Այսօր էլ նա Սյունյաց տան սպասված որդին է

28.04.2016 11:59
1989

Ավա՜ղ, երկար ժամանակ է՝ մենք չենք հանդիպում, մտքեր փոխանակում, միմյանց զորացնում, լրացնում, ինչպես տարիներ առաջ էր…

Մոտ մեկ տարի նրա գործարանային աշխարհի բնակիչն էի, այդ աշխարհի մոտ 300 հոգուց բաղկացած երիտասարդական կազմակերպության ղեկավարը, նրա աջակիցն ու գործերի ականատեսը: Նա մոտ էր մարդու իմ իդեալին, ինչի համար եւ ստացվում էին մեր ոգեւորված համագործակցությունն ու աշխատանքը:

Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի հիմնադիր տնօրենն էր:

Սովորական գործարան չէր: Այդ ձեռնարկության գործունեությունն ավելի շատ նման էր արարումի, հույսի եւ վստահության շքերթի. Շինուհայրից, Գորիս քաղաքից ու մերձակա գյուղերից հարյուրավոր երիտասարդների աշխատանքով ապահովվածություն, բարձրագույն կրթությամբ եւ փորձառու շատ մասնագետների՝ քաղաքներից գյուղ վերադառնալու հոսք, արտադրական բարձր մշակույթ՝ միութենական համբավավոր գործարաններին հանգույն, երիտասարդ ընտանիքների հանդեպ առանձնահատուկ հոգածություն. կարողացավ ուրախությամբ լցնել ավելի քան երկու հարյուր ընտանիք՝ ապահովելով նրանց հարմարավետ բնակարանով (Շինուհայրում ու Գորիսում):

Դեռ 40 տարեկան չկար Էդիկ Հարությունյանը, երբ հասցրեց իշխանական հասակով ներկայանալ ոչ միայն Գորիսին, այլեւ հանրապետության արդյունաբերության համակարգում երեւալ, մասնավորապես քիմիական արդյունաբերության կազմակերպիչների անդաստանում:

Հետագայում նրա գործը շարունակեցին Գառնիկ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Մոսկովյան նոր ուսումնառությունից, հանրապետության նավթամթերքների ապահովման կոմիտեի փոխնախագահ աշխատելուց հետո եկան նոր ժամանակներ…

Անշուշտ, կազմակերպչական նրա վիթխարի եռանդը, փորձը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ունեցած կապերն անհրաժեշտություն էին անկախացած Հայաստանի համար: Եվ ողջամիտ կլիներ նրա ուժերն այստեղ օգտագործել, բայց… տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն:

Տարիների հեռվից, իհարկե, դժվար է դատել, թե ինչու մեր շաղված-շփոթված-ալեկոծված երթին, հերոսացումների եւ անկումների մեր օրերին մասնակցեց դրսից: Այնուամենայնիվ մեզ իրավունք ենք վերապահում մտածել՝ չէր կարող թույլ տալ, որ այստեղ իր եռանդը չափավորեն, ինչ-որ կաղապարների մեջ դնեն իրեն, ինչ-որ կանոնի ենթարկեն. իր տեսակն էր այդպիսին. խորհրդային էպոխայի օրերին անգամ կարողացել էր իր վարքից դուրս մղել ժամանակի ստանդարտները, ինչը, բնականաբար, իշխանական շրջանակներում միանշանակ չէր ընդունվում:

Բնակություն հաստատելով Մոսկվայում, Էդիկ Հարությունյանն իրեն զրկված չհամարեց հայրենի երկրամասով զբաղվելու հնարավորություններից: Չէ՞ որ Սյունիքը, Գորիսը, Շինուհայրը նրա նախնիների բնակավայրը չէին սոսկ, այլ իր բնօրրանն էին, իր հուշերի ու կարոտների երկիրը, օտար ափերում իրեն ապրեցնող աշխարհը: Եվ ի սկզբանե կամեցավ գոնե մասամբ ոգեկոչել իր երկրամասի սոցիալ-տնտեսական երբեմնի վիճակը՝ այս անգամ կանգնելով գյուղացու կողքին՝ փորձելով հնարավորինս մեղմել մարդկանց հոգսերը: Այդ ձգտումների լավագույն դրսեւորումը եղավ Վերիշենի պանրագործարանը կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության վերածումը:

Անցած ավելի քան տասը տարվա աշխատանքները դիտարկելիս կարող ենք ստույգ արձանագրել՝ թեեւ Մոսկվայում է, բայց իր տիրական ներկայությամբ մասնակցում է հայրենական մեր ընթացքին: Ի դեմ Էդիկ Հարությունյանի՝ ունենք հայի այն տեսակը, ով ճակատագրի կամոք ապրում է արտերկրում, բայց հայացքով շրջված է դեպի Հայաստանի Հանրապետություն:

Թեեւ արդեն 73 տարեկան է, բայց ակտիվ է նախկին տարիների պես: Եվ որքանով տեղյակ ենք, ասպարեզից հեռացածների հոգեվիճակը նրան չի սպառնում: Այնպես որ նրանից նոր գործեր ենք սպասում:

…Ինչ լավ է, որ կան նման մարդիկ:

Ահա թե ինչու ոգեւորությամբ ընդունեցինք առաջարկությունը՝ ընթերցողին ներկայացնելու մեր նշանավոր հայրենակցին՝ Էդիկ Պատվականի Հարությունյանին, ով այսօր էլ Սյունյաց տան սպասված որդին է:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24