ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «Երազանքս է գրել Մեղրու պատմությունը»

20.10.2013 14:51
3706

Հարցազրույց ԵՊՀ հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աշոտ Մանուչարյանի հետ


 

– Պարո՛ն Մանուչարյան, այս տարվա հունիսի 27-ին հարցազրույց ունեցանք ճանաչված պատմաբան Գրիգոր Գրիգորյանի հետ եւ որոշ անդրադարձ կատարեցինք «Դիվան հայ վիմագրության» մատենաշարին, քանի որ ինքը հերթական անգամ Սյունիք էր եկել այդ մատենաշարի լրացուցիչ պրակի վրա աշխատելու նպատակով: Մենք նրան մեղրեցիներին մտահոգող մի հարց ուղղեցինք` ինչպե՞ս է պատահել, որ նույնիսկ Արցախի վիմագրություններն են խորհրդային տարիներին մտել առանձին հատորի մեջ, իսկ Մեղրին դուրս է մնացել Սյունիքի շրջաններին առնչվող հատորից եւ հիմա էլ, կարծեք, դուրս է մնում մատենաշարի լրացուցիչ պրակից: Այդ հարցը նաեւ Ձեզ ենք ուղղում` նկատի ունենալով, որ աշխատում եք ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, նկատի ունենալով, որ ծագումով Մեղրու Մանլեւ գյուղից եք ու անտարբեր չեք Մեղրու շրջանի պատմությանն առնչվող հարցերի հանդեպ:

– «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 2-րդ պրակը, իսկապես, նվիրված է Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջաններին (կազմել է Ս.Բարխուդարյանը, Երեւան, 1960): Այն ժամանակ Մեղրի կարելի էր ելումուտ անել սահմանամերձ գոտուն բնորոշ ռեժիմով: Սեդրակ Բարխուդարյանն այն ժամանակ, ըստ էության, հնարավորություն չստացավ աշխատել Մեղրու շրջանում: Հիմա պրոֆեսոր Գրիգորյանի կողմից պատրաստվում է մատենաշարի լրացուցիչ պրակ, որում տեղ կգտնեն սյունիքյան այն վիմագրերը, որոնք ժամանակին դուրս են մնացել Սյունիքի շրջաններին առնչվող հատորից: Մի քանի հարյուր նոր վիմագրեր են հայտնաբերվել, որոնք տեղ կգտնեն լրացուցիչ պրակի մեջ: Դրանում կզետեղվեն նաեւ Մեղրու տարածաշրջանի վիմագրական նյութերը:

– Կհասցնե՞ք Մեղրու վիմագրությունները մտցնել մատենաշարի լրացուցիչ պրակի մեջ, չէ՞ որ, Գրիգոր Գրիգորյանի վկայությամբ, լրացուցիչ պրակի նյութերը գրեթե պատրաստ են արդեն:

– Անպայման կհասցնենք, քանի որ նոր չէ, որ զբաղվում ենք այդ գործով: Հիսուն տարի է, որ, հնարավոր բոլոր եղանակներով, հավաքվում են Մեղրու տարածքի վիմագրական նյութերը:

– Դուք նույնպե՞ս զբաղվել եք այդ գործով:

– Քսան տարի առաջ եմ սկսել դրանով զբաղվել: Եվ արդեն երկու հոդված ունեմ` Մեղրու վիմական արձանագրություններին նվիրված: Ավելի շատ զբաղված եմ եղել Շիրակի ու Արագածոտնի վիմագրերի հավաքմամբ եւ չեմ կարողացել Մեղրու հետ կապված ծրագրերս ավարտին հասցնել: Այս ամռանն էլ եկել եւ աշխատել եմ Մեղրիում: Եվ մոտ հարյուր նոր արձանագրություն եմ հավաքել: Այսօր արդեն հօդս է ցնդել հնագիտության մեջ շրջանառվող այն կարծիքը, թե իբր Մեղրիում չկան վիմական արձանագրություններ: Նման թյուր կարծիքի համար հիմք է ծառայել նաեւ Մեղրու քարատեսակների առավել կարծր բնույթը, որը, ի տարբերություն Արարատյան հարթավայրի տուֆի, փորագրման համար այնքան էլ բարեհարմար չէ: Բայց մեր նախնիները, կարեւորելով արձանագրությունների նշանակությունը գալիք սերունդների համար, ջանք չեն խնայել դրանք թողնելու դժվար մշակվող քարերի վրա:

– Կարո՞ղ ենք ասել, որ սյունիքյան թեման միշտ էլ Ձեր ուշադրության կենտրոնում է եղել: «Սյունյաց երկրի»` Վահանավանքին նվիրված կոթողային համարում տեղ էր գտել նաեւ Ձեր մի ուսումնասիրությունը` «Վահանավանքի վիմագրերը հայ եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» վերտառությամբ: Բայց կուզենայինք այսօր առավել շատ զրուցել Մեղրուն առնչվող հարցերով: Արդեն ասացիք` երկու հոդված եք հեղինակել Մեղրու վիմագրերի վերաբերյալ:

– Մեկը շատ հետաքրքիր արձանագրության մասին է` Ախպերջանյանների տան բակի սալքարի վրա հայտնաբերված (Ագարակում): Առհասարակ 19-րդ դարի արձանագրությունները կարեւորվում են նրանով, որ եզակի տեղեկատվություն են իրենց մեջ պարունակում: Մեր վկայակոչած արձանագրությունը հացի թանկության մասին է: Այդ արձանագրությունն եմ հրապարակել: Մյուս հրապարակումս Մեղրու շրջանի արեւմտյան հատվածի վիմագրերի մասին է: Հիմա արդեն Մեղրու տարածքի ուսումնասիրությունն ինձ համար առաջնային է, քանի որ Շիրակում եւ Արագածոտնում ավարտել եմ պլանային աշխատանքները:

– Իսկ ի՞նչ փուլում է Մեղրու վիմական արձանագրությունների հավաքման ընթացքը:

– Դրանք մշակման փուլում են, որից հետո կտրամադրեմ պրոֆեսոր Գրիգորյանին: Ես դրանք կարող եմ տրամադրել նաեւ Նաիրա Հայրապետյանին, ով, կարծեք, ուզում է Մեղրու վիմագրերի հարցը դարձնել դիսերտացիայի թեմա: Ես չէի պատկերացնում, որ Մեղրիում կգտնվի մեկը, ով այդքան հանգամանալից ծանոթ է շրջանի հուշարձաններին: Հիրավի, Նաիրա Հայրապետյանը հրաշալի գիտի Մեղրու հուշարձանները, լավագույնս է ընթերցում վիմական արձանագրությունները:

– Ուրիշ ի՞նչ ուշագրավ վիմագրեր կարող եք հիշատակել` Մեղրուն առնչվող:

– Վանքի եկեղեցու պատին ագուցված 851թ. արձանագրությունը, Ափկեզի տարածքում գտնված խաչքարը` թվագրված 752 թվականով, որը հավակնում է լինել Հայաստանի տարածքի թվակիր հնագույն խաչքարը: Կան նաեւ հետաքրքիր տապանագրեր, շինարարական բնույթի գրեր (օրինակ` Թոսի եկեղեցու հարավային մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրությունը 1693 թվականից):

– Ինչպե՞ս եք վերաբերում Հիգերակ-Ագարակի եկեղեցու քանդման ու տեղափոխման գաղափարին: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ եկեղեցին վիմական արձանագրությունների առումով:

– Ցավոք, նման օրինակներ ունենք հենց Սյունիքից: Նկատի ունեմ Կավարտի եկեղեցին, որ հանքավայրի շահագործման նպատակով քանդվեց ժամանակին: Ջրի տակ մնաց Տոլորսի եկեղեցին…
Ագարակի եկեղեցին, ի դեպ, շատ հետաքրքիր կառույց է, եւ պետք է որեւէ կերպ փրկել այն: Հիշում եմ ոմն փակագիր Սարգիսի գրվածքը, որ տեղ է գտել Սուրեն Սառումյանի հոդվածում` փակագրությանը նվիրված: Այնտեղ կան ուշագրավ այլ վիմագրություններ եւս:

– Հետաքրքիր է, նորահայտ ի՞նչ հուշարձաններ կան Մեղրու տարածքում:

– Հիմնականում շիրմաքարեր են, եկեղեցիների պատերին ագուցված տապանաքարեր: Կառավարության կողմից հաստատված համապատասխան ցուցակներում տեղ չգտած մի կամուրջ տեսանք Լիճք-Տաշտուն գյուղերի խաչմերուկի մերձակայքում` միաթռիչք, մեծ բարձրությամբ, որ կառուցել են Քարամյանները կամ Չարամյանները` պարսից հպատակության տարիներին: Ալվանքում էլ կամարակապ մի շինություն տեսանք` կիսավեր, հարավային եւ արեւելյան պատերն ավերված: Գյուղացիներից ոմանց կարծիքով այն ժամանակին մզկիթ է եղել, մյուսների կարծիքով` թոնրատուն, գինետուն, քարավանատուն` ինչ-որ չափով համարժեք Ագարակի քարավանատանը, որի նախնական տեսքը նույնպես չի պահպանվել (արեւմտյան կողմում քարավանատան պատերն են պահպանվել միայն):

– Եվ վերջին հարցը. Մեղրու պատմությանն առնչվող նոր հրապարակումներ, գրքեր ունե՞նք, թե՞ Մեղրու մասին պատմաբանների, հնագետների լռությունը շարունակվում է:

– Ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանն է հրատարակության պատրաստում գիրք, որում կա անդրադարձ Մեղրուն: Դրա հիմքում հեղինակի` վերջին տարիներին շրջանի վերաբերյալ հավաքած նյութերն են:

Բավականին շատ նյութեր ենք տեսնում ինտերնետային ամենատարբեր կայքերում: Եվ, ցավալիորեն, այդ նյութերի մեծագույն մասն աչքի է ընկնում ակնհայտ աղավաղումներով, անգրագիտությամբ: Շատ հեշտությամբ դրանց հեղինակները, օրինակ, կարող են 12-րդ դարի հուշարձանը ներկայացնել 17-րդ դարի հուշարձան:

Եվ, օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում Նաիրա Հայրապետյանին, Պողոս Մաթեւոսյանին, Գրիգոր Պողոսյանին, Սոսին (ազգանունը չեմ հիշում), ովքեր 2013թ. հուլիս ամսին աջակցեցին մեզ` դժվարամատչելի ճանապարհներով Մեղրու հնավայրեր այցելելու համար:

Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10