Բակո Սահակյան. «Եթե Ադրբեջանը նոր լկտիություն թույլ տա, կհետեւի մեր ուժգին եւ ջախջախիչ հակահարվածը»

31.10.2016 12:57
2146

(Հոկտեմբերի 29-ին Թալիշում կանգնեցվեց խաչքար՝ ապրիլյան պատերազմում նահատակված սյունեցիների հիշատակը հավերժացնող)

Հայոց Արցախի նշանավոր Հոռեկա վանքի եւ նրա մերձակայքում գտնվող Թալիշ գյուղի մասին գիտեինք վաղուց:

Գիտեինք, որ գյուղն այդպես կոչվեց Մելիք-Բեգլարյան Թալիշի անունով:

Գիտեինք, որ Խամսայի մելիքություններից մեկը՝ Գյուլիստանի փառապանծ մելիքությունը, երբեմն կոչվել է նաեւ Թալիշ անունով՝ կենտրոն ունենալով այդ գյուղը:

Գիտեինք, որ 1990-ականների Արցախյան գոյամարտի ժամանակ գյուղի համար կենաց-մահու մարտեր են ընթացել թուրք-ադրբեջանական ելուզակների դեմ:

Բայց եւ չէինք պատկերացնում, որ երբեւէ Թալիշը սյունեցիներիս համար կդառնա նվիրագործված վայր, ուխտատեղի…

***

2016թ. ապրիլի 3-ն էր: Գորիսի Սուրբ Տաթեւացու անվան հրապարակում անսովոր եռուզեռ էր: Այնտեղ էին հարյուրավոր կամավորականներ Մեղրուց, Քաջարանից, Կապանից, Սիսիանից, Գորիսից:

Այնտեղ էին ճակատ մեկնող տղաների հարազատներից ու մերձավորներից շատերը:

Տեսնել էր պետք, թե ոգեւորության ու վճռականության ինչպիսի մթնոլորտ էր տիրում կամավորականների շարքերում: Բազմաթիվ տարեցներ, նույնիսկ կանայք, խնդրում էին թույլտվություն՝ ընդգրկվելու Սյունիքի կամավորականներից կազմավորվող գումարտակում:

Տպավորությունն այնպիսինն էր, որ ոտքի է ելել ողջ Սյունիքը: Եվ դա բնական էր. չէ՞ որ Արցախը նորից վտանգի մեջ էր:

Օրվա ժամը 18-ն էր: Ձյունախառն անձրեւի ներքո օրհնանքի եւ ողջերթի խոսքեր հնչեցին, որից հետո մեքենաների շարասյունը շարժվեց դեպի Ստեփանակերտ, որտեղից էլ պիտի մեկնեին նշանակման վայրեր…

Ենթադրում էինք, որ տղաների կյանքը կարող է եւ վտանգվել. չէ՞ որ պատերազմ է: Բայց չէինք պատկերացնում, որ նրանցից տասը հոգի զոհասեղանին կդրվի ընդամենը ժամեր անց:

Եվ պատահարը տեղի ունեցավ: Տեղի ունեցավ ապրիլի 4-ին Թալիշ գյուղի սկզբնամասում գտնվող մենավոր շենքի բակում, որտեղ մինչեւ այսօր էլ պահպանվում են ողբերգական միջադեպը հիշեցնող հետքեր, իրեր…

***

Ապրիլի 4-ի ողբերգությանը հաջորդած վեց-յոթ ամիսներին երազում էինք լինել սրբագործված այդ վայրում՝ Թալիշում, այնտեղ հավերժացված տեսնել մեր նահատակ ընկերների հիշատակը: Երազում էինք խոնարհվել այդ հողի վրա, անուն առ անուն հիշել Սյունյաց աշխարհի նորօրյա նահատակների անունները…

Եվ ահա հոկտեմբերի 29-ին Թալիշում ենք՝ պատահարի վայրում: Մեր հիշողության մեջ վերակենդանանում են այդ քաջերի կերպարները՝ Մայիս Երջանիկի Միրզոյան, Արմեն Մինասի Բեգլարյան, Սեդրակ Սերգեյի Ասրյան, Սերգեյ Գուրգենի Դանղյան, Դավիթ Բագրատի Սարգսյան, Եղիշե Արտավազդի Նիկալյան, Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան, Կարո Ծերունի Համբարձումյան, Արմեն Արեգի Հովհաննիսյան, Գագիկ Կոլյայի Փարսադանյան:

Հարգանք եւ խոնարհում նրանց հիշատակին:

Եվ, այդուհանդերձ, հոկտեմբերի 29-ի օրը տխրության, տրտմության, հառաչանքի ու ողբի օր չէր Թալիշում:

Այդ օրը հպարտության, մխիթարության, փառաբանության, գլուխներս բարձր պահելու օր էր:

Եվ եթե ոմանց աչքերից անվերջ արցունքներ էին հոսում (հնարավոր չէր չնկատել դա), ապա դրանք ավելի շատ Բարձրյալի կողմից առաքված անձրեւի պես էին, որով ոռոգվում էին մեր վշտացած սրտերը եւ, իհարկե, հայոց կենաց ծառը…

Այնպես որ՝ մեր նահատակ եղբայրների արյամբ շաղախված այդ հողը, այդ վայրն այսուհետ ուխտատեղի են լինելու ոչ միայն սյունեցիներիս, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր հայոց Արցախի ազատությունն ու արժանապատվությունն ընդունում են իբրեւ բացարձակ ու անսակարկելի արժեք:

***

…Մեր աչքի առաջ է նահատակ սյունեցիների հիշատակը հավերժացնող խաչքարը: Բայց դա սովորական սալաքար չէ՝ քանդակված խաչով, եւ ոչ էլ խաչ արտահայտող արձան: Դա մեր ինը նահատակի անունը սերունդներին պահ տվող քարե վկայագիր է, կենդանի էություն: Դա Տիրոջ խաչն է՝ քարեղեն տեսքով, որին ապավինում ենք, ինչպես որ ապավինում ենք հայոց զինական ուժին. չէ՞ որ մեր կռիվը դեռ չի ավարտվել, եւ մարտեր ունենք դեռ տալու…

Խաչքարի հեղինակ Վարազդատ Համբարձումյանի եւ Աշոտ Մինասյանի մտահղացումն էր, որ խաչքարը տեղադրվեց ոչ թե գյուղի մուտքում՝ ողբերգական պատահարի անմիջական վայրում, այլ գյուղի պանթեոնում:

Ըստ քանդակագործի՝ տուֆակերտ խաչքարի առանցքում ինը թուր է (Սիսական ջոկատի զոհված մարտիկների թիվն է): Խաչն ի վերջո դառնում է այդ թրերի ամբողջություն՝ թուր-խաչ, որ հպարտության, խրոխտության, հաղթանակի խորհրդանիշ է:

Խաչքարը, անշուշտ, կշահեր, ու ապրիլի 4-ի ողբերգական պատահարն առավել ամբողջական ու ճշմարիտ արտացոլված կլիներ, եթե 9-ի փոխարեն 10 սուր եւ նույնքան անուն-ազգանուն լինեին. կապանցի կամավորական Գագիկ Փարսադանյանի անվան բացակայությունը ողջամիտ վրիպակ չէ, ինչպիսի բացատրություն էլ որ տրվի:

Ինչեւէ, քանդակագործը հավատում է, որ երբեւէ Թալիշ գյուղում կկանգնեցնի նաեւ վերադարձի, գյուղի հարության խաչքար. իսկ դա կլինի այն ժամանակ, երբ թալիշցիները կվերադառնան հայրենի օջախներ:

***

29 հոկտեմբերի 2016 թվական, ժամը 12: Սկսում է հանդիսավոր արարողությունը:

Նախ՝ զինվորական պատվո պահակախումբը դիմավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ով, ինչպես եւ ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչները, ԼՂՀ կառավարության անդամները, բարձրաստիճան զինվորականները, Սփյուռքից ժամանած հյուրերը եկել էին մասնակցելու խաչքարի բացմանը:

Թալիշ էին եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Այնտեղ էին ԼՂՀ Մարտակետի վարչական շրջանի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, թալիշցիներ:

Եկել էին զոհված ազատամարտիկների հարազատներ ու մերձավորներ, Սիսական ջոկատի մարտիկներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, Սիսիանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Սարգսյանը:

Թալիշում էին Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգեւոր դասը՝ թեմի առաջնորդական տեղապահ Մակար Վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես եւ «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական անձնակազմը:

Առաջինը ելույթ ունեցավ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

Հուշարձանի բացման պատիվը տրվեց զոհված ազատամարտիկի մայր Եվգենյա Հովհաննիսյանին, որդի Արեգ Հովհաննիսյանին, թոռ Նարեկ Ալեքսանյանին եւ ապրիլյան պատերազմի մասնակից սերժանտ Վրեժ Բզնունուն:

Այնուհետեւ ելույթ ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, սիսիանցի ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանը, ազատամարտիկի այրի Համեստ Մուրադյանը:

Օրհնանքի խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը:

Ընթերցվեց ԼՂՀ պաշտպանության նախարար (ՊԲ հրամանատար), գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հրամանը Սիսական ջոկատի զոհված ազատամարտիկներին, ջոկատի մյուս մարտիկներին պատվոգրերով եւ նվերներով պարգեւատրելու մասին:

Վերջում տեղի ունեցավ ծաղկադրում: Պսակներ դրվեցին նաեւ Արցախյան առաջին պատերազմում եւ Մեծ հայրենականում զոհված թալիշցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողներին:

Հաջորդեց ԼՂՀ պաշտպանության բանակի «Ասպետ» համույթի ելույթը:

Ի դեպ, անհնար էր այցելել Թալիշ գյուղի պանթեոն եւ չհուզվել ու չհպարտանալ: Կոթողներից մեկի վրա Մեծ հայրենականում զոհված 222 թալիշցիների անուններն են, մյուսի վրա՝ Արցախյան պատերազմում զոհված 44 թալիշցիների դիմաքանդակները՝ մեծ մասը՝ երիտասարդ: Մեկ այլ հուշարձան էլ նվիրված է Արցախյան պատերազմում զոհված խաղաղ բնակիչներին, որոնց թիվը 22 է:

Հանդիսավոր արարողությունն ավարտվեց ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանման եւ պատվո պահակախմբի զինվորների քայլերթով:

***

Խաչքարի բացման արարողության ժամանակ, ինչպես ասացինք, ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը ելույթ ունեցավ նաեւ Թալիշ ժամանած հյուրերի ընդունելության ժամանակ:

Երկու ելույթն էլ հետաքրքիր էին եւ առանձնակի ուշադրության արժանի:

Ահա մի հատված նախագահի խոսքից. «Այսօրվա արարողությունը մի կողմից թախիծ է առաջացնում բոլորիս մեջ, մյուս կողմից՝ հպարտություն:

Երեկ երեկոյան ես ընդունեցի Սիսական ջոկատի զոհված մարտիկների հարազատներին: Եվ առաջին հարցս ուղղեցի վեց տարեկան Արեգին՝ ի՞նչ ես ամենից շատ սիրում: Պատասխանը հուզիչ էր՝ «Սիրում եմ իմ հայրիկին»: Հենց նրա արցունքներից էլ ծնվել է այս խաչքարը:

Ես խոնարհվում եմ նախ եւ առաջ հերոս զավակներ ծնած ծնողների առջեւ:

Համոզված եղեք՝ նրանց զոհողությունն իմաստավորված է. նրանք զոհվեցին հանուն Արցախի ազատության եւ անվտանգության, հանուն հայոց արժանապատվության:

Սիսական ջոկատի մարտիկների զոհողության մեջ այն իմաստն է, ինչ իմաստ ունեցել է մեր ժողովուրդը՝ իր լինելիության համար դարեր շարունակ հարատեւող պայքարում:

Հիրավի, ավելի մեծ երջանկություն չկա, քան հայրենիքին անմնացորդ նվիրվելն ու ծառայելը: Մեր տղաները նահատակվեցին հենց այդ ճանապարհին:

Ամոթ մեզ բոլորիս, եթե նման բազում նահատակների օրինակով չենք իրականացնելու մեր նվիրական ծառայությունը հայոց հայրենիքին:

Ինչպիսի՞ն է լինելու մեր վերաբերմունքն Ադրբեջանի հերթական ոտնձգության դեպքում:

Եթե Ադրբեջանը նոր լկտիություն թույլ տա, կհետեւի մեր ուժգին եւ ջախջախիչ հակահարվածը: Ապրիլյան իրադարձություններից հետո, նաեւ այս պահին, մենք զբաղված ենք անհրաժեշտ աշխատանքների իրականացմամբ: Մենք պատրաստվում ենք…

…Չկա Արցախյան հիմնախնդիր. դա ավելի շատ մտացածին արտահայտություն է, որ շրջանառում ենք նաեւ մենք: Իրականում, մինչդեռ, ունենք ոչ թե Արցախյան հիմնախնդիր, այլ հայկական հիմնախնդիր»:

***

Խաչքարի բացման արարողության ժամանակ գնահատանքի խոսքեր հնչեցին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի մասին, ինչը տեղին էր ու պատշաճ: Նրա մտքի ու ջանքի արդյունքն էր այդ խաչքարը: Նրա նախաձեռնությամբ էր, որ Սիսիանի պանթեոնում բարեկարգվեցին ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցիների շիրիմները, որից հետո ձեռնամուխ եղավ զոհված մարտական ընկերների հիշատակը Թալիշում հավերժացնելու գործին:

Հոկտեմբերի 29-ի արարողության կազմակերպիչն էլ, ԼՂՀ ՊԲ հրամանատարության հետ, ինքն էր:

Միջոցառմանը Սիսականի հրամանատարը եկել էր ընտանիքով: Նաեւ կրտսեր որդուն՝ մեկ ու կես տարեկան Հրանտին էր Թալիշ բերել:

***

Հանդիսավոր արարողության ժամանակ, հատկապես ԼՂՀ ներկայացուցիչների ելույթներում, քանիցս երախտագիտության խոսքեր ասվեցին Սյունյաց աշխարհի, սյունեցիների հասցեին: Կարեւորվեց Արցախ-Սյունիք առանձնահատուկ համագործակցությունը, պատմության բոլոր փուլերում երկու տարածաշրջանի դերակատարությունը հայոց պետականության կառուցման, հայոց ինքնիշխանության պահպանման գործում:

Եվ այդ խոսքերն անկեղծ էին ու բնական. Սյունիքն ու Արցախը ոչ միայն ժողովրդագրական սերտ կապերով են միահյուսված, այլեւ պատմական ճակատագրով, աշխարհագրական դիրքով: Պատահական չէ, որ օրհասական ժամերին Սյունիքն ու Արցախը նեցուկ են եղել միմյանց: Այդպես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իսկ Սյունիքի եւ Արցախի պատմական կապի ու արյունակցության մասին են վկայում ե՛ւ Պատմահայրը, ե՛ւ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Ահա Ստեփանոս պատմիչի մի վկայություն՝ Սիսական տոհմի, ինչպես եւ Արցախի իշխանական տան նահապետության սկզբնավորման մասին՝ սահմանված Հայոց թագավոր Վաղարշակի կողմից. «….Արեւելյան կողմից սահմանված է մեծ եւ առաջին՝ Սիսական տոհմի նահապետությունը: Այս նահապետության առաջին (նահապետի) անունը Սիսակ էր: Իսկ սրանց սերնդից ընտրելով մի շատ քաջ, գեղեցիկ ու քաղցրաբարո մարդու՝ Եռան (Առան) անունով, նահապետ է կարգում Առանա մեծ դաշտի վրա՝ Երասխից մինչեւ Հունարակերտ: Եվ քաղցր բարքի պատճառով նրան Աղու էին կանչում, որտեղից էլ աշխարհը նրա անունով Աղվանք կոչվեց» (Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 73):

Այդպես են Աստծո կամոք ասպարեզ իջել հայոց Սյունիքն ու Արցախը: Ու միասին անցել հազարամյակների կեռմաններով: Ու դեռ պիտի անցնեն, քանզի հայոց ճանապարհը հավերժի ճանապարհն է:

Իսկ դա ենթադրում է նաեւ՝ առաջին հայացքից մանր թվացող քայլեր: Ասենք՝ Թալիշի վերաբնակեցումը (եթե, իհարկե, դա կարելի է մանր հարց համարել):

Առաջնագծից այսօր մոտ երեք կմ հեռավորությամբ գտնվող գյուղը, ըստ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի, անվտանգության երաշխիքներ է ուզում միայն: Եվ բնակիչների մեծ մասը կվերադառնա այդ դեպքում. ապրիլյան պատերազմից առաջ գյուղում 125 ընտանիք էր ապրում՝ մոտ 500 մշտական բնակչով, նաեւ ժամանակավոր բնակիչներ կային:

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում թալիշցիները մեկ անգամ արդեն արժանապատվորեն դուրս են եկել ավելի վատթար կացությունից: Գյուղը մոտ երկու տարի (1992թ. հունիսի 16-ից մինչեւ 1994-ի ապրիլի 14-ը) ադրբեջանական գերության մեջ էր, բայց ազատագրվեց ու նոր կյանք սկսեց:

Այսօր էլ Թալիշում պետք է ապրեն հայն ու հայերենը: Դա նաեւ Սիսական ջոկատի նահատակ զինվորների անմեռ հոգիների պատվիրան-հրամանն է…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06