Այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «France 24»-ին

28.09.2020 10:42
1180

Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին «Ֆրանս 24»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով:

-Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են:

-Երկու կողմերում եղել են ռազմական և քաղաքացիական կորուստներ: Հայաստանի պարագայում Դուք կարո՞ղ եք հաստատել երկու կողմերից ռազմական և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները:

- Ինչպես ես նշեցի՝ զանգվածային հարձակում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի վրա՝ հյուսիսից հարավ ամբողջ երկայնքով: Հարձակումներ են տեղի ունենում Մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Կիրառվել են ծանր հրետանի, ավիացիա, տանկեր, ԱԹՍ-ներ: Եվ ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով և ավիացիայով: Եվ սա շատ մտահոգիչ է:

-Մենք տեղեկություններ էինք ստանում այստեղ, որ Ադրբեջանն, ի վերջո, ռազմական դրություն է հայտարարել, ինչը Հայաստանն, իհարկե, արդեն արել է: Ինչպիսի՞ն է այժմ տեղում իրավիճակը:

-Արցախի բնակչությունն ու Արցախի զինված ուժերը եղել և մնում են լիովին վճռական պաշտպանելու իրենց հողերը և պաշտպանելու իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար:

-Դուք մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել:

- Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով:

-Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, որ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, գլուխ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղի չլուծված համակարտությունը: Դուք տեսնու՞մ եք դրա լուծումը:

-Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել:

 

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12