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է մատակարարվող ջրի որակին, այդ մասին անիմաստ է խոսելը: Իսկ «Հայջրմուղկոյուղին» երկուսից երկուսուկես տարում պատրաստվում է վեց միլիոն դոլարի ներդրում իրականացնել Կապանում, հակառակ պարագայում չեմ կարող ենթադրել, թե ով կարող է դա անել:

- Ավագանու որոշումը չեղյալ համարելու նպատակով ստորագրահավաք կազմակերպողներն ինչ-որ հաշվարկ ներկայացնու՞մ են այն կապակցությամբ, թե ինչ կտա, եթե ջրամատակարարման ներքին ցանցը լինի համայնքային սեփականություն:

- Նրանց ներկայացրածը մասնագիտական հաշվարկ չէ, ընդամենը ջրատար խողովակի թողունակությունը ժամանակի միավորով բազմապատկել են եւ ներկայացրել որպես տնտեսագիտական «լուրջ» վերլուծություն: Նրանց պրիմիտիվ հաշվարկով խմելու ջրի մեկ խորանարդ մետրի ինքնարժեքը կազմում է 5,2 դրամ: Տվյալ դեպքում հաշվի չեն առնում ներքին ցանցի վիճակը, ջրակորուստները: Բայց չէ՞ որ ինքնարժեքը շատ ավելի բաղադրիչներ է բովանդակում: Մինչդեռ իրենք վերցրել են ջրի քանակ միավոր ժամանակի կտրվածքով եւ վերջ: Դա ինքնարժեք չի կարող դիտվել: Եթե չեմ սխալվում, պաշտոնական տվյալներով խմելու ջրի ինքնարժեքի մեջ միայն աշխատավարձը կազմում է 54 դրամ: Եթե ինչ-ինչ երաշխիքներ ունենալով ներքին ցանցը չտանք «Հայջրմուղկոյուղուն», մենք ստիպված կլինենք նրանից գնել բնակչությանը (եւ ոչ միայն) տրվող խմելու ջուրը, որի գինը ոչ թե «Հայջրմուղկոյուղին» է սահմանում, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ստորագրահավաք կազմակերպողները մեզնից ժամանակ էին խնդրել հիմնավորելու իրենց դիրքորոշումը, բայց մեզ որեւէ մեկը չի ներկայացրել որեւէ հաշվարկ, հիմնավորում եւ այլն: Ընդամենը ստացել ենք հայցադիմումի պատճենը, ըստ որի օրեր առաջ դիմել են վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ավագանու որոշումը, քանի որ այնտեղ նշված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի սեփականության իրավունքը գրանցված չէ կադաստրում: Կապան քաղաքային համայնքի անվամբ գրանցված են ջրամատակարարման ներքին ցանցը` օրվա կարգավորիչ ջրամբարներով եւ ջրահեռացման ցանցով:

- Այնումենայնիվ, Կապանում 11 հազար մարդ ստորագրել է ներքին ցանցը «Հայջրմուղկոյուղուն» 25 տարով չհանձնելու թղթի տակ, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել:

- Խնդիրը շատ պարզ էր, մենք երկընտրանքի առջեւ չէինք` տա՞լ, թե չտալ: Չէ՞ որ 14 տարի առաջ ջրամատակարարման ներքին ցանցը «Հայջրմուղկոյուղուն» արդեն տրված էր անժամկետ եւ առանց պայմանների: Հիմա ուզում ենք խնդիրը հստակեցնել, եւ որոշակի պայմաններ առաջադրել: Խնդիրն այն է, որ մեզ մեղադրում են հանրային լսումներ չկազմակերպելու մեջ:

Մինչդեռ դրա անհրաժեշտությունը չկար: Ի՞նչ լսել տայինք, մարդկանց ասեինք` եկեք մեզ շնորհակալություն հայտնեք, որ մտահո՞գ ենք մեր խնդիրներով: Ասեմ, որ բնակչության մեծ մասն այդպես էլ չհասկացավ, թե ինչու էր կազմակերպված այս ստորագրահավաքը եւ ում մեղադրեն այդ ամենում: Նախ փորձեցին մեղադրել համայնքի ղեկավարին, հետո գիտակցեցին, որ համայնքի ղեկավարն ավագանու հետ կայացրել է մի որոշում, որ պիտի բարելավի իրավիճակը: Կարծում եմ, որ ի վերջո համոզված կլինեն, որ «Հայջրմուղկոյուղին» էլ որեւէ կապ չունի իրենց իսկ բարձացրած աղմուկի հետ:

- Պարոն Հայրապետյան, Ձեր ընդդիմախոսները նաեւ մի փաստ են վկայակոչում, թե իբր Կապանում խմելու ջրի վարձավճարներից ամսական հավաքվում է մի գումար (բերում են ստույգ թիվ` 25 միլիոն դրամ), որից 6 միլիոն է մնում համայնքում: Ի՞նչ կասեիք այդպիսի փաստ վկայակոչողներին:

- Մենք ուսումնասիրություն կատարել ենք, եւ խմելու ջրի վարձավճարի լավագույն ցուցանիշը կազմել է 24 միլիոն դրամ: Բայց դա ոչ թե հավաքված, այլ գանձվելիք գումարն է: Իսկ ամսվա կտրվածքով հավաքված գումարը կարող է կազմել գանձվելիքի 50-80 տոկոսը եւ այլն: Եթե մի պահ պատկերացնենք, որ յուրաքանչյուր ամիս հավաքվում է 24 միլիոն դրամ, եւ դա համեմատենք «Հայջրմուղկոյուղու» 6 միլիոն դոլար (խոստացած) ներդրման հետ, ապա կստացվի, որ տասը տարվա հավաքած գումարը միայն ներդրման վրա պիտի ծախսվի, իսկ աշխատավա՞րձը, որ ամսական միայն 7-8 միլիոն է կազմում, մյու՞ս ծախսերը: Ավելին ասեմ. եթե մենք ներքին ցանցը վերցնենք 24 միլիոն դրամ ամսական վարձավճար գանձելով, ապա ամսական 60 միլիոն դրամ պիտի վճարենք «Հայջրմուղկոյուղուն»` նրա կողմից մատակարարված ջրի դիմաց: Իսկ թե մյուս ծախսերն ու աշխատանքներն ինչի հաշվին պիտի փակվեն, Աստված գիտի: «Հայջրմուղկոյուղին» անցած երեք տարում իրականացրել է 500 միլիոն դրամից ավելի ներդրում: Մեր նպատակը հետագայում անելիք ներդրումները համակարգելն է, ջրամատակարարման ոլորտում մեզ հետաքրքրող հարցերին լուծում տալը, այն է` ջրի որակի բարելավում, ջրամատակարարման ժամանակացույցի հստակեցում, քաղաքում ջրատարի բարձր ճնշումային հատվածների վերացում, սակավ ապահովված թաղամասերի ջրամատակարարման բարելավում եւ այլն: «Հայջրմուղկոյուղուն» մենք ներկայացրել ենք 15 կետից բաղկացած պայմաններ, որոնք ընդունվել են «Հայջրմուղկոյուղու» կողմից, եւ դրանցով պայմանագրի գործողությունները չեն սահմանափակվում:

- Օրերս Կապանի ջրամատակարարման համակարգի նախկին պատասխանատուներից մեկն այսպես էլ ասաց. «Գնացե՛ք, օրվա կարգավորիչ ջրամբարների վիճա՛կը տեսեք»: Իրո՞ք վիճակն այդքան անմխիթարական է:

- Օրվա կարգավորիչ ջրամբարների վիճակը, եթե ասենք մտահոգության տեղիք է տալիս, նշանակում է բան չասել: Այս պահին դրանցից չորսն է գործում: Շատ են եղել, մի մասը հանվել է շահագործումից, այդ չորսի նորոգումը շատ լուրջ ներդրումներ է պահանջում, շատ վատթար վիճակում են, նույնիսկ անձրեւաջրերը թափանցում են ներս: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է:

- Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ խոսվեց «Հայջրմուղկոյուղու» ներդրումների մասին: Մի քիչ ավելի մանրամասն:

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը պատրաստ է շարունակել ներդրումները Կապան քաղաքում երկու նախագծով, որոնք ֆինանսավորվում են երկու տարբեր հիմնադրամներից: Այդ նախագծերից մեկով նախատեսվում է քաղաքը խմելու ջրով սնուցող ջրատարի ճնշումային գոտիներն աստիճանաբար վերացնել, որ բացառվեն խոշոր վթարները: Բացի այդ «Հայջրմուղկոյուղին» մի քանի օր առաջ քաղաքապետարանին ճարտարապետահատակագծային հայտ է ներկայացրել Կապան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի բարելավման նպատակով: Նախատեսվում է Գեղիի ջրի մաքրման կայանի վերանորոգում, Շինարարների թաղամասի չորս հատ 500 խորանարդ մետր եւ մեկ հատ հազար խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարների հիմնանորոգում: Բաղաբերդ թաղամասում կկառուցվի պոմպակայան, ինչպես նաեւ կիրականացվի Կապանի բժշկական կենտրոնի կոյուղագծի վերակառուցում` պոլիէթիլենե 400 մետր երկարությամբ խողովակներով: Երկրորդ նախագծով կփոխարինվի Կապան քաղաքի, Սյունիք գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը:

- Մեր թերթին («Սյունյաց երկիր», 15-ը հոկտեմբերի 2012թ.) անցած աշնանը տված հարցազրույցի ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հայտնեց, որ Սյունիքի մարզում կոյուղու համակարգի համար առայժմ գումար նախատեսված չէ:

- Այդպես է, բայց «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանավորվածություն կա ջրահեռացման ցանցի բարելավմանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Բանն այն է, որ կոյուղաջրերը քաղաքի տարածքում հինգ տեղում ուղղակի թափվում են գետի մեջ: Արդեն աշխատանքներ են տարվել, եւ Հունան Ավետիսյան թաղամասում կոյուղագիծը՝ 270-280մ երկարությամբ, մաքրվել է տարիներ ի վեր կուտակված աղբից ու ծառերի արմատներից: Խնդիրն այն է, որ քաղաքի տարածքում բացառվեն կոյուղաջրերի թափվելը գետի մեջ, ինչն ամռան սակավաջրության ժամանակ հակասանիտարական վիճակ է ստեղծում: Ի դեպ, վերջերս «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը խոստացավ, որ ընկերության հարավային մասնաճյուղի Կապանի տեղամասին կհատկացվի կոյուղագծերի խցանումները վերացնող չինական արտադրության մեքենա:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ԻՇԽԱՆՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25