Բագրատ Զաքարյան. «Արտակարգ իրավիճակների համակարգում աշխատում են անձինք, ովքեր իսկապես սիրում են մեր հայրենիքը, Սյունյաց աշխարհը եւ արժանավոր հայ են… »

29.12.2016 14:01
3871

2016թ. մարզում գրանցված արտակարգ իրավիճակների, համակարգում իրականացված աշխատանքների եւ հետագա անելիքների մասին է զրույցը ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Բագրատ Զաքարյանի հետ:


- Պարո՛ն Զաքարյան, ամփոփեք, խնդրեմ, Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2016թ. աշխատանքն ընդհանուր գծերով:

- Մեկամյա ժամանակահատվածում ունեցանք մեծ ձեռքբերումներ, կատարեցինք շինարարական եւ մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ աշխատանքներ: Ուրախությամբ կարող եմ նշել, որ Կապանի քաղաքային որոնողափրկարարական թիմը ստացավ երրորդ եւ երկրորդ կարգի փրկարարների որակավարում, որը մեզ համար շատ կարեւոր է: Առաջին եւ միջազգային փրկարարի որակավորման աստիճաններ եւս կան, որոնց հասնելը մեր նպատակներից մեկն է:

Այս տարի չափազանց կարեւոր էր նաեւ Շիրակի մարզում անցկացված ուսումնավարժանքին մասնակցելը. հանրապետությունում քաղաքային որոնողափրկարարական չորս թիմ կա, որից մեկը՝ Սյունիքում: Շիրակի մարզում 8-9 բալանոց երկրաշարժի պայմանական իրավիճակ էր ստեղծվել. Կապանի, Քաջարանի եւ Մեղրու բժշկական կենտրոններից բժիշկների եւ բուժքույրերի հետ միասին մասնակցեցինք ուսումնավարժանքին: Դրա արդյունքներով արտակարգ իրավիճակների նախարար երջանկահիշատակ Արմեն Երիցյանի կողմից արժանացանք բարձր գնահատականի եւ խրախուսանքի, ինչը վարչության համար չափազանց կարեւոր է:

Նշանակալից էր նաեւ դեկտեմբերի 29-ին Վաղատինի տարածքում ճանապարհային նորոգված տնակի վերաբացումը, ինչի համար թե՛ համայնքապետերը, թե՛ անտառտնտեսության պետերն իրենց հնարավորության սահմաններում աջակցել են մեզ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է խելախոսների (սմարթֆոններ) համար նախատեսված «911 ՍՕՍ»  հավելվածը: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն եւ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ արագ եւ թիրախային արձագանքում կազմակերպել: Հավելվածն անվճար է եւ նախատեսված է «Android» եւ «IOS» համակարգերով աշխատող խելախոսների համար: Այս հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդինատները) եւ նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատիվ եւ արդյունավետ արձագանքում: Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին եւ ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարեւոր օբյեկտները:

Այս տարի մեր աշխատակիցներն անցել են նաեւ համապատասխան ատեստացիա՝ ստուգելով իրենց տեսական եւ գործնական գիտելիքները:  

- Եթե համեմատենք 2015թ. հետ, հատկապես ո՞ր տիպի պատահարներն են մարզում շատացել:

- Ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների թիվը նախորդ տարիների համեմատ ոչ միայն հանրապետությունում, այլեւ մարզում ավելացել է, բայց դա նախեւառաջ պայմանավորված է նրանով, որ բնակիչների դիմելիությունն է աճել, վստահությունը 911 ծառայության հանդեպ՝ բարձրացել: Պատահարների հետեւանքով մահացության թիվը միանշանակ պակասել է, զոհերը հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով են գրանցվել՝ պայմանավորված արագության գերազանցմամբ: 2016թ. մարզում գրանցվել է 619 արտակարգ դեպք (2015թ.՝ 737), որոնց հետեւանքով զոհվել է 29 (2015թ.` 33 մարդ), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել) 136 մարդ (2015՝ 129), օգնություն է ցուցաբերվել 3319 մարդու: Այսպիսով` 2016թ. ընթացքում արտակարգ իրավիճակների դեպքերը մարզում պակասել են 118-ով կամ 16%, զոհերի թիվը պակասել է 4, վիրավորների թիվը՝ 7-ով:

- Վարչության համար 2016թ. ամենակրիտիկական վիճակը:

- Ամենակրիտիկական վիճակը եղել է հուլիսի 4-ին Կապանում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, որի հետեւանքով վեց զոհ ենք ունեցել:

- Գրեթե ամեն օր աշխարհի մասշտաբով ականատես ենք լինում տարբեր արտակարգ իրավիճակների, որոնց վերացումը հնարավոր չէ պատկերացնել առանց ժամանակակից տեխնիկայի: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

- Անցնող տարում ձեռք ենք բերել նորագույն փրկարարական գործիքներ, թարմացվել է մեքենայական հավաքակայանը: Դեռեւս 2016թ. սկզբից մեկնարկել է տեխնիկայի արդիականացման ծրագիր, որի երկու փուլն արդեն ավարտվել է, իսկ 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ծրագրի ամբողջական ավարտը: Արդյունքում մարզի փրկարարական վարչությունը կհամալրվի 11-12 նոր հրշեջ-փրկարարական մեքենայով՝ ճապոնական արտադրության: Հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում իրականացվող այս ծրագիրն անձամբ ղեկավարում էր երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանը: Կապանում կունենանք նաեւ մեկ ավտոսանդուղք՝ նախատեսված մինչեւ 15 հարկանի շենքի համար: Ի դեպ, ծրագիրը գործում է Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Երբեմն քաղաքացիները, հոգեբանական վիճակով պայմանավորված, կարող են դժգոհել, թե ահազանգի դեպքում ուշ ենք հասնում դեպքի վայր, բայց երբ բացատրում ենք, որ հնամաշ տեխնիկան է նաեւ ուշացման պատճառը, նրանք ըմբռնումով են մոտենում: Համոզված եմ՝ տեխնիկայի ամբողջական թարմացումը կնպաստի առավել արագ արձագանքմանը:  

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մարզպետ Վահե Հակոբյանին՝ վարչության շենքի գազիֆիկացման աջակցության համար, ինչը կարեւոր հիմնախնդրի լուծում էր:

- Թվարկեք  2017թ. վարչության առաջ ծառացած մեկ-երկու հիմնախնդիր: 

- Նախ՝ նշեմ, որ արտակարգ իրավիճակների նախարարության համար բոլոր խնդիրներն էլ առաջնային են: Արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կյանքի եւ առողջության փրկումն ու պահպանումը, փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության կազմակերպումը եւ մի շարք այլ միջոցառումներ եղել եւ մնում են վարչության հիմնական խնդիրները: Նախատեսվում է մարզում տեղադրել շչակներ, բարձրախոսներ, որոնց միջոցով լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների դեպքում կիրազեկվի բնակչությունը: Կապան քաղաքում եւ Սյունիք համայնքում շչակները տեղադրվել են, մարզպետի եւ փոխնախարարի հետ պայմանավորվածություն ունենք, որ նախեւառաջ մարզի սահմանամերձ համայնքներում հնարավորինս կարճ ժամանակահատվածում կտեղադրվեն շչակներ: Օրենքի նախագիծ է պատրաստվում նաեւ, համաձայն որի՝ տարբեր ազդանշաններով բնակչությունը կտեղեկացվի տարերային աղետների մասին:

- Ապրիլյան պատերազմի օրերին առաջնային դարձավ նաեւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հարցը:

- Վարչությունն ունի քաղաքացիական պաշտպանության բաժին, որն իրականացնում է իր վրա դրված պարտականությունները: Օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակի դեպքում յուրաքանչյուր համայնքի քաղպաշտպանության պետը տվյալ համայնքի ղեկավարն է, իսկ շտաբի պետը՝ նրա կողմից լիազորված անձը, իսկ մարզում քաղպաշտպանության պետը մարզպետն է, շտաբի պետը՝ փրկարարական վարչության պետը: Ապրիլյան պատերազմի առաջին իսկ վայրկյանից համապատասխան հանձնարարականներ ենք ստացել բնակչությանն իրազեկելու եւ նրանց պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ: Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պատշաճ մակարդակով կազմակերպել է այդ աշխատանքները: Առհասարակ քաղպաշտպանությունն ամենօրյա աշխատանք է պահանջում:

- Կադրերի պակաս կամ կրճատման խնդիր ունե՞ք:

- Այս պահին կադրերի պակաս չունենք, կրճատման հանձնարարական չենք ստացել: Իմ կարծիքով՝ մեզ մոտ կրճատման խնդիր չի կարող լինել, քանի որ մեր աշխատանքներն առանց այն էլ ծավալուն են, եւ աշխատուժի կրճատումն արդեն իսկ կբերի աշխատանքի որակի իջեցման: Շատ քաղաքացիներ են դիմում աշխատանքի տեղավորման հարցով, բայց հաստիքների բացակայության պատճառով հնարավոր չէ բավարարել նրանց պահանջը: Ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի ենք ընդունել, իհարկե վերադասի իմացությամբ եւ կարգադրությամբ, պատերազմի չորս մասնակցի, ովքեր այսօր մեր կոլեկտիվի լիիրավ անդամ են: Իմ կարծիքով՝ արտակարգ իրավիճակների համակարգում աշխատում են անձինք, ովքեր իսկապես սիրում են մեր հայրենիքը, Սյունյաց աշխարհը եւ արժանավոր հայ են… Յուրաքանչյուր փրկարար հասարակության շրջանում պետք է առանձնանա իր գաղափարով, մտածելակերպով եւ պահվածքով, այսինքն՝ հոգով-սրտով փրկարար լինի:

- Ցավոք, մարզում ջրահեղձման դեպքեր էլ են գրանցվել, եւ եղել է դեպք, որ այլ վայրից ենք ջրասուզակներ հրավիրել՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

- Այս պահի դրությամբ Սիսիանում ունենք չորս ջրասուզակ, ովքեր անցել են համապատասխան մասնագիտական վերապատրաստում, ապահովված են հանդերձանքով: Պարզապես պետք է հաշվի առնենք մի հանգամանք. ջրասուզակների հանդերձանքը նախատեսված է տարբեր խորությունների համար, մեր ունեցած հանդերձանքը նախատեսված է մինչեւ 50մ խորության համար: Եթե տեղական ուժերով չենք կարողանում օգնություն ցուցաբերել, դիմում ենք Սեւանի ջրասուզակներին, քանի որ նրանք ունեն նաեւ մեծ փորձ: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնենք նաեւ, որ մարդու ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ժամերով աշխատել ջրում, ուստի լրացուցիչ ուժը չի խանգարում:

- Տոների առթիվ Ձեր շնորհավորանքը:

- Իմ եւ կոլեկտիվիս անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ, մաղթում խաղաղության տարի: Թող մեզնից յուրաքանչյուրը 2017թ. լինի առավել հայրենասեր, ընտանիքին նվիրված, կատարի մեր երկրի բարգավաճմանը նպաստող քայլեր: Բոլորին մաղթում եմ առողջություն, հայ զինվորին, հրամանատարին՝ աչալրջություն, զգոնություն, անփորձանք ծառայություն. թող միշտ հիշեն, որ փրկարարները մշտապես պատրաստ են կանգնել սահմանը պահողների թիկունքին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15