Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը բանավոր հայտարարություններից անցել է գործնական քայլերի։
2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։ Սա այդ հանդիպման մասին հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունն է։ Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, Փաշինյանը կառավարության նիստից հետո հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները էներգետիկ ոլորտում վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։
Դրանից երկու օր առաջ այդ թեմային անդրադարձել էր Ալիևը TRIPP-ի (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի) թեմայի շրջանակում և տեղեկացրել, որ Ադրբեջանն արդեն պատրաստել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծ, իսկ Ջաբրայիլում կառուցված խոշոր ենթակայանը նախատեսված է հենց մեծ ծավալի էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Ըստ նրա՝ Հայաստանի սահմանին ադրբեջանցի փորձագետները վերջերս ուսումնասիրություններ են կատարել և արդեն վերլուծել են Հայաստանի տարածքով նախատեսվող էլեկտրահաղորդման գծի տարբերակը, որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը հնացած է և վաղ թե ուշ պետք է դուրս բերվի շահագործումից։ Այդ դեպքում Ալիևը մեծահոգաբար առաջարկել է Հայաստանին էներգիայի լրացուցիչ աղբյուրի կարիքը լրացնել ադրբեջանական էլեկտրաէներգիայով՝ ասելով, որ Ադրբեջանը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ Ալիևի հանրայնացրած թեման ավելի զարգացրեց Հայաստանի ղեկավարը՝ օրերս հայտնելով, թե առաջիկայում Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ ունենալ, քանի որ Հայաստանում մեծ տեմպերով կառուցվում են արհեստական բանականության գործարաններ, որոնք սպառում են էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ։ Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներդրումները՝ հայկական կողմին անհրաժեշտության դեպքում պետք են լրացուցիչ էլեկտրաէներգիայի ներկրման տարբերակներ, այդ թվում՝ Ադրբեջանից։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Փաշինյանը․ «Կան հոսանքի տարբեր ռեժիմներ, երբեմն լինում է, որ երկրներն ունենում են ավելցուկ կամ պահանջարկ։ Էլեկտրաէներգիա ներկրելու թեման մենք քննարկում ենք նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»։ Վարչապետը հավելել է, որ կա նախագիծ, որի համաձայն՝ Վրաստանի հետ սահմանին ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվում է փոխակերպիչ կայան, որպեսզի հոսանքի ներկրումն ու արտահանումն ավելի հեշտանա։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը MediaHub-ին մեկնաբանելով այդ նախաձեռնության վտանգները՝ ասաց, որ նման փոխգործակցությունը բավականին ռիսկային է, անգամ եթե դա ներկայացվում է որպես տարածաշրջանային ընդհանուր էներգետիկ համակարգին միանալու քայլ։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից դա ևս մեկ հնարավորություն է Հայաստանին էներգետիկ ու տնտեսական կախվածության մեջ գցելու և իր պահանջները մեզ թելադրելու համար։
«Պետք է հասկանալ, թե նման փոխգործակցության գնալիս ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահը վերջերս հստակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է փակի իր ատոմակայանը, քանի որ իբրև թե հնացել է։ Նկատենք, որ սա ոչ թե կարծիք է, առաջարկ է, այլ հստակ պահանջ է, որ դրված է սեղանին՝ փակել Հայաստանի գործող ատոմակայանը, որի հզորությունը տարեկան մոտ 400 մեգավատ է։ Ատոմակայանը փակվելու դեպքում Հայաստանը կարող է էներգետիկ լուրջ խնդիրներ ունենալ։ Սա շատ հստակ հասկանում են և՛ Բաքվում, և՛ Երևանում, բայց քայլ առ քայլ գնում են այդ ուղղությամբ։ Որպես փոխհատուցում՝ Ադրբեջանը «մեծահոգաբար» իր էլեկտրաէներգիան է առաջարկում Հայաստանին, ինչը Հայաստանն Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ գցելու հստակ ռազմավարության ընթացք է»,- ասում է փորձագետը՝ հավելելով, թե Ադրբեջանը ցանկանում է բոլոր կողմերից շրջափակել Հայաստանը, այսպես կոչված, անկլավները վերցնել, Հայաստանը հասցնել տնտեսական, էներգետիկ խորքային կախվածության և սնանկության։
Անդրադառնալով արհեստական բանականության գործարաններ կառուցելու պատճառով էլեկտրաէներգիայի կտրուկ պահանջարկի ավելացման մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Արմեն Մանվելյանը դա ևս մանիպուլյացիոն է բնորոշում և ասում, որ Հայաստանի ղեկավարն այդպիսով հերթական անգամ մոլորեցնում է հայ ժողովրդին։ «Այսօրվա ռեժիմի ղեկավարի հայտարարությունը, թե մենք արհեստական բանականության կենտրոններ ենք կառուցում, ինչը մեզնից այնքան էլեկտրաէներգիա կպահանջի, որ մենք ստիպված կլինենք դրսից դա գնել, իրականությանը չի համապատասխանում»,- վստահեցնում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը կարող է իր եղած ներուժով ապահովել ողջ այդ պահանջարկը։ Ըստ նրա՝ այս պահին չի գործում Հրազդանի ՋԷԿ-ը, քանի որ Հայաստանը հիմա դրա հզորության կարիքը չունի, բայց այն գերժամանակակից ջերմակայան է, և շահագործելու դեպքում Հայաստանը կապահովվի լրացուցիչ՝ գրեթե ատոմակայանի հզորությանը հավասար էլեկտրաէներգիայով, ինչը կարող է սնուցել երեք-չորս տվյալների մշակման կենտրոն։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, էներգետիկ ոլորտի կառավարիչ Դավիթ Ղազինյանը տարածաշրջանային ընդհանուր էներգետիկ համակարգ ունենալը դրական է գնահատում, բայց միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի տևական խաղաղության պայմանագրով։ Իսկ Ադրբեջանի վարած քաղաքականության ներկա պայմաններում նման քայլը նշանակում է, որ Հայաստանն իր էներգետիկ համակարգը հանձնում է հնարավոր թշնամուն։
«Անկախ նրանից, որ մեկ-երկու տարի է՝ սահմանին կրակոց չկա, մենք չենք կարող հաստատակամորեն ասել, որ խաղաղություն է հաստատվել, կրակոցների բացակայությունը դեռ խաղաղության հիմք չէ և երաշխիք չէ։ Բայց մի քանի երաշխավորների կողմից հաստատված հստակ փաստաթուղթ ունենալու դեպքում Անդրկովկասում ընդհանուր էներգետիկ համակարգի ստեղծումը ողջունելի է։ Ժամանակին մենք նման համակարգ ենք ունեցել Վրաստանի հետ. հարկ եղած դեպքում Հայաստանն է էլեկտրաէներգիա գնել Վրաստանից, անհրաժեշտության դեպքում Վրաստանն է այստեղից գնել, երբ մենք ենք ավելցուկ ունեցել, իսկ իրենք՝ էլեկտրաէներգիայի պակաս»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։
Նրա հավաստմամբ՝ Հայաստանն էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է. եթե ատոմակայանը անգամ չշահագործվի, այդ դեպքում ևս Հայաստանը ինքնաբավ է։ Ավելին՝ տարածաշրջանի պետություններին էլեկտրաէներգիա է մատակարարում և այդ հզորությունն ավելացնելու լուրջ ներուժ ունի արևային էներգետիկայի համակարգի ընդլայնման հաշվին։ Բայց դա չի նշանակում, որ ատոմակայանն անհրաժեշտ չէ մեզ համար։ Նախ՝ այն էժան էլեկտրաէներգիա է արտադրում, բացի դա, ատոմակայանը մեզ համար նաև էներգետիկ անվտանգության երաշխիք է։
Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահեցնում է, որ մենք մեր ունեցած պոտենցիալի չնչին մասն ենք կարողանում օգտագործել, քանի որ համակարգն ամբողջական չէ։ Նրա վստահեցմամբ՝ արևային էներգետիկայի հետ Հայաստանի կապած հույսերը կարող են ի դերև լինել, քանի դեռ չունենք կուտակման (ակումուլյացիոն) համակարգ, այսինքն՝ չենք կարողանում կուտակել արտադրած արևային էներգիան։ Էներգետիկ ոլորտի կառավարիչը նշում է, որ մեզանում ցերեկային ժամերին մոտ 800-900 մեգավատ էներգիա է արտադրվում արևային կայաններով, բայց մեր սպառումը 500 մեգավատ է։ Մնացածը պարզապես չի իրացվում, ինչի պատճառով օրենք ընդունվեց, որով նախատեսվում է սպառումից ավելի շատ արևային էլեկտրաէներգիա արտադրող տնտեսվարողների կայանի մուտքը դեպի համակարգ դադարեցնել։
Ուստի Դավիթ Ղազինյանը կարևոր է համարում Հայաստան-Իրան 400 մեգավատ հզորության գծի հնարավորինս արագ կառուցումը, որի դեպքում մեր ավելցուկ արտադրանքը կարող ենք արտահանել Իրան։ Կուտակման համակարգի առկայությունը հնարավորություն կտա նաև բավարարել արհեստական բանականության գործարանների պահանջարկը՝ այնքանով, որքանով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտադրվում արևային կայաններով։ Արևային էլեկտրաէներգիայի հզորությունը նաև կարող է աճել՝ նոր արտադրության լիցենզիաներ տրամադրելով։ «Բայց Հայաստանի իշխանություններն սեփական հզորություններն ավելացնելու փոխարեն նախընտրում են գործարքի գնալ Ադրբեջանի հետ, ցույց տալ, որ Ադրբեջանի հետ առևտրի մեջ են, իսկ Ադրբեջանն առևտրի մեջ մտնում է միայն նախ իր շահի գերակա լինելու դեպքում և Հայաստանին որևէ ձևով կախման մեջ գցելու ակնկալիքով»,- ասում է ԱԺ պատգամավորը։
Ի դեպ, շատ հավանական է, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան արտահանի Արցախում գործող ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան՝ Արցախի էներգետիկ համակարգը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգին կապող մալուխներով, ուստի պատահական չէր, որ վերջերս ոլորտի ներկայացուցիչները հենց Լաչինում են հանդիպել։ «Ադրբեջանը վաղը Արցախի նուռն էլ կվաճառի Հայաստանին՝ որպես ադրբեջանական բրենդ»,- ցավով նկատում է մեր զրուցակիցը։