Ազգային զուլումի օրերին Գորիսը բռնագաղթված արցախցիների համար պապոնց տուն էր...

04.10.2023 15:14
1079

Տարիներ շարունակ սյունեցու հավաքական կերպարի սերմնացանն ենք եղել: Մեղրեցի, քաջարանցի, կապանցի, գորիսեցի, սիսիանցի... Միայն բնակավայրերով են տարբեր, բայց ոգով ու դավանած արժեքներով նույնն են: Դա երևաց նաև ազգային մեր ողբերգության այս օրերին: Բայց հիմա, այդուհանդերձ, փորձենք համառոտ ներկայացնել հյուրընկալման, բարեգթության, մարդկայնության այն պոռթկումը, որին ականատես եղանք Գորիսում սեպտեմբերի 24-ից սկսած, քանի որ հենց Գորիսին էր վիճակված մազապուրծ արցախցիներին առաջինն ընդունելու առաքելությունը՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով:

***

Հյուրասիրությունը, քրիստոնյային վայել գթասրտությունը, նեղության մեջ հայտնվածին նեցուկ լինելը նախևառաջ տեսել ենք մեր ծնողների, մեր ապուպապերի վարքի մեջ: Հետո այդ ամենը տեսել ենք գորիսյան սովորույթներում...

Այդ արժեքների կրողներից շատերին հանդիպել ենք գեղարվեստական գրականության մեջ, ահավասիկ Ակսել Բակունցի Արթին պապը՝ գորիսեցու հավաքական կերպարներից մեկը, որի նկարագրին առնչվում ենք «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ահա՝

«Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս մեզանից մեկին շտապ կասեր.

- Հենց էր ղարիբ լիներ... Շուտ հասի կանչի, թող մեր տուն գա...

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում»:

Գորիսեցին այդպես քաղցրաբարո էր նաև օտարականի, անգամ ճանաչ թուրքի հանդեպ: Գորիսեցու հավաքական կերպարի մեկ այլ կրողը՝ Աթա ապերն իր ընտանիքի վաղվա հույս սերմացու ցորենը տվեց թուրք Օրուջին, ով 1919-ի դաժան ձմռանը, օգնություն ստանալու ակնկալիքով, հասել էր Գորիս. «Աթա քիրվա, ի սեր Աստծու, մի ճար... սովից մեռանք...»:

Գորիսեցու այդ հատկանիշները փոխանցվել են սերնդեսերունդ և հասել մեր ժամանակներ...

Անհնար է մոռանալ 1991 թ. մայիսի 17-ը: Վաղ առավոտվանից Գորիս-Լաչին, Գորիս-Կուբաթլի սահմանի ամբողջ երկարությամբ՝ տեղահանված արցախցիներ էին՝ մի քանի հազարի հասնող... Պարզվեց, որ նրանցից ադրբեջանցիները «խնդրագրեր» են պոկել՝ իբր ցանկանում են տեղափոխվել Հայաստան:

Ի պատիվ Գորիսի այդ օրերի իշխանության (շրջխորհրդի նախագահ՝ Ռոբերտ Ալեքսանյան, գյուղվարչության պետ՝ Սենիկ Հովհաննիսյան)՝ տևական ժամանակ բազմակողմանի օգնություն ցուցաբերվեց տեղահանվածներին, և ժամանակավորապես նրանք ապահովվեցին կացարաններով՝ մինչև կկազմակերպվեր վերադարձը հայրենի օջախներ: Հանրապետության օրվա իշխանությունները դիվանագիտական ճանապարհով (ի վերջո) կարողացան հասնել դրան...

***

24 սեպտեմբերի 2023 թ., այդ ժամանակվանից սկսած օրական մի քանի հազար արցախցի էր մտնում Գորիս՝ բռնությամբ իր տունուտեղից հանված, դավաճանված, նվաստացած, սովից հյուծված, մեր սրբություններն ու մեր հերոսամարտի նահատակների շիրիմներն անտեր թողած, մերձավորին կորցրած կամ նոր-նոր հողին հանձնած...

Կորնիձորի հումանիտար հանգրվանից նրանք արժանանում էին գորիսեցիների գորովին, սրտաբաց ու սիրալիր վերաբերմունքին:

Իսկ Գորիսում, առանց չափազանցության, ոտքի էին ելել քաղաքի, տարածաշրջանի, գյուղերի բարձր դասարանցիները, ուսանողները, պատանիներն ու աղջիկները...

Կամավորների այդպիսի ինքնաբաշխում և ինքնանվիրում (համենայնդեպս մեր սերնդակիցները) երբեք չէին տեսել:

Չենք ուզում առանձնացնել այս կամ այն խմբին, այս կամ այն կրթօջախին կամ կազմակերպությանը, քանզի բոլորն էին ոտքի ելել: Յուրաքանչյուրը փութեռանդորեն ձգտում էր ինչ-որ կերպ օգտակար լինել բռնագաղթվածներին...

Մեկը տարեց մարդու թևն էր մտել և օգնում էր՝ հասնելու հաշվառման կետ, մյուսը խմելու ջուր էր բաժանում, երրորդը երեխամորն էր օգնում և փորձում փոքրիկի պետքերը հոգալ, չորրորդը վերմակով ծածկում էր ծերացած և անօգնական կնոջը, հաջորդն ինչ-որ մեկի ճամպրուկներն էր դուրս բերում մեքենայից, մեկ ուրիշը սնունդ էր բաժանում սովատանջ մարդկանց, ոմանք էլ գիշերները հերթապահում էին Գրիգոր Տաթևացու հրապարակում տեղադրված վրանների մերձակայքում, ուրիշ մի խումբ էլ բռնագաղթվածների զբաղեցրած տարածքն էր մաքրում...

Եվ այսպես՝ ամեն ինչ արվում էր մղձավանջի մեջ հայտնված մարդկանց ցավը փոքր-ինչ մեղմելու համար:

Այդ ամենը մեծամասամբ կատարում էին գորիսեցի հարյուրավոր կամավորներ: Ու, որ չափազանց կարևոր է, կամավորները ոտքի չէին ելել որևէ մեկի հորդորով կամ ուղղորդմամբ, այլ արյան կանչով, սրտի թելադրանքով... Ժամանակ առ ժամանակ Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանին էինք տեսնում, ով ընթացիկ աշխատանքներն էր համակարգում:

Դրա հետ մեկտեղ՝ Գորիսում չկար մի ընտանիք, որ իր հնարավորությունների չափով ձեռք չմեկներ արցախցիներին:

Քաղաքի Արցախյան խճուղու վրա չկար սպասարկման մի կետ կամ աշխատավայր, որ իր դռները բացած չլիներ այնտեղով անցնող արցախցիների առջև ու նրանց համար սուփրա-սեղան չբացեր, հանգստանալու և գիշերելու պայմաններ չստեղծեր:

Գորիսի թատրոնի մերձակայքում (այդտեղ էր բռնագաղթվածների հաշվառման, կարիքների գնահատման կենտրոնը)՝ ամեն օր՝ ժամերով, կարելի էր տեսնել մի քանի տասնյակ գորիսեցիների, ովքեր՝ ցավը սրտերում, բայց ջերմ զգացմունքներով փորձում էին արցախցի որևէ ընտանիքի կամ որևէ խմբի իրենց տուն հրավիրել՝ սնել, հանգստանալու հնարավորություն տալ:

Ահա այսպես էր Գորիսն ու գորիսեցին ընդունում ողբերգության մեջ հայտնված արցախցիներին:

Իհարկե, բռնագաղթվածները որևէ լուսավոր կետ գտնելու փնտրտուքի մեջ էին և են, ինչը, ցավոք, դեռ երկար կտևի, մինչդեռ չափազանց կարևոր էր այն բարեհամբույր և սրտաբաց ընդունելությունը, որին արժանանում էին մայր հայրենիքում ոտք դնելուց անմիջապես հետո:

Այդ ամենի հետ մեկտեղ չէր կարելի չտեսնել Մեղրուց, Քաջարանից, Կապանից և Սիսիանից Գորիս հասնող կամավորներին, ովքեր նույնպիսի սրտացավությամբ ձգտում էին օգտակար լինել բռնագաղթվածներին:

Կանցնի ժամանակ, բայց Արցախ աշխարհի վերքը երբեք չի սպիանա և չի խամրի հայոց Արցախ վերադառնալու ազգային մեր իղձը...

Համոզված ենք նաև՝ երբեք չեն մոռացվի այն օրերը, երբ Սյունյաց աշխարհն իր գիրկն էր առնում հայրենակորույս արցախցիներին...

Իսկ հարյուրավոր կամավորները, որոնց ինքնախոյացումին ականատես եղանք օրեր շարունակ, անպայման կլինեն (և արդեն իսկ կան) ազգային մեր ընթացքի արժանապատիվ սերմնացաններն ու մշակները:

Հարգանք բոլոր կամավորներին, հարգանք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց խղճի թելադրությամբ շատ թե քիչ նեցուկ եղան սգավոր մեր հայրենակիցներին:

Այդ նրանք էին, որ վերջին ժամանակաշրջանի անտարբերության, անհոգիության, ուրացումի, դավաճանության և ամոթի խարանը փոքր-ինչ ջնջեցին մեր երեսից:

Պատկերացնել կարելի է, թե ինչ խառնաշփոթի մեջ կհայտնվեինք, եթե չլինեին կամավոր-նվիրյալները...

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25