2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված իշխանությունը չի ստացել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելի քվեն և չունի սահմանադրական մեծամասնություն։
Հետևաբար, այն չի ստացել Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատը։
Հայաստանի ապագային վերաբերող վճռորոշ հարցերի շուրջ հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է հայ ժողովրդի նոր, հստակ և գիտակցված կամարտահայտությունը։
Ուստի այսօր Հայաստանի քաղաքական թիվ մեկ օրակարգը պետք է լինի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի հայ ժողովուրդն իր ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ որոշի Հայաստանի ապագան։
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության, Սահմանադրության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված հարցերում հայ ժողովուրդն ունի ոչ միայն իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք, այլև որոշումներ կայացնելու բացառիկ իրավունք և պատասխանատվություն։
Ուստի ովքե՞ր իրավունք ունեն խոսելու Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի անունից, ինչպես նաև խոսելու նրանց մասին և նրանց անունից պահանջներ ներկայացնելու Հայաստանի իշխանությանը։ Միանշանակ՝ այն մարդիկ, կրկնում եմ՝ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ովքեր Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ կամավոր հիմունքներով մեկնել և մասնակցել են այդ պատերազմներին, հատկապես՝ 44-օրյա պատերազմին, իրենց կյանքը գիտակցաբար դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին և ԱՍՏԾՈՒ կամքով ողջ մնացել։
Եվ, ուրեմն, ես՝ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմներին կամավոր մասնակից, «Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր հրամանատար Խաչիկ Ասրյանս՝
պահանջում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ հայ ժողովրդին հնարավորություն տալով ազատ և ժողովրդավարական քվեարկությամբ որոշելու՝ հայ ժողովուրդն ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի ապագայի վերաբերյալ Հայաստանի գործող իշխանության որդեգրած ռազմավարությունը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ այդպիսով Հայաստանի գործող իշխանությանը տալով Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատը, թե՞ մերժում է այդ մանդատը։
Եթե Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, վստահ է, որ իր որդեգրած ռազմավարությունն արտահայտում է հայ ժողովրդի կամքը, ապա այդ վստահությունը պետք է հաստատի ժողովրդավարական ճանապարհով՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով։
Թո՛ղ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դառնան ոչ թե Հայաստանի գործող իշխանության վերարտադրության կամ ընդդիմության քաղաքական հաշվարկների իրականացման գործիք, այլ հայ ժողովրդի՝ Հայաստանի Հանրապետության ապագան ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ որոշելու իրական միջոց։
Միաժամանակ հստակ ընդգծում եմ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատ ստացած քաղաքական ուժը կարող է որոշում կայացնել «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման վերաբերյալ, սակայն այդ մանդատը երբեք չի կարող ո՛չ այդ քաղաքական ուժին, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական ուժի իրավունք տալ սահմանափակելու կամ զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո՝ Հայաստանի սահմանային և մաքսային վերահսկողությամբ։ Հետևաբար, իմ հստակ դիրքորոշումն է՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացումն իր ներկայիս բովանդակությամբ անընդունելի է, իսկ Հայաստանի ազգային-պետական շահին համապատասխանող, սկզբունքորեն այլ բովանդակությամբ ճանապարհային ծրագիրը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո և բացառապես «Հայկական ուղի» անվամբ։
Այո՛, հայ ժողովուրդն իր ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ պետք է որոշի Հայաստանի ապագան, բայց ո՛չ երբեք Հայաստանի ինքնիշխանության հաշվին։
Հայ ժողովրդի տված մանդատը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կամ զիջելու թույլտվություն չէ՛։ Եվ վե՛րջ։